ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik, Մարիաննա Փայտյան. Հագուստով լի տոպրակներ, կենցաղային իրեր, վերմակ, աթոռ, բազկաթոռ... Քանաքեռ-Զեյթունի Ռայնիսի 1 հասցեի բնակիչները դուրս են բերում այն ամենը, ինչը հնարավոր է փրկել։ Շենքի փլուզված հատվածն աղետի գոտի, փախստականների ճամբար է հիշեցնում։ Պայթյունը որոտացել է քառահարկ շենքի հինգերորդ մուտքում։ Մուտքի աջ կողմում գտնվող բնակարանները փլուզվել են, ձախ կողմինը՝ կանգուն մնացել... Թեպետ կանգուն բառն այստեղ չափազանցված է։

Հինգերորդ մուտքի չորրորդ հարկի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է՝ դեպքի օրը արթնացել է 7 անց 10-ի սահմաններում ուժեղ ձայնից։ Թե շուրջբոլորը ինչ է կատարվում՝ սկզբում չհասկացավ։ Հետո աչքերի առաջ կոտրված պատուհաններն էին, դուռը, իսկ դռնից այն կողմում՝ փլուզված շքամուտքն ու հարևանների հողին հավասարված տները։ Ասում է՝ դիմացի հարևանուհու հետ մտերիմ չէր, բայց միշտ փոխադարձ, քաղաքավարի բարևում էին։ Խոսքը երեկ փլատակների տակից դուրս բերված և հոսպիտալացված երկու բնակիչներից մեկն է՝ 71-ամյա տիկին Սվետլանան։

Մեր զրուցակցին հարևանների հետ պատուհանից տարհանել են արդեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները։
«Դժվար է խոսել այս ամենի մասին։ Աննկարագրելի սթրեսային է։ Քնում ես տանդ, արթնանում ես ու քեզ ասում են՝ էլ տուն չունես։ Հիմա փրկարարների, մեր ծանոթների օգնությամբ պատուհաններից դուրս ենք բերում մեր գույքն ու ունեցվածքը, մեզ արդեն ասել են, որ մուտքի այս հատվածը պետք է ամբողջությամբ քանդեն»,- պատմում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ փրկված գույքը յուրաքանչյուրը տեղափոխում է իր բարեկամի, ծանոթի տուն, որտեղ հնարավոր է, մինչև հասկանան, թե ինչ է լինելու։ Երեկվանից գիշերում են երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում։ Պայմաններից գոհ է, թեպետ կգերադասեր՝ իր տանը լինել։ Գիտի, որ հյուրանոցում մոտ մեկ շաբաթ են անցկացնելու։ Թե ինչ է լինելու դրանից հետո, դեռևս անհայտ է։

Զրուցակիցս շփոթված է, հուզված. 36 ժամ առաջ տուն ուներ, հիմա չունի։ Բայց ասում է՝ եղածը չես փոխի, պետք է հաշտվել, ընդունել ու շարունակել ապրել։ Ի վերջո, բախտին շնորհակալ լինելու իսկապես լուրջ առիթ կա. իր դռնից ընդամենը մեկ քայլ հեռավորությամբ գտնվող բնակարանի հետքն էլ չկա․․․

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին


