Ավտոբուս

Ինչ կտան նոր ներկրվող ավտոբուսները երևանցիներին ու ինչպես կազդեն սակագնի վրա

477
(Թարմացված է 20:08 06.09.2020)
Երևանի քաղաքապետարանի նոր գնումը հանրային հատվածում ոգևորությամբ չընդունվեց։ Սպառողի իրավունքների պաշտպանը սա աննպատակ ծախս է համարում։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ առջևում նոր գնումներ են, որոնք բերելու են ցանկալի արդյունքի։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն օրերս հայտարարեց, որ մոտ ապագայում պատրաստվում է փոքր տարողությամբ 100 ավտոբուս գնել։ Մրցույթն արդեն ավարտվել է, առաջիկա օրերի ընթացքում գնահատող հանձնաժողովը կտա իր եզրակացությունը և նոր ավտոբուսները կմատակարարվեն ՀՀ մայրաքաղաք։

Ու թեև քաղաքապետարանը խոստանում է, որ ավտոբուսները լինելու են ժամանակակից ու հարմարավետ` ապահովված ջեռուցման և օդափոխման, քարտային տոմսավորման համակարգերով, GPS սարքերով, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակներով ու կանգառի ազդանշանման կոճակներով, ինչպես նաև հարմարեցված` հաշմանդամություն ունեցողների համար, և որ դրանցում ուղևորները կկարողանան կանգնել ամբողջ հասակով, առանց կռանալու, բայց մասնագիտական շրջանակներում այս լուրն ավելի շատ դժգոհություն առաջ բերեց, քան ոգևորություն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փոքր ավտոբուսների գնումը մտահոգիչ համարեց` որակելով որպես «աննպատակ ու չնախատեսված ծախս»։

Պիպոյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը բրիտանական WYG խորհրդատվական ընկերությանը 850 000 դոլար վճարեց Երևանի տրանսպորտային ցանցի նախագծման համար, և այդ ցանցում, ըստ նրա, միկրոավտոբուսներ նախատեսված չեն։

«Մեր ցանցով Երևանում պետք է  աշխատեն առնվազն 35 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ ավտոբուսներ, և 100 նման միկրոավտոբուս նախատեսված չէ։ Եթե մենք սկսենք ինքնուրույն ձևափոխել այն ցանցը, որի համար վճարել ենք գրեթե 1 մլն դոլարի հասնող գումար, ապա ինչո՞ւ էինք վճարում, եթե ինքնուրույն կարող էինք կազմել»,– ասաց Պիպոյանը։

Միջազգային խորհրդատուի նախանշած չափորոշիչներից նույնիսկ չնչին շեղումները, Բաբկեն Պիպոյանի համոզմամբ, հանգեցնելու են նոր` շղթայական շեղումների ու ի վերջո Երևանը ստանալու է տրանսպորտային մի համակարգ, որը ոչ մի կապ չունի այն համակարգի հետ, որի դիմաց վճարել է։

«Չի բացառվում, որ այս սխալ ծախսով վաղը շատ ավելի մեծ սխալ անենք։ Սա ներդնենք այն ցանցի մեջ, որով այսպիսի շարժակազմեր չեն նախատեսում, հետո ստիպված կլինենք ասել. «Բայց ոնց որ թե միջազգային խորհրդատուն մեզ սխալ խորհուրդ էր տվել»։ Հետո միջազգային խորհրդատուն կգա, կասի. «Վայ, գիտեք, ես այսպես չեմ ասել, ես այսպես եմ ասել»։ Մենք էլ կասենք. «Դե որ այդպես է, մենք մտածել էինք, որ դա մոտավորապես նույնն է»։ Կգնանք մեկ ուրիշ բան կառնենք ու կստացվի, որ այս ծախսն անիմաստ էր»,– ասաց նա։

Երևանյան փողոցների համար նախանշված ավտոբուսների չափերի փոփոխությունը, Պիպոյանի կարծիքով, կհանգեցնի նաև ուղևորային ամբողջ ցանցի, այս թվում և ժամանակացույցերի փոփոխության, քանի որ խորհրդատուի կազմած ցանցում հաշվի է առնված նաև ժամանակային տեղփոխերի հարցը։

Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը` տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին

Մյուս կողմից իրականացվող բոլոր հավելյալ ծախսերն իրենց ազդեցությունն են ունենալու նաև տրանսպորտի սակագների վրա։

Երևանի քաղաքապետարանից, սակայն, Sputnik Արմենիային վստահեցրեցին, որ փոքր տեղատարողությամբ ավտոբուսների ներկրումն ու շահագործումը որևէ սակագնային փոփոխության չի հանգեցնի:

Ինչ վերաբերում է ներկրվող ավտոբուսներին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ներկրվող ավտոբուսներն ունենալու են մինչև 25-30 մարդ տեղափոխելու հնարավորություն ունեն:

Ու թեև բրիտանական WYG խորհրդատվական կազմակերպության առաջարկով Երևանի նոր տրանսպորտային ցանցում ներգրավված ամենափոքր ավտոբուսները պետք է լինեն 45-55 տեղանոց, բայց քաղաքապետի խոսնակը վստահեցրեց, որ 25-30 տեղանոց ավտոբուսների ներկրումը չի հակասում բարեփոխումների ծրագրին։

«Նախ, հարկ է նշել, որ բրիտանական ընկերությունը քաղաքին տվել է խորհրդատվություն, որի հիման վրա քաղաքը կառուցելու է նոր երթուղային ցանցը: Կախված ցանցի ներդրման ընթացքում ի հայտ եկած փաստացի հանգամանքներից, ցանցը կարող է այս կամ այն փոփոխությունը կրել: Մասնավորապես, ընկերության առաջարկած փոքր տեղատարողության՝ 7.5-8.5 մետրանոց ավտոբուսների փոխարեն ներկրվող մինչև 7 մետրանոց 100 ավտոբուսները պակաս թվով մարդկանց են տեղափոխում, բայց մյուս կողմից ավելի շարժունակ են փոքր ու նեղ փողոցներում, ինչպիսին, օրինակ, Սարի թաղի փողոցներն են»,– ասաց Հակոբ Կարապետյանը։

Նա նաև հիշեցրեց, որ հիշյալ փոքր տեղատարողության ավտոբուսներն առաջարկված ցանցի միայն մի մասն են կազմում: Դրանցից բացի քաղաքային շարժակազմում ընդգրկվելու են նաև 12 և 18 մետրանոց ավտոբուսներ ու շուրջ 100 տրոլեյբուս, որոնց ձեռքբերումն ու շահագործումը շարունակում է մնալ Երևանի քաղաքային իշխանության օրակարգում: Կարապետյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանն առաջիկայում 12 մետրանոց 100 ավտոբուսի համար նոր մրցույթ կհայտարարի, քանի որ այս տարվա ապրիլին հայտարարված նախորդ մրցույթը չէր կայացել մասնակիցների՝ մրցութային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:

Երևանի տրանսպորտային ցանցը հիմնովին բարեփոխելու, հին, մաշված միկրոավտոբուսներից, «ԳԱԶԵԼ»-ներից ձերբազատվելու ու մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանի նախկին իշխանությունը տրանսպորտային ցանցի նոր նախագիծ էր մշակել, որը, երևանցիներին տրված խոստման համաձայն, պետք է ներդրվեր 2018-2019 թվականների ընթացքում: Բայց Հայաստանում կատարված իշխանափոխությունը փոխեց նաև այս ժամկետը։ Երևանի արդեն նոր քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ–ին Երևանի ավագանու քարոզարշավի օրերին հայտարարեց, որ տրանսպորտային նոր ցանցը մայրաքաղաքում իրականություն կդառնա 2-4 տարում։

Առանց դիմակի վարորդ, գերբեռնված տրանսպորտ. այս անգամ ովքե՞ր են կարգազանցները

Նշենք նաև, որ նոր ցանցի նախագծման աշխատանքներում ներգրավված բրիտանական WYG խորհրդատվական ընկերության առաջարկով Երևանը պետք է ունենա 45-55 ուղևոր տեղափոխող`փոքր, 90-100 ուղևոր տեղափոխող`միջին ու 150 ուղևոր տեղափոխող մեծ կամ միակցված ավտոբուսներ՝ ընդհանուր 850 հատ:

477
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Հայկ Մարության, ավտոբուս, Տրանսպորտ, երևանցիներ, Երևան
Ըստ թեմայի
Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. ՃՈ–ն հիշեցնում է վարորդական իրավունքից զրկվելու մասին
Վճարովի ճանապարհները ո՞ր դեպքում օգուտ կբերեն Հայաստանին
ՀՀ ԶՈՒ կին-դիպուկահար

«Զինկոմիսարիատում չընդունեցին` եկա այստեղ». Հայաստանում կանանց գումարտակ է ստեղծվում

758
(Թարմացված է 21:03 30.09.2020)
Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել անունները, քանի որ եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի են եկել գրանցվելու ռազմաճակատ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կարճ սանրվածքով, սև ուսապարկով, աշխույժ և ինքնավստահ աղջիկ։ Նա թռչկոտելով դուրս է գալիս ՀՀ ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքից, որտեղ արդեն երկու օր է՝ կին կամավորներ են գրանցում՝ կանանց միակ գումարտակն Արցախ ուղարկելու համար։

«Ընդունեցին։ Ճակատ եմ գնում», – ասում է նա ուրախ։

Անունը խնդրում է չնշել. կամավոր գրանցվելու և պատերազմ մեկնելու իր որոշման մասին տանը չգիտեն։ Նա ընդամենը 20 տարեկան է։

Наклейка Национального Героя Армении Монте Мелконяна на такси у места сборов женского батальона добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը կանանց գումարտակի հավաքակայանի մոտ՝ տաքսու ապակու վրա

«Ինչու եմ ուզում Արցա՞խ մեկնել։ Իսկ ո՞նց կարամ չուզեմ։ Բոլորն են ուզում պաշտպանել հայրենիքը, ես էլ։ Մի քանի օր է ուղիներ եմ փնտրում առաջնագիծ գնալու համար։ Զինկոմիսարիատում ինձ չընդունեցին, գրողի ծոցն ուղարկեցին, սկսեցի ընկերներից ուրիշ հնարավորությունների մասին հարցուփորձ անել։ Սոցցանցերում հայտարարություն տեսա կանանց գումարտակի ձևավորման մասին ու եկա։ Ուրախությանս չափ ու սահման չկա», – ասում է նա։

ՊՆ–ին կից հասարակական խորհրդի շենքում մեծ հերթ է գոյացել։ Այստեղ հավաքվել են տարբեր տարիքի կանայք և աղջիկներ։ Ոմանք ընկերուհու հետ են եկել, մյուսները` մենակ, ոմանք մարզահագուստով ու սպորտային կոշիկներով են, մյուսները չեն մոռացել դիմահարդարման մասին։

Աղջիկների մեծ մասը խնդրեց իրենց չլուսանկարել և նույնիսկ չնշել իրենց անունները, քանի որ ռազմաճակատ գնալու համար գրանցվելու են եկել եղբայրներից, հայրերից ու ամուսիններից գաղտնի։ Այդ է պատճառը, որ աղջիկներին ուղեկցող տղամարդիկ հերթում չկան։

В Армении собирается женский батальон добровольцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայաստանում կանանց գումարտակ է կազմավորվում

Կանանց գումարտակի կազմավորմամբ զբաղվում է ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը։ Նա ասում է, որ կանանց գումարտակ ստեղծելու միտքը հանկարծակի է եկել, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ ՕՄՕՆ–ական գործընկերների հետ, բայց իրեն չվերցրին։

«Այդ ժամանակ որոշեցի կանանց գումարտակ ստեղծել, ամեն ինչ համաձայնեցրի ղեկավարիս` գնդապետ Գրիշա Սարգսյանի և ՊՆ–ի հետ։ Արդեն երկրորդ օրն է՝ 18-55 տարեկան կանանց ու աղջիկների ենք գրանցում։ Մեզ Երևանում զորավարժարան կտրամադրեն, մի քանի օրում պատրաստություն կանցնենք ու կմեկնենք Արցախ», – ասաց Այրումյանը։

Командующая женским батальоном добровольцев, подполковник полиции Марине Айрумян
© Sputnik / Andranik Ghazaryan
Փոխգնդապետ Մարինե Այրումյան

Ի դեպ, Sputnik Արմենիայի նկարահանող խումբը պայմանավորվել է նկարահանել կանանց գումարտակի զինվորական պատրաստությունը, և անպայման ընթերցողներին զորավարժարանից ռեպորտաժ կներկայացնի։ Բավական հետաքրքիր կլինի, չէ՞ որ գրանցվածների թվում արդեն 150 աղջիկ կա, նրանց թվում թե՛ արդեն կրակել իմացողներ, թե՛ բոլորովին անպատրաստներ։

35-ամյա Անգինե Իսանյանսը ծնվել ու մեծացել է Իրանում, Հայաստան է տեղափոխվել ընտանիքով, երբ 17 տարեկան է եղել։ Նա, օրինակ, մարտական պատրաստվածություն ունի. աղջիկը մի քանի տարի սկաուտ է եղել։ Նա և՛ կրակել գիտի, և՛ հիանալի ֆիզիկական մարզավիճակում է։

«Շուշին պապերիս քաղաքն է, Արցախն իմ հողն է։ Կարդացի կանանց գումարտակի մասին հայտարարությունն ու եկա։ Հիմա անհամբեր հեռախոսազանգի եմ սպասելու», – ասում է Անգինեն ու նույնպես խնդրում, որ չլուսանկարենք. իր նախաձեռնությունը ևս ընտանիքից գաղտնի է։

Իսկ ահա 26-ամյա Աշխեն Մուդիրյանը հանգիստ է վերաբերում ֆոտոխցիկին։

Девушка-доброволец Ашхен Мудирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Աշխեն Մուդիրյան

«Ինքս եմ գլխիս տերը, ինքս եմ որոշում ուր ու երբ գնամ», –հպարտ ասում է աղջիկը։

Աշխենը կրակել չգիտի, բայց բոլորովին չի մտահոգվում այդ առիթով։

«Ամեն ինչ կսովորեմ ու ռազմաճակատ կմեկնեմ», – չի կասկածում մեր զրուցակիցը։

Կանանց գումարտակի հրամանատար Մարինե Այրումյանը պատմում է, որ 2 օրվա ընթացքում արդեն 35 կնոջ է մերժել։

«Նախ կարևոր գործոն է տարիքը։ Մեզ մոտ 17 տարեկան 14 աղջիկ եկան, նրանք անչափահաս են, դպրոցը չեն ավարտել, բայց մարտի են ուզում գնալ։ Նրանց ասացինք սպասեք, ձեր ժամանակը դեռ չի եկել։ Երկրորդը` հաշվի ենք առնում երեխաների առկայությունը։ Չենք ընդունում նրանց, ովքեր 4-ից ավելի երեխա ունեն, կամ էլ երեխաները շատ փոքր են։ Վերջերս մի աղջիկ էր եկել, որը 9-ամսական երեխա ունի։

Ասում էր, որ երեխային կթողնի բարեկամների մոտ, վիճում էր մեզ հետ, ապացուցում, որ կարող է։ Բայց մենք նրան, իհարկե, չվերցրինք։ Մեկ այլ աղջիկ էլ հետևում էր մեր խոսակցությանը, հետո մոտեցավ ինձ ժպտալով ու ասաց. «Ինչ մարդկային եք նույնիսկ այս ծանր օրերին», – ասում է Այրումյանը։

Добровольцы у входа в пункт записи и приема новобранцев
© Sputnik / Andranik Ghazaryan
Կամավորները հավաքակայանի մուտքի մոտ

Նա նշում է, որ կանանց գումարտակը ոչ միայն կռվելու է հակառակորդի դեմ, այլև աշխատելու է թիկունքում` լվացք անել, կերակուր պատրաստել, բուժել։ Բազմաթիվ բուժքույրեր, լրագրողներ, ռեժիսորներ, լեզվաբաններ և այլ մասնագիտությունների կանայք ու աղջիկներ են գրանցվել։ Յուրաքանչյուր կամավոր աղջկա համար ռազմաճակատում տեղ կգտնվի։ Երևանում ռազմական պատրաստության կուրսն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցմամբ կորոշվի, թե կոնկրետ որտեղ կտեղակայեն կանանց գումարտակն ու ինչով է այն զբաղվելու։

Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին` 90-ականներին, առաջնագծում մի քանի կանանց գումարտակ էր մարտնչում։ Երևանի «Եռաբլուր» ռազմական պանթեոնում հերոսաբար զոհված 7 հայուհի է ննջում։

758
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Կանանց գումարտակ, կամավոր
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Խաղաղ ժամանակ՝ ձյուդոիստ, կռվի ժամանակ՝ հայրենիքի պաշտպան. Սոսե Բալասանյանը` առաջնագծում
«Որդուս 16 տարի առաջ եմ հայրենիքին նվիրել». օդաչու Վալերիի մասին պատմում են ծանոթները
«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո
Սիրուշո

«Ամուսինս Արցախում է. ո՛չ մեկնելուց ենք գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն». Սիրուշո

371
(Թարմացված է 20:26 30.09.2020)
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է այն քննարկումներին, թե ինչու իր ամուսինը` ՀՀ երկրորդ նախագահի որդին, Արցախում չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Երգչուհի Սիրուշոն Instagram–ի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել Արցախից և անդրադարձել այն քննարկումներին, թե ուր է Լևոն Քոչարյանը, արդյո՞ք առաջնագծում է։

«Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, որոնք այս պահին հարազատներ ունեն այնտեղ»,– գրել է երգչուհին։

«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել

Սիրուշոյի խոսքով` առաջին օրից արել և անում են այն ամենն, ինչը հնարավոր է մարդկանց օգնելու համար։

«Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին»,– շեշտել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նա նշել է, որ իր պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունի։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկնել է Արցախի Հանրապետություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանը հուզիչ գրառում է արել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 151 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

371
թեգերը:
երգչուհի, Պատերազմ, Լևոն Քոչարյան, Սիրուշո, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հայաստանում ապրող ասորիներն էլ են կամավորագրվում
Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ
Կամավորներին տեղափոխել է, մեքենայից իջել և պայթյուն լսել. մանրամասներ ավտոբուսի պայթյունից

ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում

0
(Թարմացված է 23:25 30.09.2020)
Հիմա թուրքական ապրանքները գուցեև գնային առումով ավելի շահավետ են, բայց 15 տարվա ընթացքում Հայաստանը Թուրքիայից շուրջ 3 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Այդ գումարով կարելի էր սեփական ժամանակակից արդյունաբերությունը ստեղծել։
Քանի՞ միլիարդ է Հայաստանը նվիրել Թուրքիային 15 տարվա ընթացքում
© Sputnik / Shushanik Sargsyan

Վերջին 15 տարվա ընթացքում` 2004 թվականից մինչև 2020 թվականի առաջին կիսամյակը ներառյալ, Հայաստանը 2 մլրդ 822 մլն դոլարի թուրքական ապրանք է գնել։

Ընդ որում` այս գնի մեջ ներառված չէ վերավաճառողների հասույթը, որը մնում է Հայաստանում. սա միայն ապրանքների գինն է ու մինչև հայկական սահման տեղափոխելու ծախսերը։

Հիմնականում թուրքական ապրանքները գնում են համեմատաբար էժան լինելու համար (ժամանակին առևտրականները «մաքուր թուրքական ա» արտահայտությամբ էին գովազդում թուրքական հագուստը)։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ երկար տարիներ այդ ապրանքի մի մասը չի մաքսազերծվել հիմնավորված արժեքով։ Հագուստի զգալի մասը մաքսազերծվել է քաշով, ոչ թե արժեքով։

Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց

Սրան զուգահեռ Թուրքիան ապրանքներ չի ընդունում Հայաստանից` չհաշված հում կաշվի չնչին ծավալները (Թուրքիան կաշվի արդյունաբերության խոշորագույն տարածաշրջանային կենտրոնն է)։

ՀՀ–ն միջազգային հանրությանը կոչ է արել հրաժարվել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունից

0
թեգերը:
Հայաստան, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրքիայի ակտիվությունը չի կարող չանհանգստացնել ՀՀ–ի միջազգային գործընկերներին. Փաշինյան
Մենք դա թույլ չենք տա. Մակրոնն անդրադարձել է Ղարաբաղի մասին Թուրքիայի ռազմատենչ կոչերին
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին