ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն այսօրվանից դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Գործունությունը կդադարեցվի հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այս քայլը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսել էին աշխատել մայիսի 18-ից։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 10524–ի։ Մահացել է 170 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվն էլ 59 է։