ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում է, քանի որ նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը` հայտնելով, որ երեկ հետաձգվել է հարուցված քրգործով դատական նիստը, որի ժամանակ պետք է քննեին իր պաշտպանի կալանավորման հարցը։
Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից, չխմեն այն։
«Հովսեփյանը կորոնավիրուսի 2 թեստ էր հանձնել, որոնցից մեկի պատասխանը դրական էր եղել, մյուսինը` բացասական։ Դրանից հետո նրա մոտ միակողմանի թոքաբորբ հայտնաբերեցին։ Բացի այդ, նա շաքարային դիաբետ ունի և լյարդի հետ կապված խնդիրներ։ Սակայն նախաքննական մարմինը որոշել է նրան երրորդ անգամ թեստավորել և միայն դրա պատասխանը ստանալուց հետո կալանավորման հարցը քննարկել»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` Հովսեփյանին կալանավորելու համար դատարանը որևէ հիմք չունի, քանի որ կալանքի համար նախատեսված երեք հիմքերն էլ չեն գործում այս դեպքում։ Մասնավորապես, կալանավորման հիմքերից մեկն այն է, թե իբր ամբաստանյալը կարող է նախաքննական մարմնից թաքնվել, սակայն Հովսեփյանը երեք օր է` ազատության մեջ է և նման քայլի չի դիմել։ Անձին կալանավորելու մյուս հիմքն էլ վկաների նկատմամբ ճնշում գործադրել է, սակայն այս դեպքում էլ, ըստ պաշտպանի, Հովսեփյանն ինքն է հարցաքննության ժամանակ վկաների անունները տվել ու ասել` ովքեր են իրենից օղի գնել։ Կալանավորման վերջին հիմքն էլ իրեղեն ապացույցները նախաքննական մարմնից թաքցնելն է, ինչը նույնպես չի «աշխատում» այս դեպքում, քանի որ Հովսեփյանն իրավապահներին հայտնել է` որտեղ ինչքան օղի ունի պահած։
«Հովսեփյանն ասել է, որ աներոջ տան բակում մեծ քանակությամբ օղի կա։ Սակայն իրավապահներն ասում են, թե այնտեղ ավելի քիչ քանակությամբ օղի կա, քան ասել է Հովսեփյանը և սա այն դեպքում, երբ նախաքննական մարմինը չի չափել օղու քանակը, այլ տարաների վրա գրվածին է միայն նայել։ Ես միջնորդել եմ զննություն կատարել և չափել»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` այս դեպքում նախաքննական մարմինն առաջնորդվում է ոչ թե իրավական հիմքերով, այլ հասարակական կարծիքով` փորձելով կալանավորել Հովսեփյանին։
«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ
Պաշտպանը նշում է, որ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքն էլ տեղին չէ, նա ուղղակի բարեխիղճ մոլորության մեջ է ընկել։ Գևորգյանն ասում է, որ Հովսեփյանը կարծել է, թե ցորենի մաքուր սպիրտ է գնել, մտքի ծայրով անգամ չի անցել, որ իր պատրաստած օղին կարող է որևէ մեկի կյանքը խլել։
Փաստաբանը նշեց նաև, որ հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ` կախված է կորոնավիրուսի թեստի պատասխանը ստանալու օրից։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Հովսեփյանի բնակության վայր։ Նրա հարևանները հայտնել էին` վստահ են, որ Աշոտ Հովսեփյանի «գլխին սարքել» են, քանի որ նա երբեք դիտավորյալ մեթիլ սպիրտ չէր խառնի խմիչքին։
Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Գործով մյուս երկու մեղադրյալները երկու ամսով կալանավորվել են:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


