Հաքեր

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ

238
(Թարմացված է 21:15 22.10.2020)
Մեր օրերում սոցիալական ցանցերի խելահեղ տարածվածությունը այս կամ այն կերպ ազդում է արցախյան պատերազմի վրա, առավել հաճախ` բացասաբար։ Փորձագետները մի քանի խիստ օգտակար խորհուրդ են տալիս օգտատերերին։

Ցանկացած պատերազմի ժամանակ սոցիալական ցանցերը կարող են հիմնականում երկու ուղղությամբ վնաս հասցնել։ Առաջինը կեղծ և շոկային բովանդակություն ունեցող տեքստերի տարածումն է, երկրորդը՝ կարևոր տեղեկության չկանխամտածված արտահոսքը։

Վնասակար բովանդակություն

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` այսօր շատերը փորձում են համացանցի հերոս դառնալ։ Այդ տեսանկյունից արցախյան պատերազմի առաջին օրերին ամենավնասակար կոնտենտը տարածվում էր TikTok սոցիալական ցանցում։

«Այդ հարթակում շատ է այն մարդկանց թիվը, որոնք փորձում են գումար աշխատել «հայփի» հաշվին, և պատերազմի առաջին օրերին այնտեղ սկսել էին մեկը մյուսի հետևից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել այն մասին, թե ինչպես են մեկնում կամավորների ավտոբուսները, ինչպես է տեղաշարժվում տեխնիկան և այլն։ Բնական է, որ այդպիսի հրապարակումները շատ դիտումներ էին հավաքում, բայց փաստացի դրանք օժանդակում էին հակառակորդի ռազմական հետախուզությանը»,-Sputnik Արմենիային ասաց մասնագետը։

Պատերազմից առաջ TikTok-ը ամենաշատ ներբեռնվող հավելվածն էր։ Ընդ որում՝ սկսել էր պահանջված դառնալ ոչ միայն դեռահասների, այլև երիտասարդների և ավելի ավագ սերնդի շրջանում։

Բայց այդ չինական հավելվածի հայ օգտատերերը աստիճանաբար սկսեցին հասկանալ նմանատիպ հրապարակումների վտանգը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել դրան։

Քաղաքագետ, ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Կնյազ Սարոյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ իրադարձությունների վայրում արված սելֆին ու տեսանյութը հակառակորդին թույլ են տալիս հաշվարկել տեղանքի կոորդինատները և ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել:

Համբերել և զգույշ լինել. հոգեբանը` պատերազմական իրավիճակում հայտնվածների խնդիրների մասին

Նրա խոսքով` հայկական լրատվամիջոցներն այդ առումով բավականին գրագետ են աշխատում, ինչը չի կարելի ասել սոցիալական ցանցերի օգտատերերի մասին:

«Այդ տեսանկյունից պետք է բնակչության մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-ընդգծեց Սարոյանը։

«Թրոլերի ֆաբրիկա»

Սոցիալական ցանցերից բխող հիմնական վտանգներից մեկը Ադրբեջանի, այսպես կոչված, «թրոլերի ֆաբրիկայի» համակարգված հարձակումներն են։

«Հայաստանում այդ երևույթների մասին վաղուց էին խոսում, իսկ հիմա Facebook-ի ադմինիստրացիան ևս սկսել է արգելափակել դրանք»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Մեկ շաբաթ առաջ Facebook-ի ղեկավարությունը ջնջել է հազարավոր ֆեյք էջեր, որոնց հեղինակները համագործակցում էին Ադրբեջանի իշխանությունների հետ։

Մասնագետի խոսքով` խաղաղ ժամանակ Ադրբեջանի «թրոլերի ֆաբրիկան» աշխատում է երկրի քաղաքական ընդդիմության դեմ, իսկ հակամարտության սրման ժամանակ՝ Հայաստանի։

Ադրբեջանում սոցիալական ցանցերն արգելափակվել են պատերազմի հենց առաջին օրերին։ Բայց արգելափակումը չի տարածվում «հավաքագրված» օգտատերերի վրա։

Մարտիրոսյանի խոսքով՝ «թրոլերի» մի մասը Ադրբեջանի իշխող կուսակցության երիտթևի ներկայացուցիչներն են։ Մյուս մասը պարզապես համագործակցում է պետության հետ։ Այդ մարդիկ «ֆեյք» են աշխատում որոշակի աշխատավարձի դիմաց։

«Անգամ Facebook-ը նկատել էր, որ նրանք ակտիվ են միայն աշխատանքային ժամերին։ Բայց նրանց, իհարկե, պատերազմի պատճառով մոբիլիզացրել են։ Կան «կենտրոնակայաններ», որտեղ շատ լավ ինտերնետ կա, մինչդեռ ամբողջ Ադրբեջանում թրաֆիկը մոտ տասն անգամ պակասել է, իսկ սոցցանցերի թրաֆիկը գործնականում զրոյական է»,-ասում է նա»

«Թրոլերը» հայերի դեմ հոգեբանական աշխատանք են իրականացնում՝ տարածելով ապատեղեկատվություն, քարոզչական նյութեր, հատուկ պատրաստված տեսահոլովակներ և հոգեբանական ազդեցություն ունեցող լուսանկարներ։

«Սա նոր երևույթ չէ։ Պետական մակարդակով նման համակարգված գործունեությունը Ադրբեջանում իրականացվում է 2014-2015 թվականներից։ Ընդ որում՝ ներքաղաքական դաշտում դա թույլ է տալիս ճնշում գործադրել ընդդիմադիրների վրա»,-ավելացնում է փորձագետը։

«Կոտրած» օգտահաշիվներ

Հաճախ նաև «կոտրում» են հայ օգտատերերի հաշիվները։

«Դա հիբրիդային բաղադրիչ է, երբ ադրբեջանցի հաքերները կոտրում են էջերը և տվյալները փոխանցում «թրոլերի ֆաբրիկային» կամ հատուկ ծառայություններին։ Այդպես կարելի է հայերի անունից հեշտությամբ կեղծ նորություններ տարածել, ընդ որում, որպես կանոն՝ հայերեն»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նման բան հաճախ էր տեղի ունենում Twitter-ում այս տարվա հուլիսին տավուշյան հատվածում իրավիճակի սրման օրերին։

Անկախ հետազոտողներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են սոցցանցերում պետական քարոզչության բացահայտմամբ, Twitter-ում մոտ 30 հազար կեղծ հաշիվներ են հայտնաբերել, որոնք համակարգված կերպով նույն ժամանակահատվածում նույն տեղեկությունն էին տարածում։ Սոցիալական ցանցի ադմինիստրացիան դրանց մի մասն արգելափակել է, բայց մյուս մասը դեռ ակտիվ է։

«Հաքերներն, օրինակ, կարող են «իրենցով անել» որևէ էջ, որտեղ 30 հազար հայ հետևորդ կա։ Իսկ մեր օգտատերերը հիմնականում չեն փորձում պարզել աղբյուրը և կեղծ լուր են տարածում»,-նշում է փորձագետը և քաղաքացիներին կոչ անում այս կամ այն տեղեկությունը տարածելուց առաջ անպայման ստուգել աղբյուրները։

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

Կնյազ Սարոյանն էլ ընդգծում է, որ ֆեյքերն առավել հաճախ շոկային կոնտենտ են տարածում։ Նրանց նպատակը զգացմունքային ցնցում առաջացնելն է։ Հենց այդպիսի կոնտենտն է ամենից շատ տարածվում։

Քաղաքագետի խոսքով՝ նման բովանդակությունը վտանգավոր է նրանով, որ բնակչության շրջանում վախ և խուճապ է առաջացնում։ Առավել ևս, որ շատերի համար սոցիալական ցանցերը տեղեկությունների հինական աղբյուրն են։

«Քանի դեռ մեր օգտատերերի մեդիագրագիտությունն այնքան էլ բարձր չէ, որ պարզապես արգելափակեն կամ բողոքարկեն նման էջերը, ապա բնական է, որ դրանց գործունեությունը էական բացասական ազդեցություն է գործելու մեր մեդիադաշտում»,-նշում է Սարոյանը։

Նա ավելացնում է, որ ադրբեջանական կողմը նույնքան ակտիվ աշխատում է նաև արտաքին լսարանի վրա։ Ակնառու օրինակ են միջազգային լրատվամիջոցների հրապարակումների տակ գրված բազմաթիվ մեկնաբանությունները։ Նմանատիպ գործողություններով հակառակորդը ջանում է հայատյաց կոնտենտ տարածել։

238
թեգերը:
Սամվել Մարտիրոսյան, Կնյազ Սարոյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Սթրեսակայունության մարզումներ. ինչ է անհրաժեշտ իմանալ պատերազմական դրության ժամանակ
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է
Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը
Հովհաննես Պետրոսյան և Տիգրան Չամաքյան

Արժանապատվության վերականգման պահանջով. Գյումրիում տնօրենի հացադուլին ազատամարտիկ է միացել

73
(Թարմացված է 15:25 02.12.2020)
Հովհաննես Պետրոսյանն ու Տիգրան Չամաքյանը վստահեցնում են՝ անժամկետ հացադուլը կշարունակեն մինչ իշխող ուժի հեռացումը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ից Գյումրիում անժամկետ հացադուլ հայտարարած՝ Գյումրու թիվ 2 դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանին երեկ երեկոյան միացել է նաև ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Տիգրան Չամաքյանը: Պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների հրաժարականը։

«Պահանջս իմ ու ողջ հայ ազգի արժանապատվության վերականգնումն է: Այս դաժան պարտությունն ունի պատասխանատուներ, ովքեր իրենք էլ չեն հերքում դա, և եթե ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ վարչապետի գիտակցում է պատասխանատվությունը, պետք է հեռանա, քանի որ նման պարտություն ու նման ստորացում հայ ազգը երբեք չի ունեցել»,-Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՅԴ-ական տնօրենը:

Սա, ըստ տնօրենի, նաև սերունդների վերադաստիրակության խնդիր է առաջ բերել:

«Ստեղծված իրավիճակի մեջ բոլորս մեր սխալներն ունենք, ուզում եմ, որ բոլորս մեր մեղքի համար պատասխան տանք։ Դավաճաններ են եղել՝ ես պահանջում եմ բոլորի անուններն ու պատիժը»:

Ի դեպ, այս պատերազմում Հովհաննես Պետրոսյանի ղեկավարած դպրոցի 3 սան է զոհվել: «Կապ չունի, որ դպրոցի սան է, բոլոր զոհվածները մեր սաներն ու մեր սերունդն է, բոլորն էլ մերն են»:

Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին

Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց հացադուլ հայտարարած Հովհաննես Պետրոսյանին միացել է նաև Տիգրան Չամաքյանը, ով նախկինում զբաղեցրել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Նա արցախյան երեք պատերազմների մասնակից է, առաջնագծից վերադարձել է մի քանի օր առաջ։ Տիգրանը վստահեցնում է՝ պարտությունը հանրապետությունը ղեկավարող քաղաքական ուժինն է, ոչ թե զինվորինը:

«Պարտությունը նոր չէ, 2 ու կես տարի առաջ է գրանցվել, երբ քարը քարին չի թողնվել՝ քանդվել է ամեն ինչ՝ եկեղեցուց ու դպրոցից մինչև բանակ, ու վատն այն է, որ այդ քանդողները հիմա մեղադրում են զինվորին ու ժողովրդին»,-նշեց Տիգրան Չամաքյանը:

Գյումրիում մարտական ական է հայտնաբերվել

Հովհաննես Պետրոսյանն ու Տիգրան Չամաքյանը վստահեցնում են՝ անժամկետ հացադուլը կշարունակեն մինչ իշխող ուժի հեռացումը:

73
թեգերը:
Հրաժարական, հացադուլ, Գյումրի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
«Նիկոլը պետք է հեռանա». Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել
Հացադուլին է միացել նաև զոհված զինծառայողի մայրը․ Գեղամ Մանուկյան
Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստ է անցկացնում

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

49
(Թարմացված է 13:59 02.12.2020)
Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ համավարակի հենց սկզբից Մոսկվան հսկայական օգնություն է ցուցաբերել ՀԱՊԿ դաշնակիցներին վարակի դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.  Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ կմատակարարի: Տեղեկությունը ՀԱՊԿ նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված բարդ իրավիճակում ստիպված են եղել առաջնահերթ կարգով զբաղվել առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում առաջացած սուր հարցերի լուծմամբ:

«ՀԱՊԿ պետությունները սերտ փոխգործակցություն են հաստատել վարակի դեմ պայքարի ոլորտում։ Ռուսաստանը ՀԱՊԿ երկրներին բժշկական սարքավորումներ, տեխնիկա, թեստային համակարգեր է մատակարարել։ Ներկայում մշակվում են ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական «Սպուտնիկ V» պատվասատանյութ մատակարարելու հարցերը», - նշել է նախագահը։

Նա հավելել է, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ գործընկերների հետ պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը։

Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ

49
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Վլադիմիր Պուտին, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվեն ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Բողոքի ակցիա, քրեական գործ

ՔՊ–ի գրասենյակից զինվորական համազգեստ ու զենք չի բաժանվել. քրգործի հարուցումը մերժվել է

0
(Թարմացված է 16:43 02.12.2020)
Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել։

ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին 17 կուսակցությունների նախատեսած գործողությունների ընթացքում սադրանքներ, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցվել իշխանությունների կողմից, ինչի նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իրենց համակիրներին:

Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում նշվածի կապակցությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակում իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված տեղեկությունների իսկությունը պարզելու, հնարավոր հանցավոր արարքների հատկանիշներ հայտնաբերելու նպատակով:

Բացատրություններ են վերցվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից: Նրանք ասել են, որ նման տեղեկությունները լսել են նոյեմբերի 11-ին Բաղրամյան փողոցում ընթացող հավաքի մասնակիցներից, մամուլից՝ հավելելով, որ չեն ճանաչում դրանք հայտնող անձանց, չգիտեն՝ վերջիններս ովքեր են, այսինքն` պատգամավորների կողմից չեն հայտնվել որևէ որոշակի, կոնկրետացնող տվյալներ:

Բացատրություն է վերցվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներից, որոնք կտրականապես հերքել են այդ տեղեկությունները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազության կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ իրականացնելու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ստուգելու նշված հանգամանքները, պարզելու ՔՊ գրասենյակից որևէ մեկին երբևէ զենք կամ զինվորական համազգեստ հատկացնելու, ինչպես նաև ԲՀԿ պատգամավորին նշված տեղեկությունները հայտնած անհայտ անձանց պարզելու, նրանց քննությանը ներկայացնելու ուղղությամբ, որոնց արդյունքում ևս նշված տեղեկությունները չեն հաստատվել:

Ելնելով վերոնշյալից՝ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպվում, մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

0
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Հայաստան