Հանրապետության հրապարակ

Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել

848
(Թարմացված է 14:07 13.11.2020)
Թաթոյանը`որպես Մարդու իրավունքների պաշտպան, խոստանում է զբաղվել տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում անդրադարձել է երեկ ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրված տեսանյութին, որը հայհոյանք ու ատելություն է պարունակել։

Արման Թաթոյանը դա «բացարձակ անթույլատրելի ու դատապարտելի է» համարում։

Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք»,– գրում է ՄԻՊ–ը։

Նա նաև արձանագրում է, որ դա ակնհայտորեն արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

Видео с нецензурной лексикой и призывами к ненависти на большом экране на площади Республики (12 ноября 2020). Еревaн
Կադր՝ ցուցադրված տեսանյութից

Թաթոյանը`որպես Մարդու իրավունքների պաշտպան, խոստանում է զբաղվել տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով։

«Ըստ այդմ, բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակի սահմաններով»,– պաշտոնյաներին է դիմում Թաթոյանը։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ, քանի որ, նրա համոզմամբ, նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը և կարող են հանգեցնել բռնության:

«Մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից»,– գրում է Թաթոյանը։

Ավարտելով խոսքը` Արման Թաթոյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղաքացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում: Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, և ոչ թե պետությանը քաղաքացուց:

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ

848
թեգերը:
տեսանյութ, ՀՀ ՄԻՊ, ատելություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (630)
Ըստ թեմայի
Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը
Երեխան եղել է մեքենայի մեջ. ՄԻՊ–ը դատապարտել է Միրզոյանի հանդեպ կիրառված բռնությունը
ՄԻՊ-ն այցելել է Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկված մարդկանց
Առաջնագծում

Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ

298
Արմեն Կապրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին ու գնահատել ՀՀ կառավարության քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայ գերիների խնդրին ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքին անդրադառնալը միջազգային հեղինակավոր հասարակական կառույցի կողմից ողջունելի է, բայց նման զեկույցները սովորաբար դեկլարատիվ բնույթ են կրում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին:

«Իհարկե, շատ լավ է որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում  է տվյալ խնդրի վրա, բայց ցավոք, միջազգային կառույցների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը և այլն, նման զեկույցները պարզապես դեկլարատիվ բնույթ են կրում: Իմ պրակտիկայում չի եղել դեպք, երբ պետությունը դասեր քաղի ու փորձի նվազեցնել  գերիների նկատմամբ իր այդ կարգի վերաբերմունքի դեպքերը»,- ասաց  Կապրիելյանը:

Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Մյուս կողմից, սակայն, նրա խոսքով, այսօրինակ զեկույցների քննարկումը միջազգային ատյաններում չի կարող չնպաստել խնդրի հայանպաստ զարգացումներին:

Այդուհանդերձ, Կապրիելյանը միջազգային հանրության կողմից անտարբերություն է նկատում: Իսկ Ադրբեջանի իշխանությունները, նրա դիտարկմամբ, իրենց անմարդկային գործելաոճը հայ գերիների նկատմամբ որդեգրել են 2000 թթ-ի կեսերից և գնալով ավեի են կատարելագործում:

«Սոցկայքերում տարածված որոշակի նյութերից դատելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի վայրագությունները սաստկացել են»,- ասաց նա:

Նշենք, որ Human Rights Watch-ի զեկույցը ևս հիմնված է համացանցում առկա տեսանյութերի վրա: Կազմակերպությունը գրում է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին ֆիզիկական բռնության և նվաստացման է ենթարկել, տեսագրություններում պատկերված է, թե ադրբեջանցի զավթիչներն ինչպես են ապտակում, հարվածում ու ստիպում հայ ռազմագերիներին՝ համբուրել Ադրբեջանի դրոշը, գովերգել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայհոյել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսագրությունների մեծ մասում երևւում են առևանգողների դեմքերը, ինչը վկայում է, որ նրանք չեն վախեցել պատասխանատվության ենթարկվելուց»,-ասված է զեկույցում:

Իսկ Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է, որ ռազմագերիների նկատմամբ դաժան եւ նվաստացուցիչ վերաբերմունքի ոչ մի արդարացում չի կարող լինել: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն նման վարվելակերպի անհապաղ դադարեցումը»,- ասել է նա:

Նրա խոսքով, անկախ այն բանից, թե ինչու են ազերի զինվորներն իրենց այդ կերպ պահում, չափազանց կարեւոր է այդ հանցագործությունների մեղավորներին ու նրանց հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են համացանցում հրապարակված հայ գերիների մասնակցությամբ 14 տեսանյութեր, կապ հաստատել ու խոսել նրանցից 5-ի ընտանիքների հետ:

Human Rights Watch-ը խոսել է նաև փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հետ, ովքեր ՄԻԵԴ-ում ներկայացնում են շուրջ 40 ռազմագերիների ընտանիքների շահերը:

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

Մինչդեռ ադրբեջանական կողմից, կազմակերպության տեղեկություններով, Հայաստանում միայն մի քանի ադրբեջանցի ռազմագերիներ ու երեք օտարերկրյա վարձկաններ են պահվում:

Խոսելով գերիների փոխանակման մասին Արմեն Կապրիելյանը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ այդ հարցի որոշակի ժամանակ, գուցե և ամիսներ է պահանջելու:

Կապրիելյանը  նաև չթաքցրեց, որ զարմացած է մեր երկրի կառավարության մոտեցումից:

«Թվում է, թե կառավարությունն օր ու գիշեր պետք է մտածեր ու զբաղվեր այս հարցով: Բայց հանրությունը, համենայնդեպս, այդ աշխատանքի արդյունքը չի տեսնում: Թե անցած 2 տարում, թե հիմա, երբ այս հարցն արդեն լուրջ մարմնավորում է ստանում ու շատ ակտուալ է, ոչ այդ հանձնաժողովի աշխատանքներն ենք տեսել, ոչ արդյունքները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապրիելյանը:

Նա հիշեցրեց, որ ստեղծվելուց 17 տարի հետո՝  2018-ի գարնանը, հանձնաժողովը լուծարվել էր: Հետագայում այն նորից վերակազմավորվեց արդեն որպես կառավարական հանձնաժողով: Բայց իր աշխատանքի 2 տարվա ընթացքում, ըստ Կապրիելյանի, այն թափանցիկ ու հաշվետու չի եղել հանրության առջև (հանձնաժողովի հետ կապ հաստատելու մեր փորձերը ևս ապարդյուն էին - Ն. Դ.)։

Իսկ գերիների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ու փրկության հարցով, Կապրիելյանի տպավորությամբ, Հայաստանում այսօր ավելի շատ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է աշխատում, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ:

Գերիների հարցով զբաղվող հիմնական միջազգային կառույցը, Կապրիելյանի խոսքով, ԿԽՄԿ-ն է՝ իր առաջնային մանդատով, նաև՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ:

Բայց այս հարցում էական է նաև միջազգային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը, նույնիսկ՝ հեղինակավոր անձանց հետ անձնական կապերը, որոնց շնորհիվ Արմեն Կապրիելյանն իր 17-ամյա գործունեության ընթացքում ականատես է եղել գերիների վերադարձի առանձին օրինակների:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

298
թեգերը:
Ադրբեջան, Արմեն Կապրիելյան, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (630)
Ըստ թեմայի
Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Տիգրան Ավինյանն ընդունել է Լին Թրեյսիին

ԱՄՆ-ն պատրաստ է օգտակար լինել գերիների փոխանակման գործընթացում. դեսպան

27
(Թարմացված է 18:08 04.12.2020)
Հայ-ամերիկյան գործակցությունը կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին վերաբերող հարցեր։ Փոխվարչապետը վերահաստատել է՝ պետք է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը:

«Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգներն օգտակար լինել այս ջանքերում»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը։ Նա նշել է, որ այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ:

Քննարկվել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Թրեյսին խոստացել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ու հայաստանյան բարեփոխումներն առաջ տանելու հարցերում կընձեռի փոխադարձ բարեկեցության առավել մեծ հնարավորություններ։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Այս համատեքստում նա կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի աջակցությունը և դրա հետագա ընդլայնումը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։

Ալիևը հայ գերիների վերադարձը ձգձգում է երկու պատճառով. Այվազյանը փակագծեր է բացում

27
թեգերը:
Արցախ, Պատերազմ, գերի, Տիգրան Ավինյան, Լին Թրեյսի
Ըստ թեմայի
Գերիների ու անհետ կորածների անմեղության կանխավարկածը. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում
Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը
Հայկական կողմը համաձայն է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. նախարար
Ռոբերտ Քոչարյան

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

0
(Թարմացված է 23:49 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա այս պատերազմը չէր սկսվի։ 5 -րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը նշեց, որ ինքը թույլ չէր տա դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք ի վերջո պատերազմի հանգեցրին։ Վստահ է՝ Ալիևն էլ երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել։

«Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ինքն ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմի համար, իրականում, այդպես էլ եղավ հետագայում»,- նշեց Քոչարյանը։

Վստահ է՝ այնուամենայնիվ, եթե պատերազմ էլ սկսվեր, ապա հաստատ չէինք պարտվի, որովհետև նման կոպիտ սխալներ թույլ չէին տրվի։ Նրա խոսքով՝ հիմա էլ պարտությունը ժողովրդի վրա է գցվում։

«Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հարցրեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նշում է՝ մարդիկ դիրքերը թողնում էին իշխանության ստերի, ամեն ինչ վատ կազմակերպելու պատճառով։ Նախագահը հերքեց իշխանության պնդումները, թե իրենք ժառանգել են բանակցային վատ իրավիճակ։ Շեշտում է՝ պարզապես պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ շարունակել։

«Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

0
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Պարտություն, Արցախյան պատերազմ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (630)
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը