Հարություն Կիրվիրյանը` կենտրոնում

Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին

403
(Թարմացված է 21:54 02.02.2021)
Մայկոպում ծնված Հարություն Կիվիրյանը «Ռոսկոսմոսի» տիեզերագնացների ջոկատի թեկնածու է ընտրվել։ Այս հոդվածը հայ տիեզերագնացների և տիեզերագնացության ոլորտում հայերի ունեցած ներդրումի մասին է։

Արտյոմ Երկանյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Ո՞վ ասաց, որ վերջին շրջանում միայն վատ նորություններ են լինում։ Օրերս «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ տիեզերագնացների ջոկատը համալրվել է ևս 4–ով։ Նրանց թվում է նաև մեր հայրենակից Հարություն Կիվիրյանը։ Ինչը նշանակում է, որ հեռու չէ այն օրը, երբ զտարյուն հայը պատմության մեջ առաջին անգամ կթռչի տիեզերք։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

Տիեզերագնացների ռուսական ջոկատի կազմը, որքան էլ զարմանալի թվա, սահմանափակ է։ Վերջին համալրումից առաջ այնտեղ ընդամենը 30 անուն կար։ Շուտով տիեզերագնացների պատրաստման կենտրոնի կայքի ցանկում կավելանան ինժեներ–փորձարկող Հարություն Կիվիրյանի, սուզանավերի շահագործման մասնագետ Սերգեյ Իրտուգանովի, օդաչու Ալեքսանդր Կոլյաբինի և ինժեներ–մեխանիկ Սերգեյ Տետերյատնիկովի անունները։ «Ռոսկոսմոսի» միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է տիեզերագնացների ջոկատի թեկնածուների ընտրության համար նախանցած տարվա հունիսի սկզբին հայտարարած բաց մրցույթի արդյունքները։

Ավելի քան 2200 հայտ է եղել, որոնցից դիտարկել են միայն 1404–ը։ Առաջին փուլից հետո մնացել են 156–ը։ Երկրորդ` ավելի խիստ մրցույթից հետո Հարությունը 63 մրցակից է ունեցել, որոնցից 9-ը` իգական սեռի ներկայացուցիչ։ Իրականում մեր հայրենակցի համար սա արդեն երկրորդ փորձն էր։ Առաջին հայտը նա ներկայացրել էր դեռ 2017 թվականի դեկտեմբերին։ Թեպետ այն ժամանակ նրան արդեն նկատել էին, բայց առաջխաղացում չէր եղել։ Բայց Կիվիրյանն իսկական տիեզերագնացին անհրաժեշտ համառություն էր դրսևորել։ Հավակնոտ հայն ապացուցեց, որ ինքը լավագույնն է։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

Հարություն Կիվիրյանը 30 տարեկան է։ Ծնվել է Մայկոպում` Ադըղեայի Հանրապետության մայրաքաղաքում։ Հարազատ քաղաքում մաթեմատիկական թեքումով քոլեջ է ավարտել։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո պահեստային լեյտենանտ է դարձել։ 2015 թվականին ավարտել է նաև Պետերբուրգի հայտնի «Վոենմեխի» (Ուստինովի անվան բալթյան պետական տեխնիկական համալսարան) հրթիռատիեզերական տեխնիկայի ֆակուլտետը` «հրթիռաշինություն» մասնագիտությամբ։ Դիպլոմային նախագիծը գերազանց է հանձնել` մշակում ներկայացնելով «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայի հենքի վրա։

Դիպլոմը ստանալուց հետո հենց այնտեղ էլ աշխատանքի է անցել։ Թռիչքափորձարարական բաժնում երիտասարդ մասնագետին ընդունել են որպես յուրայինի։ Նա գործընկերների հետ մասնակցել է տիեզերական տարբեր համալիրների փորձարկումներին, օգնել է տիեզերական սարքերի համակարգերի փորձագիտական գնահատական մշակել, փորձարկել է սարքավորումները, հանդերձանքն ու տիեզերագնացների մարզման բազայի տարրերը։ Կայանալով որպես ինժեներ–փորձարկող` Հարությունը որոշել է ևս մեկ` այս անգամ արդեն ռազմական մասնագիտություն ձեռք բերել։ Նա համատեղել է աշխատանքն ու ուսումը և դարձել նաև թևավոր բալիստիկ հրթիռների նավային համալիրների շահագործման և վերանորոգման ոլորտի մասնագետ։ Տիեզերքում նման լայն մասնագիտական գիտելիքների տեր մարդը ոսկու գին ունի։

Հարությունը լիովին առողջ է, հիանալի մարզավիճակում, ինչը ևս պակաս կարևոր չէ։

Հետաքրքրվում է մենամարտով։ Ձյուդո մարզաձևում առաջին կարգ ունի։ Զբաղվում է նաև պոլիատլոնով (բազմամարտի էկզոտիկ տեսակ է) և դելտապլաներիզմով։

Միևնույն ժամանակ նա երգում է ու կիթառ նվագում (կիթառը տիեզերանավում էլ չի խանգարի)։ Դժվար է ասել, թե Հարությունը որքանով է իրեն հայ համարում։ Չկարողացա պարզել` հայերենի տիրապետում է, թե ոչ։ Բայց նրա ծնողները զտարյուն հայ են։ Հարությունի սոցցանցային ընկերների շարքում ևս շատ են մեր հայրենակիցները, ինչը նույնպես խոսուն փաստ է։ Կիվիրյանները համեստ ընտանիք են։

Ծնողները երիտասարդ են։ Հայրը` 50 տարեկան Հարություն Կիվիրյանը (որդու անվանակիցը), մեղվաբուծությամբ է զբաղվում։

Մայրը` Անժելիկան, տնային տնտեսուհի է, օգնում է հորը մեղվապահության գործում։ Կիվիրյանները նաև փոքր բիզնես ունեն սննդամթերքի արտադրության, շինարարական աշխատանքների և բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում։ Ֆիսկալ ծառայությունների հաշվետվություններում նրանց ձեռնարկությունը ճշտապահ հարկատուների ցանկում է։

Հարություն Կիվիրյանի կարիերայում զգալի ցատկ է եղել։ Բայց իրականում սա բարդ ու երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Տիեզերք թռչելու իրավունք ստանալուց առաջ նա պետք է ինտենսիվ պատրաստություն անցնի, որը կտևի 2 տարի։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

Հետո դաժան ամփոփիչ քննություն է սպասվում։ Միայն դրանից հետո իրականություն կդառնա տիեզերքի մասին մանկական երազանքը։ Որքան հասկանում եմ, Հարությունն իր ստացած գիտելիքների ու հմտությունների կիրառման հետ կապված նախասիրություններ արդեն իսկ ունի։ Նա վաղուց է մտածում Լուսնի վրա հայտնվելու մասին։ Բառի ուղիղ իմաստով։ «Էներգիա» կորպորացիայում Կիվիրյանը մասնակցել է նոր սերնդի կառավարվող տրանսպորտային տիեզերանավի մշակմանը, որը ստացել է «Ֆեդերացիա» անունը։ Այդ նավը նախատեսված է երկրի մերձակա ուղեծրում գտվող ուղեծրային կայաններ մարդկանց և բեռներ տեղափոխելու համար։ Ոչ շատ վաղուց «Ռոսկոսմոսի» ղեկավարությունը պաշտոնապես հաստատեց, որ ուզում են «Ֆեդերացիան» օգտագործել նաև Լուսնի վրա վայրէջք կատարելու համար։ Եվ ահա մամուլում հայտնված տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ Հարությունը վաղուց ներգրավված է առաջիկա արշավի խմբում։

Մի քանի տարի առաջ «Միր» հեռուստաալիքը «Էներգիա» կորպորացիայի առօրյայի մասին իր հեռուստասյուժեում հարցազրույց էր արել Հարությունի հետ։ Ապագա տիեզերագնացը խոստովանել էր` հուսով է, որ ինքն առաջինը «Ֆեդերացիայով» կթռչի Լուսին։ «Ես շատ կցանկանայի մեր նավով Լուսին թռչել», – ասել էր նա։ Այսօր, երբ Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի լիիրավ անդամ է, դա իրատեսական է դառնում։ Բայց շտապել պետք չէ։ «Ֆեդերացիա» տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքը նախատեսվում է իրականացնել այս տարեվերջին, իսկ անձնակազմով թռիչքը տեղի կունենա ոչ շուտ, քան 2027 թվականին։ Նախապատրաստվելու ժամանակ դեռ շատ կա։

Հավատարիմ մնալով սեփական ժողովրդին, կամ թե ինչ կնկարեր Այվազովսկին հայկական գինու շշի վրա

Ինչպես արդեն նշեցի, Հարություն Կիվիրյանը միակ զտարյուն հայն է, որը տիեզերքը նվաճելու իրական հնարավորություն է ստացել։ Սակայն հայկական ծագում ունեցող այլ պոտենցիալ տիեզերագնացներ էլ կան։ Օրինակ` վերջերս Իսրայելի տիեզերագնացների ջոկատ է ընդունվել ինժեներ Կոնստանտին Մարգուլյանը։ Նա Թել Ավիվի հարևանությամբ գտնվող Բաթ Յամ քաղաքից է։ Կոնստանտինը 30 տարեկան է։ Նա հայտնի իսրայելցի լրագրող և ռադիոհաղորդավար Պավել Մարգուլյանի որդին է։ Քանի որ Կոնստանտինի մայրը հրեա է, նա իրեն ավելի շատ հրեա է համարում։

Իսկ ահա հայտնի ամերիկացի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը միշտ բացահայտ խոսել է իր էթնիկ պատկանելության մասին, թեև նա էլ է կիսով չափ հայ։ Հայտնի է, որ տիեզերագնացի պապը` Նազարեթը, 1913 թվականին Արաբկիրից է գաղթել ԱՄՆ, իսկ Սաթենիկ տատի ընտանիքը Ամերիկայում է հայտնվել Մալաթիայից (ի դեպ Սաթենիկը նաև արցախյան արմատներ ուներ)։ Հայ փախստականների թոռը ամերիկացի սակավաթիվ տիեզերագնացներից մեկն է, ում հաջողվել է երկու անգամ նվաճել տիեզերքը։ Առաջին անգամ նա «Սփեյս Շաթլ» ծրագրի շրջանակում թռիչք է իրականացրել 1989 թվականի մարտին «Դիսքավերի» տիեզերանավով։ Երկրորդ անգամ` 1991 թվականի հունիսին` «Կոլումբիա» նավով, որն ավելի հեշտ էր։ Այսօր 69-ամյա բժիշկ Բաղյանը Միչիգանի համալսարանի բժշկական ինժեներիայի կենտրոնի տնօրենն է։

Հիմքեր կան հուսալու, որ Ջեյմս Բաղյանի հարթած ճանապարհով շուտով կանցնեն նաև նրա երկու հայրենակիցները։ Միաժամանակ պետք է ասել, որ տարբեր ժամանակներում շատ հայեր են անգնահատելի ներդրում ունեցել հրթիռատիեզերական արդյունաբերության զարգացման մեջ։ Բավական է հիշել ակադեմիկոս Անդրոնիկ Իոսիֆյանին, որը մշակել էր «Մետեոր» տիեզերական արբանյակը, Երվանդ Թերզյանին, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան NASA գործակալությունում, Ալեքսանդր Քեմուրջիանին, որը մասնակցել է խորհրդային առաջին մոլորակագնացների ստեղծմանը, Աննա Ղազանչյան–Լոնգոբարդոյին, որը մասնակցել է ամերիկյան «Ռեյնջեր», «Միդաս», և «Մարիներ» արբանյակների գործարկմանը։ Հայերը, հիրավի, տիեզերական ազգ են։

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

403
թեգերը:
Ռուսաստան, Հարություն Կիվիրյան, տիեզերագնաց, հայ
Ըստ թեմայի
Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն
Տիեզերքը վերադառնում է կառավարության օրակարգ. կանոնակարգվում է տիեզերական գործունեությունը
Նեիզվեստնին ընդդեմ Խրուշչովի, կամ ինչպիսին պետք է լինի իսկական մտավորականը
Ինչպես փլուզվեց կայսրությունը, կամ ընդամենը վարորդի ձեռքի սիգարետն է փոխվել
Լենդրուշ Խաչատրյանն իր երեխաների հետ

«Էրեխեքին տեր կանգնի, կարող է` ինչ–որ բան պատահի». մայոր Խաչատրյանն օգնության կարիք ունի

510
(Թարմացված է 21:39 06.05.2021)
Մայոր Լենդրուշ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Գերմանական կլինիկայում խոստացել են, որ երեք ամսվա ընթացքում նրան ոտքի կհանեն, բայց լուրջ գումար է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատար Լենդրուշ Խաչատրյանն արդեն 8 ամիս է` «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Մայորը հարազատների հետ միայն աչքերով է հաղորդակցվում։

Майор Лендруш Хачатрян в вегетативном состоянии
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

 

Լենդրուշը երեք երեխա ունի, կրտսեր դուստրն այսօր 10 ամսական է դարձել, միջնեկը 4 տարեկան է, ավագ որդին` 7։ Վերջին անգամ նա երեխաներին ու կնոջը տեսել է սեպտեմբերի 25-ին։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Լենդրուշի կինը` Ռուզաննա Վերդիյանը, այդ օրը նրանց համատեղ կյանքի 8-ամյակն էր։ Զույգը ծրագրում էր նշել այն, բայց չստացվեց։ Պատերազմը...

Постер с изображением Лендруша Хачатряна
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյան

Ինչպես կինոյում

32-ամյա Լենդրուշ Խաչատրյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից է։ Ավարտել է Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական քոլեջը, հետո ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011 թվականին արդեն «Եղնիկների» (Արցախի հյուսիսային դիրքեր) գումարտակի հրամանատարն էր։ Ապագա կնոջ հետ ծանոթացել էր քրոջ շնորհիվ. Ռուզաննան նրա մտերիմ ընկերուհին էր։

«Մի օր, երբ հյուր էի գնացել նրանց, Լենդրուշն աշխատանքից եկավ, և մենք առաջին անգամ տեսանք իրար։ Այդ ժամանակ նա դեռ կապիտան էր։ Սկսեցինք շփվել։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացանք», – պատմում է Ռուզաննան։

Նրա խոսքով` պատահական չէր, որ Լենդրուշն իր կյանքը կապեց բանակի հետ։ Նրա հայրը զինվորական է եղել, թոշակի անցնելուց հետո դարձել է գյուղապետ։ Բայց Խաչատրյանի հայրն ուզում էր, որ որդին զինվորական բժիշկ դառնա։

Майор Лендруш Хачатрян с семьей
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Իսկ հետո սկսվեց պատերազմը

Ռուզաննան շատ լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը։ Ինչպես միշտ, առավոտյան 7-ին կերակրեց 2 ամսական դստերն ու արդեն պատրաստվում էր քնեցնել, երբ փողոցից բարձր ձայն ու անհասկանալի դղրդող լսեց։

«Մենք Ստեփանակերտում էինք` պետհամալսարանի մոտ գտնվող վարձով բնակարանում։ Այդ օրերին այնտեղ շինարարություն էր գնում, և ինձ թվաց, որ ձայները դրա հետ են կապված։ Երեխային պառկացրի, գնացի, որ տեսնեմ` ինչ է կատարվում։ Դռների մեջ հանդիպեցի վերևից արագ–արագ իջնող հարևաններին։ Մենք առաջին հարկում էինք ապրում։ Ում հագին ինչ կար, հենց այդ շորերով էլ դուրս էր եկել»,–հիշում է կինը։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Քանի որ շենքում նկուղ չկար, կանայք ու երեխաները հավաքվեցին իրենց բնակարանում։ Ավելի ուշ, երբ երկնքում արդեն անօդաչուներ էին պտտվում, հասկացան` պատերազմ է սկսվել։

Խնդրեց` լավ նայեմ երեխաներին

Ռուզաննան անմիջապես սկսեց զանգել ամուսնուն, բայց նա արդեն անհասանելի էր։ Կարողացան զրուցել լույս 28-ի գիշերը։ Այդ ժամանակ Լենդրուշն ասաց կնոջը, որ նա երեխաների մասին հոգ տանի, քանի որ իր հետ կարող է ինչ–որ բան պատահել։

«Նույն օրը երեկոյան մենք իմացանք, որ նա գլխից լուրջ վիրավորում է ստացել։ Այնուհետև վիրահատություն եղավ Ստեփանակերտում, Երևանում։ Լենդրուշը հիմա վեգետատիվ վիճակում է, միայն աչքերով է արձագանքում», – ասաց Ռուզաննան։

Майор Лендруш Хачатрян с супругой Рузаной Вердиян и дочерью
© Photo : provided by Ruzana Verdiyan
Լենդրուշ Խաչատրյանն ընտանիքի հետ

Երեխաները հոր հետ շփվում են տեսակապով։ Սկզբում նա շատ ցավոտ էր արձագանքում երեխաների ձայնին, դողում էր ամբողջ մարմնով, զարկերակն արագ էր խփում, աչքերն էր թարթում։ Բայց ժամանակի ընթացքում ընտելացավ։

«Ես մտնում եմ մոտը, հարցնում, հիշում է ինձ, հասկանում է ամեն ինչ, խնդրում եմ, որ դրական պատասխանի դեպքում աչքերը փակի։ Փակում է», – ասում է Ռուզաննան։

Մայոր Լենդրուշն այժմ նյարդավերականգնողական օգնության կարիք ունի, ինչն անհնար է Հայաստանում։ Մայորի կնոջ խոսքով` դիմել են տարբեր երկրների հիվանդանոցներ, ամենահարմար տարբերակը Գերմանիայում վերականգնողական բուժում ստանալն է։

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Գերմանացի բժիշկները Խաչատրյանի ընտանիքին վստահեցրել են, որ նա երեք ամսվա ընթացքում կկարողանա ինքնուրույն հագնվել, լվացվել, տեղաշարժվել քայլակով, ինքնուրույն կամ առանց զոնդի ուտել։ Բայց բուժումը թանկ արժե, և այդ ամենի համար մոտ 160 հազար եվրո է անհրաժեշտ։

Դրամական փոխանցում կարելի է կատարել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ (ARMECONOMBANK OJSC)` Լենդրուշի կնոջ` Ռուզաննա Վլադիմիրի Վերդիյանի անունով բացված հաշվեհամարին`163318020969 AMD; 163318020985 EUR; 163318020993 RUR ; 163318020977 USD:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

510
թեգերը:
Պատերազմ, Վիրավոր, Հայաստան
Մհեր Շահգելդյան

Մհեր Շահգելդյանին դատարանը սնանկ է ճանաչել. նախկին նախարարի բնակարանը հանվել է աճուրդի

394
(Թարմացված է 17:42 06.05.2021)
Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ.–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր, հետևաբար ավելի քան 30 000 դոլարի գործարքները նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՕԵԿ նախկին փոխնախագահ, ԱԺ 5–րդ գումարման պատգամավոր, ԱԻ նախկին նախարար Մհեր Շահգելդյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Նա չի կարողացել մարել «Ամերիաբանկից» վերցրած ավելի քան 30 000 եվրոյի վարկը, ինչի հետևանքով շուտով կզրկվի նաև բանկում գրավադրված  իր բնակարանից։

Աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն` այն նախանշված է ս.թ. մայիսի 27–ին։ Գրավադրված բնակարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 4 հարկանի շենքի 1-ի հարկում, մակերեսը` 85,7 ք/մ է։ Բնակարանի մեկնարկային գինը սահմանվել է 55 200 000 դրամ:

Հիշեցնենք`այն որ նախկին պաշտոնյան չի կատարում վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները հանրությանը հայտնի դարձավ անցյալ տարի, երբ «Ամերիաբանկը» դիմեց դատարան` Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջով։ 2020թ–ի նոյեմբերին դատարանը բավարարեց բանկի պահանջը։

Դատարանի որոշման մեջ հրապարակված տվյալների համաձայն` Մհեր Շահգելդյանին 30.000 եվրոյի վարկը տրամադրել է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի ժամկետով` մինչև 14.02.2032թ. մարելու պայմանով։

Բացի այդ Շահգելդյանը նույն օրը «Ամերիաբանկից» նաև սպառողական վարկ է ստացել` 1.4 մլն դրամի չափով,  տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով ու դարձյալ մինչև.2032թ. մարման ժամկետով։

Հետաքրքրական է, որ Մհեր Շահգելդյանը վարկային պայմանագրերը կնքել է 2017թ–ի փետրվարին, երբ այլևս պատգամավոր չէր (5-րդ գումարման ԱԺ–ն աշխատանքն ավարտել է 2016թ–ի դեկտեմբերին, 6-րդ գումարման ԱԺ–ում ՕԵԿ–ն այլևս  մանդատ չի ստացել), հետևաբար այս գործարքները Շահգելդյանի  ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերում չեն արտացոլվել։

«Մհեր Շահգելդյանն իր վարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել, թույլ է տվել պարտավորությունների կատարման կետանց, և 24.06.2020թ. դրությամբ բանկի նկատմամբ նրա ունեցած պարտքը Թիվ 1 Պայմանագրով կազմում է 57.845,76 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 28.734,47 եվրո՝ որպես վարկի գումարի մնացորդ, 14.029,81 եվրո՝ որպես տոկոսագումար, 151,99 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 128,87 եվրո՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 14.800,62 եվրո՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, իսկ թիվ 2 պայմանագրով պարտքը կազմում է 1.250.437 ՀՀ դրամ, որից 1.092.435 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 55.919,70 ՀՀ դրամը՝ որպես տոկոսագումար, 14.159,10 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 51.114,80 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 10.968,40 ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ, 25.840 ՀՀ դրամ՝ որպես գերածախս»,– ասված է դատարանի որոշման մեջ։

Ինչո՞ւ 2008թ–ին միացաք իշխանությանը. ՕԵԿ–ն արդեն 10 տարի ստիպված է պատասխանել ընտրողներին

Մհեր Շահգելդյանը, թեև չի համաձայնել իրեն սնանկ ճանաչելու պահանջի ու բանկի ներկայացրած հաշվարկների հետ` ընդունելով միայն մայր գումարով առկա պարտքը, բայց դատարանը նրա պատճառաբանությունը հաշվի չի առել ու որոշել է սնանկ ճանաչել նախկին քաղաքական գործչին, քաղաքի կենտրոնում նրա գնած բնակարանն էլ հանել  աճուրդի։

Հիշեցնենք` ՕԵԿ–ի նախկին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը 2018 թ․–ին հեռացել է և՛ հարազատ կուսակցությունից և՛ ընդհանրապես քաղաքականությունից։

394
թեգերը:
Սնանկության դատարան, Բանկ, աճուրդ, բնակարան, Մհեր Շահգելդյան
Ըստ թեմայի
Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ
«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

0
(Թարմացված է 23:31 06.05.2021)

Ադրբեջանցի պաշտոնյաներն անուղղակիորեն ընդունել են այն փաստը, որ Շուշիի հայկական գլխավոր խորհրդանիշի՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարի, որն ավելի հայտնի է որպես Ղազանչեցոց եկեղեցի, տեսքի փոփոխության մասին քաղաքական ղեկավարության կարգադրություն կա: Վերականգնման աշխատանքների պատրվակով արդեն ջնջվել են հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է հասկանալ՝ ինչպես են Բաքվում պատրաստվում արդարացնել այդ վանդալիզմը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Շուշիում, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ապամոնտաժվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու սրածայր գմբեթը և դրա փոխարեն կլոր մի կառույց է տեղադրվել։ Մինչ այդ եկեղեցու պատերի մոտ արդեն շինհրապարակ էր ծավալվել։ Բաքվում հայտարարել են, որ տաճարը վերականգնվում է, քանի որ այն տուժել է պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերը երկու թիրախային հրթիռային հարված հասցրեցին տաճարին։ Արդյունքում վիրավորվել էին եկեղեցում աղոթող մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ռուսաստանցի երեք լրագրողներ։ Վնասվել էր տաճարի գմբեթը։ Վնասված գմբեթը վերականգնելու փոխարեն այն վերականգնման պատրվակով ամբողջությամբ վերացվել է։ Բաքվում պնդում են, թե, իբր, տաճարն ի սկզբանե այդպիսի տեսք ուներ մինչ «հայերի կողմից հայաֆիկացվելը»։

Մտահաղացման վերջնական նպատակի վերաբերյալ մի քանի վարկած կա։ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով, հնարավոր է, որ տաճարը մահմեդական մզկիթի վերածվի: «Չի կարելի բացառել այդ հավանականությունը։ Հիշենք թուրքական իշխանության կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այն ամենը, ինչ անում է ավագ եղբայրը, հետո օրինակ է ծառայում կրտսերի համար»,- ասել է Բաբայանը։

Նույն ձեռագիրն է, որով Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի. ԱԺ–ն արձագանքեց Շուշիում կատարվածին

Ըստ մեկ այլ վարկածի՝ տաճարի ճարտարապետական կերպարը խեղելուց հետո պատրաստվում են հայտարարել, որ այն ալբանական է ու փոխանցել ձևավորվող ուդիների քրիստոնեական համայնքին։ Այս մասին է վկայում, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթը, որը հունվարի կեսերին ասել էր, որ «Շուշիի Ղազանչի եկեղեցին, ինչպես և Ղարաբաղի ալբանական մյուս եկեղեցիները, կվերականգնվեն ու կփոխանցվեն օրինական տերերին»:

Նույն ոճով են արտահայտվում նաև Բաքվի իշխանամետ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակախոսությունների հեղինակները։ Ահա թե ինչ է գրում Haqqin.az-ը. «Ադրբեջանական իշխանությունն ուղղում է սխալները։ Սկսվել է Շուշիի տաճարի վերականգնումը։ Դրա հետագա ճակատագիրը կորոշեն ադրբեջանցի քրիստոնյաները՝ հին ալբանների ժառանգները ՝ ուդիները»։ Եվ դա այն դեպքում, երբ կովկասյան ալբանացիները ձուլվել են Ղազանչեցոց եկեղեցու կառուցումից շատ առաջ, իսկ ալբանացիների հետնորդ ուդիներն ապրում են Շուշիից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Երրորդ վարկածի համաձայն ՝ տաճարը պատրաստվում են ներկայացնել որպես ուղղափառ ու հետագայում հանձնել ՌՈՒԵ Բաքվի թեմին: Դրա համար վաղուց են հող պատրաստում։ Դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցի պատմաբանները փորձել են զգուշորեն խոսակցություններ սկսել այն մասին, թե իբր Ղազանչեցոցն ի սկզբանե ուղղափառ է, ու այն կառուցել են ոչ թե հայերը, այլ ռուսները։ Դա հաստատում են լուսանկարներով, որոնցում տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի։ Այս ձևով այն հեռվից նման է ուղղափառ եկեղեցու։ Հենց այդ ֆոտոշարքերն են դրված ներկայումս ակտիվորեն շահագործվող լեգենդի հիմքում։

«Վերականգնողական աշխատանքները կատարվում են ինքնատիպ ճարտարապետական ոճով Շուշա քաղաքի պատմական տեսքը վերստեղծելու նպատակով», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: «Եկեղեցին կվերականգնվի սկզբնական տեսքով, ինչպես նախկինում էր, առանց սրածայր գմբեթի», - պարզաբանել է Ադրբեջանի եվրաինտեգրման կոմիտեի անդամ Տողրուլ Ջուվարլին: «Հայերը փոխել են եկեղեցու տեսքը։ Նրանք վերակառուցել են այն և կառուցել սրածայր գմբեթը, որը նախկինում չկար։ Այժմ աշխատանքներ են տարվում եկեղեցին սկզբնական տեսքի վերադարձնելու ուղղությամբ», - ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, որը խնդրել է չհիշատակել իր անունը։

Ի՞նչ է եղել իրականում։ Լուսանկարները, որոնց վրա տաճարը պատկերված է առանց սրածայր գմբեթի, իրական են։ Տաճարը դրանց վրա պատկերված է 1920 թվականի հայերի կոտորածից հետո։ Հայտնի է, որ ջարդերի օրերին տեղի թաթարները քանդել են Ղազանցոց եկեղեցու գմբեթը և հանել խաչը։ Մերկացված ներքին կառույցը, որի վրա հենվում էր գմբեթը, կլորացված էր և արտաքնապես հիշեցնում էր ուղղափառ եկեղեցու գմբեթի ձևը։ Տաճարն այդպիսի տեսք ուներ մինչև 1992 թվականը, երբ դրա նախնական տեսքը վերականգնվեց։ Վերականգնումն իրականացվել է 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի լուսանկարների հիման վրա։ Բազմաթիվ արխիվային նյութեր հաստատում են, որ ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցը տաճարը նախագծել է հենց սուր գմբեթով։ Այսպիսին է այն կառուցել գլխավոր շինարար Ավետիս Երամիշյանցը։

«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ

Ճարտարապետի և շինարարի անունները փորագրված են եկեղեցու խորանի ճակատային հատվածում։ Հարավային հատվածի վերին մասի արձանագրությունը փաստում է, որ տաճարը կառուցվել է ծխականների միջոցներով և նվիրատվություններով։ Այնտեղ նշվում է, որ շինարարությունը սկսվել է 1868-ին Գևորգ Դ կաթողիկոսի օրոք և ավարտվել 1887-ին ՝ պատրիարք Մակար Ա-ի օրոք։ Տաճարից մի փոքր ավելի վաղ կառուցված զանգակատան արևելյան պատին փորագրված է․ «Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասանի և որդիների՝ Արուպի և Ստեփանի և բոլոր ղազանչեցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր ողջերի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Բոլոր գրությունները բնականաբար հայերեն են։ Այս ամենով հանդերձ ինչպե՞ս կարելի է պնդել, թե եկեղեցին հայերը չեն կառուցել, ու որ այն գործել է որպես ուղղափառ տաճար։

Պարզվում է ՝ առասպելն այն մասին, որ Ղազանչեցոցը ռուսական ուղղափառ եկեղեցի էր, շարունակություն ունի։ 

Ադրբեջանի Ճարտարապետների միության վարչության անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի պրոֆեսոր Ֆաիգ Իսմայիլովը պնդում է, որ ռուսներն էլ իրենց հերթին են գողացել տաճարի շենքը: Նկարագրելով Ղազանչեցոց եկեղեցու ծագման պատմությունը՝ ճարտարապետը պնդում է. «Երբ Ղարաբաղում գտնվող ռուս զինվորների համար եկեղեցի հիմնելու անհրաժեշտություն առաջացավ, բանակային ղեկավարությունը զանգ կախեց Ղարաբաղյան խանի պալատի աշտարակին և այստեղ երկրպագելու պայմաններ ստեղծեց։ Ժամանակի ընթացքում ղարաբաղյան խանության շենքը ռուսական բանակի հրամանատարության հրամանով վերանորոգվել է և հարմարեցվել է եկեղեցական ոճին»։ Կարելի է, իհարկե, այս ամենին հումորով վերաբերել։ Բայց Շուշիից գաղթած հայերի ծիծաղը չի գալիս։

Շուշիում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելու Ադրբեջանի իշխանության փորձերը, մեղմ ասած, դժվարությամբ են տեղավորվում Բաքվից հնչող հավաստիացումների ենթատեքստում, թե նրանք պատրաստ են պայմաններ ստեղծել Արցախում երկու համայնքների խաղաղ գոյակցության համար: Ադրբեջանի իշխանության շարունակական վանդալիզմի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական առաքելության՝ տարածաշրջան այցին խոչընդոտելու փաստը հատուկ իմաստ է ստանում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մոտեցումն այս հարցում միանշանակ է։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ կապակցության հստակ է արտահայտվել․ «Մեր սկզբունքային դիրքորոշումն այսպիսին է՝ մենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կողմնակից ենք: Մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգեւոր արժեքների պահպանմանը։ Մենք հաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ տարածաշրջան այցը շուտափույթ կազմակերպելու կարևորությունը »։ Միայն թե դա շուտ լինի։

0
թեգերը:
Շուշի, Ադրբեջան, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)
Ըստ թեմայի
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հնչել է հայկական բանակի օրհներգը
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ