ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 10-ի դրությամբ հանրապետության դպրոցների աշխատակիցներից 6000-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով այս օրերին ուսումնական տարվան ընդառաջ ուսուցիչների թեստավորման գործընթացին։
«Ըստ թեստավորման արդյունքների` կորոնավիրուս է հայտնաբերվել միայն 1 տոկոսի մոտ, ինչը շատ լավ արդյունք է»,–ասաց Հարությունյանը` հավելելով, որ այս պահին թեստավորման գործընթացը դեռ շարունակվում է։
Նախարարի խոսքով` սեպտեմբերի 15-ին դպրոցներում 97 տոկոս հաճախելիություն է եղել, ինչը ցույց է տալիս, որ նախարարությունը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ըստ Հարությունյանի` հասարակությունն ու ծնողներն ուզում են, որ դասապրոցեսը լինի առկա եղանակով։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին, օրինակ, դասերի ժամանակ դիմակ կրելուն, սա էլ միտված է, որպեսզի կորոնավիրուսի բռնկում չլինի, չնայած, ըստ նախարարի, թվերի որոշ տատանումներ կլինեն։ Այնուամենայնիվ, Հարությունյանը վստահեցնում է` այս պահին դիմակ դնելու համար լուրջ բողոքներ չեն ստացել։
Ուսուցիչներին թեստավորող ԲԿ–ներում խախտումներ են գրանցվել. մանրամասներ
Նախարարը հայտնեց նաև, որ բուհերի անձնակազմը նախարարության կողմից թեստավորելու մասին դեռ որոշում չկա. բուհերն իրենք կարող են նման նախաձեռնությամբ հանդես գալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ից մեկնարկել էր դպրոցների անձնակազմի թեստավորումը. մոտ 30 000 մարդ է թեստավորվել։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ դպրոցներում դասերը սկսվեցին սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Դասերի ժամանակ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչի, ինչպես նաև դասամիջոցներին չի թույլատրվի դասասենյակից դուրս գալ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


