ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վրաստանի իշխանությունները կշարունակեն Ռուսաստան տանող միջպետական նշանակության միակ ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալացումն ու բարեկարգումը: Այսպես, երկրի կառավարությունը 2021 թվականին կշարունակի Խաչի լեռնանցքի տակ ճանապարհի և թունելի շինարարությունը։
Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ և վտանգավոր հատվածը՝ Քոբի-Գուդաուրին շրջանցող Քվեշեթի-Քոբի ճանապարհի մասին է։ Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ ինը կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ: Դա կլինի ամենաերկար թունելներից և Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Թունելի շինարարություն է նախատեսված նաև Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի ամենավտանգավոր հատվածում։ Նախագծի համար այս տարի կպահանջվի 80 մլն լարի (մոտ 25 մլն դոլար): Միջոցների կեսից ավելին Վրաստանը կստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից:
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Նշենք, որ ձմռանը Քոբի-Գուդաուրին պարբերաբար փակվում է ձյան տեղումների պատճառով։
Ավելի վաղ Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան բազմիցս նշել էր, որ Վրաստանն ու Ռուսաստանը կապող Ռազմավիրական ճանապարհին Քվեշեթի-Քոբիի թունելի շինարարությունը թույլ կտա նաև հայկական փոխադրողներին այլևս փակված չմնալ «Վերին Լարս» անցակետի ճանապարհին:
Բացի այդ, ռուսական կողմից անցակետերի արդիականացման ֆոնին վրացական նախագծի իրականացումը թույլ կտա առավելագույնս պարզեցնել փոխադրողների աշխատանքը։
«Վերին Լարս» անցակետով Հայաստանից Ռուսաստան և հակառակը ամեն տարի փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում: Գործող ճանապարհը ներկայիս իրողություններում գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման համար։
Քանի դեռ նոր ճանապարհ չկա, հայ ներկրողների համար միակ այլընտրանքային երթուղին մնում է փոխադրումների մուլտիմոդալ տեսակը․ Երևանից Փոթի՝ երկաթուղով կամ ավտոմոբիլային ճանապարհով, այնտեղից դեպի Նովոռոսիյսկ ռուսական նավահանգիստ՝ լաստանավով և հետո Ռուսաստանի այլ քաղաքներ։
Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում
Եթե չլիներ քաղաքական հարցը, Հայաստանն ու Ռուսաստանը կապող 6 ուղիներից առավել շահավետը Նար (Հյուսիսային Օսիա) –Գորի ճանապարհն է, որն անցնում է Հարավային Օսիայի տարածքով։ Այն դեպի Լարս տանող ճանապարհից 80 կիլոմետրով ավելի երկար է, սակայն օսական երթուղին նախընտրելի է՝ ավելի հարմարավետ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով:
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։
«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։
Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Նա մասնագիտությամբ իրավաբան է, Երևանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։
Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում, ապա Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:
Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի
Շուրջ 10 տարի եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:
2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում եղել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, մինչև 2016 թվականը` կազմակերպության գլխավոր տնօրեն:
2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:
Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն ՀՀ ամենահին դեղագործական ընկերությունն է, այն դեղեր, բժշկական և հիգիենայի պարագաներ է մատակարարում հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին, դեղերի մեծածախ և մանրածախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։