Սևանա լիճ

Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ

377
(Թարմացված է 15:19 26.07.2020)
Արդեն երրորդ տարին է՝ ամառային սեզոնի ամենաթեժ պահին Սևանա լիճը կանաչ երանգ է ստանում ջրիմուռների ծաղկման պատճառով։ Բնապահպաններն ասում են, որ սա տասնամյակներ շարունակ տևած գործընթացների հետևանք է։

«Կանաչ» Սևանը ոչ միայն վանում է զբոսաշրջիկներին, այլև սպառնում է ջրի որակի վատթարացմամբ՝ այն անպիտան դարձնելով խմելու և տնտեսության մեջ օգտագործելու համար։ Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ և Ջրային կոմիտեի խորհրդական Սասուն Միրոյանի հետ վերլուծել ենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել լճում էկոլոգիական բալանսը վերականգնելու համար։

Ջրի մակարդակի բարձրացում

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։

Սևանի մակարդակի փոփոխությունները սկսվել են դեռ Խորհրդային Միության տարիներին, երբ լճի ջուրը ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործելու նախագծեր էին մշակվում։ 1930-ականներին սկսվեցին Հրազդան գետի հունը խորացնելու աշխատանքները և օգտագործման հանձնվեց Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համալիրը։ Եթե 1927թ․-ին լճում ջրի մակարդակը 1935 մետր էր, ապա 2019թ․-ին` արդեն 1900 մ 64 սմ։

Ի՞նչն է պատճառը

Բանն այն է, որ լճի մակարդակի իջեցման և կոյուղաջրերի քանակի ավելացման պատճառով խախտվել է լճի կենսաքիմիական շրջապտույտը` ջրում օրգանական նյութերի կուտակումը 1930-ականների 25 հազար տոննայից 1999 թվականին հասցնելով 150 հազար տոննայի։ Հենց այդ օրգանական նյութերն են կանաչ «ներկում» լիճը և մեծ հաշվով անպիտան դարձնում ջուրը։

1980-ականներին սկսեցին ջրամբարներ կառուցվել, որոնց շնորհիվ լճի մակարդակը սկսեց բարձրանալ տարեկան 30-40 սմ-ով։ Սասուն Միրոյանն ասում է, որ մեր օրերում Սևանի մակարդակի բարձրացման բանալին հենց ջրամբարների կառուցումն է։

«Որքան շատ ջրամբարներ կառուցվեն, այնքան Սևանն ավելի մաքուր ու անվտանգ կլինի։ Բանն այն է, որ ջրամբարների շնորհիվ գյուղատնտեսության համար անհրաժեշտ քանակի ջուր կկուտակվի, և մենք Սևանին ձեռք չենք տա։ Իսկ եթե Սևանը հանգիստ թողնենք, ապա ջրի մակարդակն է լճում կբարձրանա»,-ասում է մասնագետը։

Նա ընդգծում է, որ խոսքը ոչ միայն ջրամբարների մասին է, որոնք պահելու են Սևանա լճի ջուրը, այլև այլ ջրամբարների` հաշվի առնելով «որքան շատ, այնքան լավ» սկզբունքը։

Побережье озера Севан около городского пляжа со стороны Мартуни (5 июля 2019). Гегаркуник
© Photo : Karen Hovhannisyan
Սևան

«Այս պահին Հայաստանում 79 մեծ ու փոքր ջրամբար կա։ Այստեղ ես երկու շատ կարևոր դիտարկում ունեմ։ Նախևառաջ այս տարի կսկսվի Կասպիի ջրամբարի կառուցումը, որը հսկայական նշանակություն ունի մարզի համար։ Երկրորդ՝ պետք է անպայման զբաղվել Եղվարդում ջրամբար կառուցելով։ Եղվարդի ջրամբարը հենց Սևանի հետ է կապված»,-նշում է մասնագետը։

Եղվարդի ջրամբարը սկսել են կառուցել 1983 թ․-ին, բայց այդպես էլ չեն ավարտել։ Կառուցումն ավարտելու դեպքում այն կարող է հավաքել ընդհուպ մինչև 90 միլիոն խորանարդ մետր ջուր։

Մաքրող հարմարանքների կառուցում

Մաքրման կառույցները հատուկ համալիրներ են, որոնց շնորհիվ կոյուղաջրերի կեղտերը հեռացվում են ջուրն ավազաններ բաց թողնելուց առաջ։ Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք Սևանում նման կառույցներ կան, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատասխանեց` այս պահին դրանց խիստ պակաս կա։

«Սևանում երեք մաքրող կառույց կա՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում։ Բայց դրանք բոլորը մեխանիկական են, իսկ մեզ կենսաբանական կառույցներ են պետք։ Երկրորդ՝ համալիրները չեն հերիքում։ Շատ մոտավոր հաշվարկներով՝ մեզ առնվազն ևս 4 կառույց է պետք, հիմնականում Վարդենիկ գյուղի մոտակայքում»,-ասաց մարզպետը։

Մեխանիկական մաքրումը ջրից զտում է կենցաղային և խոշոր առարկաները՝ պլաստիկ շշերը, կոշիկները, ուտելիքի մնացորդները և այլն։ Իսկ կենսաբանական մաքրման շնորհիվ կարելի է ջուրը մաքրել բոլոր տեսակի վնասակար քիմիական նյութերից, ինչպիսին է, օրինակ, ֆոսֆորական ազոտը։

«Իսրայելում, օրինակ, մաքրող կառույցներ կան, որոնք կարող են մաքրել անգամ լուծված դեղանյութերը։ Ես չեմ կարող նշել անհրաժեշտ կառույցների կոնկրետ թիվը, բայց դրանք պետք է բավարար լինեն, որպեսզի բնակավայրերից կոյուղաջրերը դուրս բերվեն և լիճ թողնեն միայն մաքուր ջուրը»,-ասում է Միրոյանը։

Համաշխարհային շուկայում կենսաբանական մաքրող կառույցի գինը (տեղադրումով հանդերձ) տատանվում է 40 հազարից մինչև 400 հազար դոլարի սահմանում։

Озеро Севан
© Sputnik / Nelli Danielyan
Սևան

Ձկնաբուծության և ձկնորսության ճիշտ կազմակերպում

Պարզվում՝ լճում առկա ձկների քանակը ևս ազդում է լճի գույնի վրա։ Սևանի ձկները, հատկապես կողակը, սանիտարի դեր են կատարում, պատմում է Միրոյանը։

«Կողակը սնվում է այն օրգանական նյութերով, որոնք «ներկում են» լիճը և աղտոտում այն։ Այնպես որ այդ ձկան զանգվածային որսի պատճառով օրգանական նյութերը մնում են ջրում»,-ասում է մասնագետը։

Սևանա լճում մոտ 36 խորանարդ մետր ջուր կա, և, մասնագետների հաշվարկներով, այնտեղ պետք է որ 20-30 հազար տոննա ձուկ լինի։ Մինչդեռ հիմա հազար տոննայից էլ պակաս է մնացել։ Ամեն տարի լճում ձկան քանակն աճում է 100 տոննայով, սակայն դա բավարար չէ։ Նախևառաջ պետք է լրջորեն զբաղվել ձկների արհեստական բուծմամբ, երկրորդ՝ պետք է լրջորեն վերահսկել ապօրինի ձկնորսությունը։

Пляж на озере Севан
© Sputnik / Aram Nersesyan
Սևան

Երկրորդ կետի հետ կապված, ի դեպ, ուրախալի և միանգամայն թարմ փոփոխություններ կան։ Հայաստանում բոլորին հայտնի է, որ չնայած 2004թ․-ից ձկնորսությունը Սևանում արգելվել է, բայց բոլոր տարիներին այն մեծ թափով շարունակվել է։ Հիմա ձկնորսների նկատմամբ խիստ վերահսկողություն է սկսվել։

«Արդեն 10 օր է, ինչ ձկնորսությունը Սևանում խստորեն վերահսկվում է «Սևան» ազգային պարկի և ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նրանք հետևում են յուրաքանչյուր մակույկին, ստուգում են, թե քանի կիլոգրամ են որսացել, արդյոք թիվը համապատասխանում է հավատարմագրի մեջ նշված թվին»,- Sputnik Արմենիային պատմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ձկնորսությունը լիովին արգելել չի կարելի, բայց պետք է վերահսկել։

2019 թ․-ի նոյեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն` ձուկ կարելի է որսալ միայն հատուկ վայրերում և լիցենզիայով։ Յուրաքանչյուր 1 կգ սիգի համար ձկնորսները պետք է վճարեն 65 դրամ բնօգտագործման վճար։

Ամփոփելով վերոնշյալը` կարելի է ասել, որ եթե կառավարությունը սկսի Սևանին ուշադրություն դարձնել, ապա մեր կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» ճգնաժամը կհաղթահարվի։ Եվ ապագայում մենք միայն կհիանանք կանաչ Սևանի լուսանկարներով․ չէ՞ որ նկարները չեն փոխանցում ջրիմուռների և օրգանական կուտակումների սուր հոտը։

Отдыхающие на озере Севан
© Sputnik / Aram Nersesyan
Սևան
377
թեգերը:
Սասուն Միրոյան, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Սևանա լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին
Այս տարի ավելի շատ ջրառ է իրականացվել Սևանից. Ջրային կոմիտեի նախագահ
Սևանի արևելյան ափի ավտոճանապարհը վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 1974 թ-ին. մարզպետ
Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել
Ելենա Մալիշևա

Մալիշևան ասել է՝ ովքեր պետք է «գլխապատառ» գնան COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու

8
(Թարմացված է 12:17 26.01.2021)
Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշևան ռուսական «Առաջին ալիքի» եթերում ասել է` որ խմբի ներկայացուցիչները պետք է անպայման պատվաստում ստանան կորոնավիրուսի դեմ։

«Պետք է գլխակորույս վազել պատվաստում ստանալու, քանի որ կորոնավիրուսով ծանր հիվանդանալու ու մահանալու ռիսկերը միլիոն անգամ ավելի մեծ են, քան պատվաստման ցանկացած ռիսկերը», - նշել է Մալիշևան՝ դիմելով ռիսկային խմբերի մարդկանց։

Բժիշկը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են մարդու մոտ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին։ Այդ գործոններն են՝ 65-ից բարձր տարիքը, ճարպակալությունը, երիկամների խրոնիկ հիվանդությունները, թոքերի հիվանդությունները, քաղցկեղային հիվանդությունները (ոչ սուր փուլում), սրտանոթային հիվանդությունները։

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

Worldometer համաշխարհային վիճակագրական կայքի համաձայն` հունվարի 26-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 100,2 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 2,1 մլն մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։

8
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ելենա Մալիշևա
Ըստ թեմայի
Ֆրանսիայում պատվաստվելուց հետո 9 մարդ է մահացել, սակայն կապը պատվաստման հետ ապացուցված չէ
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
Ո՞րն է այլ պատվաստանյութերի համեմատ «Սպուտնիկ V»-ի «ինովացիոն» տարբերությունը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «խիստ մտահոգված» հայտարարություն է տարածել

69
(Թարմացված է 11:59 26.01.2021)
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը շեշտում է, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք պետք է բացառվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։

Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox

69
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Թուրքիա, Եկեղեցի, Մարսել
Ըստ թեմայի
«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպության գործունեությունը