ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ժամը 09։30-ի դրությամբ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Արտակարգ իրավիճակների նախարությունից, սակայն, տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:
Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.
1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:
Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Նախարարությունից տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց հստակ պատասխանել ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հարցին, թե արդյո՞ք Տիգրանաշենին սպառնում է նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին:
«Երբեմն տպավորություն է ստեղծվում` ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ։ Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: Այն ժամանակ, որ ընդունում էիք այս օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, և կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն։ Փաշինյանը հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ ամբիոնից որևէ մեկը հարց չի բարձրացնում ՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու:
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ։ Դուք եք որոշել, որ ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է։ Է, կողմ չքվեարկեիք»,–հավելեց նա։
Փաշինյանն ասաց` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կան տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո. ինչո՞ւ նման հարցեր չեն բարձրացնում։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռաոկղմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։
Անհեթեթ վիճակ. շուռնուխցու գոմի կեսը մնացել է հայկական, մյուս կեսը` ադրբեջանական տարածքում
Հունվարի 5-ին Շուռնուխ գյուղի 12 տներ հանձնվեցին ադրբեջանցիներին։ Գյուղի այդ հատվածում ադրբեջանական զինծառայողներ են տեղակայվել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Ավետ Ադոնցն ու Իգոր Մորգուլովն այսօր խորհրդակցությունների ընթացքում քննարկել են եվրասիական տարածքում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
«Քննարկվել են երկու երկրների փոխգործակցության խնդիրները՝ ի շահ եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ ՇՀԿ-ի գործընկերության կապերի խորացման, մայրցամաքում տնտեսական փոխկապակցվածության զարգացման ճանապարհով, նախևառաջ՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու ջանքերի համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բանակցություններն ընթացել են կառուցողական, վստահելի մթնոլորտում և նպաստել երկու երկրների ԱԳՆ–ների գծով ավելի սերտ փոխգործակցության հաստատմանը։