ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել դպրոցների տնօրենների ընտրության կարգում։ Մասնավորապես, վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:
Նոր որոշմամբ առաջարկվում է քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացնել կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությոնից հետո եթե կրկին հավասար ձայներ հավաքեն՝ հաղթողը կորոշվի վիճակահանությամբ:
Բացի այդ, նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել. նոր կարգավորմամբ սահմանվում է, որ նախարարությունը (կամ մարզպետը, կամ Երևանի քաղաքապետը, ըստ ենթակայության), թափուր տեղ առաջանալու օրը տնօրենի պաշտոնակատար է նշանակում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին, կամ էլ` ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ։
Հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն ռազմական ճամբարների
Նշվում է նաև, որ դպրոցի կառավարման խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ:
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է: Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:
Տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ, և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և հայտարարվում է նոր մրցույթ: Ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է` Աբովյանի թիվ 1 դպրոցում բողոքի ակցիա և դասադուլ են իրականացնում ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները. պատճառը տնօրենի ընտրություններն են։
Դպրոցի նախկին տնօրենը` Մետաքսյա Բաբայանն ու ևս մեկ անձ` Քարմիլե Առաքելյանն էին իրենց թեկնածությունն առաջադրել, և հաղթող էր ճանաչվել Առաքելյանը։ Ըստ շրջանառվող լուրերի` նա Շրջակա միջավայրի նախարարի կնոջ ընկերուհին է, ինչի համար էլ տնօրեն է նշանակվել։ Աշակերտներն ու ուսուցիչները պնդում են` ընտրությունների արդյունքը պետք է չեղարկվի։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Նախորդ տարվա իրադարձությունների` կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները տնտեսության վրայից «մաքրելու» և այս տարի սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ելքեր է փնտրել ու «գտել»։ Մասնավորապես, որոշվել է, որ պետք է սահմանափակվի ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնություններն առողջապահության և կրթության ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն` կառավարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել համապատասխան օրենսդրական փաթեթը։
Ի դեպ, մինչև օրս մասնավոր նախակրթական ու կրթական հաստատություններն էին ազատված ԱԱՀ–ից, այսինքն` որոշումը հենց նրանց համար է։ Մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները, այնտեղ հաճախող երեխաների ծնողները համատարած դժգոհ են այս որոշումից, քանի որ ստացվում է` մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա 20 տոկոսով։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա որոշումը մասնավոր հատվածի, ծնողների, ինչպես նաև պետբյուջեն որքանով կավելանա այս հարկումից` Sputnik Արմենիան փորձել է պարզել ոլորտի մասնագետների հետ։
«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցացիայի» հիմնադիր Նելլի Խաչատրյանը հայտնում է` Հայաստանում շուրջ 150 մասնավոր նախադպրոցական հաստատություն կա, որոնք միջինում ունեն 10 աշխատակից։ Նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով դրանց 20 տոկոսն արդեն իսկ փակվել է։ Ավելին, եղածներն էլ վարկեր են վերցրել, որպեսզի փակման չգնան. 2 տարի է պետք, որպեսզի կարողանան նորից ոտքի կանգնել։
«ԻնդիգԱմի» երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյանը վրդովված է, քանի որ չգիտի` ԱԱՀ սահմանելու դեպքում ի՞նչ կլինի իրենց կենտրոնի հետ։ Հարցն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արդեն իսկ մի շարք դժվարություններ են ունեցել, որ արդյունքում էլ «Ինդիգո» և «Ամի» կենտրոնները միավորվել` մեկ մանկական կառույց են ստեղծել։
«Մի խումբ մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ քննարկել ենք այս հարցը. բոլորը նույնն են ասում` ոլորտն էական վնասներ կկրի ԱԱՀ–ով հարկման դեպքում։ 2020-ը շատ ծանր էր մեր ոլորտի համար` մի քանի ամիս պարալիզացված ենք եղել, ամբողջությամբ կորստի տարի էր։ Եվ հիմա, երբ փորձում ենք մեր մեջքն ուղղել, պարզվում է` հաջորդ հարվածն է սպասվում»,–ասաց Փահլևանյանը։
Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»
Նա նշեց նաև, որ բանավոր հարցում են իրականացրել իրենց կենտրոն հաճախողների ծնողների շրջանում. ծնողների մեծ մասն ասել է, որ պատրաստ չեն ավել վճարել, առավել ևս, որ դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Այսինքն` ոչ թե ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու կամ էլ որակը, այլ միայն վարձավճարը։
Փահլևանյանը կարծում է` եթե հարկման որոշումը կայացվի, ապա շատերն իրենց երեխաներին տանելու են պետական մանկապարտեզներ. գաղտնիք չէ, որ պետական մանկապարտեզները գերծանրաբեռնված են։ Արդյունքում դրանք կոլապսի մեջ կհայտնվեն, մասնավորներից շատերը կփակվեն, կունենանք անգործ մնացած մասնագետներ։
ԿԳՍՄՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում կա 1402 դպրոց, որից մասնավորն են 47-ը։ Մասնավոր կրթական հաստատություններում 2020-21 ուսումնական տարում սովորում են 9701 աշակերտ, իսկ աշխատում են 953 ուսուցիչ։ 2018-ի համեմատ` շուրջ 400-ով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2020-ին առանձնապես փոփոխություններ չեն եղել։
«Արեգնազան» կրթահամալիրի դասվար Արա Աթայանը վստահեցնում է` եթե որոշումն ընդունվի, իրենց կրթահամալիրը կփակվի։ Ավելին, մասնավոր դպրոցների ոլորտը կոչնչանա, քանի որ կմնան 8-10 դպրոց, որոնք կսպասարկեն միայն մեծահարուստների երեխաներին։
«Այս ամենը որևէ տնտեսական արդյունքների էլ չի բերի, քանի որ երեխաների հոսքը դեպի պետական դպրոցներ կավելանա։ Այսինքն` պետությունը կսկսի ծախսել հավելյալ գումարներ այդ երեխաների համար, իսկ որոշման հետևանքով փակվող դպրոցներից այլևս չի ստանա այն հարկերը, որոնք ստանում էր։ Ընդհանուր առմամբ, դա աղետալի կլինի մասնավոր դպրոցների համար»,–ասաց Աթայանը։
Նրա խոսքով` շատ մարդկանց մի քանի թել է կապում Հայաստանի հետ, օրինակ, երեխաների` լավ դպրոցում կրթություն ստանալը. այդ թելը կտրվելուց հետո արտագաղթի հարցն էլ «լուծված կլինի»։ Ավելին, դա շատ մեծ հարված է միջին խավին, քանի որ «Արեգնազան», օրինակ, 570 երեխա է հաճախում, որից 5-6-ն են մեծահարուստի երեխաներ։ Աթայանն ասում է, որ հիմա, երբ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ծնողների մեծ մասը դիմել է զեղչ ստանալու համար` ինչպե՞ս են 20 տոկոս ավելի վճարելու։
«Արեգնազանում» նույնպես հարցում են արել ծնողներին` գերակշիռ մասը պատրաստ չէ վարձավճարի թանկացման։ Աթայանը վստահ է` օրենքի նախագիծը կրթության վերաբերյալ երկար տարիների անլուրջ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումն ի ցույց է դնում, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում կրթության ոլորտին։ Ավետիսյանն ասում է. «Կացինն առել ու տնտեսվարողների վրա են ընկել», որպեսզի անհրաժեշտ չափով հարկեր գեներացնեն։
«Կառավարությունը որոշել է հարկերը քերթել կրթության ոլորտից, սակայն սխալ հաշվարկ են արել։ Հարցն այն է, որ սա տնտեսության այն ոլորտը չէ, որ մեծ շրջանառություն ունի, որտեղից կարելի է հարկեր հավաքել։ Փաստացի թանկացնում են ծառայությունների մատուցման սակագները, ինչից կտուժի հանրակրթության մատչելիությունը»,–ասաց տնտեսագետը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Նրա խոսքով` մեծ հարց է այդ ծառայությունների արդյունքում մենք բյուջեի կրճատո՞ւմ, թե՞ ավելացում կունենանք։ Այդ հաստատություններն արդեն իսկ վճարում են շահութահարկ և եկամտահարկ, իսկ եթե դրանք փակվեն, ապա «տակը մնացած» մի քանի կառույցների ԱԱՀ–ն ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Թադևոսյանը նշում է` զրկել մասնավոր կրթության ոլորտին այդ արտոնությունից այն ժամանակ, երբ սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում և կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները չենք թոթափել, անհասկանալի է ուղղակի։
Գայանե Ավետյանը, որի տղան սովորում է մասնավոր դպրոցներից մեկում, նշում է, որ արդեն իսկ ծնողներով հավաքվել ու որոշել են` բողոքի ակցիա են անելու, եթե իրոք նման որոշում կայացվի։ Տիկին Գայանեն ասում է` իր տղան մաթեմատիկայից բավական ուժեղ է, ինչի համար էլ մաթեմատիկական ուղղվածության մասնավոր դպրոց են ուղարկում նրան։
«Ես ու ամուսինս աշխատում ենք, որպեսզի տղաս ստանա այն կրթությունը, ինչ իրեն է պետք։ Տարեկան 1 միլիոն դրամից ավելի գումար ենք վճարում, և դեռ 20 տոկոսո՞վ էլ պետք է ավելանա այդ ծախսը։ Հետաքրքիր է` իսկ կառավարության անդամները հայտնե՞լ են` ինչի հաշվին են նման որոշում կայացնում, արդյո՞ք աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են»,–ասաց տիկին Գայանեն։
Մեկ ուրիշ ծնող էլ` Արթուր Սահակյանը, նշում է, որ իրենց 3-ամյա աղջկան մասնավոր մանկապարտեզ են ուղարկում, քանի որ այնտեղ հնարավորություն կա այլ պարապմունքների միջոցով երեխային ավելի երկար ժամանակ զբաղեցնել։
«Ես մրգի կրպակ էի բացել տարիներ առաջ, ու ընտանեկան բիզնեսով էինք զբաղվում։ Նախորդ տարի «տակ տվեցինք», ու կրպակը փակվեց։ Հիմա այլ տեղ աշխատանքի եմ մտել. կինս նույնպես աշխատում է։ Այնպես չէ, որ մեծահարուստ ենք, սակայն քանի որ մասնավոր այդ մանկապարտեզը շատ ենք հավանել, որոշեցինք հանուն երեխայի մեզ մի քիչ նեղություն տալ։ Հիմա հազիվ ենք հասցնում վարձը վճարել (ամսական շուրջ 140 000 դրամ), այսինքն` եթե թանկացնեն, պետական մանկապարտեզ պիտի տանենք»,–ասաց Սահակյանը։
Հավելենք, որ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարություն էր տարածել վերոհիշյալ որոշման առնչությամբ` ասելով, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ասոցացիան կառավարությանը կոչ էր արել ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։