ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սմբատ Զորավար 40 հասցեում շենքի պատի փլուզման պահին տանը եղել են հայրն ու 14–ամյա դուստրը։
Երկրաշարժի առաջին իսկ ցնցումների պահին տղամարդն արագ կողմնորոշվել ու, աղջկան արագ վերցնելով, տնից դուրս է վազել։
Հայր ու դուստր արդեն բակում են իմացել, որ իրենց հյուրասենյակի պատի մի հատվածը երկրաշարժի հետևանքով քանդվել է։
Լավ է, որ երկրաշարժի պահին երեխան հյուրասենյակում չէր։ Բարեբախտաբար հասցրեցինք ժամանակին դուրս վազել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մուշեղ անունով ներկայացած տղամարդը։
Կինը` Ժասմեն Նազարյանն էլ պատմեց, որ երկրաշարժի պահին եղել է աշխատանքից տուն գալու ճանապարհին ու նույնիսկ չի էլ զգացել ստորգետնյա ցնցումները։ Բայց հիշում է, որ սիրտն ինչ–որ վատ բան էր կանխազգում, անհանգիստ էր։
Երկրաշարժից վախեցած հայերին շարունակում է միավորել սուրճը. տեսանյութ
«Ճանապարհին լսեցի, որ մարդիկ երկրաշարժի մասին են խոսում, իմացա, որ ուժեղ երկրաշարժ է եղել։ Սկսեցի զանգել տուն, բայց կապ չկար։ Վազեվազ հասա տեղ, տեսա` մեր տան պատի մի մասը քանդվել է,– պատմեց կինը,– բայց երբ տեսա, որ աղջիկս ու ամուսինս դրսում են, սիրտս տեղն ընկավ։ Փառք Աստծո, որ ամեն ինչ կարգին է, լուրջ բան չի եղել»։
Ամուսինները պատմեցին, որ այդ բնակարանում վարձով են ապրում։
Շենքը 1940-ական թվականներին կառուցված երկհարկանի կառույց է, որտեղ ավելի քան 10 ընտանիք է բնակվում։ Շենքը պաշտոնապես վթարային ճանաչված չէ։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է միայն Նազարյանների բնակարանի պատի մի մասը, ըստ ԱԻՆ–ի` փլուզված հատվածը կազմում է շուրջ 2 քմ։
Նշենք, որ ԱԻՆ–ն արդեն հաղորդել է, որ փլուզումների վերաբերյալ ահազանգերից այս պահի դրությամբ հաստատվել են միայն երկուսը` Երևանի Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներից ստացած ահազանգերը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Այվազովսկու փողոցում փլուզվել են մեկհարկանի շինության պատի 9 քմ և տանիքի 7 քմ հատվածները։ Իսկ Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից փլվել է 2 քմ հատվածը։
Ինչպես են մարդիկ երկրաշարժից հետո դուրս փախչում շենքից. տեսանյութ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:
«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։
Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:
«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:
Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: