Նորակառույց շենք

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

1170
(Թարմացված է 10:08 11.07.2020)
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

Ի՞նչ է տեղի ունեցել

2020թ․-ի հուլիսի 1-ից անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճարը մուծելու համար։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։ Ավելի մանրամասն՝ մեր ինֆոգրաֆիկայում։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը
© Sputnik / Shushanik Sargsyan
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Իսկ ժողովրդագրությո՞ւնը

Քանի որ առաջնահերթ խնդիրների շարքում է վերջին տարիներին շարունակաբար կրճատվող բնակչության թվաքանակի աճը, ապա հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, բայց իրավիճակի արմատական բարեփոխման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Եվ միայն հիփոթեքի մասնակի ֆինանսավորումը բավարար չէ։

«Ժողովրդագրության և արտագաղթի խնդիրների արմատական լուծումը կախված է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բնույթի բազմաթիվ գործոններից: Կյանքի բոլոր ոլորտներն այսպես թե այնպես իրենց հետքն են թողնում ժողովրդագրության վրա», - ասում է նա և ավելացնում` Հայաստանում, սակայն, իրավիճակը միայն վատթարանում է բոլոր նշված չափորոշիչներով։ Եվ լավացման միտում առայժմ չի նկատվում։

Նրա խոսքով` որոշ երիտասարդ ընտանիքների ֆինանսական դրությունը կլավանա։ Սակայն գլոբալ առումով աջակցության այս միջոցառումները չեն կարողանա փոխել իրավիճակը։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև կորոնավիրուսը։ «Համավարակն ավելի է խտացրել անորոշությունը»,– ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսն ազդելու ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության և այլնի վիճակագրության վրա։ Առավել տրամաբանական է ենթադրել, որ ազդեցությունը բացասական կլինի։

«Ժողովրդագրությունն այն ոլորտն է, որին հատուկ է իներցիոն ընթացքը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն, որն այսպես թե այնպես վերաբերում է ժողովրդագրությանը, արդյունք է տալիս միայն մի քանի տարի անց։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև բացասական գործընթացներին։ Այսինքն՝ այսօրվա միջոցառումների արդյունքը մենք կկարողանանք գնահատել միայն մի քանի տարի անց»,-ավելացրեց նա։

Տարբեր ժամանակներում ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները խոստանում են լավացնել ժողովրդագրությունը։ Դա միշտ էլ եղել է հայաստանյան առաջնորդների ծրագրերի առանցքային կետերից մեկը։ Այսպես, դեռևս 2017թ․-ի մայիսին, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր 2040 թ․-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին։

Իսկ անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2050թ․-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին։

Իսկ փաստացի հիմա (2019թ․-ի վերջին տվյալներով՝ խմբ․) ՀՀ բնակիչների թիվը 2 միլիոն 965 հազար է։

Մինչ այդ հիփոթեքի շուկայում․․․

Պետությունը փորձում է հիփոթեքային ծրագրերում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել։ Ամենապահանջված ծրագրերից է դարձել նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

Հիմա պետությունը հիփոթեքային գծով ավելի ու ավելի շատ եկամտահարկ է վերադարձնում։ Այսպես՝ 2015թ․-ին, երբ ծրագիրը սկսեց գործել, դրան մասնակցեց 571 մարդ, որոնք բոլորը միասին տարեկան մոտ 274 միլիոն դրամ էին ստանում։

Շահառուների թիվը
© Sputnik / Shushanik Sargsyan
Շահառուների թիվը

Հետագա տարիներին վարկառուներն ավելացան, և զուգահեռ ավելացան նաև վերադարձվող գումարները։ 2020թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով` ծրագրին արդեն 8 266 մարդ է մասնակցում, որոնց վերադարձրել են մոտ 2 միլիարդ 797 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ թե ամբողջ տարվա, այլ միայն առաջին եռամսյակի համար։

Ստացվում է, որ նախկինում ամսական մոտ 40 հազար դրամ էր վերադարձվում յուրաքանչյուր վարկառուին, իսկ հիմա` 112 հազար դրամ։

Եկեք հասկանանք` եթե մարդը ամսական 110-112 հազար դրամ վերադարձ է ստանում հիփոթեքի համար, ապա նա որքան աշխատավարձ է ստանում և ինչպիսի բնակարան է գնել, կամ ավելի ճիշտ՝ բանկը ինչպիսի բնակարան է թույլ տվել, որ նա գնի։

Ամենակոպիտ և ոչ ճշգրիտ հաշվարկով, վերականգնելով մյուս բոլոր փոփոխականները, կարելի է հաշվել, որ նա վճարում է ամսական միջինում 200-250 հազար դրամ (հաշվի առնելով մայր գումարը)։

Այդ դեպքում՝ որքա՞ն ամսական աշխատավարձ է նա ստանում։ Ըստ հանրամատչելի ֆինանսական կայքերի՝ բանկերը սովորաբար հիփոթեք են տրամադրում այն հաշվարկով, որ վճարումները չգերազանցեն ամսական եկամտի 30 տոկոսը։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, մրցակցության աճին զուգահեռ բանկերը կարող են այդ ցուցանիշը հասցնել մինչև 40-45 տոկոսի։ Բայց այսպես թե այնպես նման հիփոթեք ստացող մարդը պետք է ամսական ոչ պակաս, քան 400 հազար դրամ աշխատավարձ ստանա։

Ճիշտ է, ոլորտի մասնագետները նկատում են, որ համակարգը, ընդհակառակը, «զանգվածայնանում է»։ Եթե նախկինում դրանից օգտվում էին միայն ապահովված քաղաքացիները (պայմանական «մենեջերների խավը»), ապա այժմ՝ անգամ 200-250 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացիները։

Մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել և օգնել իրենց հարազատներին։ Վարկառուներին սկսում են աջակցել նրանց քույրերը, եղբայրներն ու հայրերը, որպեսզի հնարավորինս շատ կարողանան օգտվել եկամտահարկի վերադարձից։

Ամեն դեպքում այս գնահատականները խիստ մոտավոր են, քանի որ հիփոթեքային շուկան ծայրահեղ անհամասեռ է։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, այլ գնահատական է տալիս․ այս վարկային սխեմայով սկսել են չափազանց շատ թանկ բնակարաններ գնել։

Այդ պատճառով եկամտահարկի վերադարձը Կենտրոն և Արաբկիր շրջանների համար (որտեղ ամենաթանկ բնակարաններն են) պետք է չեղարկել։ Այդ մասին վերջերս արդեն ասել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նկատելով, որ հարկային արտոնությունները պետք է լինեն առավելագույն նպատակային և բացառապես նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։

Մարզերում բնակարան գնելու հիփոթեքային աջակցությունն, իհարկե, լուծում է այդ խնդիրը․ դրանք թանկարժեք չեն լինի, կլինեն միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Իհարկե, ինչպես ցանկացած այլ բարեփոխում, կառավարության այս որոշումները ևս դեռ պետք է փորձարկել, կիրառել գործնականում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դրանց արդյունավետությունը։

1170
թեգերը:
Ռուբեն Եգանյան, Սուրեն Պարսյան, բնակարան, տուն, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»

«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին

41
(Թարմացված է 23:04 13.08.2020)
Լևինան պատմել է, թե ինչպես են բնակարան վարձել Մոսկվայում։ Նա ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատմել է՝ ինչպես է սկսվել ամուսնու հետ համատեղ կյանքը։ Նա ասել է, որ 20 տարեկանում այնքան է սիրահարված եղել, որ չի էլ մտածել փողի մասին։

Լևինան YouTube-ի «ТО Gazgolder» ալիքում հրապարակված «Конечно, Вася» շոուի ժամանակ հիշեցրել է, որ իրենք արդեն 20 տարվա ամուսիններ են։

«Գարիկն այն ժամանակ պարզապես ՈւՀԱ-ի մասնակից էր, ընդհանրապես փող չուներ։ Բայց ես էլ 20 տարեկան էի։ Ինձ համար լրիվ մեկ էր․․․», - ասել է Լևինա–Մարտիրոսյանը։

Կինը պատմել է, որ սկզբում դժվարությունների են բախվել։ Մոսկվա տեղափոխվելուց հետո պարտքով գումար են վերցրել ընկերներից ու մեկսենյականոց բնակարան վարձել։ Լևինան ինքն է այդ «հյուղակի» համար վարագույր կարել էժան կտորից։

Գարիկ Մարտիրոսյանի կինը միաժամանակ ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։ Տղամարդու մեջ նա առաջին հերթին ուժեղ բնավորությունն է գնահատում։

Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին

«Ամուսինս պետք է ինձանից մի քանի անգամ ուժեղ լինի։ Եթե նա ավելի թույլ լինի, ես նրան «կուտեմ»։ Չեմ կարողանա նրա հետ ապրել», - ավելացրել է նա։

Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։ Ժաննան այժմ 44 տարեկան է, Գարիկը` 46։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

41
թեգերը:
Կին, ամուսին, սեր, Գարիկ Մարտիրոսյան, Ժաննա Լևինա
Ըստ թեմայի
«Ցնցող կին». Գարիկ Մարտիրոսյանը պարծենում ու հպարտանում է իր կողակցով. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանը նմանակում է Դմիտրի Նագիևին. տեսանյութ
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում
Շրջակա միջավայրի նախարարության, ոստիկանության աշխատակիցներն ու համայնքի ղեկավարը հայտնաբերել ու ապամոնտաժել են Աժդահակ լեռան խառնարանային լճում տեղադրված բենզապոմպը

Պարզվել է Կարմիր կատարից ձգվող խողովակի առեղծվածը. ո՞վ է ջուր գողացել խառնարանային լճից

337
(Թարմացված է 21:04 13.08.2020)
Զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկի` Աժդահակ լեռան անունը վերջին օրերին շատ արծարծվեց։ Պատճառն ահազանգն էր` բարձունքներից մեկի լճի մոտ խողովակ են դրել և ջուր են «քաշում»։ Պատկերն արդեն հստակեցվել է, հայտնի է` ով է նման քայլի դիմել, և որքան ջրից է զրկվել լիճը։

Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային հատվածում շուրջ 3600 մետր բարձրության վրա գտնվող Կարմիր կատար բարձունքի խառնարանային լճից երկրորդ տարին անընդմեջ ապօրինի ջրառ իրականացնողը մի անասնապահ է։ Sputnik Արմենիային լուրը հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տնօրեն Մկրտիչ Վանոյանը։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Լիճ մտնող խողովակը

Երեկ մեծ աղմուկ էր բարձրացրել ահազանգը, որ Աժդահակ լեռան բարձունքներից մեկի խառնարանի տարածքում 5 կիլոմետրանոց խողովակաշար է տեղադրվել, ջրառ է իրականացվում։ Ըստ ահազանգի` եթե այսպես շարունակվի, խառնարանը կարող է անապատացման եզրին հայտնվել։ Շրջակա միջավայրի նախարարի հանձնարարությամբ` թիմ էր ձևավորվել, որոնք այցելել էին «դեպքի վայր»։ Ահազանգը ճիշտ էր, պոմպը տեղում ապամոնտաժել էին։

Сотрудники министерства окружающей среды, полиции и глава общины нашли, демонтировали и конфисковали установленный бензонасос в кратерном озере Аждаак (12 августа 2020). Гегамский хребет
Ապամոնտաժված պոմպը

«Դեռ նախորդ տարի Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Թեմուր Խուդոյանը (ազգությամբ եզդի) Աժդահակ լեռան խառնարանային լճից առանց ջրօգտագործման թույլտվության բենզապոմպի և խողովակաշարի միջոցով կատարել էր ապօրինի ջրառ։ Նա վարչական պատասխանատվության էր ենթարկվել (150 000 դրամ) և պարտավորվել հեռացնել խողովակները։ Այս տարի, սակայն, նորից նույն դեպքին ականատես եղանք»,–ասաց Վանոյանը։

Նրա խոսքով` տղամարդն ասել է, որ ջուրն իր` 1000-ի հասնող անասունների համար է օգտագործում։ Սովորաբար անասնապահներն այնտեղ մի քանի ամիս մնում են իրենց անասունների և ընտանիքների հետ։ Իսկ որ այս տարի նույնպես այդ տարածքից ապօրինի ջրառ է իրականացվում և նորից նույն մարդու «մատն է խառը», դեռ օգոստոսի 6-ին են ահազանգ ստացել։ Տեսչական մարմնի աշխատակիցները բանավոր նկատողություն են տվել Թեմուր Խուդոյանին` հանձնարարելով խողովակները հեռացնել։ Սակայն օրեր անց նորից ահազանգ են ստացել, որ տղամարդը շարունակում է ջրառը։

Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ երկրորդ տարին անընդմեջ նույն ապօրինությունն է կատարվում, և ինչպե՞ս է ստացվել, որ խողովակները տեղադրելու պրոցեսն աննկատ է մնացել, Վանոյանը պատասխանեց, որ վերահսկողությունը պետք է Գառնի համայնքի ղեկավարությունն իրականացներ։ Նրա խոսքով` տեսչական մարմինը հաջորդ տարի չի թույլատրի, որ տղամարդը ջրամբարին «մոտ գնա»` անասուններին արածացնի։

Мкртич Ваноян, директор Котайкского территориального управления инспекции по охране природы
© Sputnik / Asatur Yesayants
Մկրտիչ Վանոյան

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն էլ իր հերթին ասաց` եթե խնդիրը կրկնվում է երկրորդ անգամ, ուրեմն չի բացառվում, որ պատկան մարմիններից մեկը թերացել է իր աշխատանքում։ Սակայն, ըստ Ավետիսյանի, այս պահին խնդիրն ամբողջությամբ լուծվել է։

«Բենզապոմպը հեռացվել է, առանց որի հնարավոր չէ ջրառ անել։ Խողովակներն ապամոնտաժվել են, հիմա խողովակները տարածքից հեռացնելու առնչությամբ քննարկում է գնում»,–ասաց Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ վերջերս է արշավախմբով Աժդահակ բարձրացել, որի կատարներից մեկի վրա էլ գտնվում է Կարմիր կատարի խառնարանը։ Սակայն այդ հատվածից, որտեղով իրենք են լեռը բարձրացել, խողովակները նկատելի չեն եղել։

И.о. губернатора Котайкской области Арнак Аветисян
© Sputnik / Asatur Yesayants
Առնակ Ավետիսյան

Ավետիսյանի խոսքով` համայնքների ղեկավարներին արդեն իսկ հանձնարարվել է ավելի ուշադիր լինել` բացառելու համար նման երևույթները։ Նա նշեց` ՏԻՄ–երի գործառույթների մեջ է մտնում բնապահպանական ռիսկերի նվազեցումը։ Աժդահակը, ըստ Կոտայքի մարզպետի պաշտոնակատարի, բնության գոհարներից մեկն է, որի հանդեպ լեռնագնացների ուշադրությունը տարեցտարի ավելանում է։

Գեղարդ համայնքի ղեկավար Սանասար Թառոյանն էլ հայտնեց` ապօրինի ջրառի հետևանքով խառնալիճը մեծ վնասներ չի կրել, քանի որ խոսքը 15 տոննա ջրի մասին է։ Նրա խոսքով` Թեմուր Խուդոյանն այսօր իր մոտ է եղել, գրություն գրել ու ներողություն խնդրել արածի համար։

«Հաջորդ տարի նրան թույլ կտամ այդ տարածք մուտք գործել, երբ նա օրինական ձևով ջրառ իրականացնելու թույլտվություն կունենա։ Այդ տարածքում, ուր անասուններ են պահում, կա ջրագիծ, սակայն Խուդոյանն արդարանում էր, թե հեռու է ջրագիծը, ինչի պատճառով էլ ինքն իր ջրագիծն էր գցել»,–ասաց համայնքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա, ըստ Թառոյանի, դա ոչ թե իրենք, այլ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է իրականացնի։ Նրա խոսքով` հենց նախարարությունը պետք է հետևողական լիներ, որ նախորդ տարվա նույն քայլը չանեին այս տարի։

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը որևէ վերահսկողական գործառույթ չունի այս դեպքում, քանի որ Կարմիր կատարը բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ չունի։ Նա փաստեց միայն, որ ջրառն ապօրինի է կատարվել խառնարանային լճից, քանի որ ջրօգտագործման թույլտվություն այդ տարածքից չի տրամադրվել որևէ մեկին։

Ստացվում է` վերահսկողության առումով կլոր շրջան է ստեղծվում, երբ պատկան մարմիններից որևէ մեկը պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։

Նշենք միայն, որ պոմպն արդեն իսկ փոխանցել են տիրոջը, իսկ օգոստոսի 17-ին վարչական լսումների օր է նշանակվել, որի ժամանակ Թեմուր Խուդոյանին նորից 150 000 դրամի չափով տուգանելու որոշում կկայացվի։

337
թեգերը:
Աժդահակ լեռ, լիճ, Հայաստան
Ըստ թեմայի
Դեբեդ գետի Լալվար վտակի ջրում մեծ քանակի սուլֆատ իոն ու մանգան է հայտնաբերվել
Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը