Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի հրամանագրով Ռուսաստանի ԶՈւ 3 զինծառայողներ պարգևատրվել են

309
(Թարմացված է 13:14 18.11.2020)
Ադրբեջանի խոցած ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի ԶՈւ 3 զինծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով։

«Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի 3 զինծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,–նշված է նախագահի հրամանագրում։

Հետմահու պարգևատրվել են ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր Յուրի Իշչուկը և ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը։

Պարգևատրվել է նաև ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր խիզախության և անձնվիրության համար պարգևատրել Հայաստանում Ադրբեջանի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմին։

2020թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի–24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետևանքով սպանվել են երկու անձինք և մարմնական վնասվածք ստացել ևս մեկ անձ։

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը

Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով, 384-րդ հոդվածի (Ագրեսիվ պատերազմ) 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր օգնություն ցուցաբերել ռուսական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին:

Պեսկովն ասել է` ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի ներողությունը ՀՀ–ում խոցված ուղղաթիռի համար

309
թեգերը:
պարգևատրում, ուղղաթիռ, Նախագահ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմի արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ. ԱԳՆ–ն` ուղղաթիռի դեպքի մասին
«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին
Բաքվի կողմից ուղղաթիռի խոցումից հետո Հայաստանը ՌԴ-ի հետ մշտական կապի մեջ է․ դեսպան
Բժիշկները վիրահատել են հրետակոծության հետևանքով տուժածներից մեկին, արխիվային լուսանկար

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

12
(Թարմացված է 21:40 05.12.2020)
Մոսկվայում բնակվող հայ բժիշկներն արդեն մի քանի տարի է` օգնում են հայաստանցի ու արցախցի գործընկերներին և դեղորայք ուղարկում ՀՀ ու Արցախ։ Վերջին 2 ամսում այդ ամենն արվում է տասնապատիկ չափով, անհավանական ճշգրտությամբ ու առանց պետությունից մեկ լումա ստանալու։

Պատերազմի սկզբում բազմաթիվ հայտնի բժիշկներ, ամեն ինչ թողնելով, ժամանեցին դաշտային հոսպիտալներ։ Հիմա էլ նույնպիսի նվիրումով կօգնեն վիրավորների ապաքինմանը։

Երբ ամեն ինչ համեմատաբար լավ է, հայերը սկսում են բաժանվել Ռուսաստանի հայերի և ամերիկահայերի, «սպիտակների» ու «սևերի»։ Բայց հենց դժբախտություն է պատահում, բոլորը մտածում են, թե ինչպես և ինչով օգնեն։ Երբ դժբախտությունն անցնում է (կամ թվում է, թե անցնում է), անհանգստությունն աստիճանաբար անհետանում է։ Իսկ Մոսկվայում բնակվող բժիշկ-գաստրոէնտերոլոգ Տատյանա Հովհաննիսյանը որոշել է` եթե օգնում ես, ուրեմն անընդհատ։

Ռազմական վերջին գործողությունների ժամանակ նրա «Վիվա» հիմնադրամը («Врачи и волонтеры Армении») Հայաստան և Արցախ է բերել տասնյակ բժիշկ-կամավորների, նաև մի քանի ինքնաթիռ դեղամիջոցներ և սարքավորումներ։ Հիմնադրամի միակ «թերությունն» այն է, որ իրենց մասին պատմելու հնարավորություն չեն փնտրում։ Դրա փոխարեն Տատյանան ու նրա գործընկերները հիմա մտածում են, թե ինչով կարող են օգնել զինծառայողների վերականգնմանը, որովհետև ծանր ամիսներից հետո երկար տարիների աշխատանք է սպասվում։

2016թ-ի ապրիլից առաջ Տատյանայի կյանքն ու աշխատանքը Մոսկվայում էին, Հայաստան էր գալիս միայն հանգստանալու համար։ Հետո ամեն ինչ փոխվեց։

«Ես նախկինում էլ էի ծանոթներիս շրջանում և սոցցանցերում հանգանակություններ կազմակերպում հայաստանցի հիվանդ փոքրիկների համար։ Այնպես որ երբ ժամանակը եկավ, շատերն ինձ արդեն ճանաչում էին։ Ես պարզապես տեղադրում էի քարտի համարը և ասում․ «Ահա քարտի համարը, բոլորդ ինձ ճանաչում եք»։ Մենք 2016թ-ին էլ այդպես արեցինք և մեկ շաբաթում մոտ մեկ միլիոն ռուբլի հավաքեցինք։ Բայց հետո որոշեցինք դրանով չսահմանափակվել և մայիս-հունիսին եկանք հասկանալու, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները»,-պատմում է Տատյանան։

Պարզվեց, որ Արցախի հիվանդանոցները շատ բանի կարիք ունեն` վիրահատական սեղաններ, մոնիտորներ, դեղամիջոցներ, ամենակարևորը՝ մասնագետներ։

Այդ ժամանակ Տատյանան ու նրա համախոհները ստեղծեցին «Վիվա» հիմնադրամը, որը սկսեց հագեցնել մարզային հիվանդանոցները։ 2018թ-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համաձայնագիր կնքեցին Արցախի և Հայաստանի մարզերի բժիշկների վերապատրաստման մասին: Դրանից հետո նրանք առնվազն հինգ տարի պետք է աշխատեն նույն տեղում։

Որոշ շրջաններ կան (չնշենք` որ), որտեղ ամբողջ մարզում կա մեկ տրավմատոլոգ, մեկ ուրոլոգ, մեկ նեոնատոլոգ ։ Նրանց համար կլինիկական պրակտիկա կազմակերպեցին Մոսկվայի հիվանդանոցներում։ Այդ ամենն արվեց առանց պետական օգնության։ Այցելությունները կազմակերպվեցին հավաքված միջոցների հաշվին, իսկ պրակտիկան` ծանոթ բժիշկների մոտ։ Դրամահավաքն իրականացվեց նպատակային․ հայտարարության մեջ նշվում էր, թե հատկապես ինչ է պետք գնել և որ բժշկին է պետք օգնել։ Բոլոր փոխանցումներն ու ծախսերը հրապարակվեցին։

Հերթական փուլը պետք է դառնար պերինատալ ախտորոշման ծրագիրը մարզերի համար։ Մտադիր էին վերապատրաստել մասնագետներին և սարքավորումներ գնել, իսկ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրել Մոսկվայից։ Ծրագրի համար գումարն արդեն հավաքված էր․․․

Երբ պատերազմը սկսվեց

Պատերազմի առաջին իսկ օրից «Վիվան» սկսեց գնել այն ամենը, ինչ հարկավոր էր վիրավորներին օգնելու համար։ Երեք օրում գնեցին շտապօգնության» մեքենա, ուլտրաձայնային հետազոտության ապարատ՝ վիրակապման սենյակների համար, ինչպես նաև մի ամբողջ մեքենա հակաայրվածքային միջոցներ։

Ամենակարևորը՝ բժիշկները հասկանում էին, թե ինչի կարիքը կարող է անհետաձգելի լինել, և առաջին հերթին հենց դա էին գնում։ Առաջին մի քանի օրում մասնավոր հանգանակությունների շնորհիվ հավաքվեց մի քանի միլիոն ռուբլի։ Ավելորդ է նշել, որ նվիրատուների թվում նաև բազմաթիվ մարդիկ կային, որոնք հայեր չէին։

Շուտով սկսեցին Արցախ ժամանել Մոսկվայում բնակվող բժիշկ-կամավորները։ Նրանք աշխատում էին Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտի երկու հիվանդանոցներում, ինչպես նաև թիկունքի ամենամոտ կետում՝ Գորիսի հիվանդանոցում։ Մոսկվայի հայ և ոչ հայ բժիշկներն ավելի քան 500 հայտ ուղարկեցին։

«Ռեանիմատոլոգները, մյուս բժիշկները ոսկու գին ունեն։ Նրանք գալու և օգնելու ժամանակ էին գտնում անգամ այդ սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում, որում աշխատում էին Մոսկվայում COVID-ի պատճառով,»,-պատմում է Հովհաննիսյանը։

Արդեն պատերազմի երրորդ օրը Արցախում վիրահատություններ էր անցկացնում Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտի հայտնի վիրաբույժ և բնիկ արցախցի (Ստեփանակերտում ծնված) Շահեն Դանիելյանը. հենց նա փրկեց ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի կյանքը, որը վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց վանքի հրթիռակոծության հետևանքով։ Ընդհանուր առմամբ հիմնադրամի միջոցով 26 բժիշկ ժամանեց, բայց ևս 50-ը եկան ինքնուրույն, սեփական միջոցներով։

Ի՞նչ կարող են անել սովորական մարդիկ

Կարող են շատ ավելին, քան թվում է։ Շատ դժվար, բայց շատ պարզ եղանակ կա` տասը հայ զբաղված են ընդհանուր գործով, և ոչ ոք չի վիճում, թե ով է գլխավորը։ Վառ օրինակ է կամավորներից մեկը, որը հայտնի ուրոլոգ է Մոսկվայում. գիտությունների թեկնածուն տեղ հասնելուն պես ասաց․ «Ո՞վ է այստեղ ռազմական վիրաբույժը։ Ինչպես ասի, այդպես էլ կանեմ»։

Նա հոյակապ մասնագետ է, բայց նաև հիանալի հասկանում էր, որ ռազմաճակատային վիրաբուժությունը տարբերվում է քաղաքացիականից։ Եթե նա 5 ժամանոց վիրահատություն աներ, մյուս վիրավորների համար ժամանակ չէր մնա։

Առաջին իսկ օրերին հիմնադրամն օգնում էր թե՛ հիվանդանոցներին, թե՛ ռազմաճակատի գծի սովորական վիրակապարաններին։ Այդ աշխատանքը ղեկավարում էր Մոսկվայի կլինիկաներից մեկի ղեկավար Սեմյոն Սարոյանը, որը մեծ տուգանքներ ստացավ Երևանից Ստեփանակերտ ճանապարհին արագությունը գերազանցելու համար։

Նույն ժամանակ Մոսկվայում 230 կամավորներ դեղատներից դեղամիջոցներ էին բերում և տեսակավորում։ «Վիվայի» կազմակերպիչներն այդ ընթացքում անհրաժեշտ գնումների մանրամասն ցուցակներ էին կազմում ռեսուրսները ցրիվ չտալու համար։ Ուստի որոշեցին մատակարարումները համաձայնեցնել նաև սփյուռքի մյուս կազմակերպությունների հետ։

«Ֆրանսիա, ԱՄՆ, Ուրուգվայ՝ թող բոլորը տեսնեն, թե ինչ է արդեն արել «Վիվան», և լրացնեն այն, ինչը պակասում է, որպեսզի նույն բանից, ասենք, 383 հատ չգնենք»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։

Անգամ այսպիսի սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպությունը կարողացավ նաև կորոնավիրուսի հարցում օգնել Հայաստանին։ Դեռ գարնանից մոսկվացի բժիշկները Հայաստան էին բերում թոքերի արհեստական օդափոխության և թթվածնի խտացման սարքեր, ռեանիմատոլոգների մի քանի խումբ էր ժամանել։ Էլ չասած, որ դաշտային հոսպիտալներում բազմաթիվ վիրաբույժներ վիրահատություններ էին անում` ոտքի վրա կորոնավիրուս տանելով և ջերմիջեցնողներ ընդունելով։

«Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ բարին պետք է ավելի ուժեղ լինի, իհարկե, ինչ-որ փուլում այն թույլ է երևում, բայց մի օր հաղթում է»,-ասում է Տատյանան։

Մոսկվայում օրուգիշեր դեղեր տեսակավորող կամավորական հայ երիտասարդների շարքում արդեն իսկ չորս ընտանիք է ծնվել։

Ի՞նչ է լինելու հետո

Հետագայում հիմնադրամը պատրաստվում է գումար հավաքել վիրավորների վերականգնման համար։ Փորձում են Մոսկվայից բժիշկների նոր խումբ բերել։ Երևանում բժիշկների շարժական բրիգադները կայցելեն հյուրանոցներ, որտեղ տեղավորվել են փախստականները, կչափեն նրանց շաքարն ու արյան ճնշումը, խորհրդատվություն կանցկացնեն։ Այս ամենը՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

«Իհարկե նաև Արցախում կլինեն։ Հո չե՞նք թողնելու Արցախը»,-ասում է Հովհաննիսյանը։

Հոգնե՞լ եք այս ամենի մասին կարդալուց։

Իսկ Տատյանան ու նրա ընկերները, չնայած մոսկովյան աշխատանքային ծանրաբեռնվածությանը, չեն հոգնում աշխատել նաև այստեղ՝ առանց որևէ շահ ունենալու։

12
թեգերը:
Ռուսաստան, բժիշկ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Մենք պատերազմը տանուլ ենք տվել 26 տարի առաջ. զինվորական բժիշկ
Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 
Գեղամ Մանուկյան

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

51
(Թարմացված է 18:28 05.12.2020)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարները ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանկյանը` Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Արարատի մարզի Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, գյուղ Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղի համայնքապետ Կարեն Կարապետյանը, Արարատ գյուղի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատ գյուղի համայնքապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավան գյուղի համայնքապետ Հովսեփ Ղազարյանը, Նորակերտ գյուղի համայնքապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշեն գյուղի համայնքապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձոր գյուղի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդի գյուղի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին երկրի համայնքների մեծ մասն ասում է «գնա տուն, սակայն նա դեռ կառչել է աթոռից»։

Հիշեցնենք`այսօր Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Նրանց հայտարարությունը հրապարակել է Մեղրիի համայնքապետարանը։

Հրաժարականի կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ, Տաթև համայնքները։

Հավելենք, որ երեկ Ավշարի համայնքապետարանը` համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու հանրահավաքի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։ 

 

51
Ըստ թեմայի
Որևէ բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի. Լևոն Տեր-Պետրոսյան
Ալիևը ծիծաղում է վրադ ու ծաղրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Ընդդիմադիր ուժերի համապետական հանրահավաքը սկսվեց, ոմանք ոտքով են հասել Երևան. տեսանյութ