ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ոչ միայն Շուռնուխի 12 տներն ու գյուղատնտեսական հողերը, այլև անտառը, որը գյուղի որոշ բնակիչների համար եկամտի աղբյուր էր։
Արմեն Հարությունյանն իր երկու որդիների, հարսի ու երկու թոռների հետ «շատ մեծ տանն» էր ապրում գյուղի այն հատվածում, որն այսօր մնացել է Ադրբեջանի հսկողության տակ։
Այսօր տղամարդն ընտանիքով ապրում է գյուղի «այս» կողմում՝ փոքր խրճիթում` սպասելով նոր թաղամասի կառուցմանը։
«Էս տունը, որ նկարներով նայում եմ (տան նախագծի նկարները – խմբ.), փառք աստծո, դոմիկից լավ կլինի, կապրենք, էլի», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Իշխանությունները խոստացել են, որ գյուղի նոր թաղամասը կկառուցվի կես տարվա ընթացքում կամ մինչև տարեվերջ։
Սակայն տան հարցը միակը խնդիրը չէ։ Հարությունյանը կորցրել է ոչ միայն տունը. արևելյան կողմում է մնացել նաև անտառը, որը նրա եկամտի միակ աղբյուրն էր։
«Անտառն էր իմս։ Հիմա զբաղմունք չունեմ, կովերս էլ եմ ծախել, հարևանս էլ, կովերը կոպեկներով ծախեցինք։ Էսօր շունչը կտրած ձկան պես, սուս-փուս նստած ենք, էս կուճի խրճիթում, սպասում ենք, երբ պիտի արևը շողա։ Բայց սկի արև չենք էլ տեսնում», – ասաց Հարությունյանը։
Նա արդեն 60 տարեկան է, թոշակի անցնելու ժամանակն է։ Այլ աշխատանք չկա։
«Ամեն օր անտառին եմ նայում, սպասում եմ, երբ պիտի բացվի, ես նորից գնամ մշակում անեմ։ Մենք մշակեցինք, տվեցինք թուրքին։ Մենք չվերացրեցինք անտառը, պահեցինք, տվեցինք իրանց», – նշեց Հարությունյանը։
Իրավիճակի փոքր–ինչ կայունացումից հետո զբաղվածության խնդիրն էլ ավելի է մտահոգում գյուղի բնակիչներին։
Հարությունյանի խոսքով` գյուղում իրավիճակը հանգիստ է։ Բայց եթե իրավիճակը գյուղում հանգիստ չլինի, «իրանք էլ հանգիստ չեն լինի»։ Նա ասում է, որ ադրբեջանցի զինվորները հանկարծ «եթե ոտքերն առաջ դնեն, կզգան, թե դրանից հետո ինչ է լինում»։
«Դրանից հետո մեզ համար մահն էլ աչքի առաջ չի գա։ Մեկա մենք, հաշվի, մահացած մարդիկ ենք։ Ուղղակի պահում ենք մեր երեխեքին, մեր դպրոցը, մեր ընտանիքը», – նշեց Հարությունյանը։
Միևնույն ժամանակ կյանքը գյուղում շարունակվելու է։ Երեխաները սահելու են, խաղալու են փողոցում։ Նրա խոսքով, երեխաները չեն հասկանում` ինչ է կատարվում։ Կարևորը, որ «գնդակը էն կողմ չգլորվի», ու երեխան չվազի այնտեղ։ Թեպետ ծնողները հետևում են, որ նման բան չլինի։
Ամենակարևորը այսօր, ըստ նրա, այնպես անել, որ երեխաներն ու մեծերը պարզապես չտեսնեն, չբախվեն ադրբեջանցի զինվորականների հետ։
«Էս ֆոռմեքը որ մենք չտեսնենք։ Գոնե մի նեյտրալ զոնա լինի, որ երեխեքը իրանց չտեսնեն։ Իրանք հետ գնան, մենք տերիտորիա չունենք, որ հետ կանգնենք։ Եթե մի հատ հետ գնանք, Երասխում պիտի կանգնենք։ Իսկ եթե Երասխում ենք կանգնում, նշանակում ա՝ մենք երկիր չունենք», – ասաց Հարությունյանը։
Շուռնուխի հետագա զարգացումը կարող է ապահովվել 3 չբնակեցված գյուղերի հաշվին
Նա ինքը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Որոշել է մնալ գյուղում, որտեղ իրեն զգացել է «հարուստ, ազատ ու կյանքով լի»։ Այսօր, նրա խոսքով, այդ ազատությունն իրենից խլում են։
Նա ափսոսում է, որ պատերազմը չավարտվեց իրենց սերնդով։ Հաջորդ սերունդը պետք է անի այն, ինչ չկարողացան անել իրենք, կամ «արեցին, բայց չպահեցին»։
Բայց այդ ամենը հետո, իսկ այսօր ամենակարևորը, Հարությունյանի խոսքով, գերիներին շուտափույթ վերադարձնելն է։
«Ուզում եմ մեր գերիներին ավելի արագ, ավելի շուտափույթ բերեն, էնքան չեմ մտածում մեր էն զոհված տղերքի մասին, որ մենք էսօր ման ենք գալիս, ճարում։ Փառք իրանց, հազար փառք, խոնարհվում եմ իրանց առաջ։ Բայց էսօր միակ ցանկությունս, որ էդ գերիներին ընդեղից բերեն մեր երկիր։ Ինչ վիճակում էլ լինի` թեկուզ հիվանդ, թեկուզ ծեծած, թեկուզ տանջված, բայց որ մեր ձեռքին, ոչ թե նրանց ձեռքին լինեն», – նշեց Հարությունյանը։
Նա այսօր էլ պատրաստ է կռվել մինչև վերջին փամփուշտը (վերջինը՝ իր համար։ Միայն թե վերադարձնեն գերիներին։
Sputnik Արմենիայի զրույցը գյուղապետի հետ ընթերցեք մեր նախորդ հոդվածում։
Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։
Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Նախորդ տարվա իրադարձությունների` կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները տնտեսության վրայից «մաքրելու» և այս տարի սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ելքեր է փնտրել ու «գտել»։ Մասնավորապես, որոշվել է, որ պետք է սահմանափակվի ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնություններն առողջապահության և կրթության ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն` կառավարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել համապատասխան օրենսդրական փաթեթը։
Ի դեպ, մինչև օրս մասնավոր նախակրթական ու կրթական հաստատություններն էին ազատված ԱԱՀ–ից, այսինքն` որոշումը հենց նրանց համար է։ Մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները, այնտեղ հաճախող երեխաների ծնողները համատարած դժգոհ են այս որոշումից, քանի որ ստացվում է` մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա 20 տոկոսով։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա որոշումը մասնավոր հատվածի, ծնողների, ինչպես նաև պետբյուջեն որքանով կավելանա այս հարկումից` Sputnik Արմենիան փորձել է պարզել ոլորտի մասնագետների հետ։
«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցացիայի» հիմնադիր Նելլի Խաչատրյանը հայտնում է` Հայաստանում շուրջ 150 մասնավոր նախադպրոցական հաստատություն կա, որոնք միջինում ունեն 10 աշխատակից։ Նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով դրանց 20 տոկոսն արդեն իսկ փակվել է։ Ավելին, եղածներն էլ վարկեր են վերցրել, որպեսզի փակման չգնան. 2 տարի է պետք, որպեսզի կարողանան նորից ոտքի կանգնել։
«ԻնդիգԱմի» երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյանը վրդովված է, քանի որ չգիտի` ԱԱՀ սահմանելու դեպքում ի՞նչ կլինի իրենց կենտրոնի հետ։ Հարցն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արդեն իսկ մի շարք դժվարություններ են ունեցել, որ արդյունքում էլ «Ինդիգո» և «Ամի» կենտրոնները միավորվել` մեկ մանկական կառույց են ստեղծել։
«Մի խումբ մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ քննարկել ենք այս հարցը. բոլորը նույնն են ասում` ոլորտն էական վնասներ կկրի ԱԱՀ–ով հարկման դեպքում։ 2020-ը շատ ծանր էր մեր ոլորտի համար` մի քանի ամիս պարալիզացված ենք եղել, ամբողջությամբ կորստի տարի էր։ Եվ հիմա, երբ փորձում ենք մեր մեջքն ուղղել, պարզվում է` հաջորդ հարվածն է սպասվում»,–ասաց Փահլևանյանը։
Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»
Նա նշեց նաև, որ բանավոր հարցում են իրականացրել իրենց կենտրոն հաճախողների ծնողների շրջանում. ծնողների մեծ մասն ասել է, որ պատրաստ չեն ավել վճարել, առավել ևս, որ դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Այսինքն` ոչ թե ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու կամ էլ որակը, այլ միայն վարձավճարը։
Փահլևանյանը կարծում է` եթե հարկման որոշումը կայացվի, ապա շատերն իրենց երեխաներին տանելու են պետական մանկապարտեզներ. գաղտնիք չէ, որ պետական մանկապարտեզները գերծանրաբեռնված են։ Արդյունքում դրանք կոլապսի մեջ կհայտնվեն, մասնավորներից շատերը կփակվեն, կունենանք անգործ մնացած մասնագետներ։
ԿԳՍՄՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում կա 1402 դպրոց, որից մասնավորն են 47-ը։ Մասնավոր կրթական հաստատություններում 2020-21 ուսումնական տարում սովորում են 9701 աշակերտ, իսկ աշխատում են 953 ուսուցիչ։ 2018-ի համեմատ` շուրջ 400-ով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2020-ին առանձնապես փոփոխություններ չեն եղել։
«Արեգնազան» կրթահամալիրի դասվար Արա Աթայանը վստահեցնում է` եթե որոշումն ընդունվի, իրենց կրթահամալիրը կփակվի։ Ավելին, մասնավոր դպրոցների ոլորտը կոչնչանա, քանի որ կմնան 8-10 դպրոց, որոնք կսպասարկեն միայն մեծահարուստների երեխաներին։
«Այս ամենը որևէ տնտեսական արդյունքների էլ չի բերի, քանի որ երեխաների հոսքը դեպի պետական դպրոցներ կավելանա։ Այսինքն` պետությունը կսկսի ծախսել հավելյալ գումարներ այդ երեխաների համար, իսկ որոշման հետևանքով փակվող դպրոցներից այլևս չի ստանա այն հարկերը, որոնք ստանում էր։ Ընդհանուր առմամբ, դա աղետալի կլինի մասնավոր դպրոցների համար»,–ասաց Աթայանը։
Նրա խոսքով` շատ մարդկանց մի քանի թել է կապում Հայաստանի հետ, օրինակ, երեխաների` լավ դպրոցում կրթություն ստանալը. այդ թելը կտրվելուց հետո արտագաղթի հարցն էլ «լուծված կլինի»։ Ավելին, դա շատ մեծ հարված է միջին խավին, քանի որ «Արեգնազան», օրինակ, 570 երեխա է հաճախում, որից 5-6-ն են մեծահարուստի երեխաներ։ Աթայանն ասում է, որ հիմա, երբ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ծնողների մեծ մասը դիմել է զեղչ ստանալու համար` ինչպե՞ս են 20 տոկոս ավելի վճարելու։
«Արեգնազանում» նույնպես հարցում են արել ծնողներին` գերակշիռ մասը պատրաստ չէ վարձավճարի թանկացման։ Աթայանը վստահ է` օրենքի նախագիծը կրթության վերաբերյալ երկար տարիների անլուրջ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումն ի ցույց է դնում, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում կրթության ոլորտին։ Ավետիսյանն ասում է. «Կացինն առել ու տնտեսվարողների վրա են ընկել», որպեսզի անհրաժեշտ չափով հարկեր գեներացնեն։
«Կառավարությունը որոշել է հարկերը քերթել կրթության ոլորտից, սակայն սխալ հաշվարկ են արել։ Հարցն այն է, որ սա տնտեսության այն ոլորտը չէ, որ մեծ շրջանառություն ունի, որտեղից կարելի է հարկեր հավաքել։ Փաստացի թանկացնում են ծառայությունների մատուցման սակագները, ինչից կտուժի հանրակրթության մատչելիությունը»,–ասաց տնտեսագետը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Նրա խոսքով` մեծ հարց է այդ ծառայությունների արդյունքում մենք բյուջեի կրճատո՞ւմ, թե՞ ավելացում կունենանք։ Այդ հաստատություններն արդեն իսկ վճարում են շահութահարկ և եկամտահարկ, իսկ եթե դրանք փակվեն, ապա «տակը մնացած» մի քանի կառույցների ԱԱՀ–ն ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Թադևոսյանը նշում է` զրկել մասնավոր կրթության ոլորտին այդ արտոնությունից այն ժամանակ, երբ սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում և կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները չենք թոթափել, անհասկանալի է ուղղակի։
Գայանե Ավետյանը, որի տղան սովորում է մասնավոր դպրոցներից մեկում, նշում է, որ արդեն իսկ ծնողներով հավաքվել ու որոշել են` բողոքի ակցիա են անելու, եթե իրոք նման որոշում կայացվի։ Տիկին Գայանեն ասում է` իր տղան մաթեմատիկայից բավական ուժեղ է, ինչի համար էլ մաթեմատիկական ուղղվածության մասնավոր դպրոց են ուղարկում նրան։
«Ես ու ամուսինս աշխատում ենք, որպեսզի տղաս ստանա այն կրթությունը, ինչ իրեն է պետք։ Տարեկան 1 միլիոն դրամից ավելի գումար ենք վճարում, և դեռ 20 տոկոսո՞վ էլ պետք է ավելանա այդ ծախսը։ Հետաքրքիր է` իսկ կառավարության անդամները հայտնե՞լ են` ինչի հաշվին են նման որոշում կայացնում, արդյո՞ք աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են»,–ասաց տիկին Գայանեն։
Մեկ ուրիշ ծնող էլ` Արթուր Սահակյանը, նշում է, որ իրենց 3-ամյա աղջկան մասնավոր մանկապարտեզ են ուղարկում, քանի որ այնտեղ հնարավորություն կա այլ պարապմունքների միջոցով երեխային ավելի երկար ժամանակ զբաղեցնել։
«Ես մրգի կրպակ էի բացել տարիներ առաջ, ու ընտանեկան բիզնեսով էինք զբաղվում։ Նախորդ տարի «տակ տվեցինք», ու կրպակը փակվեց։ Հիմա այլ տեղ աշխատանքի եմ մտել. կինս նույնպես աշխատում է։ Այնպես չէ, որ մեծահարուստ ենք, սակայն քանի որ մասնավոր այդ մանկապարտեզը շատ ենք հավանել, որոշեցինք հանուն երեխայի մեզ մի քիչ նեղություն տալ։ Հիմա հազիվ ենք հասցնում վարձը վճարել (ամսական շուրջ 140 000 դրամ), այսինքն` եթե թանկացնեն, պետական մանկապարտեզ պիտի տանենք»,–ասաց Սահակյանը։
Հավելենք, որ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարություն էր տարածել վերոհիշյալ որոշման առնչությամբ` ասելով, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ասոցացիան կառավարությանը կոչ էր արել ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` փետրվարի 28–ին, մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, մարտի 1-2-ն աստիճանաբար նույնքան կնվազի:
Երևա քաղաքում այսօր` փետրվարի 28-ին, մարտի 2-ին կեսօրից հետո, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի և 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +11...+13, գիշերը` 0...+2 աստիճան։
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը վիրուսների մուտացիան բնական վիճակ է համարում։ Նրա խոսքով՝ դա շարունակական պրոցես է։ Այդ մասին բժիշկը գրել է իր Telegram ալիքում։
«Մուտացիաներն անընդհատ են տեղի ունենում։ Վիրուսը, ըստ էության, պետք է էվոլյուցիայի ենթարկվի այնպես, որ ավելի արագ տարածվի և պակաս ագրեսիվ դառնա»,-նշել է Մյասնիկովը։
Նրա խոսքով՝ ժամանակակից պատվաստանյութերն ունակ են ծածկել բոլոր մուտացիաները, իսկ հակամարմինները չեզոքացնում են վիրուսի ամբողջ սպիտակուցային «փուշը», ոչ թե դրա առանձին՝ մուտացիաների ենթարկվող բաղադրիչները։
Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսային վարակին սպասում է այն անխուսափելի մուտացիան, որն անցել են «Իսպանական» և «Հոնկոնգյան» գրիպները։
Ռուսաստանում COVID-19-ի բարձր ճշգրտությամբ էքսպրես թեստ են մշակել
«Եղել է «Իսպանկան», եղել է «Հոնկոնգյան գրիպը», սակայն այսօր դրանք առանձնապես ոչ ոքի չեն վախեցնում (ի դեպ՝ իզուր)։ Կորոնավիրուսին էլ ճիշտ նույնպիսի էվոլյուցիա է սպասում»,-ասել է հայտնի բժիշկն ու հաղորդավարը։
Մյասնիկովը համոզված է, որ պատվաստումները մարդու կյանքում պարբերական և սովորական կդառնան, իսկ մուտացիաները՝ կենցաղի մի մաս։