Դվին–Երևան ավտոբուսը

Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը

1090
(Թարմացված է 17:55 15.01.2021)
Sputnik Արմենիան փորձել է պարզել ուղևորավարձի թանկացման հետ կապված թնջուկը։ Բնակիչներն ու տեսչական մարմնի ներկայացուցիչն իրենց կարծիքներն են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik, Մարիաննա Փայտյան. Նոր տարի՝ նոր թանկացումներ․ հունվարի 1-ից Արարատի մարզի գծատերերն «անակնկալ» մատուցեցին բնակիչներին․ միջմարզային մի շարք ուղղությունների փոխադրավարձը թանկացել է 50-100 դրամով։ Օրինակ` Դվին-Երևան երթուղու փոխադրավարձը 250-ից դարձել է 300 դրամ, Երևան–Արարատինը՝ 400-ից 500 դրամ։ Ուղևորատոմսի գինը բարձրացել է, իսկ տրանսպորտի որակը չի փոխվել։

«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ, «Լիգա» ՍՊԸ, Վեդու «ԲՈւԱՏ» ՍՊԸ․ սրանք այն 3 ընկերություններն են, որոնք սպասարկում են Արարատի միջմարզային և ներմարզային  մի շարք երթուղիներ և տարեսկզբից որոշել են՝ նախկին սակագինը ձեռք չի տալիս։ Անակնկալի եկած բնակիչները դիմել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ու պարզել՝ սակագնի բարձրացումն ապօրինի է։

Ի՞նչ է տեղի ունեցել․ տեսչական մարմնի դիրքորոշումը

Նշված ընկերությունները երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում շահել են այլ սակագնով, հիմա սպասարկում են 50-100 դրամ սակագնի բարձրացմամբ։ Դա հակասում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին։

Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Էլենա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է՝ ոչ բոլոր երթուղիներում սակագնի բարձրացումն է ապօրինի։ Մի քանի դեպքերում նախկինում երթուղու շահագործումն իրականացվել է մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ երթուղիների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։ Օրինակ` Նարեկ-Երևան երթուղու դեպքում «Լիգա ՍՊԸ»-ն մրցույթում շահել է 400 դրամ սակագնով, սպասարկումն իրականացրել է 300 դրամով, իսկ հիմա՝ դարձրել 350 դրամ։

Սակայն առնվազն 5 երթուղիների դեպքում ապօրինություն է թույլ տրվել։

«Տեսչական  մարմինը դրանից հետո նախազգուշական ծանուցումներ է ուղարկել երթուղիները սպասարկող ընկերություններին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խախտումը վերացվի։ Հունվարի 13-ին նաև տեսչական մարմնի կողմից հանդիպում է նախաձեռնվել ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Իրենք իրենց կողմից առաջ են քաշել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանություններ»,- նշում է տեսչական մարմնի խոսնակը։

Որպես սակագնի բարձրացման հիմնավորում ընկերությունները նշում են դրամի արժեզրկումը, վառելիքի, դիզվառելիքի, քսայուղերի, ավտոպահեստամասերի թանկացումները։ Ասում են՝ եթե սակագինը նախկինը մնա, ապա վնասով են աշխատելու։ Այս 3 ընկերություններն արդեն դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի վերանայվի մրցույթի պայմանները՝ որոշ երթուղիներով կատարվի գնի բարձրացում։ Սակայն նրանք չեն էլ սպասել ՏԿԵ նախարարության որոշմանը, և հունվարի 1-ից ապօրինի կերպով կատարել են փոխադրավարձի սակագնի բարձրացում։

Գազամատակարարումը դադարեցվել է. Հայաստանում տրանսպորտի հետ կապված խնդիրներ կառաջանա՞ն

Հունվարի 19-ին լրանում է այն ժամկետը, որը տեսչական մարմինը տվել է ընկերություններին խնդիրը շտկելու ու մրցույթով որոշված սակագնին վերադառնալու համար։ Տեսչական մարմինը խիստ է տրամադրված․ եթե ժամկետը լրանալուց հետո ապօրինությունը վերացված չլինի, ընդհուպ ընկերություններին լիցենզիայից զրկելու միջնորդություն կներկայացնեն ՏԿԵ նախարարություն։

Բնակիչների դիրքորոշումն ու բողոքը

Այն, որ շուրջբոլորը թանկացումներ են, բոլորն են նկատել։ Բնակիչները նշում են՝ ըմբռնումով կմոտենային, եթե լիներ գին- որակ համապատասխանություն։ Մարզի բնակիչ Արփինե Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ օրինակ, «Գալակտիկա Տրանսի» սպասարկած երթուղիներում սակագնի բարձրացմանն ավելի մեղմ են մոտենում, որովհետև ավտոբուսները բարեկարգ են, նոր սպրինտերներ են բերվել, մինչդեռ «Լիգա» ՍՊԸ-ի ավտոպարկը թարմացնել է պետք։ Ձմռան այս ցրտին նորմալ չեն աշխատում մեքենաների վառարանները, երթևեկում են սառցապատ ապակիներով, նստարանները ջարդուփշուր եղած են, մեքենաները՝ կեղտոտ, վարորդներն էլ սովորաբար ճանապարհին ծխում են։ Ասում են՝ «գազելները հաճախ պարզապես ճանապարհին են մնում»։

«Սակագնի բարձրացումը բոլորիս գրպանին է դիպչում։ Գյուղերում աշխատանք չկա, հետևաբար շատերը մայրաքաղաք են գնում աշխատելու։ Բացի այդ՝ մարզից ուսանողներն են գնում Երևան սովորելու։ Սա իսկապես խնդիր է, գոնե որակը պետք է գնին համապատասխան լինի»,- ասում է Արփինեն։

Արփինեն՝ որպես բողոքի նշան, վճարում է նախկին սակագնով։ Նա միակը չէ։ Բայց վարորդներն ու գծատերերն էլ արդեն ավելի կտրուկ քայլերի են գնում՝ փորձելով ստիպել բնակիչներին վճարել իրենց սահմանած նոր սակագնով։ Պատմում է ամենաթարմ դեպքը՝ Դվին-Երևան երթուղու ուղևորները հրաժարվել են վճարել բարձրացված սակագինը, վարորդը փակել է մեքենայի դուռն ու թույլ չի տվել ուղևորներին իջնել, հետո էլ դիսպետչերի հետ միասին «շանտաժ են արել», թե վաղվանից «գիծ դուրս չեն գա, տաքսիներով թող երթևեկեն»։ Ընդգծում է՝ անգամ տեսչական մարմնի նկատողությունից հետո նախկին սակագնին չեն վերադարձել։

Состояние автобуса, следующего по маршруту Двин-Ереван (15 января 2021). Еревaн
© Photo : provided by Arpine Khachatryan
Դվին–Երևան ավտոբուսը

Արարատ քաղաքի բնակիչ Մարիամ Աղախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարձրացված աղմուկից հետո Արարատ-Զոդ երթուղին երեկվանից կրկին սպասարկվում է նախկին 100 դրամ փոխադրավարձով․ հունվարի 1-ից այն ևս բարձրացվել էր 50 դրամով։ Շաբաթ օրը՝ հունվարի 16-ին, մարզի մի խումբ երիտասարդներ Արտաշատի շուկայի մոտ, որի հարևանությամբ էլ ավտոկայանն է, պատրաստվում են իրազեկման ակցիա անցկացնել, բնակիչներին բացատրել, որ սակագնի բարձրացումն ապօրինի է և իրենք իրավունք ունեն չվճարելու։

Состояние автобуса, следующего по маршруту Двин-Ереван (15 января 2021). Еревaн
© Photo : provided by Arpine Khachatryan
Դվին–Երևան ավտոբուսը

Ընդգծում է՝ եթե սպասարկող ընկերությունները չսթափվեն ու չվերադառնան նախկին սակագնին կամ էլ չբարձրացնեն տրանսպորտի որակը, ապա իրենք կբոյկոտեն այդ երթուղիները։ Վստահ է՝ մարզում տարբեր նախաձեռնություններ կստեղծվեն, որոնք կօգնեն մարդկանց քաղաք հասնել առանց այդ «մահաբեր տրանսպորտի», արդյունքում հենց իրենք՝ ընկերությունները կտուժեն, կմնան առանց ուղևորների։

1090
թեգերը:
գծատեր, գին, Արարատի մարզ, երթուղային, երթուղի, ավտոբուս
Ըստ թեմայի
Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները
ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը կարող է 10%-ով ավելանալ բիզնեսի համար. հացը կթանկանա՞
Արամ MP3

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ

115
(Թարմացված է 12:50 08.03.2021)
Երկու ժամ է, ինչ ստեղծագործությունը հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը նոր մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Հանրության դատին ներկայացրած ստեղծագործության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տեսահոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Ստեղծագործությունը երկու ժամ է, ինչ հայտնվել է YouTube-ում և արդեն ավելի քան 4000 դիտում ունի։

Դե պարի քոչարի. Արամ MP3-ի չելենջին միացել են հայեր աշխարհի տարբեր մասերից

Նշենք, որ «Թամզարան» Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական բնակավայրի անվանում: Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովնդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:

Աշոտ Ղազարյանի թոռնուհին հիացրեց «Ну-ка все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

 

115
թեգերը:
երգ, Արամ MP3, Գուրգեն Դաբաղյան
Ըստ թեմայի
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները
«Ի սրտե». Ավետ Բարսեղյանը Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված երգ է գրել. տեսանյութ
Թունել

Դիլիջանի թունելում երթևեկության խոչընդոտ է առաջացել. բեռնատարի կցորդ է փչացել

54
(Թարմացված է 13:24 08.03.2021)
«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է զգոն լինել Դիլիջանի թունելի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

«Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մինչև խնդրի կարգավորումը։ Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ճանապարհային դեպարտամենտն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Գավառի, Ապարանի, Վանաձորի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

54
թեգերը:
երթևեկություն, բեռնատար, Դիլիջանի թունել, Հայաստան
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել

13
(Թարմացված է 14:00 08.03.2021)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի վարքագծին և գործունեությանը ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես իշխանության և ընդդիմության հետ նրա հարաբերություններին։
Դունամալյան. «ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքաական քայլ անել»

ՀՀ նախագահի լիազորությունները մի կողմից ձևական են ու խիստ սահմանափակ` ըստ Սահմանադրության, իսկ մյուս կողմից ժամանակի ընթացքում ընդունվեցին նոր օրենքներ, որոնք նույնպես սահմանափակեցին նախագահի լիազորությունները։ Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց`երբ խոսվում է, թե ՀՀ նախագահը պետք է լինի Սահմանադրության երաշխավորը, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այդ հարցում ինչ միջոցներ ունի նախագահը։

«Միջոցներ գրեթե չկան։ Եթե անդրադառնանք կոնկրետ Արմեն Սարգսյանի անձին, ապա նա 2018–ից ի վեր փորձում էր ավելի չեզոք դիրքորոշում ունենալ և չմտնել քաղաքական խաղերի մեջ` վեր մնալով դրանցից։ Այսօր քաղաքական դաշտում նրա մանևրելու միջոցները շատ քիչ են, նա չի կարող ԳՇ պետի հետ կապված հստակ պատասխան տալ։ Եթե ստորագրի նրա հրաժարականի հրամանագիրը, դա կբերի նրան, որ կենթարկվի խիստ քննադատության, իսկ հակառակ դեպքում դա կբերի կոնֆլիկտի վարչապետի հետ»,– ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն հեռու պահել այդ հարցին առնչվող որոշումներից և պատասխանատվությունը փոխանցել ուրիշ ինստիտուտների։ Ըստ նրա`Սահմանադրությունն այնպիսին է, որ նախագահն արդեն իսկ չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ստորագրել–չստորագրելով որևէ օրենք կամ ուղարկելով ՍԴ` այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փաստացի գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո, Արմեն Սարգսյանի համար ամենակարևորն իր դիրքը պահելն է։

Քաղաքագետի գնահատմամբ` Արմեն Սարգսյանը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել և նրա դեմ նորից կարող են օգտագործվել կոմպրոմատներ, քանի որ, ըստ Դունամալյանի, հավանաբար արդեն իսկ օգտագործվել են, որովհետև նախագահը համաձայնվեց օրենքն ուղարկել ՍԴ և չստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագիրը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

13
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարուքյանը գիտի ճգնաժամից դուրս գալու տարբերակը. այդ դեպքում ի՞նչն է նրան նյարդայնացնում
Վերջնաժամկետում կլսենք արձագանքը․ Բաղդասարյանը պատմել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին
Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի