Կին

Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից

1162
(Թարմացված է 00:45 28.10.2020)
ՀՀ ՄԻՊ գրասենյակն ու պատկան կառույցներն արձանագրել են, որ ադրբեջանցիները զանգում են սպանված կամ գերեվարված հայ զինվորականների հեռախոսահամարներից։ Այս իրավիճակում չի կարելի մոռանալ զինծառայողների հարազատներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու մասին։

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը ի թիվս այլ խնդիրների ևս մեկ կարևոր խնդիր վերհանեց` ՀՀ քաղաքացիներին ուղարկված ադրբեջանական զանգերն ու հաղորդագրությունները։ Պատերազմի առաջին օրերին Ադրբեջանից կեղծ հաղորդագրություններ ստացան պատահական բաժանորդները, բայց հետո ադրբեջանցիները սկսեցին սպանված հայ զինվորականի հեռախոսից զանգեր ուղարկել նրա հարազատներին ու բարեկամներին։ Եղան նաև դեպքեր, որ հայ զինվորականների ընտանիքներին ուղարկեցին դաժանաբար սպանված զինվորականի լուսանկարները։

Սոցցանցերում առկա տեսանյութերի և Sputnik Արմենիայի սեփական աղբյուրների համաձայն` ՀՀ քաղաքացիներին զանգահարած անձինք զինծառայողների ընտանիքի անդամներին (կանանց, մայրերին, եղբայրներին) հայտնում են, որ զինծառայողը սպանված է։ Բացի այդ, նրանք անպարկեշտ խոսքերով վիրավորում են զոհվածի ընտանիքի անդամներին, նսեմացնում նրանց պատիվն ու արժանապատվությունը, սպառնում ամբողջ հայ ժողովրդի ոչնչացմամբ։ Այդ մարդիկ հիմնականում խոսում են ռուսերեն ակցենտով կամ վատ հայերենով։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման փաստերն արձանագրում է համապատասխան զեկույցներ պատրաստելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար, բայց հազվադեպ է մանրամասներ հրապարակում։ Այդուհանդերձ, ՄԻՊ–ը մի աղաղակող փաստ ներկայացրել էր։

Հոկտեմբերի 16-ին` ժամը 13-ի սահմանում, մի ադրբեջանցի զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են նրան սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով։ Ընդ որում` զանգերը կատարվել են հենց սպանված զինծառայողի հեռախոսահամարից:

«Եղել ենք նաև դեպքեր, երբ հեռախոսազանգեր են ստացել նույն ընտանիքի միանգամից երկու անդամներ, սակայն հաճախ զանգահարում են միայն բարեկամներից մեկին։ Մենք չենք կարող նման դեպքերի կոնկրետ թիվ նշել կամ մանրամասներ բացահայտել։ Մենք այժմ հավաքում ենք բոլոր նման փաստերը», – Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Այս համատեքստում հատկապես արդիական է նման հաղորդագրություններ և զանգեր ստացած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են հայտնվում մայրերը, կանայք, եղբայրներն ու հայրերը։ Բայց Հայաստանում նույնիսկ խաղաղ ժամանակ ընդունված չէ հոգեբաններին դիմելը, պատերազմի ժամանակ` առավել ևս։

Այնուամենայնիվ, Երևանում պատերազմի սկզբից հոգեբանական աջակցության մի քանի անվճար թեժ գիծ է բացվել։ Սակայն բոլոր հոգեբանները մի առանցքային խնդրի են բախվում. մարդն ինքը պետք է դիմի օգնություն ստանալու համար, ինքը պետք է զանգահարի թեժ գծին։ Պատերազմից տուժածներին պարտադիր հոգեբանական օգնություն տրամադրելու մեխանիզմներ չկան։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որևէ քաղաքացի չի դիմել ՄԻՊ–ին հոգեբանական օգնություն ստանալու խնդրանքով։ Նույնը մեզ ասացին Հայաստանում ռազմական դրության ժամանակ բացված պաշտոնական «թեժ գծի» ներկայացուցիչները։

«Զանգահարելով 117 հեռախոսահամարին, այնուհետև հավաքելով 9` քաղաքացիները կարող են անվճար հոգեբանական աջակցություն ստանալ։ Մենք զրույցի գաղտնիությունը չենք խախտում, բայց ադրբեջանական կողմի հետ շփումների վերաբերյալ զանգեր չենք ստացել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին «թեժ գծի» պատասխանատուները։

Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներից զբաղվում է զինված հակամարտությունների հետևանքով տուժածների և զինվորականների խնդիրներով, ասում է, որ լավ կլինի, եթե բոլոր տուժածների ընտանիքների տվյալները հավաքվեն նպատակաուղղված հոգեբանական աշխատանք տանելու համար։

«Զանգերի և շփումների նշված դեպքերը մեծ տրավմա են հասցնում զինվորների հարազատներին։ Նման սթրես ապրած քաղաքացիների հետ պետք է երկարատև հոգեբանական աշխատանք տանել, ցանկալի է դեմ առ դեմ, ոչ հեռախոսով։ Արդյունավետ կարող է լինել խմբային հոգեթերապիան, որի ժամանակ միանման ապրումներով անցած մայրերը, կանայք և մյուս հարազատները պարբերաբար հավաքվեն միասին, պատմեն իրենց ապրումները, սատարեն միմյանց», – ասում է հոգեբանը։

Նրա խոսքով` զինվորների հարազատների հետ ցանկալի է նաև աշխատել նախապես, պատրաստել նրանց նման հնարավոր դիվերսիաների։

«Անգամ եթե մարդն ինքը հոգեբան է կամ բժիշկ, նա նախևառաջ ծնող է, զոհվածի հարազատ, և նրա արձագանքը նման փաստերին համապատասխան է լինելու։ Բայց, ինչպես ասում են, պատերազմը պատերազմ է. բոլորս ենք ապրում հակառակորդի տեղեկատվական դիվերսիայի սպառնալիքի տակ։ Եվ բոլորս պետք է դիմակայենք դրան։ Բացի այդ, մարդը հոգու խորքում (հատկապես մայրերը) վատթարագույնին է պատրաստ։ Հանգուցյալ մայրս ասում էր` մոր մտքինը կպնի սարերերին, հարսի մտքերը կպնեն տղուս։ Այդպիսի հակառակորդ ունեցողը պետք է պատրաստ լինի ամենավատին, ամենասարսափելի երևույթներին», – ընդգծեց Մկրտումյանը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:

1162
թեգերը:
հոգեբան, ծնող, Զինվոր, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին
Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի
Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին
«Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի շքանշաններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու

140
(Թարմացված է 21:23 03.12.2020)
ՀՀ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել` գնահատելով զինծառայողների ավանդը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր մի շարք զինծառայողներ են պարգևատրվել։

Մասնավորապես, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է շարքային Արսեն Մարգարյանը, իսկ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ փոխգնդապետ Համլետ Լևոնյանը, սերժանտ Գագիկ Դավթյանը, սերժանտ Էմին Երիցյանը, շարքային Հրայր Սահակյանը։

Իսկ «Արիության մեդալով» պարգևատրվել են մայորներ Վահե Հայրապետյանը, Վահագն Աղաբեկյանը և Հայկ Նիկողոսյանը։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է բժշկական ծառայության մայոր Վարդան Ղուշչյանը։

Արցախի նախագահը մի շարք ոստիկանների հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով

«Մարտական ծառայության» մեդալով էլ պարգևատրվել է մայոր Արման Բաբաջանյանը։

Բացի այդ, նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ։ Մասնավորապես, «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել մայոր Արա Զաքարյանը, ավագ սերժանտներ Հակոբ Պռոշյանը, Սամվել Բաղդասարյանը, Ժիրայր Բալյանը, սերժանտ Նորայր Նահապետյանը, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը, շարքայիններ Ժորա Մուրադյանը, Արսեն Գրիգորյանը, Արայիկ Ալեքսանյանը, Կարեն Սոֆյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

140
թեգերը:
պարգևատրում, մեդալ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Նոր ազգային հերոս ունենք. գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով
Տասներկու զինվորականներ պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշաններով
Բարձրաստիճան սպաները պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Սեյրան Սողոյան

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

8780
(Թարմացված է 20:46 03.12.2020)
Սեյրան Սողոյանն Արցախում վիրավորված զինվորներից մեկն է։ Հիշում է` ինչպես է բժիշկը մոտեցել, զննել, հարց տվել, բայց ինքը չի կարողացել պատասխանել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ծնված 20-ամյա Սեյրան Սողոյանին ընդամենը 3 ամիս էր մնացել բանակում ծառայությունը վերջացնելու համար, երբ սկսվեց պատերազմը։ Մինչ այդ Սեյրանի միակ մտածմունքն այն էր, թե տուն վերադառնալիս որ հագուստին է փակցնելու ծառայության ընթացքում ստացած երկու մեդալը, որ ավելի գեղեցիկ լինի ու ուրախացնի ծնողներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվեց պատերազմը։ Որոտանում (Կուբաթլու) ծառայող տղաներն առաջինն էին, որ ուղևորվեցին Արցախի ամենակարևոր բնագծերից մեկը՝ Ջաբրայիլը պաշտպանելու համար։ Պատերազմի օրերին Սեյրանը վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր էր:

Ասում է` դժվար օրեր շատ են տեսել, բայց հաղթահարել են իրենց միասնության շնորհիվ։ Ճիշտ է` հայկական կողմն ունեցավ շատ կորուստներ` թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի, բայց այդ ամենը գալիս էր ոչ թե զինվորների կազմակերպվածությունից, այլ անհավասար ուժերից։

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

«Վիրավորվելուս նախորդ օրը պատերազմական ընթացքի ամենածանր օրն էր. շատ մութ էր, հետո էլ հեղեղի պես անձրև էր գալիս։ Մոռացել էինք, որ թաց ենք, որ ցուրտ է, առաջ էինք գնում, բայց տեսանք, որ թշնամու կողմից ավելի քան 100 տանկ է մեզ վրա գալիս։ 2 տանկային վաշտով առաջ գնացինք ոչ թե ավելի վերադասի հրամանով, այլ մեր հրամանատարի, որովհետև թշնամին գալիս էր, իսկ մենք հրաման չէինք ստանում։ Հիշում եմ` կապիտան Ղազարյանը կապով մեզ հետ խոսում էր, ամեն տանկին խփելիս ասում` ապրեք, տղերքս։ Դրանից ավելի էինք ոգևորվում»,– պատմում է տղան։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը հիշում է, որ երբ իր տանկը թշնամուն թիրախավորվելու ժամանակ խափանվեց, տանկի մեխանիկը` Արթուր Խաչատրյանն այդ պահին կարողացավ տանկի աշտարակի դիրքն այնպես փոխել, որ անձնակազմի կյանքը փրկվեց։

Ինչ–որ պահի Սեյրանն անձամբ է ղեկավարել տանկերի գործողությունները, հրամաններ տվել, ինչի շնորհիվ տանկի նշանառուներից Անդրանիկ Մանուկյանը և Սամվել Մաթևոսյանը 4-5 տանկ են խոցել։

«Այնքան հպարտ էի այդ պահին, ոչ մի բանի մասին չէի մտածում, բացի նրանից, որ չթողենք թշնամին առաջ գա։ Չեմ սիրում «ցավոք սրտի» արտահայտությունը, բայց ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերը խիստ անհավասար էին։ Մենք մեր տանկերով մի քիչ հետ գնացինք, ասեցին` պետք է մի օր սպասենք, հանգստանանք, բայց սպասելը շատ հարաբերական է, իսկ հանգստանալ չէր ստացվում․ մի աչքներս փակ, մյուսը բաց քնել էինք»,– պատմում է նա։

Ովքեր Ջաբրայիլում հարազատներ, ընկերներ ունեն, գիտեն հոկտեմբերի 5–ի իրադարձությունների մասին։ Առավոտյան թշնամին հրետանիով 3 կողմից՝ առջևից, աջից ու ձախից, հարձակում է գործել։

«Ասել, թե ծանր մարտեր էին, նույնն է, որ ոչինչ չասել։ Ջաբրայիլում ամենաշատ զոհերը հենց հոկտեմբերի 5–ին ունեցանք։ 100 տոկոսով վստահ էի, որ սաղ չեմ մնալու` կա՛մ պետք է վիրավոր լինեիր, կա՛մ մեռնեիր, որովհետև 3 կողմից թշնամին կրակում էր։ Անօդաչուները խոցեցին մեր տանկերից մի քանիսը։ Երբ նկատեցի, որ իմ վաշտից 2–ը վիրավոր են, մի ձեռքով մեկին, մյուս ձեռքով մյուսին գրկած տեղափոխեցի մեքենայի մեջ։ Նրանցից մեկին ասեցի` քեզ հեռախոսահամար ասեմ (հորս համարն էի տալիս), հասնես հիվանդանոց, կզանգես ու կասես, որ ես իրենց շատ եմ սիրում։ Ինքն էդ պահին խփեց ուսիս ու ասեց, որ չի ասի, ասեց` դու անձամբ կգնաս, կասես։ Էդ պահին աչքերիցս արցունքը գնաց, բայց չէ, չէի լացում»,– վստահեցնում է նա։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանն ընկերներին մեքենա տեղափոխելուց հետո դիրք է վերադարձել ու տեսել այն, ինչից ողջ պատերազմի ընթացքում վախենում էր։ Սեյրանի աչքի առաջ, նրա ձեռքերի մեջ զոհվել է ամենամոտ ընկերը։

«Էդ պահին ընկերներս ինձ մի կողմ քաշեցին, հիշում եմ, որ տեսա` թշնամին մեծ ուժերով առաջ է գալիս, իսկ իմ տանկը բարձր դիրքում կանգնած է, հրամանատարին խնդրեցի, որ թույլ տա, գնամ, իմ տանկից կրակեմ, ասեց` չէ, տանկը նշանառման տակ է, վտանգավոր է... Ես առաջին անգամ չլսեցի հրամանատարիս, բարձրացա տանկի վրա ու չհասցրի ներս մտնել, թշնամին կրակեց։ Էդ պահից սկսած` ոտքերս չեմ զգում, գնդակը ողնաշարս է վնասել, թոքիս էլ էր կպել, բերանիցս արյուն էր գալիս, խոսել չէի կարողանում։ Միանգամից ընկա տանկի մեջ։ Մեխանիկն էնտեղ էր...»,- պատմում է Սեյրանը։

Հետո բացատրում է, որ տանկի աշխատանքի ընթացքում երբ խափանում է լինում, իրենք մեխանիկին, որը համարյա իրենց ոտքերի տակ նստած է, ոտքով նշան են անում, որ իրենց նայի։

«40 րոպե ավելի ծանր վիրավորներին ենք դուրս բերել». վիրավոր Ժորան կրկին քայլել է սովորել

«Քանի որ ոտքերս չէի զգում, խոսել էլ չէի կարող, մի երկաթի կտոր աչքովս ընկավ, մեխանիկիս ուղղությամբ խփեցի, նայեցի ինձ, տեսավ, որ վիրավոր եմ, կապ տվեցին իրար, միայն հիշում եմ, որ ինձ տանկից հանեցին ու պառկեցրին գետնին, էդ պահին հանգիստ շունչ քաշեցի, ու աչքերս փակեցի»։

Սեյրանը լսում է, թե ինչպես է բժիշկն իրեն մոտեցել, զննել, հարց տվել, սակայն չի կարողացել պատասխանել, անգամ մատները շարժել չի կարողացել։ Մտածել են` մահացել է, հրաման են տվել մահացածների մոտ տեղափոխել։

«Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես սաղ եմ։ Ու չգիտեմ ինչպես բժշկի ձեռքն եմ բռնել։ Ինձ արագ տեղափոխել են «Ուրալի» մեջ ու արագ քշել, որ թշնամին չհասցնի կրակել։ Այդ արագությունից ու քանդված ճանապարհներից մեջքս ջարդուփշուր էր լինում, շատ էր ցավում։ Մեքենայի մեջ մի տղա կար, Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ։ Տեսավ, որ մեջքս ցավում է, ամբողջ ճանապարհին գրկեց ինձ ու մատերով աչքերս բռնել էր, որ չփակեի, եթե նա չլիներ, երևի այստեղ չէի լինի»,– ասում է երիտասարդը։

Սեյրանին տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, հետո ուղղաթիռով` Երևանի «Էրեբունի» հիվանդանոց։ Բժիշկները, որոնց Սեյրանը հրաշագործներ է անվանում, կարողանում են նրա կյանքը փրկել։

Սեյրանի հարազատ քույրը «Էրեբունի» հիվանդանոցում է աշխատում, բայց տեղյակ չի լինում եղբոր վիրավորվելու մասին։ Գալիս է վերակենդանացման բաժանմունք ու տեսնում եղբորը, մահճակալի վրա գրված «անհայտ» բառը ու կորցնում իրեն։ Հետո պոկում է այդ գրությունը և գրում եղբոր անուն–ազգանունը։

Հիմա Սեյրանը գտնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Ասում է՝ հիվանդանոցում էլ, կենտրոնում էլ հիանալի վերաբերմունքի է արժանանում և իրեն գնահատված զգում։

Реабилитационный центр Защитника Отечества, где проходит лечение участник карабахской войны, солдат-срочник Сейран Согомонян (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հատկապես ուրախացել է, երբ ծառայակից տղաները, որոնց կյանքը փրկել է, այցելել են իրեն ու շնորհակալություն հայտնել։

Սեյրանը հավատում է Աստծուն ու հրաշքների գոյությանը, ասում է, եթե Ջաբրայիլից այստեղ է հասել, արդեն հրաշք է կատարվել։ Հիմա նոր հրաշքի է սպասում, հույս ունի, որ քայլելու է։

«Սկզբից չէի կարողանում անգամ ձեռքերս շարժել, իսկ հիմա արդեն նստում եմ։ Օրեցօր դրական դինամիկա եմ տեսնում, երկու ամիս էր փորի վրա չէի պառկել, դա էլ ստացվեց»,– ասում է նա։

Բժիշկները նշում են` ամեն ինչ Սեյրանից, նրա օրգանիզմից ու ժամանակից է կախված։

Солдат-срочник Сейран Согомонян, учавствовавший в карабахской войне (2 декабря 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեյրան Սողոյան

Սեյրանը դեռ շատ անելիքներ ունի, պետք է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը ավարտի։ Այս ընթացքում որոշել է երկրորդ մասնագիտություն սովորել և բժիշկ դառնալ։

«Ինձ վիրահատող բժիշկը 2 ամիս տուն չէր գնացել, գիշեր–ցերեկ վիրահատություններ էր արել ու կյանքեր փրկել, իրական հերոսները նրանք են»,– շեշտում է նա։

Մինչ Սեյրանը խոսում է իր հերոսի մասին, իմ նոթատետրում ևս մեկ հերոսի անուն է ավելանում`Սեյրան Սողոյան։

Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում

8780
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Պատերազմ, Արցախ
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

226
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

226
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան