Տարեց կին

Ինչպես չկորցնել հիշողությունը և սուր միտք ունենալ. գիտնականները տարրական միջոց են գտել

564
(Թարմացված է 14:39 19.01.2021)
Մարդկությունը տարված է ֆիզիկական վիճակը պահպանելու գաղափարով։ Ամեն տեսակ սննդակարգեր, զանազան վարժություններ ու մարզումներ, հաճախ նույնիսկ վիրահատական միջամտություններ, և այս ամենը՝ հանուն գեղեցկության։ Իսկ ի՞նչ է պետք անել միտքն ու հիշողությունը պահպանելու համար։

Առանց պարզ մտքի ու լավ հիշողության հազիվ թե կարելի է մեր կյանքը լիարժեք համարել, եթե անգամ ֆիզիկական խնդիրներ չունենք։

Ավելին` սրտի և անոթների հիվանդությունները, ինչպես նաև կաթվածներն ու ծերունական թուլամտության զանազան ձևերը տարբեր երկրներում մարդկանց մահվան գլխավոր պատճառներից են։ Ըստ ԱՀԿ-ի՝ 2030թ․-ին Երկրի մոտ 75 միլիոն բնակիչ կտառապի նմանատիպ խնդիրների պատճառով։ Այսօր աշխարհի տարբեր երկրների գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են այդ հիվանդությունները և փորձում դրանց առաջացման հավանականությունը նվազեցնող միջոց գտնել։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սննդակարգը, վնասակար սովորություններն ու կենսակերպն են շատ առումներով «որոշում», թե մեծ տարիքում որքան հաստատուն կլինի հիշողությունը։ Առաջին հերթին գիտնականները խորհուրդ են տալիս հետևել ճնշման տատանումներին, արյան մեջ խոլեստերինի և ինսուլինի մակարդակին, պահպանել ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդ ընդունել և հեռու մնալ ծխախոտից։

Ուղեղի համար սննդակարգ

Հետազոտողները պնդում են, որ օգտակար մթերքը սնում է ուղեղը և առավել ճկուն դարձնում մտածելու գործընթացը։ Այդ հարցում օգնում են նախևառաջ ընկուզեղենը, հացահատիկները, ձուկն ու հատապտուղները։

Իսկ բառացիորեն մի քանի օր առաջ ամերիկացի գիտնականները եկան այն եզրակացության, որ առողջ մտքի համար բավական է պարզապես ամենօրյա սննդակարգում նվազեցնել ածխաջրերի քանակը։

Հետազոտողներն ուղեղի աշխատանքը գնահատել են երկու սննդակարգերի դեպքում․ ցածր ածխաջրայնությամբ (կետո-դիետա) և սովորական։ Եվ եթե սովորական սննդակարգի դեպքում հիմնական բաղադրիչը գլյուկոզան է, ապա կետո-դիետան հիմնված է կետոնների վրա՝ նյութերի, որոնք առաջանում են ճարպային պաշարների քայքայման ընթացքում և փոխարինում են գլյուկոզային։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կետոնների շնորհիվ ուղեղի գործունեության թուլացման առաջին նշաններն իր հայտ են գալիս միայն 47 տարեկանում, իսկ առավելագույն արագ ծերացումը սկսվում է միայն 60 տարեկանից։ Հետաքրքիր է, որ կետո-սննդակարգն անգամ երիտասարդների մոտ ակտիվացրել է ուղեղի աշխատանքը։

Որ մթերքներն են արագացնում ծերանալու գործընթացը. Մյասնիկովի կարծիքը

Սակայն այստեղ անհրաժեշտ է մի պարտադիր վերապահում անել․ կետո-սննդակարգի հարցում պետք է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ կարող է հանգեցնել միանգամայն անսպասելի հետևանքների։

Կանոնավոր ֆիզիկական մարզումներ

Վերջին տարիներին միաժամանակ մի քանի խումբ հետազոտողներ պարզել են, որ սպորտով կանոնավոր զբաղվելն ու մարմնամարզությունը բարելավում են ուղեղի աշխատանքը։ 008 թ․-ին ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ 50-րոպեանոց զբոսանքները զգալիորեն բարելավել են տարեց մարդկանց հիշողությունն ու կենտրոնացումը, իսկ 2015 թ․-ին նրանց իտալացի գործընկերները վկայել են, որ ֆիզիկական վարժությունները նյարդային բջիջներին օգնում են այլ նեյրոնների հետ նոր կապեր ձևավորել՝ վնասվածքների կամ նոր հմտությունների յուրացման դեպքում:

Այս փորձերն ապացուցել են, որ սպորտով զբաղվելը լավացնում է կարճաժամկետ հիշողությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից անմիջապես հետո, իսկ մարմնամարզությունը բարելավում է նաև երկարաժամկետ հիշողությունը։

Փորձագետների կարծիքով՝ մարմնամարզությունն ու ֆիզիկական ակտիվության մյուս ձևերը կարող են նկատելիորեն իջեցնել Ալցհեյմերի հիվանդության և այլ նեյրոդեգեներատիվ, նյարդային բջիջների զանգվածային մահվան հետ կապված հիվանդությունների զարգացման հնարավորությունները։

Կենսակերպ կամ առավոտյան մարմնամարզություն

Բացի առողջ սննդից և ֆիզիկական վարժություններից, շատ կարևոր են նաև մտավոր մարզումները, որոնք շատ են ու տարբեր։

Դրանցից մեկն, օրինակ, «ոչ աշխատանքային» ձեռքն օգտագործելն է։ Դա ուղեղի համար լրացուցիչ խթանող ուժ է, որը նկատելիորեն արագացնում է մտածելու գործընթացը։ Բացի այդ, «ոչ աշխատանքային» ձեռքի օգտագործումը նպաստում է ուղեղի երկու կիսագնդերի միջև կապի լավացմանը, արդյունքում դրանք սկսում են ավելի ներդաշնակ գործել։

Ուղեղի աշխատունակության համար շատ կարևոր է նաև որակյալ քունը, քանի որ նոր նեյրոնային միացություններ ստեղծելու համար այդ օրգանին լիարժեք հանգիստ է հարկավոր։

Մասնագետը բացատրել է, թե ինչու մարմելադը չի կարող օգտակար մթերք համարվել

Սուր միտքը պահպանելու հարցում կարևոր է նաև հագեցած սոցիալական կյանքը։ Այլ մարդկանց հետ շփումը կենտրոնացում է պահանջում, ինչը շատ օգտակար է մտավոր ունակությունների մարզման տեսանկյունից։

Եվ չմոռանանք մեդիտացիայի մասին։ Բոլորովին վերջերս Հարվարդի բժշկական դպրոցի և Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ ամենօրյա մեդիտացիան օգնում է դանդաղեցնել ուղեղի ծերացումը։

Եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, հրաժարվեք այս մթերքներից

564
թեգերը:
ուղեղ, հիշողություն, տարեց
Ըստ թեմայի
Ո՞րն է սրտի համար ամենաօգտակար մթերքը
Որ մթերքներն են պահպանում մաշկի երիտասարդությունը և որոնք են նպաստում ծերացմանը
«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել
Արթուր Դալալոյան

Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

4
(Թարմացված է 23:47 19.04.2021)
Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

4
թեգերը:
մարզիկ, վիրահատություն, Արթուր Դալալոյան
Ըստ թեմայի
«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում
Արթուր Դալալոյան․ հայրս հայ է, ուրեմն ես ու եղբայրս էլ ենք հայ
«Նա ասաց`այո». Արթուր Դալալոյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել իր ընտրյալին
Բռնություն

Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել

57
(Թարմացված է 22:54 19.04.2021)
Չնայած մարդու իրավունքների համար ակտիվ պայքարին՝ շատ երկրներում գենդերային բռնության խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Երիտասարդ երևանցին արդյունավետ միջոց է գտել՝ պաշտպանելու նրանց, ովքեր ենթարկվում են բռնության։ Օգնության են հասել ժամանակակից տեխնոլոգիաները։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի բնակիչ Մարիամ Թորոսյանն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ բռնության զոհ դարձած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրա ղեկավարությամբ ծրագրավորողների խումբը ստեղծել է Safe You բազմաֆունկցիոնալ հավելվածը, որն օգնում է Հայաստանում և Վրաստանում ապրող շատ կանանց, և սա դեռ ամենը չէ։

Мариам Торосян, основатель и генеральный директор социального предприятия Институт инновационных технологий, запустившего приложение Safe You
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Թորոսյանը

«Հավելվածի նպատակն այն է, որ բռնության ենթարկված մարդը կարողանա օգնություն կանչել հաշված վայրկյանների ընթացքում», - բացատրում է Մարիամ Թորոսյանը՝ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության գլխավոր տնօրենը, որը 2020 թ-ին գործարկել է Safe You հավելվածը։

Հավելվածում կարելի է պահպանել մինչև յոթ հեռախոսահամար, որոնցից մեկը՝ ոստիկանության ծառայությանը։ Բավական է սեղմել HELP կոճակը և պահել երեք վայրկյան, ու նշված համարները, այդ թվում՝ ոստիկանությունը, հաղորդագրություն կստանան այն մասին, որ օգտատերը վտանգի մեջ է։ Հաղորդագրությունում նշվում է նաև օգտատիրոջ գտնվելու վայրը։

Բացի դրանից, կոճակը սեղմելուց հետո ավտոմատ կերպով միանում է ձայնագրիչը, որը ձայնագրում է հնարավոր ծեծկռտուքի և հնչող սպառնալիքների ձայները։ Հետագայում անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարելի է օգտագործել որպես ապացույց։

Ողբերգության կանխումը

Մարիամը պատմում է, որ վերջերս հավելվածը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Վրաստանում, շատ է օգնել Թբիլիսիի բնակչուհուն։

26-ամյա կինը, որը փոքր երեխա ունի, դիմել էր երկրի կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություններին մեկին։ Նա հայտնել է, որ իրեն և երեխային լուրջ վտանգ է սպառնում, խնդիրը նախկին ամուսինն է։ Քանի որ կինը հրաժարվել է գնալ ոստիկանություն, փաստաբանը խորհուրդ է տվել ներբեռնել Safe You հավելվածը։

Դրանից մի քանի օր անց նախկին ամուսինը կրկին հայտնվել է․ նա մանկապարտեզի մոտ պահանջել է, որ երեխան իր հետ գնա։ Երբ փոքրիկը հրաժարվել է, տղամարդը հարվածել է նրան։ Մայրն իսկույն օգնության է շտապել, և վիճաբանություն է սկսվել։ Կնոջը հաջողվել է այդ իրավիճակում սեղմել HELP կոճակը։ Կարճ ժամանակ անց ժամանել է ոստիկանությունը և կանխել ողբերգությունը։ Ագրեսորը նույնիսկ չի հասկացել, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն ինչպես են իմացել իր գործողությունների մասին։

«Կինը պատմեց մեզ, որ ֆիզիկապես չի կարողացել զանգել ոստիկանություն և առավել ևս հայտնել իր գտնվելու վայրը, քանի որ նախկին ամուսինն ուղղակի կխլեր հեռախոսը։ Իսկ ձայնագրությունն ապացույց է դարձել, որ ագրեսորն իսկապես մահացու վտանգ է ներկայացնում նրանց համար», - ասում է Մարիամը։

Տեղեկատվության կարևոր աղբյուր

Սակայն HELP կոճակը հավելվածի միակ գործառույթը չէ։ Ինտերֆեյսում կա Network բաժինը, որտեղ կարելի է գտնել երկրում գործող կանանց իրավունքների պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները։

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Կա ևս մի կարևոր ֆունկցիա՝ հարց հոգեբանին։ Այսինքն` հավելվածը մի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են շփվել ինչպես միմյանց հետ, այնպես էլ մասնագետի (օրինակ` Վրաստանում նախագծում ներառված է 19 հոգեբան)։ Ընդ որում, քննարկումներին կարելի է մասնակցել ինչպես իրական անունով, այնպես էլ ծածկանունով։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անձնական տվյալների պաշտպանությանը հատուկ ուշադրություն են դարձնում։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում ինտերնետ մատակարարողների հետ զրոյական վարկանիշ տրամադրելու համար։ Այդպիսով հավելվածը կարելի է օգտագործել նույնիսկ առանց ինտերնետի և զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ մինչ այդ ինտերնետի առկայությունն անհրաժեշտ է՝ ազդանշաններ ուղարկելու համար», - պատմում է Մարիամը։

Safe You-ի մասին տեղեկատվության տարածումը

Safe You-ն Հայաստանում գործում է արդեն մեկ տարի, իսկ Վրաստանում՝ ութ ամիս։ Այդ ընթացքում հավելվածը ներբեռնել է մոտ հինգ հազար կին։ Նրանցից 4,5 հազարը հարևան երկրի կանայք են։ Այնտեղ լրջորեն զբաղվում են հավելվածը տարածելով, երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկը նույնիսկ հաղորդում է պատրաստել այդ մասին։

Հայաստանում Թորոսյանի թիմն աշխատել է նախագծի տեխնիկական կատարելագործման վրա։ Հավելվածի վրա աշխատանքը սկսվել է 2018-ին։ Նախատեսվում էր նորույթը տարածել անցած տարի, սակայն դրան սկզբում խանգարել է համավարակը, այնուհետև՝ արցախյան պատերազմը։

«Տարեվերջին հայ օգտատերերի թիվն ավելի շատ կլինի։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագիրն առաջին հերթին պետք է նրանց շահառուներին։ Այս տարի հիմնական ուղղությունները կլիներ չորս մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը և Գեղարքունիքը»,- նշեց Թորոսյանը։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը» բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան երկրների հետ, որոնք շահագրգռված են հավելվածը ձեռք բերելու մեջ։

Ստվերային համավարակ

Վերջում Մարիամ Թորոսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն` ամբողջ աշխարհում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով օրական մահանում է 141 կին։ Գենդերային սպանությունները կազմում են կանանց սպանությունների ընդհանուր թվի մոտ 80%-ը։

Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ

Համարվում է, որ աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնության է ենթարկվում թույլ սեռի յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ։

Ավելին, մի շարք հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում համավարակի և լոքդաունի պատճառով ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են 30%-ից մինչև 60%: Ուստի լոքդաունի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը հաճախ անվանում են «ստվերային համավարակ»։

Հ.Գ. Safe You հավելվածը Android-ից օգտվողները կարող են ներբեռնել այս հղումով, իսկ iOS–ից` այս հղումով։

57
թեգերը:
աշխարհ, Հայաստան, Կին, ընտանեկան բռնություն, սեռական բռնություն, Բռնություն
Ըստ թեմայի
Արցախցիների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ձերբակալված է. Գոռ Աբրահամյան
Արցախցիների հանդեպ բռնության կոչեր արած անձն ազատ է արձակվել, բայց հարցը փակված չէ
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

0
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

0
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»