ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ի՞նչ պետք է անի նախկին պատգամավորը, եթե չի ուզում տանը նստել։ Կարելի է գանգատվել դառը քաղաքական ճակատագրից, բայց կարելի է և քաղցրացնել կյանքը՝ ինչպես սեփական, այնպես էլ այլոց։ Հենց այդ ճանապարհն է ընտրել Ռաֆիկ Ղազինյանը՝ Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի (այն ժամանակ՝ Գերագույն խորհրդի) պատգամավորը։ «Քաղցր կյանքի» հիմքը նա դրել է իր փոքր հայրենիքում՝ Լոռու մարզում, ինչպես նաև Տավուշում։

Այդ նպատակի համար նա ընտրել է ոչ թե խաղողը, թուզը կամ խուրման (որոնցից այստեղ շատ կա), այլ մեղրախոտը`ստեվիան։ Շատերին հայտնի շաքարի այս փոխարինիչը շատ քաղցր է, ընդ որում՝ շաքար չի պարունակում։ Մեղրախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Հայաստանում, իհարկե, արևադարձային անտառներ չկան, բայց Ալավերդիում և Նոյեմբերյանում կլիման մոտ է մերձարևադարձայինին՝ ամռանը տաք է, իսկ ձմռանը գրեթե միշտ զրոյից բարձր։
Հիմա Ղազինյանի ջերմոցներում տնկիները խիտ են աճում, հազիվ է հասցնում կտրել։ Սակայն միշտ այդպես չի եղել։ Ամենադժվարը սերմերից տնկիներ ստանալն է։ Դրա համար պետք է մշտապես տաք և փոքր-ինչ խոնավ եղանակ լինի։ Բացի այդ, պետք է իմանալ, թե ինչ օրգանական պարարտանյութ խառնել և ինչ պայմաններում պահել։ Ղազինյանն ասում է, որ այդ պատճառով սերմերի մոտ 50 տոկոսն էր ծլում, և դրանցից էլ միայն կեսն էր տնկիների վերածվում։
Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում
Խորհուրդ ստանալու համար նա դիմեց Ստավրոպոլի ագրարային համալսարան (Ստավրոպոլում և Ղրիմում մեղրախոտի փորձնական ցանք են անում), նրան հաճույքով օգնեցին, գաղտնիքներ բացեցին, նկարագրեցին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ինձ շատ օգնեցին։ Դրանից հետո ամեն ինչ կարգավորվեց, տնկիները սկսեցին աճել»,-ասում է Ղազինյանը։

Հետո անալիզի համար նա ռուսաստանցի ագրոնոմներին ուղարկեց պատրաստի տնկիների օրինակները։ Պատասխանը գերազանցեց բոլոր սպասելիքները․ակտիվ նյութերի (ստեվիոզիդ և այլն) պարունակությունը Հայաստանից ուղարկված օրինակներում կազմում էր 74-76%՝ դա լավագույն արդյունքներից մեկն է աշխարհում։ Այդ նյութերի շնորհիվ մեղրախոտը շաքարից 200 անգամ քաղցր է դառնում։ Ինչպես են կազմավորվում այդ միացությունները, ինչպես են ազդում համի զգայարանների վրա, արդյո՞ք ունեն կողմնակի ազդեցություններ՝ այս ամենն ուսումնասիրում են քիմիկոսներն ու կենսաբանները։ Իսկ Ղազինյանն իր սեփական, պարզ տեսությունն ունի․այդ քաղցրությունը հողից է ծնվում։
«Ինձ մի անգամ հարցրին․«Դու բարձրագույն կրթություն ունես, ինչի՞դ է պետք կեղտը եղունգներիդ տակ»։ Ես պատասխանեցի․ «Սա կեղտ չէ, հող է։ Գնա, Մաթևոսյան կարդա այդ թեմայով, եթե կրթության մասին ես խոսում»։ Նա, ով սիրում է հողը և հասկանում է դրա արժեքը, այլ կերպ է նայում աշխարհին։ Չի կարող խաբել, նախանձել, չարանալ։ Ես այդպես եմ կարծում»,-ասում է Ղազինյանը։
Նրա հետ միասին աշխատում են Ալավերդու կամավորական ջոկատի ընկերները, 90-ականներին նրանց հետ միասին կռվել է Արցախում։ Նրանցից մեկը հետագայում կադրային զինվորական էր դարձել, բայց թոշակի անցնելով որոշեց ինչ-որ բանով զբաղվել։ Հիմա ջերմոցում օգնում է Ղազինյանին:
Արդեն մի քանի տարի է, ինչ Ղազինյանը մեղրախոտ է աճեցնում։ Անցած տարի բաց հողում նրա ցանքի մեծ մասը կարկտահար եղավ։ Բայց չհիասթափվեց, շարունակեց ցանել` Ակոռի գյուղում՝ Ալավերդու մոտակայքում, ինչպես նաև Նոյեմբերյանում՝ հայ-ադրբերջանական սահմանից ոչ հեռու։ Տարեկան ընդամենը 400-500 կգ բերք է հավաքում, իսկ դա քիչ է, անգամ Հայաստանի համար։
Հայաստանում շաքարային դիաբետից մահացությունը կազմում է մահերի ընդհանուր թվի 5%-ը, 1990 թ․-ի համեմատ հիվանդացության ցուցանիշները կրկնապատկվել են։ Ղազինյանը նշում է, որ Ներքին շուկայի պահանջարկը գոնե մասամբ ապահովելու համար 5-10 հեկտար է պահանջվում, ռուսական շուկա դուրս գալու համար՝ գոնե դրա կրկնակին:

«Հիմա տնկիներ ենք աճեցնում, ինչ-որ մեկին վաճառում ենք, մյուսին՝ նվիրում։ Ուզում ենք ֆերմերներին փոխանցել, որպեսզի իրենք նույնպես աճեցնեն։ Ես պատրաստ եմ ինքս ցույց տալ, թե ինչպես է պետք աճեցնել։ Լավ եկամուտ կստանան, բայց նաև կարկտից պաշտպանել է պետք, իսկ հակակարկտային ցանցերը էժան բան չեն, այդ է խնդիրը»,-ասում է նա։
Տաք կլիմայի պայմաններում (այսինքն՝ հենց նույն Ալավերդիում և Նոյեմբերյանում) մեղրախոտի թփերը հասնում են գրեթե մարդու հասակի բարձրության՝ մոտ 1,5 մետր։ Տեղական պայմաններում մեկ հեկտարից կարելի է 4-5 տոննա բերք ստանալ։ Եթե նվազագույնով հաշվենք (երեք տոննա, հանած մեկը՝ ծախսերին), ապա որպես մաքուր եկամուտ երկու տոննա է մնում։
Թունավորված մեղուների առեղծվածը. ինչպես է գյուղացին ունքը շինելու տեղ աչքը հանում
«Իսկ մեկ կիլոգրամ չոր տերևներն ամենաքիչը 15-20 հազար արժեն, այսինքն՝ մեկ հեկտարից կարելի է 10-15, անգամ 20 միլիոն դրամ ստանալ։ Ուղղակի կարկուտի վտանգը կա, իսկ հակակարկտային ցանցերը թանկ են՝ մեկ հեկտարը 15-20 միլիոն դրամ։ Որպեսզի բանկը նման գումար տա, թանկարժեք գրավ է պետք, իսկ ո՞ր գյուղացին նման բան ունի»,-ավելացնում է Ղազինյանը։

Նա հավատացնում է, որ եթե հակաճգնաժամային աջակցության շրջանակներում հաջողվի այդպիսի վարկեր ստանալ, ապա միաժամանակ մի քանի նոր արտադրություններ կարող են ի հայտ գալ։ Մեկը կչորացնի տերևները, մյուսը դրանցից «հաբեր» կսարքի՝ շաքարի կտորների փոխարեն, մարդ կա՝ անգամ ուզում է խառնել այն հայկական թեյի խոտաբույսերի հետ և «երկուսը մեկում» մթերք ստանալ։
«Այդպես կարող էին հարյուրավոր աշխատատեղեր ստեղծվել։ Բայց դատարկ տեղը չխոսենք...միանգամից ամեն ինչ չի ստացվի՝ կամաց-կամաց կաշխատենք։ Ավելի լավ է, քան ոչինչ չանելը»,-ասում է Ղազինյանը։
Տնկիները նա ուզում է փոխանցել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ֆերմերներին, որտեղ նույնպես մեղրախոտ աճեցնելու փորձեր են եղել։ Բարեբախտաբար, Արցախում ևս կլիման դրա համար միանգամայն համապատասխան է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:
Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:
Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։
Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հատ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։



