Շուշի տանող ճանապարհին

Արցախյան պատերազմում զոհվածների թվում է նաև «Ալաշկերտի» նախկին պաշտպան Արթուր Բարսեղյանը

705
(Թարմացված է 23:42 21.11.2020)
Ֆուտբոլային ակումբն իր ցավակցությունն է հայտնում Արթուրի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմում զոհվածների թվում է նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան, 19-ամյա Արթուր Բարսեղյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ալաշկերտ» ակումբի Facebook-ի էջը։

Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստներից մեկը

«Խորին ցավով տեղեկացանք, որ Արցախյան հերոսամարտերում արիաբար զոհվել է նաև Արթուր Բարսեղյանը։

Լույսի մեջ մնաս, Արթուր ջան...»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆուտբոլային ակումբն իր ցավակցությունն է հայտնում Արթուրի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։

Նշենք, որ հոկտեմբերի վերջից Արթուրի ծնողները ոչ մի լուր չունեին տղայից։ Ոչ մահացածների, ոչ էլ վիրավորների մեջ չէին գտնում։ Ծնողներին հաջողվել էր զրուցել տղայի զինակիցների հետ, տեղեկություն կար, որ վիրավորվել է Մարտունիում։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մեկնել են Արցախ Արթուրին փնտրելու համար, բայց ապարդյուն։ Արթուրը սերժանտ էր, մասնակցել է Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունիի պաշտպանական մարտերին։ Զոհվել է, երբ ԱԹՍ–ն հարվածել է մեքենային, որի կողքին կանգնած է եղել։ Ծնողները ցավալի լուրը իմացել են երեկ։

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

705
թեգերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, Զոհ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայկական կողմը զոհվածների և անհետ կորածների տեղանշումներով քարտեզ է ներկայացրել ԿԽՄԿ–ին
Կողմերը 385 զոհվածի մարմիններ են հանձնել միմյանց. ՌԴ ԱԳՆ
Եվս 41 անուն. ՊԲ–ն զոհվածների նոր ցանկ հրապարակեց
Հայկական ԱԷԿ

Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական նախապատրաստական աշխատանքները

7
(Թարմացված է 17:37 25.11.2020)
Ռեակտորի թրծաթողումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց։ Այս գործողությունը թույլ է տալիս ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին՝ երկարաձգելով դրա շահագործմամ ժամկետը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները:

Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան  մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծաթողման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումը, ինչպես նաև ռեակտորի կորպուսի  անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները:

Թրծաթողման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի  արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծաթողումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Ռեակտորի թրծաթողումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծաթողման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։

Թրծաթողման աշխատանքները կանցկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։

Նշենք, որ  «Ատոմէներգորեմոնտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։

Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, այն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

7
թեգերը:
«Ռոսատոմ», Ռուսաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ
Մինչև 6 ժամ էներգիայի անջատումներ են լինելու Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում
Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

705
(Թարմացված է 17:06 25.11.2020)
Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` գերիների փոխանակման գործընթաց տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը երեկ չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նա նաև հերքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի` այսօր արված հայտարարությունը, թե երեկ գերիների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել։

Նշենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Հիշեցնենք` լրագրողների հետ ճեպազրույցում իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ասել էր, որ նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկություններ սպասում են նոյեմբերի 30-ին: Նրա խոսքով` նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:

Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջև. անհետ կորածների և գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։

Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

705
թեգերը:
Արցախյան պատերազմ, Կարմիր խաչ, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի պատվիրակությանը
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար
Հրանտ Բագրատյան

«Այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների». Հրանտ Բագրատյան

0
(Թարմացված է 17:42 25.11.2020)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է արցախյան պատերազմում Հայաստանի իշխանության թույլ տված արտաքին քաղաքական սխալների մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սա պարտություն չէ, սա ջախջախում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով արցախյան պատերազմի ընթացքն ու ավարտը, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա տեղեկություններով`հայկական բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջարդված է։

Խոսելով ՀՀ իշխանությունների ստրատեգիական սխալների մասին` Բագրատյանը շեշտեց Արցախի անկախությունը չճանաչելու փաստը` հիշեցնելով, որ որպես ԱԺ պատգամավոր ինքը տարիներ առաջ այդ հարցը բարձրացրել էր, բայց մերժվել։

Հաջորդ սխալն, ըստ նրա, արտաքին քաղաքականությունն էր։

«20 տարի առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, ԱՄՆ–ն ու Ռուսաստանն իրար մոտ էին։ Բայց վերջին տարիներին, հատկապես 2014թ–ից հետո, դժբախտաբար, պրոբլեմներ առաջացան։ Հիմա ԱՄՆ–ն և Ռուսաստանը տարբեր բևեռներում են։ Երբ մենք այս վիճակին են անդրադառնում, չենք կարող ասել` կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում։ Չկա տենց բան։ Մենք պետք է մնանք պրոռուսական ծիրում, ինչքան էլ սիրենք կամ չսիրենք։ Քանի որ աշխարհում դեգլոբալիզացիա է ընթանում, այս ռեգիոնում մենք կա՛մ թուրքերի հետ պետք է լինենք, կա՛մ ռուսների»,– ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը ստրատեգիական սխալ որակեց նաև «Իրանին նեղացնելը»։ «Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Այն աստիճան, որ Իրանը չէր ուզում թույլ տալ, որ պատերազմի ընթացքում իր տարածքով բեռներ տեղափոխեինք»,– ասաց Բագրատյանը` նեղացած երկրների շարքում հիշատակելով նաև Վրաստանը։

Իսկ Չինաստանին, նրա բնորոշմամբ, Հայաստանը` Տիգրան Ավինյանի մակարդակով ուղղակի ապտակել է` միանալով Չինաստանի դեմ ույղուրների պրոթուրքական դաշինքին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

0
թեգերը:
Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
«8 ամսում Փաշինյանն իր կառավարության հետ «ապահովեց» 8 հազար զոհ». Արծվիկ Մինասյան
Ինչպես ապրել պատերազմից հետո, կամ դեղատոմսեր՝ սթրեսի դեմ
Փաշինյանը բացատրել է, թե ինչու ընդդիմության կոչերը լայն տարածում չեն գտել Հայաստանում