«Թավշյա հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը սկսում էր իր ճանապարհը դեպի իշխանության գագաթնակետ՝ հենվելով ժողովրդի վրա, իսկ ավելի ուշ, դառնալով վարչապետ, այդպես էլ չազատվեց այդ կախվածությունից, ինչը ղարաբաղյան պատերազմի օրերին չար կատակ խաղաց նրա հետ։
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կասրոն հիանալի հռետոր էր, կարող էր ժամեր շարունակ պահել բազմահազար ամբոխի ուշադրությունը։ Ու անծայրածիր մարդկանց զանգվածն ամեն անգամ ծափահարում էր նրան։ Կոմանդանտեի ամենաերկար ելույթը եղել է 1986 թվականին Կուբայի կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ։ Այդ ելույթն ավելի քան 7 ժամ է տևել ու ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։
Եվս մեկ հիանալի հռետոր էր վենեսուելացի հեղափոխական Ուգո Չավեսը։ Նա իր ելույթներն իսկական ներկայացումների էր վերածում։ Խոսում էր առանց կարդալու ու լարվածության մեջ էր պահում լսարանը։ Գյուղացի «ինդեոսը», որը գործնականում նախագահ դառնալու հնարավորություն չուներ, դարձավ Վենեսուելայի հերոսը, որը մարտահրավեր նետեց Չարին։
Հայաստանի «թավշյա հեղափոխության» առաջնորդը նմանակելու հիանալի օրինակներ ուներ (թեև շատերի կարծիքով՝ հեղափոխական 2 առաջնորդներն էլ վերջում բռնապետ դարձան)։ Նիկոլ Փաշինյանը յուրացրել է զանգվածների կառավարման բոլոր մեխանիզմները՝ գործելով «եղիր պարզ, ու մարդիկ կձգվեն դեպի քեզ» սկզբունքով։
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի գերագույն իշխանությանը ձգտող քաղաքական գործիչը սկսեց խոսել սովորական մարդկանց հետ, իսկ մարդիկ դրան հետ էին վարժվել։ Նա երկար էր խոսում, խոսում էր գրեթե ամեն ինչի մասին։ Նա դիմում էր անմիջապես ժողովրդին որպես հավասարը հավասարի, խոսում էր նրանց կարիքների ու հոգսերի մասին, ամեն րոպե ընդգծելով, որ ինքն էլ նրանցից մեկն է, որ ժողովրդից է ու ժողովրդի կողմից։ Ու մարդիկ ձգվեցին դեպի նա։
Ընդդիմությունը երթ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դուրս գալ ընդդիմադիրի կերպարից, շարունակեց «հեղափոխականություն» անել ու պայքարել ընդդիմադիրների դեմ՝ արդեն երկրի վարչապետի պաշտոնում։
Պարտվելով Արցախի համար մարտում՝ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Սակայն իրականում նա ամեն անգամ փորձում է մեղքը բարդել ուրիշների՝ նախկին իշխանությունների, բանակի, ժողովրդի վրա։
Դեկտեմբերի 5-ին՝ հերթական «լայվի» ժամանակ, պատասխանելով նախկին իշխանության մեղադրանքներին, Փաշինյանը սկսեց պնդել, որ 2016 թվականի ապրիլին Հայաստանի այն ժամանակվա իշխանությանը հաջողվեց կանգնեցնել պատերազմը միայն տարածքները հանձնելու բանավոր խոստումի շնորհիվ։ Այս պատերազմի ընթացքում, Փաշինյանի խոսքով, նրանից պահանջեցին տալ իր համաձայնությունը փաստաթուղթ ստորագրելով։
Մենք նույնիսկ չենք դիտարկի այն տարբերակը, որ հնարավոր է՝ վարչապետը կեղծավորություն է անում։ Ասենք թե դա ճշմարտություն է։ Այդ ժամանակ սովորական քաղաքացին, ինչպես այս տողերի հեղինակն է, կարող է հարց տալ՝ ինչն էր խանգարում Փաշինյանին, որը դեռ 2018 թվականի մայիսին էր իշխանության եկել, հրապարակայնորեն հայտարարել «նախկինների» նման դավադիր խոստումների մասին։ Ի՞նչն էր խանգարում անել դա 2020 թվականին․ կամ Արցախում մարտական գործողություններից առաջ կամ գոնե առաջին օրերին։
Ի՞նչ է ստացվում։ Հայաստանին արդեն վաղուց, մեղմ ասած, «պատին են դեմ տվել», փաստացի ստիպելով հանձնել 7 շրջանները, իսկ մենք իմանում ենք այդ մասին ոչ միայն «անվտանգության գոտին», այլև Հադրութն ու Շուշին հանձնելուց հետո․․․
Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում․ երկուսուկես տարի վարչապետն ինչի մասին ասես չէր խոսում ժողովրդի հետ, սակայն այդպես էլ ամենակարևորի մասին խոսելու ժամանակ չգտա՞վ։
Ավելի ուշ պարզվեց, որ այդ սարքերը պարզապես չեն աշխատում. Փաշինյանը` օդը փակ չլինելու մասին
Մեկ ուրիշ անգամ, արդարանալով, որ չկարողացավ խուսափել աղետից, Փաշինյանը մեղադրեց մեզ, որ դեռ Արցախում մարտական գործողությունների ժամանակ խոսեց «ցավոտ զիջումների» մասին, սակայն ժողովուրդը դա չափազանց բացասական ընդունեց, ու նա ստիպված շարունակեց պատերազմը։
Զարմանալի բան է։ Ժողովուրդն իր համար առաջնորդ էր ընտրում, հուսալով, որ նա խելք ու կամք կունենա՝ քաղաքացիների շահերից բխող ու ի բարօրություն Հայաստանի որոշումներ կայացնելու համար։ Փաշինյանն իր հայտարարությամբ փաստացի խոստովանեց, որ ինքը առաջնորդ չէ, ով ժողովրդին տանում է իր հետևից, այլ ենթարկվող է, որը պատրաստ է հնազանդվել իր ընտրազանգվածին։
Ի դեպ, կանոնավոր զորամասերի բավական քանակ Արցախ չուղարկելով, նա վախենում էր հենց նույն ընտրազանգվածից՝ լացող մայրերից ու բարկացած հայրերից, որոնք կպահանջեն վերադարձնել իրենց որդիներին։ Սակայն պարտվելով, նա միևնույնն է՝ տեսավ վշտահար ծնողների արցունքներն ու ցասումը։
Բազմության ձայնը միշտ չէ, որ Աստծո ձայնն է։ Ու դեռ երեկ գովաբանող ամբոխն այսօր բղավում է «Խաչիր նրան»։ Այդպես է եղել, այդպես է ու այդպես է լինելու։
«Ե՞ս եմ մեղավոր։ Ե՞ս եմ ռազմաճակատում մարտ ղեկավարել»,- այսպես է Փաշինյանն արձագանքել պարտվելու մեղադրանքներին։
Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է, ուրեմն այո՝ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ու էլ ոչ ոք։ Եթե Արցախում մարտական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ հայտարարության տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, ապա այո, որքան էլ տխուր լինի, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ուրիշ ոչ ոք։
Իսկ ուղիղ եթերում այդ տարօրինակ հարցը հնչեցնողը կա՛մ Նիկոլ Փաշինյանը չէ, կա՛մ ՀՀ ԶՈւ գերագույն Գլխավոր հրամանատարը չէ։
Այո, Փաշինյանն ամենևին Նապոլեոնը չէ, որն անձամբ էր զորքը հարձակման տանում ու տեսնելով փախչող նորեկներին՝ մտնում էր նրանց շարքերն ու բացականչում. «Դուք փախչում եք, իսկ ես կանգնած եմ», որից հետո հին գվարդիան իր գեներալի հետևից նետվում էր հակառակորդի զորքի ամենախիտ հատվածը։ Մեծն Բոնապարտը գրավեց գրեթե ամբողջ Եվրոպան, բայց պարտվելով Վաթեռլոոյի ճակատամարտում, ընդունեց դա ու վերջնականապես հրաժարվեց գահից։
Հնարավոր է, որ նման համեմատությունները մեզ տանում են շատ հեռուն՝ ամպերից էլ վեր, այդ պատճառով երկիր վերադառնանք։ Նայեք թեկուզ ֆուտբոլային մարզիչներին, որոնք ամեն խաղում պաշտպանում են իրենց թիմի պատիվը։ Ջախջախիչ պարտությունից հետո իրեն հարգող մարզիչն ամեն ինչում չի մեղադրում ֆուտբոլիստներին, օգնականներին, հակառակորդի թիմին, հանդիսատեսին, եղանակային պայմանները։
Իրեն հարգող մարզիչը պարտությունից հետո պարզապես հեռանում է։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արարատի մարզի Գեղանիստ գյուղում ծաղկավաճառ Կարինե Թովմասյանին շատերն են ճանաչում. նա 13 տարի է, ինչ ընտանեկան բիզնես է հիմնել ու ծաղիկների վաճառքով է զբաղվում։
33-ամյա Կարինեն պատմում է, որ ամեն ինչ սկսվել է ծաղիկների հանդեպ մեծ սիրուց, որի միջոցով էլ հաղթահարել է բոլոր դժվարությունները։
«Ծաղիկների վաճառքով զբաղվելու համար պետք է սեփական ջերմոց ունենայի։ Երբ ընտանիքիս ասացի, որ ուզում եմ ջերմոց հիմնել, հայրս դեմ էր, քանի որ կարծում էր` ծաղիկները շուտ են փչանում, «տակ կտամ»։ Բայց ես արդեն որոշել էի ու գործի անցա։ Առաջին իսկ տարին ճիշտ է` քիչ, բայց շահույթ ունեցա»,–պատմում է Կարինեն։
Ծաղկի գործը թվում է, թե շատ հեշտ է, սակայն իրականում բավականին նրբություններ ու համբերատարություն է պահանջում. Կարինեն ասում է` երկար ճանապարհ ես անցնում` մինչև սածիլը դարձնում ես ծաղիկ։ Ճիշտ վայր է պետք ընտրել սածիլների ներմուծման համար, հետո անհրաժեշտ է ջերմոցը լավ ջեռուցել, որպեսզի դրանք «կպչեն»։
Դրան պետք է հաջորդի ծաղիկներն էտելը, հետո քաղն ու նոր միայն փունջ պատրաստելը։ Այս ամենը Կարինեն ինքն է անում, դրա համար էլ ձեռքերը հաճախ են վնասվում, սակայն հաճախորդները տեսնում են միայն խանութում դրված գեղեցիկ փնջերը։
Նրա խանութում, որն, ի դեպ, անուն չունի, կարելի է գտնել ոչ միայն ծաղիկներ, այլև տնային բույսեր։ Կարինեն ասում է` վերջին տարիներին տնային բուսեր գնելու մշակույթ է ձևավորվել։ Պահանջարկ ունեն հատկապես արդեն ծաղկածները։
Իսկ առհասարակ` հայերս ամենաշատը վարդ ենք գնում։ Մուգ կարմիր։ Կարինեն ինքն էլ վարդ է սիրում ու վաճառում է «կիսահայաֆիկացված» հոլանդական վարդեր։ Դրանց տարբերությունն այն է, որ գլուխներն ավելի փոքր և նուրբ են լինում` մեր եղանակային պայմաններից ելնելով։
Իսկ թե ինչու են հատկապես վարդ գնում` Կարինեն կարծում է, որ գաղտնիք չէ` վարդը ծաղիկների թագուհին է և առանձնանում է մյուսներից։
Սակայն վարդից բացի, շատ են գնում նաև սեզոնային ծաղիկներ, հատկապես կակաչներ։ Կարինեն հիշում է` մեկ դեպք էլ եղել է, որ նշանադրության համար մեծ փունջ մեխակներ են գնել` ասելով, որ աղջիկը հենց մեխակ է սիրում։
«Ճիշտ է, տոնական օրերին ավելի շատ են ծաղիկ գնում, սակայն մեզ մոտ անառիթ էլ ծաղիկ նվիրելու սովորություն կա։ Ես հաճախորդ ունեմ, որ ամեն շաբաթ իր կնոջ համար ծաղիկներ է գնում։ Ճիշտ է, կանայք էլ են իրար ծաղիկներ նվիրում, բայց, միևնույն է, ամենաշատը հենց տղամարդիկ են ծաղիկ գնում»,–ասում է Կարինեն ու հավելում` կանայք դաժան են ծաղիկ գնելիս, քանի որ շատ են «գին գցում»։
Տղամարդիկ, հատկապես այս` տոնական օրերին, բավական առատաձեռն են` երբեմն մանրն էլ չեն վերցնում։
Կարինեն Մարտի 8-ի տոնին 2 օր առաջ է պատրաստվում` փնջեր կապելով։ Փնջերի դիզայնն ինքն է ընտրում, սակայն այս տարի ավելի շատ մանուշակագույնի մեջ է պատրաստում` «դա է մոդա»։ Միշտ չէ, որ պատրաստած բոլոր փնջերը գնում են հենց մարտի 8-ին, սակայն Կարինեն սիրում է, որ խանութը լիքն է լինում` մարդիկ ընտրելու հնարավորություն են ունենում։
Իսկ մարտի 8-ին հաճախորդների մեծ մասը հենց տղամարդիկ են լինում, որոնք հիմնականում վարդեր են գնում։ Կարինեն ասում է` այդ օրը որոշակի թանկացում լինում է, սակայն ոչ այնքան, որ մարդիկ չկարողանան ծաղիկ գնել։ Բացի դրանից, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերում. զինվորների ծնողներին, օրինակ, միշտ զեղչեր է անում, ծնողներն էլ Կարինեին հաճախ են քաղցրավենիք նվիրում։
«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ
Չնայած Կարինեն ծաղիկներ շատ է սիրում, սակայն ծաղիկ երբեք նվեր չի ստանում, քանի որ բոլորը նույնն են կարծում` ծաղկի գործի մեջ է Կարինեն, ծաղիկն ի՞նչ է անում։
«Մի անգամ փողոցում ինձ մանուշակներ նվիրեցին` փոքր փունջ էր։ Այնքան էի ուրախացել` աշխարհն իմն էր։ Ճիշտ է, ծաղիկ նվեր չեմ ստանում, սակայն նաև շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ մարդկանց երջանկությունը ծաղիկ գնելիս»,–ասում է նա։
Կարինեն, ի դեպ, խորհուրդ է տալիս չմոռանալ խնամել ծաղիկները` դրանց ջուրն օրական երկու անգամ փոխելով։
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին` նշելով, որ խոր ցավ է ապրել՝ տեղեկանալով իր բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ մահվան մասին։
«Օլիվիե Դասոն ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր: Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա հայաստանյան այցի ժամանակ»,–իր ցավակցական ուղերձում գրել է նախագահը։
Սարգսյանի խոսքով` Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։ Նա իր անկեղծ ցավակցությունն է հղել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։
Հիշեցնենք` ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։