WhatsApp

Փորձագետները համեմատել են WhatsApp, Signal և Telegram մեսենջերների անվտանգությունը

95
(Թարմացված է 14:53 13.01.2021)
ՌԻԱ Նովոստին այսօրվա դրությամբ առավել մեծ պահանջարկ վայելող երեք մեսենջերների` անձնական տվյալների առումով անվտանգ լինելու վերաբերյալ խոսել է փորձագետների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. WhatsApp, Signal և Telegram մեսենջերները համեմատաբար անվտանգ են, բոլոր երեք հավելվածներում միջանցիկ գաղտնագրում եմ կիրառում և նամակագրության բովանդակությունը կոնֆիդենցիալ է մնում, սակայն այս մեսենջերներից մի քանիսը հավաքում են օգտատերերի տվյալներ, որոնք կարող են փոխանցել երրորդ անձանց։ Այս մասին պատմել են ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված փորձագետները։

WhatsApp–ն ավելի վաղ թարմացրել է օգտվելու կանոնները` ավելացնելով Facebook կորպորացիային անձնական տվյալների փոխանցման մասին կետը։ Դրանից հետո Sensor Tower ընկերությունը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն` WhatsApp–ի թարմացումից հետո մյուս` Signal և Telegram մեսենջերների օգտատերերի թիվը կտրուկ աճեց։

«Ինչպես հայտարարում են բոլոր երեք մեսենջերների մշակողները, օգտատերերի նամակագրությանը հասանելիություն նրանք չեն ստանում, քանի որ ամենուր միջանցիկ գաղտնագրում է կիրառվում, այսինքն փոխանցվող տեղեկությունը պետք է անհասանելի լինի կողմնակի անձանց համար։ Սակայն պետք չէ բացառել արտադրողի կողմից երրորդ անձանց բանալիների օրինական փոխանցման հավանականությունը», – ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Cross Technologies մշակման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Տյուրնիկովը։

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ

Նա պարզաբանեց, որ Signal–ն առավելություն ունի բաց կոդի տեսքով, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ստուգել այն բեքդորների (ալգորիթմների դեֆեկտներ, որոնք թույլ են տալիս անօրինական հասանելիություն ստանալ օգտատերերի տվյալների նկատմամբ, – խմբ.) առկայության վրա, այսինքն Signal–ը օգտատերերի մասին նվազագույն տեղեկություն է հավաքում, ինչը չի կարելի ասել Telegram–ի և առավել ևս` WhatsApp–ի մասին։

«Այնպես որ, եթե խոսենք անվտանգության մասին, ապա նախընտրելի կլինի Signal–ը։ Telegram–ը պակաս անվտանգ է պարզապես լրացուցիչ որոշակի տեղեկատվությանը հասանելիություն ստանալու հնարավորության առումով։ WhatsApp–ը տվյալ դեպքում առավել շատ հարցեր է առաջացնում», – հավելել է Տյուրնիկովը։

«Կասպերսկի լաբորատորիայից» բջջային սպառնալիքների ուսումնասիրող Վիկտոր Չեբիշևը ևս կարծում է, որ այսօրվա դրությամբ հայտնի բոլոր մեսենջերները համեմատաբար անվտանգ են շնորհիվ գաղտնագրման համակարգերի։

«Սակայն պետք է հիշել, որ օգտատերը կարող է բախվել հարձակման և սարքի վարակման փորձերի։ Այդ պատճառով Android–ի դեպքում իրավիճակը փոքր–ինչ այլ է. օգտատերերը պետք է ուշադիր լինեն։ Այստեղ, օրինակ ներկառուցված Accessibility Service ծառայություն կա։ Հայտնի է, որ չարագործները շահագործում էին այդ ծառայության հնարավորությունները` օգտատերերի տվյալները հավաքելու համար։ Մասնավորապես, անցած տարի մենք ստալկերյան լրտես ծրագիր հայտնաբերեցինք, որը կարող էր մեսենջերներից ստանալ մուտքային և ելքային հաղորդագրությունների տեքստերը` կիրառելով այդ սովորական ֆունկցիան», – պատմել է նա։

Փորձագետը բջջային սարքերի օգտատերերին խորհուրդ է տալիս հետևել մի շարք կանոնների։

Ըստ նրա` պետք չէ մեսենջերներն ու այլ ծրագրերը ներբեռնել կողմնակի աղբյուրներից` օգտագործելով միայն հավելվածների համար նախատեսված պաշտոնական խանութները։

Նոր հավելված, «որն ամեն ինչ գիտի» հայկական ֆուտբոլի մասին. մանրամասնում է համահեղինակը

«Հնարավորության սահմաններում պետք է ծանոթանալ օգտվողի համաձայնագրից։ Լինում են իրավիճակներ, երբ ծրագրի ստեղծողը բացահայտ նախազգուշացնում է այն մասին, որ կարող է երրորդ կողմին փոխանցել օգտատիրոջ տվյալները։ Մի անցեք կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ձեզ ծանոթ մարդիկ են ուղարկել», – խորհուրդ է տալիս նա։

Բացի այդ, փորձագետը պաշտպանական լուծումներ է խորհուրդ տալիս այն բջջային սարքերի վրա, որոնց դեպքում դա հնարավոր է։ Մասնավորապես պետք է ուշադրություն դարձնել, ինչ թույլտվություններ է հայցում ներբեռնած հավելվածը։

Նոր հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ Դի Կապրիո և ոչ միայն․ տեսանյութ

95
թեգերը:
Telegram, WhatsApp, մեսենջեր
Ըստ թեմայի
Շատ կարևոր բան. չհավատալ ձայնային հաղորդագրություններին, չպատասխանել մեսենջերներին
Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը
Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն
Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը
Օրացույց

Ամանորյա տոնական օրերը կկրճատվե՞ն. էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել

56
(Թարմացված է 16:31 21.01.2021)
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։

Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։

Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։

Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։

Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին

Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։

Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

56
թեգերը:
Հայաստան, Արձակուրդ, տոն, Ամանոր
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, 6 հունվարի, 2021

Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից

243
(Թարմացված է 15:52 21.01.2021)
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։ 

Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։

Արցախի թեմը նոր առաջնորդ ունի

243
թեգերը:
Եկեղեցի, ազատում, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ)
Ըստ թեմայի
Պարգև սրբազանն ԱՄՆ-ում վիրահատվել է
ԱՄՆ-ում վիրահատվելուց հետո Պարգև սրբազանը հանդիպել է հյուպատոսի հետ․ լուսանկար
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

0
(Թարմացված է 18:58 21.01.2021)
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը` այն ներկայացնելով որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին։ Տեղեկությունը նա հայտել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և  տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է  հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի և  Ադրբեջանի միջև, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ 

Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում, Ադրբեջանում և հայկական կողմի առաջարկով կփորձի լինել Արցախում։

Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

«Քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարևոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել և զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց, այլև նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված և  իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը ևս այս աղետալի պատերազմի հումանիտար հետևանքներից  է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–գրել է Զոհրաբյանը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։

Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Զոհրաբյանը ասում է, որ ինքն իր ելույթում նշել է նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը` պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են և միջազգային իրավունքի առաջ պիտի ենթարկվեն պատասխանատվության։

0
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
Այվազյանը գերիների հարցով խոսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման
Թաթոյանը գերիների անհապաղ վերադարձի հարցը քննարկել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ