Ձեռնաշղթա

Կարանտինից հետո Հայաստանում հանցագործությունները կաճեն․ ի՞նչ են կանխատեսում մասնագետները

468
(Թարմացված է 22:32 09.07.2020)
Փորձագետների կանխատեսումները բավականին հոռետեսական են․ սպասվում է, որ բոլոր սահմանափակումների վերացումից հետո Հայաստանում կտրուկ կաճի հանցագործությունների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան․ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը մարդկանց դրդում է հանցագործությունների։ Օրինակ՝ վերջերս Հարավաֆրիկյան Հանրապետությունում առանց փողի մնացած քաղաքացիները զավթել էին սուպերմարկետը։ Եվրոպայում նույնպես հանցագործությունների թիվը կտրուկ աճել է։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի բաց աղբյուրներում նշվում է, որ Հայաստանում իրավիճակն այդքան էլ ողբերգական չէ․ Հանցավորության մակարդակն այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3%-ով (348-ով)։

Այս թվի կեսը կազմում են կողոպուտները, ընդ որում՝ բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ 631-ից հասնելով 569-ի, իսկ փողոցներում, խանութներում և այլ վայրերում կողոպուտներն ավելացել են։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանում ավելացել է անվտանգության ծառայությունների պահանջարկը։

«Վերջերս անվտանգության ծառայությունների պահանջարկն աճել է, կարանտինային միջոցառումների առաջին փուլում մեր անվտանգության աշխատակիցներից ոմանք կորցրել էին աշխատանքը, սակայն հիմա նրանք բոլորը ոչ միայն նոր աշխատանքի են տեղավորվել, այլև աճել է մեզ հետ աշխատող կազմակերպությունների թիվը»,- Sputnik Արմենիային հայտնեցին երկրում անվտանգություն ապահովող խոշորագույն ծառայություններից մեկում՝ «Բերկուտում»։

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ բնակարանային գողությունների թվի նվազման պատճառը կարանտինն է։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսից առաջ այդպիսի գողություններն առավել հաճախ տեղի էին ունենում ցերեկը, ոչ թե երեկոյան ժամերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ տանտերերը բացակայում էին տնից։

«Մարդիկ հիմա օրերով տանն են մնում, և բնակարանային գողերը չեն կարող մուտք գործել տուն։ Բայց կարելի է վստահ ասել՝ հենց սահմանափակումներն ու արտակարգ դրությունը վերացվեն, մյուս հանցագործությունների հետ կավելանա նաև բնակարանային գողությունների թիվը»,-ասաց Քոչարյանը։

2020թ-ի առաջին 5 ամիսների ընթացքում, 2019թ-ի ցուցանիշների համեմատ, երկրում թմրամիջոցների օգտագործումն ու վաճառքն ավելացել է 14%-ով(869 դեպք՝ նախկին 740-ի փոխարեն)։ 24%-ով աճել են փող կեղծելու դեպքերը՝ 96-ից դառնալով 127։ Քոչարյանը հանցագործությունների նման աճը տրամաբանական է համարում։

«Երկիրը ճգնաժամային վիճակում է, մարդիկ սոցիալական և տնտեսական խնդիրներ ունեն, ինչի հետևանքով մշտական տագնապ է առաջանում։ Տրամաբանական է, որ բռնությամբ շահույթ հետապնդող բոլոր հանցագործությունները պետք է աճեին։

Մոտակա 5-10 տարում նման հանցագործությունները միայն ավելանալու են, ուժային կառույցները ոչ մի վայրկյան հանգիստ չեն ունենալու և պետք է միշտ աչալուրջ լինեն»,-նշեց նախկին ոստիկանը։

Ինքնամեկուսացման ընթացքում երկրում որոշակիորեն նվազել է բռնաբարությունների թիվը, սակայն կտրուկ աճել է ընտանեկան բռնությունների մակարդակը։ 2019թ-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում բռնաբարության 52 դեպք է գրանցվել, այս տարի՝ 50։

Վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ ընտանեկան բռնությունների համար առանձնացված սյունակ չկա, սակայն նշվում է, որ 51%-ով աճել է «մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնող գործողություններ» պարունակող հանցագործությունների քանակը․ նախկին 196-ի փոխարեն՝ այս տարի արձանագրվել է 402 դեպք։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում հաստատեցին այս վիճակագրությունը և ավելացրին․ «Բռնաբարությունների կամ բռնի սեռական գործողությունների մասին զանգերը եղել են նույնքան, որքան անցած տարի։ Կարելի է ասել՝ այդպիսի ահազանգերի քանակը չի ավելացել։ Փոխարենն ավելացել են ընտանեկան բռնության հետ կապված ահազանգերը։ Մենք ընտանեկան բռնության բոլոր զոհերին ուղղորդել ենք կամ կանանց իրավունքներով զբաղվող կենտրոններ, կամ, հազվագյուտ դեպքերում, ոստիկանություն»։

Հոգեբան Մարի Ամիրխանյանի դիտարկմամբ՝ ընտանեկան բռնության դեպքերի ավելացումը կարանտինի ուղղակի հետևանք չէ։ Նա վստահ է, որ այդպիսի ընտանիքներում մինչ այս էլ արդեն իսկ եղել են խնդիրներ։

«Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ ընտանեկան բռնությունների պատճառ ամենից հաճախ դառնում է անզորությունը։ Իրեն անզոր զգացող մարդը փորձում է բռնությամբ տեղը հանել նրանից, ով իրեն ավելի թույլ է թվում։ Կարանտինն այնքան էլ սարսափելի դժբախտություն չէ, որ ընտանեկան բռնություն ծնի։ Պարզապես մեկուսացումը սրել է ընտանիքներում արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները»,- պարզաբանեց հոգեբանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկուսացումը նպաստել է ՃՏՊ-ների և ապօրինի զենքի շրջանառության դեպքերի նվազմանը։ Վթարները մեր երկրում պակասել են 12, զենքի ապօրինի շրջանառությունը՝ 14 տոկոսով։

Փորձագետների կանխատեսումները լավատեսական չեն․ սպասվում է, որ բոլոր սահմանափակումների վերացումից հետո Հայաստանում հանցագործությունների նոր ալիք կսկսվի, անգամ այն հանցագործությունների, որոնք համավարակի ընթացքում նվազել են։ Իսկ քաղաքացիները, որոնք անհամբեր սպասում են արտակարգ դրության ավարտին, ստիպված կլինեն հաղթահարել ևս մեկ՝ երկրում հանցագործությունների թվի ավելացման տհաճ փուլը։ Մարդիկ դեռ ստիպված կլինեն կրկնել․ «Ուֆ, ե՞րբ այս ամենը կվերջանա»։

Իշխանյան․ Անմեղության կանխավարկածը խախտելը հետհեղափոխական Հայաստանի լրջագույն խնդիրներից է

468
թեգերը:
սեռական բռնություն, Բռնություն, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, հոգեբան, հանցագործություն, Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1503)
Ըստ թեմայի
Արտակարգ դրության օրերին Հայաստանում հանցագործությունների թիվն էապես նվազել է
Հարկային հանցագործությունները վտանգավոր են տնտեսական կայունության համար. ՊԵԿ–ը`Մարուքյանին
Անչափահասների հանցագործությունների դեպքում մեղավոր ենք բոլորս. Նելլի Դուրյան
Համացանցում են հայտնվել Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին տեղեկություններ
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

161
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

161
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել

Հռոմի պապն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու կոչ արել բանակցություններ վարել

0
(Թարմացված է 15:17 27.09.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝  դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, Կովկասի խաղաղության համար աղոթք է հնչեցրել առ Աստված։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հռոպի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է Կովկասում խաղաղության համար ու հակամարտող կողմերին կոչ արել երկխոսություն ու բանակցություններ վարել։

«Սիրելի եղբայրներ ու քույրեր։ Մտահոգիչ լուրեր են եկել Կովկասի գոտում բախումների մասին։ Աղոթում եմ Կովկասում խաղաղության համար ու խնդրում հակամարտող կողմերին խնդիրը լուծել ոչ թե ուժի կամ զենքի կիրառմամբ, այլ երկխոսության ու բանակցությունների միջոցով», - ասել է նա՝ Վատիկանի առաքելական պալատի լուսամուտից դիմելով հավատացյալներին ու ուխտավորներին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020