ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է գրանցվել։ Նշենք, որ նման ցուցանիշ առաջին անգամ է արձանագրվում։
«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 13 տղամարդ և 10 կին։ Տղամարդիկ եղել են 57, 75, 71, 51, 70, 83, 44, 82, 61, 69, 58, 67 և 73 տարեկան, իսկ կանայք` 62, 77, 83, 92, 62, 67, 60, 61, 64 և 87 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք, որոնցից 50 908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377 340 թեստավորում:
Սարսափելի թվեր. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 32 հազարը
Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2314 նոր դեպք: Ունենք 207 առողջացած:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:


