ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին ու Գրիշա Մաթևոսյանին՝ Մարտական ծառայության մեդալներով:
«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Սարգսյանը:
Նա նաև շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ հաստատակամություն և տոկունություն։
Արմեն Սարգսյանն այսօր նաև զինվորական կոչումներ է շնորհել Հայոց բանակի բարձրաստիճան սպաներին: Նախագահի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին:
Նախագահը բարձր կոչումների արժանացած զինվորականներին է հանձնել գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ:

«Դուք ձեր կոչումները ստանում եք մեր հայրենիքի համար բարդ օրերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել մեր պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ։ Դրանք ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են, որոնք դատապարտված են անփառունակ վախճանի»,- նշել է նախագահը:
Սարգսյանն ընդգծել է, որ հուլիսի 12-ից Հայաստանի սահմանի նկատմամբ ագրեսիան Ադրբեջանի կողմից թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է:
«Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ»,- արձանագրել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանն այս գործողության մեջ նախահարձակ չէ, բայց մեր զինուժը մնում է իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում։
Նախագահը հայտարարել է, որ հայկական բանակը խաղաղության ու խաղաղպահ բանակ է, բայց եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն, ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն:
Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են
«Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները»,- ավելացրել է նախագահը։
Սարգսյանը նաև ազգային միասնականության կոչ է արել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությանը և կարևոր է համարել, որ սահմանին կանգնած զինվորը, սպան ու գեներալն իրենց թիկունքում զգան մեր ազգային միասնությունը, համախմբվածությունը, մեր ազգային ոգու ուժը:
Նա հորդորել է այս դժվարին պահերին լինել հանդուրժող և զուսպ. պետք է ձեռնպահ մնալ միմյանց թիրախավորելուց, քաղաքական հակառակորդներ կամ անձնական թշնամիներ փնտրելուց, միմյանց վիրավորելուց, պետք է հիշենք, որ հանուն հայրենիքի անվտանգության՝ վաղը կարող ենք լինել նույն խրամատի մեջ, կողք-կողքի:
Սարգսյանը հիշեցրել է, որ պատմության բոլոր դժվարին պահերին հայ ազգը մի կողմ է դրել տարաձայնությունները, դարձել մի բռունցք: Այդպես եղել է Սարդարապատի ճակատամարտում, 1990-ականների սկզբին, 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին:
«Այդպես էինք երկու տարի առաջ, երբ 2018 թվականի ապրիլին, չնայած Հայաստանում բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ապրիլի 24-ին և 25-ին մի կողմ թողեցին տարաձայնությունները և աշխարհին ցույց տվեցին, որ կարող են լինել տարբեր, բայց ապրիլի 24-ին՝ մեր ազգային ողբերգության օրը, հանդես գալ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ: Այդպես է և այսօր»,- իր ելույթում հավել է Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, իշխանամետ ու ընդդիմադիր, որոնք հայտարարել են, որ այս պահին պետք է մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին:
«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք է համարում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, որ վերջերս բազմիցս հանդիպել է մարդկանց, որոնք ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ կցանկանային` Ղարաբաղը լիներ ՌԴ-ի կազմում։
«Իհարկե, դրանք ֆանտազիաներ են, դա նախագիծ է, որը չի իրագործվի թե՛ սկզբունքային, թե՛ հստակ քաղաքական նկատառումներով։ Բայց փաստը մնում է փաստ․ Լեռնային Ղարաբաղում հիմա խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզուն որպես ևս մեկ պետական (պաշտոնական,– խմբ․) լեզու ընդունելու հարցը»,-ասաց պատգամավորը։
Նրա տեսանկյունից՝ այդ հանգամանքը խոսում է ռուսական ներկայության ավելացման մասին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Ղարաբաղում։
Քաղաքական գործիչը կարծում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետ է սահմանվել, սակայն Ռուսաստանը Ղարաբաղ եկել է ընդմիշտ: Ավելին, Զատուլինի համոզմամբ՝ առաջիկա տարիներին պետք է ուժեղացնել ռուսական խմբավորումը Սյունիքի մարզում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դա իր անձնական փորձագիտական կարծիքն է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին



