ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Տեղեկությունը հայտնում է Qahana.am-ը։
Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը`դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան, պահոց շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, և շարունակվում կեսգիշերից հետո:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Դա խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
Կաթողիկոսը եկեղեցի եկավ մի քանի ոստիկանի ու հավատացյալների մեծ խմբի ուղեկցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։
Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։
Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։
Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին
Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:
ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։