1303 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում

32
(Թարմացված է 19:33 09.02.2021)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վստահեցնում է` ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Կառավարությունն այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի 1303 պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին, ամուսնուն կամ կնոջը։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

«1303 ուսանողներից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, նշվում է, որ փոխհատուցման գործընթացը շարունակական է լինելու:

Հիշեցնենք, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում:

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին:

Շվեդիան պատրաստ է քննարկել հայ ուսանողներին նոր կրթաթոշակներ տրամադրելու հարցը

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով, կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ: Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):

32
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), վարձ, Հայաստան, Ուսանող
Ըստ թեմայի
ԵՊՀ-ում ստորագրահավաք են սկսել. ուսման վարձերը չեն պատրաստվում ամբողջությամբ վճարել
Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից
Կառավարությունը կվճարի պատերազմի մասնակիցների երեխաների ու կանանց 1 կիսամյակի ուսման վարձը
Լևոն Արոնյան

«Խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ հեռանալ երկրից». Լևոն Արոնյան

52
(Թարմացված է 13:14 26.02.2021)
Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։

«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։

Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։

Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել

Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:

52
Ըստ թեմայի
Այս անգամ չստացվեց. Airthings Masters-ում Լևոն Արոնյանը երկրորդ տեղը զբաղեցրեց
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Թևան Պողոսյան

«Զորքը մտե՞լ է քաղաք». Թևան Պողոսյանը պնդում է` եղածը ռազմական հեղաշրջման փորձ չէր

61
(Թարմացված է 12:50 26.02.2021)
Թևան Պողոսյանը նշում է, որ պետք է մանիպուլյատիվ հայտարարություններին չտրվել, քանի որ ԳՇ–ի արածը հայտարարություն է, ոչ թե հեղաշրջման փորձ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ անվանելը մանիպուլյատիվ արտահայտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Փետրվարի 25-ին ԳՇ–ն հայտարարել էր, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը վարչապետը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Ես` որպես անվտանգության ոլորտի փորձագետ, մեկ անգամ չէ, որ տեսել եմ և գիտեմ` ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։

Եթե պետք է մարդկանց հիշեցնել, ապա, կարծում եմ, 2016-ին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցածը կարող են մտաբերել։ Իսկ Երևանում տեսե՞լ ենք ռազմական տեխնիկա` տանկ, ԲՏՌ և այլն։ Տեսե՞լ ենք զորք մտնի քաղաք։ Բացի այդ, այնպես չէ, որ հայտարարում և հետո նոր ռազմական հեղաշրջում են անում»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ռազմական հեղաշրջման փորձ ընդհանրապես չի եղել` պարզապես հայտարարություն է արվել։ Այնպես որ, այդ մանիպուլյացիաներին, ըստ Պողոսյանի, պետք չի ենթարկվել։

Նա կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է առաջին քայլն անի դեպի խաղաղ հանգուցալուծում, որպեսզի քաղաքական ուժերը դրանից հետո միասնական ձևով նստեն, լուծում գտնեն. դրա առաջին քայլն իշխանության հրաժարականն է։

Թևան Պողոսյանը վստահ է` հրաժարականից հետո կլինեն ինստիտուտներ, որոնք կմիավորեն բոլորին, հիմա միայն պետք է գիտակցված ու խաղաղ հեռանալ։ Իշխանությունը պետք է հեռանա, ըստ նրա, հանուն հայրենիքի, որպեսզի չխորացնեն ճգնաժամը, իսկ ապագայում նրանք էլ են մասնակցելու հայրենիքի հզորացմանը։

«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

«Բոլորի մոտ կա մեկ բան, որը կարմիր գծով անցնում է` այս իշխանությունները պետք է հրաժարական տան, որից հետո կբացվի քաղաքական բանակցային սենյակը, որտեղ քաղաքական ուժերը կհավաքվեն ու կփորձեն գտնել այն լուծումը, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Գուցե պետք լինի ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որին զուգահեռ քաղաքական ուժերն ինչ–որ ժամկետ հետո արտախորհրդարանական ընտրության կպատրաստվեն»,–ասաց Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ մի շարք մարդիկ «ահազանգում» են` չկա՞ երրորդ հրապարակ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր ո՛չ ներկայիս իշխանության, ո՛չ էլ ընդիմության կողմնակիցներն են։ Պողոսյանն ասաց, որ երեկ, օրինակ, «Քաղաքացիական որոշումը» հայտնել էր, որ նման հավաք է անցկացնում նրանց համար, ովքեր դուրս են մնացել այդ երկու խմբերից։ Սակայն, ըստ նրա, կարող են ձևավորվել նաև չորրորդ և հինգերորդ հրապարակներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ ինչքան հրապարակ ձևավորվի, այնքան մենք գործ ենք ունենալու բաժանման հետ։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։

61
թեգերը:
ընդդիմություն, Հեղաշրջում, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Օնիկ Գասպարյան. արխիվային լուսանկար

Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ. աղբյուր

0
(Թարմացված է 13:25 26.02.2021)
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ տրամադրություններ են այժմ տիրում երկրի ռազմական բարձրագույն ղեկավարության շրջանում ՝ կապված երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։

Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։

«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։

Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե:

Զինված ուժերում մեր զրուցակիցը նաև նշում է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, ապա բանակը չի զբաղեցնի ուղղակի դիտորդի դեր։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Մի քանի հարյուր մարդ է գիշերել Բաղրամյան պողոտայում. ինչ իրավիճակ է այս պահին
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները