Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիա

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

4603
(Թարմացված է 15:53 04.01.2021)
Այդպիսի ներկով ներկված կտորը կլանում է ԱԹՍ-ների և կառավարվող հրթիռների օպտիկական և ինֆրակարմիր տվիչների ճառագայթումը և խանգարում նշանառությանը։

Հայ գիտնականների թիմը պատերազմի ժամանակ ներկ է ստեղծել, որն ավելացնում է տեխնիկայի և մարդկանց պաշտպանությունը օդից կառավարվող հարվածներից։

«Նմանատիպ նյութեր ստեղծվում են նաև այլ երկրներում, բայց, բնականաբար, ոչ ոք չի շտապում կիսվել դրանցով։ Այնպես որ ավելի լավ է ինքներս ունենանք նման տեխնոլոգիաներ, քան ուրիշներից խնդրենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Արամ Մանուկյանը։

Հայկական տեխնոլոգիան պրակտիկ է նաև նրանով, որ դրա համար ո՛չ թանկարժեք կամ հազվագյուտ բաղադրիչներ են պետք, ոչ էլ բարդ տեխնոլոգիական գործընթացներ։

Ներկը կլանում է լուսային և ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթումը՝ այդպիսով ԱԹՍ-ներին և կառավարվող հրթիռներին թույլ չտալով նշան բռնել։ Նկատելով հարվածի թիրախը` անօդաչուն դրա ուղղությամբ լազերային ճառագայթներ է ուղարկում։ Կախված նրանից, թե որ կետից և ինչ ուժով են անդրադառնում այդ ճառագայթները, ԱԹՍ-ն որոշում է թիրախի կոորդինատները (մոտավորապես այնպես, ինչպես կույրն է փողոցում ձեռնափայտով շոշափում իր շուրջը)։ Ուստի, եթե ճառագայթները թիրախից չեն անդրադառնում, ապա դրոնը կամ կառավարվող հրթիռը չեն կարող ինքնուրույն նշան բռնել։

Բնության մեջ, իհարկե, գրեթե չկան նյութեր, որոնք լիովին կլանում են լուսային ճառագայթումը, բայց կարելի է ստանալ 95 տոկոս և ավելի կլանողունակությամբ նյութ։ Այդ դեպքում անդրադարձող ճառագայթներն այնքան թույլ կլինեն, որ ԱԹՍ-ն չի կարողանա որսալ դրանք կամ էլ ստիպված կլինի չափազանց ներքև իջնել, որտեղ ավելի հեշտ է այն խփել։ Իսկ եթե ԱԹՍ չէ, այլ կառավարվող հրթիռ (որը բաց են թողնում` թիրախի տեղը «ցույց տալով»), ապա այն ճառագայթը կբռնի թիրախին չափազանց մոտիկ գտնվելով և չի հասցնի ժամանակին շտկել ուղղությունը դեպի թիրախ։

Իհարկե, արբանյակից երևում են բոլոր թիրախների կոորդինատները (առավել ևս, որ Ադրբեջանը երկու տիեզերական արբանյակ ունի)։ Բայց անգամ հարվածի համար հստակ կոորդինատներ տալու դեպքում ոչ մի հրթիռ կամ կամիկաձե-դրոն սանտիմետրի ճշգրտությամբ չի խփում. դրանց շառավիղը նվազագույնը մի քանի մետր է։ Եվ եթե նկարագրված ձևով հակառակորդի համար բարդացվի նշանառությունը, ապա նրա կրակի դիպուկությունը նկատելիորեն կնվազի։

«Երբ ես ներկայացրի այս աշխատանքը, ինձ հարցրին․ «Բայց անօդաչուն մեզ ամեն դեպքում տեսնելու է, չէ՞։ Ի՞նչ անենք»։ Ես պատասխանեցի. «Դե, եթե անպայման ուզում եք ինչ-որ բան անել, կարող եք ներքևից նրան երեք մատի կոմբինացիա ցույց տալ»։ Կատակում եմ, իհարկե․․․ սա անտեսանելի գլխարկ չէ, ձեզ այնուամենայնիվ տեսնում են, բայց դիպուկ կրակել չեն կարող։ Էլի վատ չէ»,-նշեց Մանուկյանը։

Անտեսանելի գլխարկի մասին կատակի մեջ ճշմարտության բաժին կա։ Ներկը, ինչպես արդեն նշեցինք, կլանում է նաև ջերմային ճառագայթները, որոնք որսում են գիշերային տեսանելիության սարքերը։ Այնպես որ եթե ներկված կտորը քաշեն զրահաբաճկոնի և սաղավարտի վրա, գիշերը զինվորն անտեսանելի կդառնա այդպիսի տվիչների համար։

Մի շարք այլ երկրներ արդեն իսկ յուրացրել են այս տեխնոլոգիան, ընդ որում՝ վաղուց։ Հայաստանում միայն հիմա է ստեղծվում, քանի որ, ցավոք, բոլոր անցած տարիների ընթացքում գիտնականների առաջ նման խնդիր չեն դրել։ Նրանք ստիպված են եղել պետության փոխարեն մտածել, թե ինչ է պետք բանակին։

«Մենք տեսել ենք այն, ինչ բոլորը՝ տեսանյութ, թե ինչպես են օդից խփում մեր ուժերին, և զգացել ենք այն, ինչ բոլորը։ Դրանից հետո մենք սկսեցինք աշխատել և երկու ամսվա ընթացքում ստեղծեցինք ներկը, հետազոտեցինք այն։ Եթե մենք դա պատերազմից առաջ սկսեինք․․․ Հավանաբար մենք ինքներս էլ պետք է այդ մասին մտածեինք, ոչ թե սպասեինք՝ պետությունը կմտածի, թե չէ»,-ասում է Մանուկյանը։

«Բայց չէ՞ որ դուք ֆիզիկոս եք, ոչ թե գեներալ։ Չէիք կարող զինվորականներից լավ իմանալ, թե ինչ է պետք բանակին»,-առարկում ենք մենք։

«Այնքան էլ համաձայն չեմ։ Հիմա բոլորը մեղավորներ են փնտրում, և ես ուզում եմ մտածել, թե ինչ կարող էի անել ես և ինչ կարող եմ անել հիմա։ Թե՛ ես, թե՛ իմ գործընկերները»,-պատասխանում է Մանուկյանը։

Նա ընդգծում է, որ աշխատանքը մենակ չի իրականացրել, այլ տարբեր ինստիտուտների ֆիզիկոս և քիմիկոս գործընկերների հետ։ Նրանք միասին որոշել են ներկի բաղադրությունը և մանրամասն փորձարկել տարբեր ծածկույթների վրա, տարբեր հաստությամբ քսելու դեպքում, ճառագայթման տարբեր անկյունների տակ և դրա տարբեր ինտենսիվությամբ։ Բոլոր փորձարկումների ժամանակ ներկը կայուն կերպով կլանել է առնվազն 95 տոկոսը։ Այդ ամենի համար երկու ամսից մի փոքր շատ ժամանակ է պետք եղել։

«Ինչպե՞ս այսքան արագ ստացվեց։ Աշխատում էինք, չէինք վիճում, թե ով է ավելի խելոք, ում ներդրումն է ավելի մեծ։ Առավել ևս թե ով է ավելի շատ սիրում երկիրը։ Գիտեք, եթե հիմա գործող գիտնականը Հայաստանում է մնում՝ չնայած արտասահմանում տեղավորվելու բոլոր հնարավորություններին, նշանակում է՝ սիրում է երկիրը։ Այս գիտակցությամբ էլ մենք աշխատել ենք, ընդ որում՝ նյութերի կամ մշակման համար ֆինանսավորում չենք խնդրել։ Աշխատել ենք ինքներս, փորձել ենք հնարավորինս արագ ավարտել»,-ավելացրեց Մանուկյանը։

Պաշտպանական նպատակներով նոր ներկի օգտագործման հեռանկարներն արդեն քննարկում են հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

4603
Ըստ թեմայի
Երկու-երեք տարուց Արցախը կկարողանա ինքն իրեն կերակրել․ ի՞նչ է պետք դրա համար
Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից
Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում
Հայ զինծառայողներ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ

Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները

1
(Թարմացված է 18:09 18.01.2021)
Այս պատերազմում հերոսական բազմաթիվ դրվագների կենտրոնում շարքային զինծառայողներն են։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը շարունակում է «Ճանաչենք մեր հերոսներին» շարքը՝ ներկայացնելով Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսական դրվագներով աչքի ընկած զինվորներին։

Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն։ Նա վտանգել է կյանքը՝ վիրավոր զինծառայողներին տեղափոխելու համար:

«Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը»,- ներկայացնում է ՊԲ-ն։

Վիրավոր զինվորները կկարողանան քայլակ կամ սայլակ ստանալ առանց հաշմանդամության կարգի

Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը: Իսկ ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներին ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Փորձառու զինվորականներից շատերը շարքային զինծառայողների կողքին մարտնչել են ու բազմաթիվ կորուստներ պատճառել թշնամուն։ Օրինակ՝ մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանի հմուտ ղեկավարման շնորհիվ թշնամական ուժեը զգալի կորուստներ են կրել։

Բազմաթիվ հերոսական պատմությունների գլխավոր դերակատարները շարքային զինծառայողներն են դարձել։ Այդպես, հյուսիսային ուղղությամբ թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ թշնամուն զգալի կորուստներ պատճառելով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

1
թեգերը:
Զինվոր, հերոս, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանցից ևս 8–ի սխրանքի մասին
«Դեդոն-Բաբոն»` օնլայն հերոսներ․ հուշարձանի կերպարները պատերազմին ժպիտ բերեցին մարդկանց
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Արսեն Թորոսյանը կառավարության նիստում. 26 նոյեմբերի, 2020

Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ․ Թորոսյանի հրաժեշտը

9
(Թարմացված է 17:48 18.01.2021)
Նախկին նախարարը նորանշանակ նախարարին շնորհավորել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Նոր պաշտոնին անցնելուց առաջ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը դիմել է առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին՝ իր երախտագիտությունը հայտնելով։ Facebook-ի էջում նա հրաժեշտի ու շնորհակալության տեքստ է հրապարակել։

Հատուկ շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար:

«Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնություն»,- գրել է Թորոսյանն ու խնդրել նրանց շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Արդեն նախկին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նաև համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, «ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում»։ Թորոսյանը վստահություն է հայտնել, որ նաև այդ նվիրված մասնագետների շնորհիվ մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը նաև շնորհավորել է նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հաջողություն մաղթել և պատրաստակամություն հայտնել աջակցելու ուժերի ներածին չափով։

Մի ձևախեղեք օրակարգերը. Արսեն Թորոսյանը պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը, որն ավելի վաղ ազատվել էր առողջապահության նախարարի պաշտոնից։ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն Անահիտ Ավանեսյանն է, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

9
թեգերը:
շնորհակալություն, Նախարար, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Պատվաստվելուց հետո մի փոքր թույլ էի. Արսեն Թորոսյանը պատմում է իր ինքնազգացողության մասին
Վերականգնողական նոր կենտրոն կբացվի. Արսեն Թորոսյանը հայտնեց ազգային ծրագրի ստեղծման մասին
Էդուարդ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը