ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակելի շենքի պայթյունն այս տարվա ընթացքում գրանցված վեցերորդ դեպքն է հանրապետությունում։ Այդ է վկայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Sputnik Արմենիային տրամադրված վիճակագրությունը։
Այս դեպքը հերթական անգամ բարձրացրեց Հայաստանի բնակարաններում գազի ազդանշանային սարքերի անվտանգության հարցը։ Իհարկե, բոլոր հարցերին հստակ կպատասխանեն քննությունն ու մի շարք փորձաքննությունները, բայց մասնագետներն արդեն իսկ պնդում են, որ սովորական արտահոսքը չէր կարող նման հզոր պայթյուն առաջացնել։
Օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) փողոցի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, տունը մասամբ փլուզվել է: Բնակիչներից մեկը՝ 58-ամյա Արթուր Ղազարյանը, մահացել է։ Եվս երկուսը՝ 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, տեղափոխվել են հիվանդանոց։ Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում է։
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը։
ԱԻՆ-ի տրամադրած վիճակագրության համաձայն՝ Հայաստանում բնական գազի արտահոսքի պատճառով 2020 թ․-ի հունվարից մինչև օգոստոսի 26-ը գրանցվել է վեց պայթյուն, որոնցից երկուսը՝ Երևանում, մեկական՝ Լոռիում, Շիրակում, Սյունիքում և Արարատում։ Մահացել է մեկ մարդ։
2019թ․-ին նման դեպքերը 15-ն են եղել, դրանցից երեքը՝ Արագածոտնի մարզում, որտեղ պայթյունի զոհ են դարձել երեք մարդ, տուժել են երկուսը։ Գազի արտահոսքի հետևանքով պայթյունի մեկ դեպք գրանցվել է Արմավիրում, երկուական դեպք՝ Կոտայքի և Շիրակի մարզերում, մեկական՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, հինգը՝ Երևանում։
Գազի արտահոսքի հետ կապված աղմկահարույց դեպք տեղի ունեցավ 2019թ․-ի նոյեմբերին։ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղում մի ամբողջ ընտանիք մահացավ՝ տատը և չորս անչափահաս թոռները։ Բայց պայթյուն չէր եղել, ընտանիքը մահացել էր թունավորումից։
Նույն 2019թ․-ին Շիրակի մարզի տներից մեկի խոհանոցում պայթեց 20 կգ կշռող գազի բալոնը, հրդեհ բռնկվեց։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։
Մեկ այլ, ոչ պակաս աղաղակող դեպք տեղի ունեցավ նույն մարզի Զառ գյուղում արդեն 2020 թ-ի սկզբին։ Այն ժամանակ տուժեցին տարեց մարդիկ, որոնք ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։
Տեղի ունեցածը պարզելու համար դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Բոլոր հարցերին, այդ թվում՝ շենքում գազի հոտի առկայության մասին բնակիչների հնարավոր բողոքների թեմայով, մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություններ չեն տալիս։
«Մենք չենք մեկնաբանում, քանի որ համապատասխան մարմինները պետք է ստուգում անցկացնեն և ուսումնասիրեն։ Մասնագետների եզրակացությունից հետո անհրաժեշտության դեպքում մենք մեկնաբանություն կտանք»,-ասացին ընկերություն մամուլի ծառայությունից։
Մենք դիմեցինք մասնագետներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «AEG Service» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը (ընկերությունը զբաղվում է Հայաստանում գազաբաշխիչ համակարգերի և գազի սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ) հայտնեց, որ չի կարծում, թե պայթյունի պատճառ կարող է լինել ապօրինի տեղադրած գազասարքը: Սակայն բոլոր հարցերին արդեն հստակ պատասխաններ կտա հետաքննությունը։
«Ընկերությունը հուլիսին է ստուգումներ իրականացրել, այդ պահին ոչ մի ապօրինի կամ ոչ ստանդարտ շահագործում չի հայտնաբերվել: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը մի քանի շաբաթվա ընթացքում ինչ-որ գազի սարք տեղադրեր, քանի որ դեռ ամառային սեզոն է»,-ասաց Նալբանդյանը։
Փորձագետը պարզաբանեց, որ նման պայթյունի համար սենյակում կամ միավոր մակերեսում պետք է լինի 5-15 տոկոս գազի կուտակում, այն էլ ամռանը, երբ պատուհաններն ու վերնափեղկերը հիմնականում բաց են։ Ավելին՝ փոքրիկ արտահոսքը նման պայթյուն չէր առաջացնի։
Անդրադառնալով ձայնանշանային անվտանգության համակարգի աշխատանքն ապահովող սարքերին` Նալբանդյանն ընդգծեց, որ եթե սարքը միացրած լիներ, ապա անպայման կարձագանքեր գազի արտահոսքին, քանզի կուտակման 0,1 տոկոսի դեպքում այն ազդանշան է տալիս ու փակում գազի մուտքը բնակարան։
Փորձագետը նշեց, որ եթե պայթյունի պատճառն այնուամենայնիվ բնական գազն է եղել, ապա հավանաբար ազդանշանային սարքն անջատված է եղել։ Հետևաբար պատճառ կարող էր լինել բաժանորդի անփութությունը, օրինակ՝ մարդիկ մտածել են, թե անջատել են գազը, բայց իրականում չեն անջատել։
Նրանք կարող էին քնած լինել և չզգալ գազի հոտը, և նվազագույն կայծի դեպքում պայթյունն անխուսափելի էր։ Բայց այս դեպքում ևս նման հզորության պայթյունի համար վառելիքի շատ ավելի մեծ ծավալ պետք կլիներ։Դա կհանգեցներ նրան, որ ամբողջ շենքում գազի ուժեղ հոտ կլիներ։ Մասնագետը չի բացառում, որ պատճառը ստուգումների ոչ պատշաճ մակարդակն է, բայց առավել հավանական է վթարի կամ բաժանորդի անփութության վարկածը։
«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանն էլ կարծում է, որ ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել բաժանորդների մեղքով: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց` բազմիցս ականատես է եղել, որ ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին չանջատել ազդանշանային սարքերը։
«Անփույթ վերաբերմունքի հարց է, մեծ մասամբ՝ բնակիչների»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է գազամատակարարում ապահովող և վերահսկող ընկերությունների աշխատակիցներին, ապա Տիգրանյանը բացառում է, որ կարող էր նրանց սխալը լինել, քանի որ նվազագույն անսարքության համար նրանք քրեական պատասխանատվություն են կրում։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական գազամատակարարման համակարգն ավելի անվտանգ է, քան այլ երկրներում: Այդ անվտանգության ապահովման գործում մեծ դեր է խաղացել բնակարաններում գազի արտահոսքին արձագանքող սարքերի տեղադրումը։
Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, ապա Չիլինգարյանը ևս հակված է կարծելու, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
«Ամենայն հավանականությամբ, սենսորը անջատված է եղել, գազը հավաքվել է սենյակներից մեկում, որտեղ կարող էր ոչ ոք լինել: Փոքրիկ կայծից կարող էր պայթյուն լինել, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող էր լույսը վառել»,-ասաց Չիլինգարյանը։
Նա դրանով է բացատրում այն հանգամանքը, որ տուժածների անամնեզում գազից թունավորում չի եղել։ Սակայն Չիլինգարյանը նույնպես պատրաստվում է սպասել քննության արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:


