ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։
Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։
Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։
Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին
Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։