ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել հայկական հարսանիքից։
Նշվում է, որ Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը պսակադրվել են Դադիվանքում այսօր:
«Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և ուրախ են, որ տեղի ունեցածից հետո անգամ նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սուրբ վայրում»,–գրել է Պեգովը:
Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից
Պեգովը նաև հայտնում է, որ Դադիվանք է եկել Պարգև սրբազանը։ Հենց նա է պսակադրել զույգին։
Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվերներ՝ խաչեր։ Նա նաև խաղաղապահներին է հանձնել արցախցի երեխաների ռուսերեն նամակները:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին` հոկտեմբերի 24–ին, Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նույնպես պսակադրության արարողություն էր իրականացվել։ Փեսան զինվորական հագուստով էր, իսկ հարսը` ազգային տարազով։
Հավելենք նաև, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Դադիվանքը պաշտպանում են ռուս խաղաղապահները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։
Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։
Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։
Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին
Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։
Հարությունյանը և Շոյգուն կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են