ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի որևէ ուսանող չի կարող եկամտահարկի միջոցով փոխհատուցել իր վարձը` օգտվելով օրենքով հասանելիք հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի ԺՊ Լարիսա Գևորգյանը նշեց` կառավարությանը պետք է խնդրեն վերանայել նախագիծը, քանի որ այն հավասարության սկզբունք չի ապահովում։
Մարտի 6–ին ԱԺ–ի ընդունած նախագծով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողները կկարողանան իրենց աշխատավարձերից վճարվող եկամտահարկերը փոխանցել որպես ուսման վարձ։ Նախագծից, սակայն, դուրս են մնացել մի շարք մասնագիտություններ, և սոցցանցերում դրա առնչությամբ քննարկումներ են սկսվել։
«Մեր համալսարանում գործող 4 ֆակուլտետներից որևէ մեկն ընդգրկված չէ կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում։ Սակայն ուսանողների համար եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցումը մեծ խթան կլիներ ուսումը շարունակելու և հետագայում աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար»,– Sputnik Արմենիային ասաց Լարիսա Գևորգյանը։
Լարիսան ինքը մտադիր է բակալավրիատն ավարտելուց հետո մագիստրատուրա դիմել, և հույս ունի, որ կառավարությունը կվերանայի մասնագիտությունների ցանկը և օրենքից օգտվելու հնարավորություն կտա բոլոր բուհերին։
Բրյուսովի անվան համալսարանում, ի դեպ, գործում է 4 ֆակուլտետ` թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, կրթության և մասնագիտական մանկավարժություն, սոցիալական գիտությունների և սերվիսի, ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետներ։
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնագիտությունները, և ինչո՞ւ են որոշները դուրս մնացել այդ ցանկից` հետաքրքրվեցինք ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանից։ Նա հայտնեց` մասնագիտությունների ընտրության հարցում երեք գործոն են հաշվի առել։
«Ցանկը կազմելիս տարբեր գերատեսչությունների առաջարկներն ենք հաշվի առել, որոնք էլ հիմնվել են աշխատաշուկայի և պետության հռչակած առաջնահերթությունների վրա։ Բացի այդ, կարևորել ենք բնագիտատեխնիկական ուղղությունը և այդ գծով մասնագիտություններն ենք ներառել ցանկում։ Եվ վերջապես հաշվի ենք առել նաև, թե որ մասնագիտությանը որքան անվճար տեղ է հատկացվել պետության կողմից, այսինքն` շատ անվճար տեղ հատկացված մասնագիտությունները չենք ընդգրկել այդ ցանկում»,–ասաց Ալեքսանյանը։
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ, օրինակ, մի ամբողջ բուհի ուսանողներ չեն օգտվելու օրենքով տրված հնարավորությունից, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրենք որոշում կայացնելիս ոչ թե շեշտը դրել են բուհերի և ֆակուլտետների, այլ մասնագիտությունների վրա։
Նրա խոսքով` առաջին ուսումնական տարին ամփոփելուց հետո չի բացառվում, որ մասնագիտությունները վերանայեն։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նման նախագիծ կյանքի կոչելն առհասարակ ողջունելի է, քանի որ այն խթանում է կրթության շարունակականության ապահովումը։ Ամբողջ հարցը, սակայն, մասնագիտությունների ցանկն է, որը հայտնի չէ` ինչպես են ընտրել։
«Առանց քննարկումների, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու են մասնագիտությունների ցանկը որոշել։ Ինչպե՞ս է ստացվել, որ այս կամ այն բուհի ողջ ուսանողներից որևէ մեկը չի կարող օգտվել դրանից»,– Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` մասնագիտությունների ընտրությամբ հաշվի չեն առնվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։ Կրթության փորձագետը կարծում է` մի շարք մասնագիտությունների առջև փակում են դռները, քանի որ պարզ է`ուսանողները նախընտրելու են կրթությունը շարունակել այն ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի ուսման վարձը փոխհատուցել։ Բացի այդ, հայաստանյան աշխատաշուկան ուսումնասիրված չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ հենց այդ մասնագիտություններն են անհրաժեշտ շուկային, ո՞ր ուսումնասիրության հիման վրա են նման եզրակացության եկել»։
Ըստ Մխիթարյանի` կա ռիսկ, որ ավելանան զուտ դիպլոմի համար մագիստրատուրա դիմողները. չի բացառվում նաև, որ ուսման վարձերի փոփոխություն լինի։ Այսինքն` այն մասնագիտությունները, որոնք ներառված չեն այդ ցանկում, ստիպված կլինեն նվազեցնել վարձավճարը, որպեսզի ուսանող ունենան, իսկ մյուսները կարող է նաև ավելացնեն վարձը, քանի որ դիմողների թիվը կավելանա։
Մասնագետը նշեց` նախագծի ամենամեծ թերությունն այն է, որ հայագիտական առարկաները ներառված չեն այդ ցանկում։ Մխիթարյանին հետաքրքրում է մեկ հարց` եթե ոչ ՀՀ–ն, ապա ո՞ր պետությունը պետք է խրախուսի հայագիտական մասնագիտություններով կրթությունը։ Նրա կարծիքով` այս հարցում կառավարությունը մտածելու տեղ ունի։
Նշենք, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով էլ ուսման վարձը հնարավոր է փոխհատուցել եկամտահարկով, հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Իսկ թե որ մասնագիտություններով սովորողները կարող են օգտվել այս հնարավորությունից` ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։



