ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Իրանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակակիր, որը վարակվել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարար Սաիդ Նամակին:
«Ցավոք, գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի առաջին դեպքը Մեծ Բրիտանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկի մոտ», - ասել է նախարարը՝ միաժամանակ նշելով, որ նա ԻԻՀ է մուտք գործել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով:
Նախարարը հայտնել է, որ հիվանդի վիճակը նորմալ է, նա տեղափոխվել է հիվանդանոց, նրա հարազատների և մտերիմների մոտ մուտացված վիրուս չի հայտնաբերվել:
Ավելի վաղ կորոնավիրուսի նոր շտամի հայտնվելը հաստատվել էր Վրաստանում: Այստեղ այն հայտնաբերվել էր 50-ամյա տղամարդու մոտ, որը Վրաստան էր ժամանել արտերկրից, բայց Մեծ Բրիտանիայում չէր եղել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ մուտացված շտամ, որի արագ տարածման պատճառով Լոնդոնում ու երկրի հարավ-արևելքում խիստ լոքդաուն է հայտարարվել:
Գիտնականների բնորոշմամբ` նոր վարակն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն, քան նախորդները:
Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սեպտեմբեր-նոյեմբերին նոր վարակը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածների 25 տոկոսի մոտ, դեկտեմբերի կեսերին այդ թիվը հասել է արդեն ավելի քան 65 տոկոսի: Մուտացված վարակի դեպքեր են հայտնաբերվել նաև Դանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում ու Ավստրալիայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 -ի նոր շտամի համավարակի բռնկում Է կանխատեսել: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին:
Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։
Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:
«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։
Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:
Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։
«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։
Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը: