ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի –Sputnik. Ամերիկայի Սան Դիեգոյում գտնվող «Պուշկին» ռուսական ռեստորանի հայ սեփականատեր Հայկ Ղազարյանն ու հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրուցել են Instagram–ի ուղիղ եթերով։
Զրույցի նախաձեռնությունը Սարիկ Անդրեասյաինն է։ Մինչև ուղիղ եթերը նրանք չէին ճանաչում միմյանց, ավելին ռեժիսորը Հայկ Ղազարյանին սովորեցրել է օգտվել սոցցանցից։
«Տեսա քեզ և միացա, ճիշտ արեցի, չէ՞։ Instagram–ից չեմ օգտվում։ Ավելի շատ կինս է զբաղվում դրանով»,– խոստովանել է Հայկը։
Հայկ Ղազարյանը հայտնի դարձավ այն օրից, երբ ընկերներով պաշտպանեցին իրեն պատկանող «Պուշկին» ռեստորանը սադրիչ ցուցարարներից։ ԱՄՆ–ում` ոստիկանների կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Black Lives Matter («Սևերի կյանքերը կարևոր են») շարժման դրոշի ներքո, ցուցարարներից շատերն անկարգություններ էին հրահրում, շենքեր այրում, խանութներ թալանում։ Նրանք փորձում էին հարձակվել նաև Հայկի ռեստորանի վրա, սակայն Հայկին ու իր ընկերներին հաջողվեց փրկել ռեստորանը ցուցարարներից։ Համացանցում նրանց սկսեցին «ռուսական մաֆիա» անվանել, ինչին ի պատասխան Հայկն ասել է, որ իրենք ռուսական մաֆիա չեն, պարզապես սիրում են բորշչ։
Посмотреть эту публикацию в Instagram
Պարզվում է՝ Հայկի ընկերների թվում ոչ միայն հայեր և ռուսներ, այլև հրեաներ, ուկրաինացիներ և նույնիսկ ադրբեջանցիներ կան։ Նա պատմել է, որ ընկերներից յուրաքանչյուրը մեկ օրինական զենք ուներ, և նրանց դա լրիվ բավական էր ռեստորանը պաշտպանելու համար։
«Շատ մարդիկ սկսեցին գրել, հարցուփորձ անել, թե ինչպես այդ ամենն արեցինք, ասում էին՝ ապրեք։ Բացի այդ, ինձ զարմանքով գրում էին, թե ինչու էին ցուցարարներն ուզում հարձակվել մեր ռեստորանի վրա, չէ՞ որ անունից էլ պարզ է, որ «Պուշկինը» հայկական չէ։ Իսկ ես նրանց պատասխանում էի, որ այդ մարդիկ ամբոխային բնազդով էին առաջնորդվում։ Նրանք որևէ կոնկրետ պլան չունեին, նրանք իրար հետևից մե՛կ մի կողմ էին գնում, մե՛կ մյուս, և իրենց ճանապարհին պատահած ամեն բան քարուքանդ անում։ Մենք անձամբ ոչ մեկին չգիտեինք, մեր շրջանից ոչ ոք չկար», – պատմել է Հայկը։
Նա Սարիկի հետ ուղիղ եթեր է դուրս եկել իր ռեստորանից, հետևի պլանում Պուշկինի դիմանկարն էր։ Հայկը Սարիկին հայտնել է, որ բոլորովին վերջերս է սկսել ԱՄՆ–ում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Մինչ այդ ապրել է Մոսկվայում և հումորային մենախոսություններ գրել։
«2010 թվականին հետաքրքրվեցի սթենդափով, սկսեցի մենախոսություններ գրել, համագործակցել երգիծաբանների հետ։ Աշխատել եմ Կարենչիկ Արուտյունովի, Արայիկ Հովհաննիսյանի, Տիգրան Բակումյանի հետ»,– պատմել է Հայկը։
«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը
Պարզվեց, որ հենց սցենարիստ ու Հայկի և Սարիկի ընդհանուր ընկեր Տիգրան Բակումյանն է առաջարկել Սարիկին ուղիղ եթերով խոսել Ղազարյանի հետ և ծանոթացրել իր ընկերներին։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մոսկվայում երկու–երեք տարի ապրելուց հետո, եկա ԱՄՆ` Սան Դիեգո։ Մինչ այդ 12 տարի ապրել եմ Սան Ֆրանցիսկոյում, 1998 թվականին ընտանիքս Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխվեց։ Ես սիրում էի Ռուսաստանի կյանքը, բայց քանի որ բոլոր բարեկամներս Ամերիկայում էին, ես էլ, ի վերջո, տեղափոխվեցի։ Սկզբում մենք այստեղ նարգիլե–բար բացեցինք»,– ասել է Ղազարյանը։
Նարգիլեանոցում Հայկը ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ Հարսանիքից և կնոջ հղիանալուց հետո նա որոշեց փակել նարգիլեանոցը, քանի որ կարծում էր, որ ծուխն ապագա երեխայի առողջության համար լավ չէ։
«Կինս հղիացավ, ես բացեցի «Պուշկին» ռեստորանը։ Ուզում էի այնպիսի անուն ընտրել, որպեսզի բոլորը հասկանային, որ այն տարբերվելու է։ Ամերիկացիները լավ գիտեն Պուշկինին։ Բացի այդ, նրանք գիտեն Դոստոևսկուն, Չեխովին։ Ոմանք նույնիսկ Լերմոնտովի մասին են լսել»,– նշել է ռեստորանատերը։
«Պուշկինի» հաջողությունից հետո, Հայկը ևս երկու բիզնես հիմնեց Սան Դիեգոյում՝ հանդիսությունների սրահ և ուզբեկական ռեստորան։ Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակը խիստ հարվածեց իր բիզնեսին, իսկ հետո ստիպված էր նաև պաշտպանել սեփական գույքը ցուցարարներից։
Սարիկն ուշադիր լսում էր հայրենակցին, իսկ երբ հարցեր էր ուղղում, շատ նրբանկատորեն էր ընդհատում նրան։ «Կներես, եղբայր, ընդհատեմ...»։ Թեև տղամարդիկ մեկ ժամ առաջ էին ծանոթացել, միմյանց «եղբայր» ու «ախպեր» էին ասում։ Վերջում Սարիկը Հայկին հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ համավարակից հետո իրենք կհանդիպեն արդեն ոչ թե առցանց, այլ իրականում և կխմեն ծանոթության համար։
Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի
Սարիկ Անդրեասյանը ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և ՈՒՀԱ–ի մասնակից, «Սերը հրեշտակների քաղաքում», «Պաշտպանները», «Գուդբայ, Ամերիկա» և այլ ֆիլմերի ռեժիսորը։
ԱՄՆ–ում զանգվածային ցույցերն ու անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ին` ոստիկանների դաժան ձերբակալության հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։ Տղամարդու կոկորդը ծնկով սեղմած իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկին` անզգուշությամբ մահվան հասցնելու մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։
«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



