ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Facebook–ի իր էջում այսպիսի հրապարակում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այս օրերին տեղի ունեցող` ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ»,–գրել է Թաթոյանը:
Նա նշել է, որ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում, իսկ այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։
Կառավարական ավտոմեքենաները ճեղքում են ցուցարարների շղթան. տեսանյութ
Սակայն դա նրանց չհաջողվեց, ու ժամը 11-ին կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։
Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել քննարկման։
Այն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Դրանով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին»,–ասված է նախագծում։
Մասնավորեցվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
«Նշվում է նաև, թե տնտեսության հիմնական ճյուղերի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, առևտուր և ծառայություններ) 2015-2020թթ․ հունվար ամսվա և համախառն ներքին արդյունքի 2015-2019թ․թ․ 1-ին եռամսյակի տվյալների հիման վրա հաշվարկվել է նշված ցուցանիշների միջին օրական թողարկման ծավալը, որի հիման վրա հաշվարկվել է լրացուցիչ 5 աշխատանքային օրերի գնահատվող թողարկման ծավալները»,–հիմնավորվում է նախագիծը։
Պատերազմից հետո բոլոր օրերն էլ նույնն են. քաղաքացիները` Ամանորի ու Հին նոր տարվա մասին
Այսպիսով՝ առաջարկվում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս 2017 թ–ին առաջարկում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը։ Նախատեսվում էր 2018թ.–ից տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։
Այսինքն` ոչ աշխատանքային պիտի լինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում խոսել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին։ Տեղեկությունը նա հայտել է Facebook-ի իր էջում։
Նշենք, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։
Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում, Ադրբեջանում և հայկական կողմի առաջարկով կփորձի լինել Արցախում։
Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։
«Քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարևոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել և զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց, այլև նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված և իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը ևս այս աղետալի պատերազմի հումանիտար հետևանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,–գրել է Զոհրաբյանը։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են գերիների հարցն ու Ղարաբաղի թեման
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն։
Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին
Զոհրաբյանը ասում է, որ ինքն իր ելույթում նշել է նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը` պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են և միջազգային իրավունքի առաջ պիտի ենթարկվեն պատասխանատվության։