Հուլիսից Հայաստանում գազը թանկանում է: Ճիշտ է, միայն բիզնեսի համար, բայց այսպես թե այնպես բիզնեսն իր ապրանքը մեզ է վաճառում, այսինքն՝ գազի թանկացումը մեզ վրա էլ «կնստի»։ Կամ էլ գին չբարձրացնելու համար բիզնեսը կսկսի գումար տնտեսել. գուցե շահույթից, գուցեև աշխատողների աշխատավարձերից։
Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով (մանրամասն` այստեղ)։ Եվ եթե պանիրը կամ հավն այսօր նույնիսկ 30-50 դրամով թանկանան, գնորդները դա ավելի սուր կզգան, քան նախկինում։ Չէ՞ որ հիմա շատերը կամ անգործ են մնացել, կամ էլ նախկինից քիչ են աշխատում (օրինակ` ռեստորաններում)։
Արտադրողներին էլ գները բարձրացնելը հեշտ չէ։ Մրցակցությունը հիմա ավելի սուր է, քան հեղափոխությունից առաջ, ուստի բիզնեսի շահութները նվազել են։
«Եթե ինչ–որ մեկը փորձի բարձրացնել գինը, անմիջապես շուկայից դուրս կմնա։ Խիստ մրցակցություն է գնում գնորդի համար, հատկապես այսօր։ Դա վերաբերում է և՛ պանրին, և՛ կաթին, և՛ կաթնամթերքին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
Տարբեր մթերքի դեպքում տարբեր է, բայց միջինում գազը մեր կաթնամթերքի ինքնարժեքում ոչ պակաս, քան 5% է։ Իսկ կաթի կամ թթվասերի գինը նույնիսկ 10 դրամով բարձրացնելը բիզնեսի համար մեծ ռիսկ կլինի։
Ճիշտ է, ռիսկեր կան նաև գյուղացիների համար. գործարանները կարող են փորձել խնդիրը լուծել գյուղացու հաշվին և կաթը ավելի էժան մթերել: Մանավանդ որ կաթն այս տարի պիտի ավելի թանկ վաճառվեր, քանի որ դրա ծավալները համեմատաբար մեծ չէին։
«Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ձեռնարկության (հանրապետության 2 խոշոր ընկերություններից մեկը) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը կարծում է, որ գազի գինը ալյուրի վրա չի անդրադառնա, բայց հացը հաստատ կթանկանա։
«Ալրաղացները հիմնականում հոսանքով են աշխատում, իսկ հացի գործարանի վառարանները՝ գրեթե ամբողջությամբ գազով, այնպես որ թանկացման վտանգ այնտեղ կա», – նշեց Նիկողոսյանը։
Հացի գործարանի ներկայացուցիչներն անհասանելի էին զրույցի համար, այդ պատճառով մենք փորձեցինք մոտավոր հաշվարկ ստանալ պետական ստանդարտների հիման վրա (մեր ձեռքի տակ ռուսական ГОСТ-երն էին, սակայն հետխորհրդային պետություններում դրանք գրեթե նույնական են)։
Ըստ այդ ГОСТ-երի` կաղապարային հացի (այսինքն` հացի բոքոնի) մեկ տոննայի համար մոտ 600 հազար կիլոկալորիա ջերմություն է հարկավոր, այսինքն` մոտ 75 խմ գազ։ Թանկացումները հաշվի առնելով՝ այդ 75 խմ–ն կթանկանա 1 դոլար ու մի քիչ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ «բուխանկան» Հայաստանում 400 գրամից շատ հազվադեպ է լինում, ապա այն կարող է թանկանալ առավելագույնը 1-2 դրամով:
Եթե խոսենք հավի մսի և ձվի մասին, թռչնաբույծներն առանց գազի էլ գլխացավանք ունեին: Դեռ մարտին կառավարության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց մթերքի պահուստ հավաքել և պահպանել, որ արտակարգ դրության պատճառով երկիրը սննդի պակաս չզգա: «Սակայն վերջին ամիսներին սկսել են Հայաստան ներմուծել էժան հավի միս, ընդ որում՝ ոչ միշտ է, որ այն բավարարում է սանիտարական պայմաններին»,– նշում է հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Այդ պատճառով թռչնաբույծները չեն կարողանում իրացնել իրենց պահուստները, այդ պատճառով և՛ ձվի, և՛ հավի միսն էժանացնում են: Բայց անգամ դրանով հանդերձ վաճառելը հեշտ չէ: Նվազել է նույնիսկ ձվի սպառումը, թեև սովորաբար լինում է ճիշտ հակառակը՝ երբ մարդկանց ձեռքին չկա գումար, նրանք ավելի շատ ձու են գնում (քանի որ ձուն կալորիաներով գրեթե հավասար է մսին, բայց կրկնակի էժան է):
«Սակայն նույնիսկ այդքանից հետո ձու սկսել են քիչ գնել: Կոտրած ձվերն էլ, որ վաճառում էինք հրուշակեղենի և այլ արտադրամասերին, այսօր ավելի քիչ են սպառվում: Պարզ է՝ ինչու. մարդիկ ավելի քիչ են մթերք գնում», –նշեց Ստեփանյանը:
Նրա խոսքով` այդ պատճառով թռչնաբուծարաններում արդեն կրճատումներ են սկսվել, ինչը խիստ մտահոգիչ է: Այս ձեռնարկություններում մոտ 2800 մարդ է աշխատում, և Հայաստանի համար դա այդքան էլ քիչ չէ:
«Այս ամենի պատճառով գործարաններում նույնիսկ «մի սանտիմետր» ազատ տեղ չկա`շահույթը նվազեցնելու և գները պահպանելու համար», –հավելեց Ստեփանյանը:
Գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից: Սննդամթերքի գները գուցեև չաճեն. գնորդներն այսօր ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես ի վիճակի չեն նույնիսկ 1-2% ավել վճարել: Այնպես որ արտադրողները ստիպված կլինեն տնտեսել. գուցե սեփական շահույթի հաշվին, գուցեև աշխատակիցների կրճատման:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։



