Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ վերադարձնել Փաշինյանի կոնյակն ու «դուխին»՝ պայմանով

367
(Թարմացված է 15:00 17.11.2020)
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո, թե բանակցային բոլոր տարբերակներում նշված է եղել Շուշին առանց մարտի հանձնելու գաղափարը, ԱԳՆ խոսնակը հերքեց այդ տեղեկությունը, իսկ ԱԳ նախարարը «ոտքի վրա» հրաժարականի դիմում գրեց:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստում հայտարարեցին, որ այսօր որևէ այլ հարց, քան «խայտառակ կապիտուլյացիայի» հայտարարությունը, քննարկել չեն պատրաստվում ու ձեռնպահ մնացին ներկայացված մի շարք նախագծեր հերթական նիստերի օրակարգ ընդգրկելու մասին հարցերի քվեարկությունից:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ պատերազմից հետո մի անգամ է ցավ տեսել Նիկոլ Փաշինյանի աչքերում, «երբ հայտարարեց, որ իր դուխին ու իր կոնյակը գողացել են»:

«Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ՝ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրել ենք Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջությամբ, Ջեբրայիլը, Զանգելանը, Կուբաթլուն: Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական պայմանագրով Ադրբեջանին է անցնում Աղդամը, Քաշաթաղը, բացառությամբ՝ 5-կմ-անոց միջանցքի»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ այս բնակավայրերի բնակչությունը գաղթականների նման, իրենց հարազատների շիրիմները գրկած, ճանապարհ են ընկել դեպի Հայաստան:

Լենա Նազարյանի ելույթն իրարանցում առաջացրեց դահլիճում. հայտարարվեց ընդմիջում

Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարույունից հետո, թե բանակցային բոլոր տարբերակներում նշված է եղել Շուշին առանց մարտի հանձնելու գաղափարը, ԱԳՆ խոսնակը հերքեց այդ տեղեկությունը, իսկ ԱԳ նախարարը «ոտքի վրա» հրաժարականի դիմում գրեց:

«Նիկոլ Փաշինյա՛ն, ես կվերադարձնեմ քո դուխին, ես կվերադարձնեմ քո կոնյակը, հեռացի՛ր, որպեսզի մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարություն ու Ազգային ժողով, իսկ նոյեմբերի 11-ից ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ սկսեցին՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

367
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱԺ, Նաիրա Զոհրաբյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (619)
Ըստ թեմայի
Ինչ ցավ եղավ, բավարար է, քաղաքացիական պատերազմ թույլ չենք տալու. Նաիրա Զոհրաբյան
Վարչապետն ԱԱԾ գունդ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի տուն. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ն դիմել է ոստիկանապետին. Նաիրա Զոհրաբյանին ու նրա գործընկերներին սպառնում են սպանել
«Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի շքանշաններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու

10
(Թարմացված է 21:23 03.12.2020)
ՀՀ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել` գնահատելով զինծառայողների ավանդը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր մի շարք զինծառայողներ են պարգևատրվել։

Մասնավորապես, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է շարքային Արսեն Մարգարյանը, իսկ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ փոխգնդապետ Համլետ Լևոնյանը, սերժանտ Գագիկ Դավթյանը, սերժանտ Էմին Երիցյանը, շարքային Հրայր Սահակյանը։

Իսկ «Արիության մեդալով» պարգևատրվել են մայորներ Վահե Հայրապետյանը, Վահագն Աղաբեկյանը և Հայկ Նիկողոսյանը։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է բժշկական ծառայության մայոր Վարդան Ղուշչյանը։

Արցախի նախագահը մի շարք ոստիկանների հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով

«Մարտական ծառայության» մեդալով էլ պարգևատրվել է մայոր Արման Բաբաջանյանը։

Բացի այդ, նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ։ Մասնավորապես, «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել մայոր Արա Զաքարյանը, ավագ սերժանտներ Հակոբ Պռոշյանը, Սամվել Բաղդասարյանը, Ժիրայր Բալյանը, սերժանտ Նորայր Նահապետյանը, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը, շարքայիններ Ժորա Մուրադյանը, Արսեն Գրիգորյանը, Արայիկ Ալեքսանյանը, Կարեն Սոֆյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

10
թեգերը:
պարգևատրում, մեդալ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Նոր ազգային հերոս ունենք. գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Տասներկու զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշաններով
Բարձրաստիճան սպաները պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Սեյրան Սողոյան

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

164
(Թարմացված է 20:46 03.12.2020)
Սեյրան Սողոյանն Արցախում վիրավորված զինվորներից մեկն է։ Հիշում է` ինչպես է բժիշկը մոտեցել, զննել, հարց տվել, բայց ինքը չի կարողացել պատասխանել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ծնված 20-ամյա Սեյրան Սողոյանին ընդամենը 3 ամիս էր մնացել բանակում ծառայությունը վերջացնելու համար, երբ սկսվեց պատերազմը։ Մինչ այդ Սեյրանի միակ մտածմունքն այն էր, թե տուն վերադառնալիս որ հագուստին է փակցնելու ծառայության ընթացքում ստացած երկու մեդալը, որ ավելի գեղեցիկ լինի ու ուրախացնի ծնողներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց պատերազմը։ Որոտանում (Կուբաթլու) ծառայող տղաներն առաջինն էին, որ ուղևորվեցին Արցախի ամենակարևոր բնագծերից մեկը՝ Ջաբրայիլը պաշտպանելու համար։ Պատերազմի օրերին Սեյրանը վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էր:

Ասում է` դժվար օրեր շատ են տեսել, բայց հաղթահարել են իրենց միասնության շնորհիվ։ Ճիշտ է` հայկական կողմն ունեցավ շատ կորուստներ` թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի, բայց այդ ամենը գալիս էր ոչ թե զինվորների կազմակերպվածությունից, այլ անհավասար ուժերից։

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

«Վիրավորվելուս նախորդ օրը պատերազմական ընթացքի ամենածանր օրն էր. շատ մութ էր, հետո էլ հեղեղի պես անձրև էր գալիս։ Մոռացել էինք, որ թաց ենք, որ ցուրտ է, առաջ էինք գնում, բայց տեսանք, որ թշնամու կողմից ավելի քան 100 տանկ է մեզ վրա գալիս։ 2 տանկային վաշտով առաջ գնացինք ոչ թե ավելի վերադասի հրամանով, այլ մեր հրամանատարի, որովհետև թշնամին գալիս էր, իսկ մենք հրաման չէինք ստանում։ Հիշում եմ` կապիտան Ղազարյանը կապով մեզ հետ խոսում էր, ամեն տանկին խփելիս ասում` ապրեք, տղերքս։ Դրանից ավելի էինք ոգևորվում»,– պատմում է տղան։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը հիշում է, որ երբ իր տանկը թշնամուն թիրախավորվելու ժամանակ խափանվեց, տանկի մեխանիկը` Արթուր Խաչատրյանն այդ պահին կարողացավ տանկի աշտարակի դիրքն այնպես փոխել, որ անձնակազմի կյանքը փրկվեց։

Ինչ–որ պահի Սեյրանն անձամբ է ղեկավարել տանկերի գործողությունները, հրամաններ տվել, ինչի շնորհիվ տանկի նշանառուներից Անդրանիկ Մանուկյանը և Սամվել Մաթևոսյանը 4-5 տանկ են խոցել։

«Այնքան հպարտ էի այդ պահին, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի նրանից, որ չթողենք թշնամին առաջ գա։ Չեմ սիրում «ցավոք սրտի» արտահայտությունը, բայց ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերը խիստ անհավասար էին։ Մենք մեր տանկերով մի քիչ հետ գնացինք, ասեցին` պետք է մի օր սպասենք, հանգստանանք, բայց սպասելը շատ հարաբերական է, իսկ հանգստանալ չէր ստացվում․ մի աչքներս փակ, մյուսը բաց քնել էինք»,– պատմում է նա։

Ովքեր Ջաբրայիլում հարազատներ, ընկերներ ունեն, գիտեն հոկտեմբերի 5–ի իրադարձությունների մասին։ Առավոտյան թշնամին հրետանիով 3 կողմից՝ առջևից, աջից ու ձախից, հարձակում է գործել։

«Ասել, թե ծանր մարտեր էին, նույնն է, որ ոչինչ չասել։ Ջաբրայիլում ամենաշատ զոհերը հենց հոկտեմբերի 5–ին ունեցանք։ 100 տոկոսով վստահ էի, որ սաղ չեմ մնալու` կա՛մ պետք է վիրավոր լինեիր, կա՛մ մեռնեիր, որովհետև 3 կողմից թշնամին կրակում էր։ Անօդաչուները խոցեցին մեր տանկերից մի քանիսը։ Երբ նկատեցի, որ իմ վաշտից 2–ը վիրավոր են, մի ձեռքով մեկին, մյուս ձեռքով մյուսին գրկած տեղափոխեցի մեքենայի մեջ։ Նրանցից մեկին ասեցի` քեզ հեռախոսահամար ասեմ (հորս համարն էի տալիս), հասնես հիվանդանոց, կզանգես ու կասես, որ ես իրենց շատ եմ սիրում։ Ինքն էդ պահին խփեց ուսիս ու ասեց, որ չի ասի, ասեց` դու անձամբ կգնաս, կասես։ Էդ պահին աչքերիցս արցունքը գնաց, բայց չէ, չէի լացում»,– վստահեցնում է նա։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանն ընկերներին մեքենա տեղափոխելուց հետո դիրք է վերադարձել ու տեսել այն, ինչից ողջ պատերազմի ընթացքում վախենում էր։ Սեյրանի աչքի առաջ, նրա ձեռքերի մեջ զոհվել է ամենամոտ ընկերը։

«Էդ պահին ընկերներս ինձ մի կողմ քաշեցին, հիշում եմ, որ տեսա` թշնամին մեծ ուժերով առաջ է գալիս, իսկ իմ տանկը բարձր դիրքում կանգնած է, հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա, գնամ, իմ տանկից կրակեմ, ասեց` չէ, տանկը նշանառման տակ է, վտանգավոր է... Ես առաջին անգամ չլսեցի հրամանատարիս, բարձրացա տանկի վրա ու չհասցրի ներս մտնել, թշնամին կրակեց։ Էդ պահից սկսած` ոտքերս չեմ զգում, գնդակը ողնաշարս է վնասել, թոքիս էլ էր կպել, բերանիցս արյուն էր գալիս, խոսել չէի կարողանում։ Միանգամից ընկա տանկի մեջ։ Մեխանիկն էնտեղ էր...»,- պատմում է Սեյրանը։

Հետո բացատրում է, որ տանկի աշխատանքի ընթացքում երբ խափանում է լինում, իրենք մեխանիկին, որը համարյա իրենց ոտքերի տակ նստած է, ոտքով նշան են անում, որ իրենց նայի։

«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել

«Քանի որ ոտքերս չէի զգում, խոսել էլ չէի կարող, մի երկաթի կտոր աչքովս ընկավ, մեխանիկիս ուղղությամբ խփեցի, նայեցի ինձ, տեսավ, որ վիրավոր եմ, կապ տվեցին իրար, միայն հիշում եմ, որ ինձ տանկից հանեցին ու պառկեցրին գետնին, էդ պահին հանգիստ շունչ քաշեցի, ու աչքերս փակեցի»։

Սեյրանը լսում է, թե ինչպես է բժիշկն իրեն մոտեցել, զննել, հարց տվել, սակայն չի կարողացել պատասխանել, անգամ մատները շարժել չի կարողացել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։ Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,– ասում է երիտասարդը։

Սեյրանին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, հետո ուղղաթիռով` Երևանի «Էրեբունի» հիվանդանոց։ Բժիշկները, որոնց Սեյրանը հրաշագործներ է անվանում, կարողանում են նրա կյանքը փրկել։

Սեյրանի հարազատ քույրը «Էրեբունի» հիվանդանոցում է աշխատում, բայց տեղյակ չի լինում եղբոր վիրավորվելու մասին։ Գալիս է վերակենդանացման բաժանմունք ու տեսնում եղբորը, մահճակալի վրա գրված «անհայտ» բառը ու կորցնում իրեն։ Հետո պոկում է այդ գրությունը և գրում եղբոր անուն–ազգանունը։

Հիմա Սեյրանը գտնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Ասում է՝ հիվանդանոցում էլ, կենտրոնում էլ հիանալի վերաբերմունքի է արժանանում և իրեն գնահատված զգում։

Реабилитационный центр Защитника Отечества, где проходит лечение участник карабахской войны, солдат-срочник Сейран Согомонян (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հատկապես ուրախացել է, երբ ծառայակից տղաները, որոնց կյանքը փրկել է, այցելել են իրեն ու շնորհակալություն հայտնել։

Սեյրանը հավատում է Աստծուն ու հրաշքների գոյությանը, ասում է, եթե Ջաբրայիլից այստեղ է հասել, արդեն հրաշք է կատարվել։ Հիմա նոր հրաշքի է սպասում, հույս ունի, որ քայլելու է։

«Սկզբից չէի կարողանում անգամ ձեռքերս շարժել, իսկ հիմա արդեն նստում եմ։ Օրեցօր դրական դինամիկա եմ տեսնում, երկու ամիս էր փորի վրա չէի պառկել, դա էլ ստացվեց»,– ասում է նա։

Բժիշկները նշում են` ամեն ինչ Սեյրանից, նրա օրգանիզմից ու ժամանակից է կախված։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը դեռ շատ անելիքներ ունի, պետք է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը ավարտի։ Այս ընթացքում որոշել է երկրորդ մասնագիտություն սովորել և բժիշկ դառնալ։

«Ինձ վիրահատող բժիշկը 2 ամիս տուն չէր գնացել, գիշեր–ցերեկ վիրահատություններ էր արել ու կյանքեր փրկել, իրական հերոսները նրանք են»,– շեշտում է նա։

Մինչ Սեյրանը խոսում է իր հերոսի մասին, իմ նոթատետրում ևս մեկ հերոսի անուն է ավելանում`Սեյրան Սողոյան։

Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում

164
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Պատերազմ, Արցախ
Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում

0
ՆԱՏՕ-ական արտգործնախարարները համակարծիք են՝ տրանսատլանտյան անվտանգության համար լուրջ մարտահրավերներ են շարունակում մնալ Ռուսաստանն ու Չինաստանը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն տեղափոխվելուն ընդառաջ Հյուսիսատլանտյան դաշինքը բարեփոխումներ է նախաձեռնել։ Երեկ ավարտված գագաթնաժողովում արտգործնախարարները վերանայել են կազմակերպության հիմնարար սկզբունքներն ու վերակառուցել են դրա աշխատանքը։ Նույնն են մնացել միայն գլխավոր խնդիրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ ՌԻԱ Նովոստին փորձել է հասկանալ՝ ինչպես է ՆԱՏՕ-ն պատրաստվում զսպել «ռուսական սպառնալիքը»։

Հարմարեցնել ՆԱՏՕ-ն ճգնաժամերին

Յենս Ստոլտենբերգն առանձնահատուկ ուշադրությամբ էր պատրաստվել արտգործնախարարների հետ տեսակապով անցկացվող նիստին։ Նախարարների մակարդակով հանդիպումը վերջինն է ամենամյա գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է անցկացնել տարեսկզբին։ Նախապես մշակել օրակարգն ու քննարկել կուտակված հարցերը նշանակում է ապահովագրվել մասնակիցների անկանխատեսելի լինելուց։ Հատկապես, որ նման նախադեպեր եղել են։

Օրինակ՝ նախորդ տարվա հանդիպման նախօրեին Էմանուել Մակրոնն ասել էր, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»։ Դա վիճաբանության երանգ հաղորդեց քննարկմանն ու խառնեց բոլոր պլանները։ Դաշինքի անդամները միմյանց հերթ չտալով ապացուցում էին Ֆրանսիայի նախագահին ու միմյանց, որ ՆԱՏՕ-ի ներսում ամեն ինչ կարգին է։

Տրանսալտլանտյան համերաշխությանը կասկածամտորեն վերաբերվողներից գլխավոր Դոնալդ Թրամփն էր։ Երբ խոսվում էր Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին զսպելու մասին, ԱՄՆ նախագահը պահանջում էր սկզբում ավելացնել պաշտպանությանը հատկացվող վճարները։ Նա ոչ ռացիոնալ էր համարում պայքարել արտաքին մարտահրավերների դեմ հիմնականում Ամերիկայի ռազմական ներուժի հաշվին։

Առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ն ներկայացնելու է Ջո Բայդենը, ու դաշինքի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ ամեն ինչ նորից նախկինի պես «նորմալ» կլինի։ Ստոլտենբերգի համար «նորմալն» այն է, որ ամերիկացիները հաստատեն ՆԱՏՕ-ի անդամների հետ ռազմաքաղաքական դաշնակցության կարևորությունը։

Համոզիչ լինելու համար գլխավոր քարտուղարը գագաթնաժողովից առաջ դիմել է վերլուծաբաններին, որ նրանք մշակեն կազմակերպության ներսում եղած խնդիրները, ներկայացնեն դրանց լուծման ուղիներն ու նշեն առաջիկա տասը տարիների խնդիրները։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են «ՆԱՏՕ-2030» խոսուն վերնագրով զեկույցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի պատասխանել Թուրքիայի վերաբերյալ հարցին

Արտգործնախարարները փորձագետների հենց այդ մշակումներն էին ուսումնասիրում ու շտկում։ Հանդիպման բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ֆրանսիան, խոստովանեցին, որ դաշինքին «ուղեղի մահ» չի սպառնում, բայց բարեփոխումները չեն խանգարի։

«Կարևոր է հարմարեցնել պաշտպանական դաշինքը միջազգային նոր իրավիճակին։ Ճգնաժամային պայմաններում ՆԱՏՕ-ն պետք է օպերատիվ ու համախմբված գործի, նույնիսկ եթե դա կարող է հանգեցնել հիմնարար սկզբունքների խախտման», - նշված է ներկայացված փաստաթղթում։

Զեկույցի հեղինակների առաջարկությամբ՝ ամենակարևոր բանը, որը պետք է վերանայել, վետոյի իրավունքն է․ հիմա ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հավասարաչափ են դրանից օգտվում։ «Եթե սահմանափակվի միաձայն քվեարկությունը, լարվածությունը դաշինքի ներսում կնվազի», - կարծում են վերլուծաբանները։

Նախարարներից բոլորը չէ, որ համաձայնեցին նրանց եզրակացությունների հետ, բայց խոստովանեցին, որ գաղափարները նորարարական են։

Ու նորից «Մոսկվայի ձեռքը»

Փոխարենը մասնակիցները համակարծիք էին արտաքին սպառնալիքների հարցում․ տրանսատլանտյան անվտանգության համար լուրջ մարտահրավերներ են շարունակում մնալ Ռուսաստանն ու Չինաստանը։

«Մոսկվան արդիականացնում է միջուկային զինանոցն ու նոր հրթիռներ է տեղակայում ծայր հյուսիսից մինչև Սիրիա ու Լիբիա։ Ռուսական ներկայությունն ուժեղացել է նաև Բելառուսում ու Լեռնային Ղարաբաղում եղած ճգնաժամերի շնորհիվ», - ասել է Ստոլտենբերգը։

«Կրեմլը ձգտում է հեգեմոնիայի նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ ու թուլացնում է դրանց ինքնիշխանությունը։ ՆԱՏՕ-ի համար կարևոր է հարմարվել նոր միջավայրին, ուր վերադարձել է մրցակցությունը մշտապես ագրեսիվ Ռուսաստանի հետ», - գլխավոր քարտուղարին համահունչ ասում են զեկույցի հեղինակները։

«Ռուսական սպառնալիքի չեզոքացման» աշխատանքն արդեն սկսվել է։ Որպես ապացույց Ստոլտենբերգը բերել է Վրաստանի և Ուկրաինայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Այժմ երկու պետությունն էլ դաշինքի ընդլայնված հնարավորություններով գործընկերներն են։

Ռուսաստանին զսպելու համար դաշինքը մտադիր է ընդլայնել ներկայությունը Սև ծովում՝ որպես պատասխան «Ղրիմում ռուսական ռազմական ներկայության ուժեղացմանը»։ Մանրամասները դեռ չեն բացահայտվում։

Սևծովյան առաջնահերթություններ

«ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրն է պատրաստվել ԱՄՆ նախագահի փոփոխությանը։ Դաշինքում հույս ունեն, որ Բայդենը կնպաստի համախմբանը, ու Թրամփի օրոք առաջացած խնդիրները կվերանան։ Բայց դժվար թե ԱՄՆ նոր նախագահն ամբողջությամբ հրաժարվի իր նախորդի ժառանգությունից։ Հաստատ կշարունակի պնդել, որ դաշինքի բոլոր մասնակիցները պետք է իրենց ՀՆԱ-ի երկու տոկոսը տրամադրեն դաշինքի պաշտպանական բյուջեին», - կարծում է Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։

Քաղաքագետը կարծում է, որ Բայդենի գալը չի փոխի ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի լարված հարաբերությունները։ Սակայն հաշվի առնելով Մոսկվայի ներգրավվածությունը միջազգային խնդիրների լայն շրջանակում, դաշինքը չի կարող անտեսել երկխոսությունը թեկուզ զինվորականների մակարդակով։

ՆԱՏՕ-ի օրակարգում սևծովյան խնդիրների առկայությունը Կորտունովը բացատրում է Անդրկովկասում Ռուսաստանի աճող ազդեցությամբ։ «Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ու ռուս խաղաղապահներին մուտքը դաշինքի ուշադրությունից չեն վրիպել։ Դա մոտ է Սև ծովի գոտուն, որը ՆԱՏՕ-ի անդամները նաև իրենց շահերի գոտի են համարում։ Մոսկվայի ուժեղանալն այնտեղ նրանք որպես հնարավոր մարտահրավեր են ընկալում։ Այստեղից էլ Սև ծովի տարածաշրջանի կարևորության մասին հայտարարությունները»։

Սակայն փորձագետը վստահ է, որ Ռուսաստանը Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի համար ռիսկային միակ գործոնը չէ։

«Սև ծովի շրջանում նրանց ամրապնդվելու ծրագրերը կապված են ոչ այդքան Մոսկվայի, որքան Անկարայի հետ, - կարծում է նա, - Չնայած Թուրքիան դաշինքի անդամ է, դրա դիրքորոշումը մի շարք հարցերով տարբերվում է ընդհանուր կարծիքից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարաձայնություններ ունի Հունաստանի, Ֆրանսիայի, նույնիսկ Գերմանիայի ու ԱՄՆ-ի հետ։ Սակայն ՆԱՏՕ-ն ուզում է Թուրքիային դաշինք վերադարձնել։ Եվս մի նպատակ է՝ կրճատել Թուրքիայի ու Ռուսաստանի հետագա մերձեցումը»։

ՆԱՏՕ-ն մտահոգված է արցախյան էսկալացիայով ու կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը

ՆԱՏՕ-ում սևծովյան օրակարգը շարունակում է առաջ տանել նաև Ուկրաինան։ Փորձագետի կարծիքով՝ դաշինքի հետ հարաբերությունների գլխավոր թեման լինելու է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ղրիմում։ «Թերակղզու վրա նոր օբյեկտների կառուցումը Կիևը ներկայացնում է որպես տրանսատլանտյան անվտանգության սպառնալիք։ Ուկրաինայի իշխանությունը շարունակելու է պնդել, որ Ղրիմում ռուսական մարտական համակարգերի տեղակայումը առանձնահատուկ ուշադրություն պահանջող խնդիր է»,  - չի բացառում Կորտունովը։

Հրաժեշտ տալ պատրանքներին

ՆԱՏՕ-ի ուշադրությունը Սև ծովի տարածաշրջանին կսատարի նաև Թբիլիսին, վստահ է Հասարակական գործերի վրացական համալսարանի պրոֆեսոր Տորնիկե Շարաշենիձեն։ Նա բացատրում է դա Հարավային Օսեթիայում ռուս զինվորականների ներկայությամբ։

«Վրաստանը վաղուց պատրանքներ չունի այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ Այնուամենայնիվ փորձում է ընդլայնել համագործակցությունը դաշինքի հետ», - նշում է Շարաշենիձեն։

Նա խոստովանում է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ուժեղացրել է Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում։ Ու ավելացնում է․ «Հայաստանն ունի դաշնակից՝ Ռուսաստանը։ Ադրբեջանն ունի Թուրքիան։ Այդ պետությունների միջև փաստացի ռազմական դաշինք է ձևավորվել։ Վրաստանը նման դաշնակից չունի, մնում է հույսը դնել ՆԱՏՕ-ի վրա»։

Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը. Սարգսյանը` պատերազմի մասին

Չնայած հռետորաբանությանը՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ, ընդհանուր առմամբ, Սև ծովի տարածաշրջանը, փորձագետի խոսքով, առաջնահերթ խնդիրներ չեն։ ՆԱՏՕ-ի անդամների համար հիմա ամենակարևոր խնդիրը Բայդենի հետ երկխոսություն հաստատելն է։ Ու եկող տարվա սկզբին նախատեսված գագաթնաժողովն առաջին փորձությունը կլինի։

0
թեգերը:
գագաթնաժողով, Ջո Բայդեն, Ռուսաստան, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Noble Partner 2020 զորավարժություններին
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ