ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։ Այս մասին նշված է վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը բարձրացնելու օրինագծի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։
Լրագրողական կազմակերպությունները մտահոգիչ են համարում նաև նախագծով սահմանվող հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքը, իսկ այն խախտելու համար 500 հազար դրամի, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով տուգանք կիրառելը։
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են, որ ԱԺ-ն հետաձգի առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ։
Նախագծի ընդունման դեպքում ԶԼՄ ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ նախագահին չստորագրել այն։
Հիշեցնենք` փետրվարի 11-ին ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը, մասնավորապես` վիրավորանքի համար մինչև 2 մլն դրամ, զրպարտության համար՝ 3 մլն։
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
Ի դեպ, ի սկզբանե Ալեն Սիմոնյանն առաջարկում էր շատ ավելի բարձր տուգանքներ կիրառել. վիրավորանքի համար 1-5 մլն, զրպարտության համար՝ 2-10։ Բայց արդարադատության նախարարությունը նվազեցրեց դրանք` մեկնաբանելով, որ Հայաստանում քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 3 մլն դրամը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԳՇ–ի` վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջի մեջ որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Ամեն ինչ պիտի արվի հիմա, որ բոլոր գործընթացները վերադարձվեն քաղաքական հուն, որովհետև այս ամենը հղի է շատ վատ հետևանքներով։ Դրանից խուսափելու համար կա մի ճանապարհ. վարչապետը պետք է հրաժարական տա, իշխանությունն անցնցում փոխանցի հաջորդ վարչապետին։ ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, որ անցնցում այս իրավիճակից կարողանանք դուրս գալ»,– ասաց նա հավելելով, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին քննարկում է` ինչպես անել, որ բոլոր պրոցեսները Հայաստանում մնան քաղաքական դաշտում։
Գորգիսյանը նաև նշեց, որ այս ամենի այլընտրանքը կարող է լինել ուղղակի արյունահեղությունը։
«Դրա համար ես հիմա բոորին կոչ եմ անում որևէ կերպ որևէ ցույցի չմասնակցել, դուրս չգալ փողոց։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,– ասաց նա` վարչապետի կոչը` հրապարակում հավաքվելու մասին որակելով իբրև «հրահրանք» ու «սադրանք»։
Իրավիճակի հետագա սրումը կործանարար է․ Մայր աթոռը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։
«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում։ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ լարվածության չսրելու անհրաժեշտությունը:
«ՀՀ զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը»,- շեշտվում է հայտարարության մեջ։