Ավտոմեքենաներ

Տվեք հինը, ստացեք նորը. կառավարությունը դարձյալ փորձում է խթանել ավտոմեքենաների վաճառքը

865
(Թարմացված է 16:45 15.02.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օրինագծերի նոր փաթեթ է մշակել, որով առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Իսկ գնորդներին առաջարկում է ավտոմեքենաների գնման ավելի քաղաքակիրթ պայմաններ։

Հայաստանի կառավարությունը, ավելի կոնկրետ` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որոշել է աշխուժացնել Հայաստանում 2019թ–ից ի վեր լճացման մեջ գտնվող ավտոմեքենաների առևտուրը։ Այդ նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի մի ամբողջ փաթեթ` սկսած հարկային արտոնություններից մինչև վաճառող–գնորդ քաղաքակիրթ հարաբերությունների ներդրում։

Կանեփ
© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике Армения

Դրա համար առաջարկվում է հայաստանյան ավտոշուկայում ներդնել աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց լայնորեն կիրառվող Trade-in համակարգը։ Սա այն համակարգն է, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործված ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնում նորը` վճարելով գնային տարբերությունը։ Ներկայացուցիչն էլ հետագայում վերանորոգում է օգտագործված ավտոմեքենան ու վերավաճառում` շահավետ պայմաններով շահույթ ստանալով։

Հանուն ճշմարտության նշենք, որ հայաստանյան ավտոսրահներում գնորդներին այսօր էլ են նման գործարք առաջարկում, բայց ցանկացողներն այնքան էլ շատ չեն։ Արդյունքում նոր ավտոմեքենաները տարիներով մնում են սրահներում, փողոցներն էլ ողողված են հին ու անսարք մեքենաներով։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները վերլուծել են իրավիճակն ու պարզել` ամբողջ գաղտնիքը հարկային գործող օրենսդրության մեջ է։

Բանն այն է, որ այսօր գործող օրենքով հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ է հարկվում։ Նախ վճարում է հին ավտոմեքենայի գնման արժեքի 20%-ի չափով, ապա արդեն վերավաճառելիս` վաճառքի գնի տարբերության 20%-ի չափով, և երրորդ անգամ` ևս 10 տոկոսի չափով` որպես ԱԱՀ, քանի որ հանդես է գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ:

Այս խնդիրը լուծելու համար էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների Trade-in համակարգով կատարվող գործարքների հարկերը։ Նոր ավտոմեքենաների հետ փոխանակված հին ավտոմեքենաների վաճառքի դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին առաջարկվում է ԱԱՀ-ով հարկել ոչ թե ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնի, այլ միայն դրա ձեռքբերման և օտարման արժեքների տարբերության 20 տոկոսի չափով։ Իսկ ավտոմեքենան գնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափն ընդհանրապես առաջարկվում է չեղարկել։

Էկոնոմիկայի նախարարությունն այս փոփոխություններով հույս ունի քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հին ավտոմեքենաները վաճառելու համար, իսկ երևանյան ավտոսրահներին`խթանել ավտոմեքենաների քաղաքակիրթ առևտուրը։

Բացի այդ, ոլորտի մասնագիտացված կազմակերպությունները կկարողանան ներգրավվել օգտագործված ավտոմեքենաների առուվաճառքի շուկայում, ինչը զգալիորեն կբարելավի շուկայի որակական մակարդակը, քանի որ երկրորդական շուկայում այսօր շրջանառվող ավտոմեքենաների զգալի տոկոսը, մեղմ ասած, արդեն օգտագործման համար պիտանի չեն։

Օրենսդրական այս փոփոխություններով ՀՀ կառավարությունը հուսով է վերականգնել Հայաստանի ավտոբիզնեսի դիրքերը նաև ԵԱՏՄ շուկայում։

2020թ–ի հունվարի 1-ից ի վեր համաշխարհային ավտոարտադրողների`ՀՀ-ում գործող պաշտոնական ներկայացուցիչները ԵԱՏՄ իրենց գործընկերների համեմատ հայտնվել են ոչ մրցակցային պայմաններում, քանի որ Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանի Trade-in համակարգն արդեն մի քանի տարի գործում է և ուղեկցվում անհամեմատ ավելի ցածր հարկերով։

Հիշեցնենք` 2015-2019թթ–ին Հայաստանում ավտոմեքենաների ներկրումն ու վաճառքը բավական մեծ չափերի էր հասել ԵԱՏՄ–ի տրամադրած արտոնյալ պայմանների շնորհիվ, ինչի արդյունքում ներկրման հարկը, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ այլ երկրների, Հայաստանում անհամեմատ ավելի ցածր էր։

Պաշտոնական տվյալներով` միայն 2019թ–ին Հայաստան է ներկրվել 159 000 մեքենա, որոնց մեծ մասը վերավաճառվել ու արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Իսկ շուրջ 40 000–ն առ այսօր մնում է Հայաստանում ու փորձ է արվում դրանք վաճառել արդեն ներքին շուկայում։

Բանն այն է, որ Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտի հետ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը 2020թ–ի հունվարի 1-ից ավելացավ` 10%-ից դառնալով 30-50%, որից հետո Հայաստան ավտոմեքենա ներկրելը, առավել ևս վերաարտահանելը դարձավ ոչ շահավետ։

865
թեգերը:
ՀՀ կառավարություն, վաճառք, ավտոմեքենա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար
Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները
Տնտեսվարողների դժգոհությունները տեղ կհասնեն. օրենքում նոր փոփոխություններ կլինեն
Գևորգ Գորգիսյան

Ես վախենում եմ, որ մենք կունենանք նոր Մարտի 1. Գորգիսյան

59
(Թարմացված է 15:33 25.02.2021)
«Լուսավոր Հայաստանի» դիտարկմամբ` ամեն ինչ պիտի արվի բոլոր գործընթացները քաղաքական հուն վերադարձնելու համար։ Արյունահեղությունից խուսափելու մի ճանապարհ կա՝ վարչապետը պետք հրաժարական տա։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։

Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։

«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։

Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել

59
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Գևորգ Գորգիսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Եթե բախումներ լինեն և արյուն թափվի՝ Փաշինյանին այլևս ոչ ոք չի ների. Բոզոյան
Նիկոլ Փաշինյանի աջակիցների և ընդիմադիրների միջև բախում տեղի ունեցավ. տեսանյութ
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

37
(Թարմացված է 15:30 25.02.2021)
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։

«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

37
թեգերը:
կոչ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, իմքայլականները միացան երթին. տեսանյութ
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում

106
(Թարմացված է 23:34 25.02.2021)
Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը ներկա է եղել ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրենը, այլև Վիտալի Բալասանյանն ու մեկ այլ պաշտոնատար անձ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

106
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին