ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն օրերս հայտարարեց, որ մոտ ապագայում պատրաստվում է փոքր տարողությամբ 100 ավտոբուս գնել։ Մրցույթն արդեն ավարտվել է, առաջիկա օրերի ընթացքում գնահատող հանձնաժողովը կտա իր եզրակացությունը և նոր ավտոբուսները կմատակարարվեն ՀՀ մայրաքաղաք։
Ու թեև քաղաքապետարանը խոստանում է, որ ավտոբուսները լինելու են ժամանակակից ու հարմարավետ` ապահովված ջեռուցման և օդափոխման, քարտային տոմսավորման համակարգերով, GPS սարքերով, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակներով ու կանգառի ազդանշանման կոճակներով, ինչպես նաև հարմարեցված` հաշմանդամություն ունեցողների համար, և որ դրանցում ուղևորները կկարողանան կանգնել ամբողջ հասակով, առանց կռանալու, բայց մասնագիտական շրջանակներում այս լուրն ավելի շատ դժգոհություն առաջ բերեց, քան ոգևորություն։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փոքր ավտոբուսների գնումը մտահոգիչ համարեց` որակելով որպես «աննպատակ ու չնախատեսված ծախս»։
Պիպոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը բրիտանական WYG խորհրդատվական ընկերությանը 850 000 դոլար վճարեց Երևանի տրանսպորտային ցանցի նախագծման համար, և այդ ցանցում, ըստ նրա, միկրոավտոբուսներ նախատեսված չեն։
«Մեր ցանցով Երևանում պետք է աշխատեն առնվազն 35 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ ավտոբուսներ, և 100 նման միկրոավտոբուս նախատեսված չէ։ Եթե մենք սկսենք ինքնուրույն ձևափոխել այն ցանցը, որի համար վճարել ենք գրեթե 1 մլն դոլարի հասնող գումար, ապա ինչո՞ւ էինք վճարում, եթե ինքնուրույն կարող էինք կազմել»,– ասաց Պիպոյանը։
Միջազգային խորհրդատուի նախանշած չափորոշիչներից նույնիսկ չնչին շեղումները, Բաբկեն Պիպոյանի համոզմամբ, հանգեցնելու են նոր` շղթայական շեղումների ու ի վերջո Երևանը ստանալու է տրանսպորտային մի համակարգ, որը ոչ մի կապ չունի այն համակարգի հետ, որի դիմաց վճարել է։
«Չի բացառվում, որ այս սխալ ծախսով վաղը շատ ավելի մեծ սխալ անենք։ Սա ներդնենք այն ցանցի մեջ, որով այսպիսի շարժակազմեր չեն նախատեսում, հետո ստիպված կլինենք ասել. «Բայց ոնց որ թե միջազգային խորհրդատուն մեզ սխալ խորհուրդ էր տվել»։ Հետո միջազգային խորհրդատուն կգա, կասի. «Վայ, գիտեք, ես այսպես չեմ ասել, ես այսպես եմ ասել»։ Մենք էլ կասենք. «Դե որ այդպես է, մենք մտածել էինք, որ դա մոտավորապես նույնն է»։ Կգնանք մեկ ուրիշ բան կառնենք ու կստացվի, որ այս ծախսն անիմաստ էր»,– ասաց նա։
Երևանյան փողոցների համար նախանշված ավտոբուսների չափերի փոփոխությունը, Պիպոյանի կարծիքով, կհանգեցնի նաև ուղևորային ամբողջ ցանցի, այս թվում և ժամանակացույցերի փոփոխության, քանի որ խորհրդատուի կազմած ցանցում հաշվի է առնված նաև ժամանակային տեղփոխերի հարցը։
Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը` տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին
Մյուս կողմից իրականացվող բոլոր հավելյալ ծախսերն իրենց ազդեցությունն են ունենալու նաև տրանսպորտի սակագների վրա։
Երևանի քաղաքապետարանից, սակայն, Sputnik Արմենիային վստահեցրեցին, որ փոքր տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումն ու շահագործումը որևէ սակագնային փոփոխության չի հանգեցնի:
Ինչ վերաբերում է ներկրվող ավտոբուսներին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ներկրվող ավտոբուսներն ունենալու են մինչև 25-30 մարդ տեղափոխելու հնարավորություն ունեն:
Ու թեև բրիտանական WYG խորհրդատվական կազմակերպության առաջարկով Երևանի նոր տրանսպորտային ցանցում ներգրավված ամենափոքր ավտոբուսները պետք է լինեն 45-55 տեղանոց, բայց քաղաքապետի խոսնակը վստահեցրեց, որ 25-30 տեղանոց ավտոբուսների ներկրումը չի հակասում բարեփոխումների ծրագրին։
«Նախ, հարկ է նշել, որ բրիտանական ընկերությունը քաղաքին տվել է խորհրդատվություն, որի հիման վրա քաղաքը կառուցելու է նոր երթուղային ցանցը: Կախված ցանցի ներդրման ընթացքում ի հայտ եկած փաստացի հանգամանքներից, ցանցը կարող է այս կամ այն փոփոխությունը կրել: Մասնավորապես, ընկերության առաջարկած փոքր տեղատարողության՝ 7.5-8.5 մետրանոց ավտոբուսների փոխարեն ներկրվող մինչև 7 մետրանոց 100 ավտոբուսները պակաս թվով մարդկանց են տեղափոխում, բայց մյուս կողմից ավելի շարժունակ են փոքր ու նեղ փողոցներում, ինչպիսին, օրինակ, Սարի թաղի փողոցներն են»,– ասաց Հակոբ Կարապետյանը։
Նա նաև հիշեցրեց, որ հիշյալ փոքր տեղատարողության ավտոբուսներն առաջարկված ցանցի միայն մի մասն են կազմում: Դրանցից բացի քաղաքային շարժակազմում ընդգրկվելու են նաև 12 և 18 մետրանոց ավտոբուսներ ու շուրջ 100 տրոլեյբուս, որոնց ձեռքբերումն ու շահագործումը շարունակում է մնալ Երևանի քաղաքային իշխանության օրակարգում: Կարապետյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանն առաջիկայում 12 մետրանոց 100 ավտոբուսի համար նոր մրցույթ կհայտարարի, քանի որ այս տարվա ապրիլին հայտարարված նախորդ մրցույթը չէր կայացել մասնակիցների՝ մրցութային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:
Երևանի տրանսպորտային ցանցը հիմնովին բարեփոխելու, հին, մաշված միկրոավտոբուսներից, «ԳԱԶԵԼ»-ներից ձերբազատվելու ու մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանի նախկին իշխանությունը տրանսպորտային ցանցի նոր նախագիծ էր մշակել, որը, երևանցիներին տրված խոստման համաձայն, պետք է ներդրվեր 2018-2019 թվականների ընթացքում: Բայց Հայաստանում կատարված իշխանափոխությունը փոխեց նաև այս ժամկետը։ Երևանի արդեն նոր քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ–ին Երևանի ավագանու քարոզարշավի օրերին հայտարարեց, որ տրանսպորտային նոր ցանցը մայրաքաղաքում իրականություն կդառնա 2-4 տարում։
Առանց դիմակի վարորդ, գերբեռնված տրանսպորտ. այս անգամ ովքե՞ր են կարգազանցները
Նշենք նաև, որ նոր ցանցի նախագծման աշխատանքներում ներգրավված բրիտանական WYG խորհրդատվական ընկերության առաջարկով Երևանը պետք է ունենա 45-55 ուղևոր տեղափոխող`փոքր, 90-100 ուղևոր տեղափոխող`միջին ու 150 ուղևոր տեղափոխող մեծ կամ միակցված ավտոբուսներ՝ ընդհանուր 850 հատ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


