ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետք է զերծ մնալ զինվորների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու առաջարկից։
«Համացանցում նկատվում են հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից»,–նշված է հայտարարության մեջ։
ԱԱԾ–ն հորդորում է նման հարցադրումներ ունեցող անհատներին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար:
ԱԱԾ–ն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա։
Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք արձագանք է խոստանում
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա»-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել։
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։