Բժշկական դիմակներ

Ինչպես է պետք դիմակը դնել` կապույտ կողմը ներսի՞ց, թե՞ դրսից

235
(Թարմացված է 18:01 23.12.2020)
Որոշ բժիշկներ կարծում են, որ տարբերություն չկա, սակայն մի շարք փորձագետներ համոզված են, որ շերտերից յուրաքանչյուրը (գունավոր և սպիտակ) տարբեր ազդեցություն ունեն: Այս մասին ավելի մանրամասն՝ նյութում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի ռուս բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, որ բժշկական դիմակ կարելի է դնել ցանկացած կողմից։ Կարևորը` կոշտ կողմը լինի վերևում ու հերմետիկ փակի քիթը։

Մինչդեռ դիմակներ արտադրողները պնդում են, որ երկու կողմերի միջև տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Նրանց խոսքով՝ դիմակի յուրաքանչյուր շերտ ունի իր առանձնահատկությունները, որոնք ազդում են արտադրանքը կրելու հարմարավետության և տևողության վրա։

Դիմակի խիտ սպիտակ շերտը պաշտպանում է շրջակա միջավայրից, ներծծում է խոնավությունը և կանխում դիմակի ներսում գոլորշու առաջացումը:

Հետևաբար, այն այնուամենայնիվ պետք է դնել գունավոր կողմը (սովորաբար կապույտ կամ երկնագույն) դուրս, որպեսզի ներքին սպիտակ շերտը լինի քթի կողմում:

Գունավոր երեսպատումը, ընդհակառակը, հեռացնում է խոնավությունը և խոչընդոտում է դրսից որևէ վտանգավոր հեղուկի ներթափանցումը:

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

235
թեգերը:
կորոնավիրուս, բժիշկ, դիմակ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (974)
Ըստ թեմայի
Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը
Սևազգեստ աղջիկներ, ասֆալտին փռված դիմակներ. ինչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ
Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
Հաց ու ձու

ՀՀ–ում հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. ի՞նչ են առաջարկում փորձագետները

65
Առաջին անհրաժեշտության մթերքը՝ հացը, միսն ու ձուն, կարող են թանկանալ առաջին հերթին փոխարժեքի տատանումների պատճառով։ Փորձագետները նախանշվող ճգնաժամից դուրս գալու ուղիներ են առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հացի, հավի մսի և ձվի գները մոտ ապագայում նույնը կմնան և չեն բարձրանա։ Մի կողմից՝ ձեռնարկությունները դեռ անցած տարի հացահատիկի բավարար պաշար են գնել, ինչն էլ հենց թույլ կտա որոշակի կայունություն պահպանել մոտակա մեկուկես ամսում։ Մյուս կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Ռուսաստանի սահմանած արտահանման քվոտան մեր երկրին չի վերաբերի։

Սակայն արդեն գարնանը իրավիճակը կարող է փոխվել ի վնաս սպառողի, եթե հացահատիկի համաշխարհային գներն աճեն կամ շարունակվի ազգային արժույթի արժեզրկումը։

Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ձեռնարկության (խոշորագույններից մեկն է Հայաստանում) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալյուրի և համապատասխանաբար հացի վրա ազդեցություն չի ունենա նաև էլեկտրաէներգիայի գնի առաջիկա բարձրացումը։ Ըստ կանխատեսումների՝ էլեկտրաէներգիայի արժեքը 1 կվտ-ի դիմաց կավելանա 3 դրամով, իսկ դա այն գումարը չէ, որ արտադրողներին ստիպի ապրանքների գները բարձրացնել սպառողի համար։

«Հույս են ներշնչում նաև արտաքին գործոնները։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը փետրվարից նախատեսում է հացահատիկի արտահանման քվոտա սահմանել, ինչի արդյունքում փետրվարին մեկ տոննա ցորենի համար 25 եվրո մաքսատուրք կսահմանվի, որն այնուհետև ևս այդքանով կավելանա նաև մարտին»,-ասաց Նիկողոսյանը։

Փորձագետը պարզաբանեց, որ սահմանված տուրքը թույլ կտա հացահատիկի գները չբարձրացնել Ռուսաստանի ներքին շուկայի համար։ Այդ դասակարգման մեջ է նաև Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ։

Այս պահին Հայաստանում 1 կիլոգրամ ցորենն արժե 188 դրամ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մեկուկես ամսում պետք չէ սպասել նաև ձվի և մսամթերքի թանկացման:

«Մենք մեր պաշարներն ունենք, դեռ հոկտեմբերին ենք գնել՝ պատերազմի և համավարակի հետ կապված։ Այդ պատճառով մոտակա մեկուկես ամսում գների փոփոխություն չի կանխատեսվում։ Չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, ամեն ինչ կախված է համաշխարհային շուկայի գներից և դրամի կայունությունից»,-ասաց նա։

Ստեփանյանի խոսքով` իրավիճակի անկայունության պատճառը նաև այն է, որ ճանապարհները պարբերաբար փակվում են, մեկ այլ պատճառ է նաև արցախյան հողերի կորուստը։ Այս ամենի հետևանքով է, որ մթերքի գներն անկայուն են ու պարբերաբար տատանվում են։

Իրավիճակը կարող է կայունացնել այլընտրանքային ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները դեռ 2018 թ․-ին ծրագրում էին լաստանավային անցարան ձեռք բերել, որպեսզի գործի դնեն մուլտիմոդալ փոխադրումների տեսակը, երբ ինչ–ինչ պատճառներով Լարսը փակ լինի։ Այն ժամանակ մասնագետները պնդում էին, որ դա շահավետ կլինի, եթե միայն երկաթգծով տեղափոխելու համար զեղչեր արվեն, քանի որ երկաթուղին թեև անխափան երթևեկություն կապահովի, բայց ավելի երկար ու թանկ է, քան ավտոմոբիլային ճանապարհը։

Ռուսաստանից Հայաստան (Վրաստանով) ավտոմոբիլային ճանապարհով մեկ տոննա ցորեն բերելու համար փոխադրողը միջինը 53-56 դոլար է ծախսում։ Մինչդեռ լաստանավային անցարանով ու երկաթուղով տեղափոխումը 104-108 դոլար է գնահատվում։

Բիզնեսը մեկ խնդրի էլ բախվել է պատերազմից հետո։ Արցախը տարեկան հավաքում էր մոտ 100 հազար տոննա ցորեն (Հայաստանի ւ Արցախի ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսը): Ցորենի դաշտերը հիմնականում գտնվում էին ցածրադիր շրջաններում, որոնց մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա այդ հարյուր հազար տոննան ստիպված են լինելու Արցախ մատակարարել Հայաստանից (լինի դա տեղական, թե ներկրված ցորեն)։

Ստեփանյանը համարում է, որ ելքը գյուղատնտեսության զարգացումն է։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանում հացահատիկային բույսեր մշակելու համար համապատասխան հողեր կան։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է այդ 25% բացը լրացնել սեփական արտադրանքով և 100 տոկոսով կախված չլինել արտաքին շուկայից։

Դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել և ժամանակավոր հարկային համաներում հայտարարել այդ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող ֆերմերների համար։

Հայաստանում տարեկան սպառվում է 390-420 հազար տոննա հացահատիկ, որից 320-350 տոննան ներկրվում է։ Ինչ վերաբերում է ձվին, ապա ՀՀ–ում տարեկան ավելի քան 600 միլիոն հատ ձու է սպառվում։

65
թեգերը:
գին, Միս, ձու, Հաց, Հայաստան
Ըստ թեմայի
Որքան են բարձրացել գները Հայաստանում
ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»
Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան
Երևան. արխիվային լուսանկար

Ինչպես խուսափել Երևանում ՃՏՊ-ների պատճառով առաջացող խցանումներից

132
(Թարմացված է 22:26 25.01.2021)
Երևանում հաճախ խցանումներն առաջանում են ոչ միայն «պիկ» ժամերին, այլև ՃՏՊ-ների պատճառով։ Sputnik Արմենիան փորձել է պարզել՝ արդյո՞ք հնարավոր է խուսափել տրանսպորտային կոլապսից գոնե ոչ լուրջ վթարների դեպքում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի ցանկացած բնակիչ գոնե շաբաթական մեկ անգամ բախվում է մի իրավիճակի, երբ ստիպված է բավականին երկար ժամանակ կանգնել խցանման մեջ ՃՏՊ-ի, ոչ թե «պիկ» ժամի պատճառով պատճառով։

ՃՏՊ-ի մասնակիցները, որպես կանոն, սպասում են ապահովագրական ընկերության ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, իսկ այդ ընթացքում նրանց մեքենաները փակում են փողոցի կամ պողոտայի երթևեկելի հատվածի մեծ մասը։ Իրավիճակն անհեթեթ է այն պատճառով, որ մասնագետները նույնպես ստիպված են լինում խցանումների միջով հասնել վթարի վայր։

Այս ամենը կարող է բավականին երկար տևել, ինչի արդյունքում մայրաքաղաքի առանց այդ էլ ծանրաբեռնված փողոցներում երթևեկությունը երբեմն ժամերով կաթվածահար է լինում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ թեթև ՃՏՊ-ների դեպքում վարորդները կարող են ինքնուրույն լուսանկարել մեքենաները, հանել դրանք երթևեկելի հատվածից ու ճանապարհն ազատել։

«ՃՏՊ-ի պատճառով առաջացած տրանսպորտային խցանումը հնարավորինս արագ վերացնելու համար Ճանապարհային ոստիկանությունը գրանցում է այն ու ազատում ճանապարհի երթևեկելի մասը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տվել համապատասխան փոփոխություններ անել Հայաստանի օրենսդրության մեջ։ Այդ փոփոխությունների շնորհիվ վարորդները կարող են տեղում ինքնուրույն գրանցել ՃՏՊ-ն՝ համապատասխան գրառումներ ու լուսանկարներ անելով», - հայտնեցին գերատեսչությունից։

ԱՊՊԱ նոր հայտարարագրի ձևը` վարորդի մշտական ուղեկից

Ճանապարհային ոստիկանությունը չունի վիճակագրություն, թե վթարների քանի տոկոսի դեպքում են վարորդներն ինքնուրույն արձանագրում ՃՏՊ-ն ու ազատում ճանապարհը։

Մյուս կողմից էլ դա հնարավոր է միայն այդ դեպքում, երբ կողմերին հաջողվում է պայմանավորվել միմյանց հետ։ Եթե վթարի մասնակիցներից մեկը համաձայն չէ վնասի նախնական գնահատման հետ, ապա նրանք ստիպված են լինում սպասել մասնագետներին՝ մեքենաները երթևեկելի հատվածում թողնելով։

Իրականում գործընթացը ձգձգվում է։ Երևանի բնակիչ Արմինեն մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենայի վրա մի փոքր քերծվածքի պատճառով բավականին երկար ստիպված է եղել սպասել ապահովագրական գործակալության ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։

«Մեքենան կայանելիս մի փոքր կպա հետևի մեքենային, ու հարվածի պատճառով դրա ներկը վնասվեց։ Դա մոտավորապես 20 հազար դրամի վնաս էր, բայց վարորդն ինձանից տասն անգամ ավել ուզեց։ Քանի որ չկարողացանք պայմանավորվել, կանչեցինք մասնագետների, որոնք ինչպես և մենք ենթադրում էինք, 25 հազար դրամ գնահատեցին վնասը»,–պատմեց նա։

Միաժամանակ Հայաստանի ապահովագրական ընկերություններից մեկում մեզ ասացին, որ վթարի մասնակիցները կարող են պայմանավորել ու ոստիկանություն չկանչել միայն այն դեպքում, երբ վնասը չի գերազանցում 100 հազար դրամը, իսկ Երևանի սահմաններում առանձին դեպքերում՝ 200 հազար դրամը։

Միաժամանակ, ՃՏՊ-ի մասնակից մեքենաների քանակը չպետք է գերազանցի երկուսը և տուժածներ պետք է չլինեն։

Նման դեպքերում վարորդները պետք է 40 րոպեի ընթացքում ապահովագրական ընկերությանը հայտնեն միջադեպի մասին ու 7-10 լուսանկար անեն։ Դրանից հետո նրանք արդեն կարող են հեռացնել մեքենաները երթևեկելի հատվածից ու ազատել ճանապարհը։

Քեյան. «Վարորդներն ԱՊՊԱ համաձայնեցված հայտարարագիրը տեղում լրացնելու կարիք չեն ունենա»

Նշենք, որ ԱՊՊԱ-ից հատուցում ստանալու համար փաստաթղթերի ձևակերպման հեշտացված սխեման՝ առանց ոստիկանության աշխատակիցների ներգրավման (այսպես կոչված եվրաարձանագրությամբ), արդեն երկար տարիներ է` գործում է Եվրոպական միության երկրներում։

Դրա շնորհիվ աննշան ՃՏՊ-ների մասնակիցները հնարավորություն են ստացել ինքնուրույն գնահատել վնասի չափը, միմյանց միջև պայմանավորվել ու ԱՊՊԱ-ի հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերությունների բլանկներ լրացնել։ Դրանից հետո տուժած վարորդի ապահովագրական ընկերությունը պետք է նրան հատուցում վճարի․ դրա գումարը գանձվում է վթարի մեղավորի ապահովագրական ընկերությունից։

«Եթե վթարն ավելի լուրջ է, պետք է անպայման սպասել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին (հենց ոստիկանության, ոչ թե ապահովագրական ընկերության), որոնք անհրաժեշտ լուսանկարներ ու չափումներ կանեն, արձանագրություն կլրացնեն», - պարզաբանեցին կազմակերպությունում։

Եթե մինչ մասնագետների գալը տրանսպորտային միջոցները տեղաշարժվեն, ապա վնասի հատուցման հարցում կարող են խնդիրներ առաջանալ։

Հենց վնասի հատուցման հետ կապված խնդիրներից խուսափելն է պատճառը, որ Հայաստանում վարորդներից շատերը չեն հեռացնում մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից նույնիսկ թեթեև վթարների դեպքերում։ Բայց եթե վարորդներն ավելի լավ տեղեկացված լինեին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ավելի ուշադիր կարդային պայմանագիրը ապահովագրական ընկերությունների հետ, հաճախ կարելի էր խուսափել տրանսպորտային կոլապսից առանց այդ էլ բեռնված մայրաքաղաքում։

Թեև այստեղ էլ «ստորջրյա խութեր» կան։ Շատ դեպքերում դժվար է արագ գնահատել տրանսպորտային միջոցին հասցրած վնասը, քանի որ մեքենաները կարող են ունենալ թաքնված վնասվածքներ, որոնք հնարավոր է հայտնաբերել միայն մանրամասն զննման ընթացքում։

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ը Հայաստանում 4715 ՃՏՊ է արձանագրվել։ Զոհերի թիվը եղել է 335, վիրավորների՝ 6678։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

2019-ի համեմատ 2020թ.–ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է։ Այսպես. 2020 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 2855 դեպք, ինչը 588-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

132
թեգերը:
երևանցիներ, վթար, խցանում, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ)
Ըստ թեմայի
Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը
Խցանում Մյասնիկյան պողոտայում․ կորոնավիրուսը մարդկանց այլևս չի՞ անհանգստացնում
Ինչ է պետք անել Երևանում խցանումներից խուսափելու համար. Քեյանը լուծում է առաջարկում
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները