Отдыхающие на пляже на озере Севан

Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում

2607
(Թարմացված է 11:31 06.09.2020)
Մինչ իրավապահները շարունակում են խաբված զբոսաշրջիկների դեպքերով քրեական գործի նախաքննությունը, տուժածներից շատերը նաև հյուրանոցներին են մեղադրում դրական կարծիք ու երաշխավորություն տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Արդեն մոտ 1 շաբաթ է՝ հայաստանյան զբոսաշրջային ոլորտում հերթական փոթորիկն է մոլեգնում։ Կրկին հայ զբոսաշրջիկները գրավիչ առաջարկի, աննախադեպ զեղչի զոհ են դարձել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գրեթե տասը տարի զբոսաշրջային գործունեություն ծավալած «Բյութի օֆ Արմենիա» ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը ավելի քան 100 զբոսաշրջիկի գումարներ է շորթել ու «թռել»։ Նրա անձնական, նաև ընկերության հեռախոսահամարներն անհասանելի են, գրասենյակը փակ է, համացանցում ջնջված են ոչ միայն նրա անձնական էջերը, այլև ընկերության, այդ թվում` Facebook-ում հարյուր հազարից ավելի հետևորդ ունեցող պաշտոնական էջը։ Խաբված զբոսաշրջիկների թիվն օր օրի ավելանում է. շատերն իմանում են, որ խաբված են միայն այն ժամանակ, երբ իրենց հանգստի մեկնելու օրը մոտենում է կամ էլ հասնում են հյուրանոց, տեղում պարզում՝ ամրագրումը չեղարկված է, որովհետև վճարումը կատարված չէ։

Օգոստոսին քաղաքացիներն ամրագրումներ են կատարել հայաստանյան տարբեր հյուրանոցներում սեպտեմբերի տարբեր օրերի համար։ Սեպտեմբերը դեռ առջևում է, հավանականությունը մեծ է, որ տուժածների թիվն էլի կավելանա։ Հետևաբար այս պահին նույնիսկ հստակ հայտնի էլ չէ, թե քանիսն են տուժել Վահե Շահվերդյանի «թույն ակցիայից»։ Քրեական գործ արդեն հարուցված է, խաբված զբոսաշրջիկներն էլ ոչ միայն փորձում են նաև իրենց ուժերով գտնել Վահեին ու վերադարձնել գողացված գումարները, այլև հասկանալ՝ ինչպես կարող էին խաբվել, ովքեր են այս պատմության մեղավորները։ Շատերը պնդում են՝ մեղքի իրենց բաժինն ունեն նաև այն հյուրանոցները, որոնք դրական կարծիք են հայտնել «Բյութի օֆ Արմենիայի» մասին՝ այդպիսով որոշիչ դեր ունենալով ակցիայից օգտվելու համար ու իրենց կամքից անկախ էլ՝ «օգնելով» Վահեին։

Լիլիթ Ալավերդյանը պատմում է՝ ընկերների հետ որոշել էին հանգիստն անցկացնել «Նոյ Լենդում»։ Երբ կարդում են X + X անհավատալիորեն գայթակղիչ ակցիայի մասին, առաջին բանը, որ անում են, զանգահարում են հյուրանոց, որտեղ նրանց պատասխանում են, թե արդեն մեկ տարուց ավելի է՝ համագործակցում են «Բյութիի» հետ, ոչ մի խնդիր չեն ունեցել։ Կարծիքը վստահություն է ներշնչել, որոշել են օգտվել ակցիայից։

Լիլիթն ասում է՝ երբ Վահեն դրամական փոխանցման համար տվեց իր անձնական, այլ ոչ թե ընկերության հաշվեհամարը, ևս մեկ անգամ կասկածը գլուխ բարձրացավ։ Պայմանագիր խնդրեցին. Վահեն էլ պատասխանեց, թե պայմանագիրն իրենք կնքում են հյուրանոցի հետ, իսկ հաճախորդներին հաշիվ-ապրանքագիր են տալիս։ Հավատացին ու 128 հազար դրամ փոխանցեցին երկու գիշերակացի համար (ըստ ակցիայի պայմանների՝ ևս երկու գիշերակաց էլ ընկերությունն էր ավելացնում)։ Հանգստի պետք է մեկնեին սեպտեմբերի 5-9-ը։

«Կրկին ապահովության համար երկու օր անց զանգահարեցինք հյուրանոց` ճշտելու՝ մեր ամրագրումը կա, թե ոչ։ Մեր չորսի անուններով ամրագրում կար»,- ասում է Լիլիթն ու նշում, որ հետագա օրերին հանգիստ են եղել, մինչև որ համացանցում հայտնվել են խաբված զբոսաշրջիկների մասին լուրերը։

«Անմիջապես զանգահարեցինք հյուրանոց, ասացին, որ ձեր անուններով ամրագրում այլևս չկա։ Մենք արդեն չորս օր է՝ «Բյութիի» հետ չենք աշխատում»,- պատմում է Լիլիթն ու տարակուսում, թե ինչու ամրագումը չեղարկելիս ոչ ոք իրենց հյուրանոցից չի զանգահարել ու զգուշացրել։

«Նոյ Լենդի» մենեջեր Վարդուհի Հարությունյանը ևս հաստատեց՝ «Բյութիի» հետ համագործակցության առաջին տարին էր։ Քանի որ դեռ մեծ վստահություն չկար, աշխատում էին կանխավճարով, այսինքն՝ հյուրերի ժամանելուց առաջ ընկերությունը պարտավոր էր կանխավճար կատարել։ Այս մեկ տարվա ընթացքում խնդիրներ չէին ունեցել, իսկ նշված գայթակղիչ ակցիայից անգամ «Նոյ Լենդի» աշխատակիցներից մեկն էր որոշել օգտվել՝ մեղրամսի համար։

«Վահեի հետ վերջին անգամ խոսել եմ օգոստոսի 28-ին, քանի որ մեր աշխատակիցն իր նախընտրած հյուրանոցում ճշտել էր, որ փոխանցումն արված չէ։ Վահեն վստահեցրել էր՝ խնդիր չի լինի, ինքը հիմա փոխանցումը կկատարի։ Հարսանիքն ամսի 30-ին էր, փոխանցումը չարվեց, Վահեն էլ արդեն զանգերին չէր պատասխանում, այնպես որ մեր աշխատակիցն էլ ստիպված է եղել ևս մեկ անգամ 70 հազար դրամ վճարել հյուրանոցում, որովհետև մեղրամիս էր, չգնալու տարբերակ չկար»,- ասում է Վարդուհին ու մանրամասնում, որ տուրիստական ընկերությունը միջնորդ է զբոսաշրջիկի և հյուրանոցի միջև, հետևաբար իրենք հյուրերի հեռախոսահամար, կոնտակտային տվյալներ չունեին, որ զգուշացնեին՝ ամրագրումը չեղարկվում է։ Ասում է, որ իրենք էլ են այս պատմության մեջ տուժած, այս պարագայում միայն կարող են 10 տոկոս զեղչ առաջարկել։

Ինգա Սաղաթելյանն էլ ցանկանում էր ամուսնու և երկու երեխաների հետ «Թեժ լեռում» հանգստանալ։ Սեպտեմբերի 10-14-ը հանգստի համար օգոստոսի 25-ին փոխանցել էր 89 հազար դրամ։ Իրենք ևս մինչև դրամական փոխանցումը հյուրանոցից հետաքրքրվել էին «Բյութի օֆ Արմենիայի» մասին, կարծիքը դրական էր, անգամ առաջարկել էին հենց զանգի պահին ամրագրումն անել, իսկ հետո, երբ արդեն «Բյութիից» զանգ ստանան, կհամադրեն տվյալներն ու կհասկանան, որ նույն մարդկանց մասին է խոսքը, ակցիայի շրջանակներում ամեն ինչ կկազմակերպվի։ Փոխանցել է գումարը, ստացել հաշիվ-ապրանքագիրը, որի մեջ նշված անուններում տառասխալ է նկատել, ապահովության համար օգոստոսի 27-ին զանգահարել է հյուրանոց՝ ճշտելու՝ արդյոք դա խնդիր չէ՞։

«Զանգիս պատասխանած աշխատակիցն ասաց, որ այլևս Վահեի հետ չեն աշխատում, քանի որ նախորդ հյուրերի համար վճարումը չի արվել։ Զանգահարեցի Վահեին, նա էլ ասաց, թե հյուրանոցի հետ թյուրիմացություն է առաջացել, խնդրեց հյուրանոցը փոխել»,- պատմում է Ինգան ու նշում, որ կասկածները չէին ցրվում, այնպես որ որոշեց այլ հյուրանոց չընտրել, խնդրեց իր գումարը հետ փոխանցել։ Նա համաձայնեց, բայց, իհարկե, գումարը չվերադարձրեց ու անհետացավ։ Ինգան պնդում է՝ հյուրանոցը մեղքի բաժին ուներ, որ վստահեցին Վահեին, դրա համար պահանջում է գոնե հիսուն տոկոսով կիսել իրենց կորուստն ու կես գնով հանգստի հնարավորություն տալ, բայց «Թեժ լեռից» միայն 15 տոկոս զեղչ են առաջարկում՝ ասելով, որ իրենք էլ են տուժած։

Մեր զրուցակիցներից էլ Սոնա Սարգսյանը ցանկանում էր ընկերների հետ սեպտեմբերի 8-17–ը հանգստանալ «Ջերմուկ հոթել ընդ սպա» հյուրանոցում։ Չորս հոգու համար Վահեի հաշվին փոխանցել են 500 հազար դրամ։

«Քանի որ ակցիան մի քիչ կասկածելի էր, որոշեցինք ճշտել հյուրանոցի հետ, այնտեղից մեզ հավաստիացրին, որ աշխատում են, սա էլ ակցիայի շրջանակում առաջին ամրագրումը չէ»,- ասում է Սոնան ու նշում, որ հյուրանոցը «Բյութիին» վստահելու հարցում որոշիչ դեր է ունեցել։ Նշում է՝ փոխանցումից հետո երկու անգամ զանգահարել են հյուրանոց և ճշտել՝ ամրագրում կա, թե ոչ, երկու անգամն էլ դրական պատասխան են ստացել, բայց երբ հարցրել են՝ փոխանցումն արված է, իրենց պատասխանել են, թե «դա կոնֆիդենցիալ է»։ Արդեն օգոստոսի 29-ին, երբ համացանցում կարդացել է խաբվածների գրառումները, զանգահարել է հյուրանոց, ասել են, որ ամրագրումները չեղարկված են, հյուրանոցում էլ այլևս տեղ չկա։

Նման պատմությունները շատ են, դրական երաշխավորության կողքին եղել են նաև հյուրանոցներ, որոնք չեն շտապել վստահություն ներշնչել հաճախորդներին, իսկ Վահեի անհետացումից հետո խոստովանել են, որ նախկինում էլ փոխանցումների ուշացումներ են ունեցել, բայց գործընկերային էթիկայից ելնելով՝ վատ բնութագիր չեն տվել «Բյութիին» և նրա տնօրենին։

Վահե Շահվերդյանից տուժած քաղաքացիների գործը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը նշեց, որ «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը քննվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Նրա տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին են ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեն հետամուտ է գործի ընթացքին, իրավապահներին աջակցում է տեղեկատվության տրամադրման հարցում։

2607
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկները COVID-19-ի թեստերը կհանձնեն ինքնամեկուսացման վայրերում
Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը
Բանկային արձակուրդ և ոչ միայն․ ի՞նչ է պետք հայաստանյան զբոսաշրջությունը փրկելու համար
Բանկ, արխիվային լուսանկար

Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան

103
(Թարմացված է 14:48 24.09.2020)
ԿԲ փոխնախագահն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե բանկային համակարգում պարբերաբար համաներումներ ու արձակուրդներ տրամադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների։ Նման հայտարարությամբ այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք, ըստ Երիցյանի, առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում։

«Կենտրոնական բանկը նման համաներում իրականացնելու իրավասություն, լիազորություն չունի։ Հակառակը` մենք պետք է կարողանանք այդ անհուսալի վարկերը բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել, որպեսզի ավանդատուների շահերը չտուժեն»,– ասաց նա։

Երիցյանը նշեց, որ հայաստանյան բանկերն իրենց ավանդատուներին տարեկան ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամ եկամուտ են վճարում։

Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանկերին, Երիցյանի համոզմամբ, կորուստները մասնավոր ֆինանսական կառույցների համար այնքան մեծ կլինեն, որ կասեն` ավելի լավ է` ես էլ բիզնեսով չզբաղվեմ, թող պետությունը զբաղվի։

ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ այս ամենից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։

Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում

103
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մարդիկ սկսել են անշարժ գույք գնել հատկապես գյուղերում. ինչ վիճակ է շուկայում գների առումով
Բանկ, արխիվային լուսանկար

Որքա՞ն է ավելացել կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող վարկառուների թիվը ՀՀ–ում

43
(Թարմացված է 14:24 24.09.2020)
ԿԲ ներկայացուցիչը վստահեցնում է, որ վարկառուների գերակշիռ մեծամասնությունը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող վարկառուներն ավելացել են 1 տոկոսով` կազմելով վարկառուների 7 տոկոսը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այս տեղեկությունը հայտնեց այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ։

Նշենք, որ ԲՀԿ–ն ԱԺ–ում քննարկում է կազմակերպել վարկերի ու ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժ–տուգանքների, տոկոսների համաներման թեմայով։

«Բանկերի և ֆինանսական այլ կառույցների շահառուների, այդ թվում` ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թիվը։ Սովորաբար 5-7 տոկոս են խնդիրներ ունեցող վարկառուները, իսկ հիմա այդ ցուցանիշն ավելացել է 1 տոկոսով` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված»,–ասաց Երիցյանը` հավելելով, որ վարկառուների 97 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները։

Նրա խոսքով` վարկառուներին մասսայական արձակուրդ տրամադրելով` բանկերի ֆինանսական մեծ վնասներ կրեն։ Ավելին, օրինակ, 3 ամիս վարկերի տոկոսները զիջելը բանկերի մեծ մասի սնանկացման կհանգեցնի։

Երիցյանը նշեց` մասսայական վարկային արձակուրդը կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության, քանի որ վարկառուները սկսելու են չվճարել` մտածելով, թե հետագայում ներելու են վարկային պարտավորությունները։ Նման փորձ, ըստ նրա, արդեն իսկ եղել է 2018-ին, երբ բանկերը տույժ–տուգանքները ներել էին, իսկ ներում ստացածների 50 տոկոսից ավելին հետագայում կրկին նույն վիճակում էին հայտնվել։

Երիցյանի խոսքով` բոլոր ճգնաժամերի դեպքում էլ ֆինանսական համակարգը չունի փախուստի տեղ և կրում է անորոշությունների գինը, որը վճարվում է բանկերի սեփականատերերի գրպանից։ Բացի այդ, մասնավոր սեփականատերերի վրա, բացի հարկերից, այլ ֆինանսական բեռ դնել պետությունը չի կարող։ Ուստի, ըստ նրա, խնդիրները պետք է լուծել նորմատիվային դաշտի կարգավորումներով, այլ ոչ թե տոկոսադրույքները սահմանափակելու կամ շուկայական մեխանիզմները խաթարելու միջոցով։

Հիշեցնենք, որ մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը Հայաստանում բանկերը վարկային արձակուրդ էին տրամադրել։ ԿԲ-ն հայտնել էր` այդ ընթացքում վարկային արձակուրդից օգտվել են վարկատուների 35%-ը՝ շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձ:

Հետաձգվել է 1.3 տրիլիոն դրամի վարկային պարտավորություն: Արդյունքում բանկերի շուրջ 100 մլրդ դրամի եկամուտ է հետաձգվել:

Վիրուսից ուժեղ են. հայկական միրգն ու բանջարեղենը չտուժեցին ադրբեջանական բոյկոտից

43
թեգերը:
վարկ, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու
2020 թվականն այնպիսին, ինչպիսին կա. գազի գներ սահմանողը փոթորիկներն ու հրոսակներն են
Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

0
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ ռիսկային խմբի կամավորների թվում են նաև տարեց մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik.  Գամալեայի անվան ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել ռիսկային խմբերի կամավորների վրա։ Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` փորձարկումներին մասնակցող ռիսկային խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ։

«Եկեք սպասենք հետազոտությունների արդյունքներին, բայց բոլոր դեպքերպում մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, քանի որ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա։ Տարեցների համար մենք որևէ բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Մայրս և հայրս, որոնք 74 տարեկան են, ևս կամավորների ծրագրի շրջանակում պատվաստվել են և իրենց հիանալի են զգում», – ասել է Դմիտրիևը։

Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

 

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ