Արսեն Թորոսյան

ԱՆ-ն փոխում է COVID 19-ի դեմ ռազմավարությունը. թեթև ախտանշաններ ունեցողները կմնան տանը

318
(Թարմացված է 15:42 19.05.2020)
Դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն օրեցօր աճում է, իսկ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունը մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման հնարավորություն կտա։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Մի քանի օրից նրանք, ովքեր չունեն կորոնավիրուսին հատուկ ախտանշաններ կամ դրանք շատ թեթև են արտահայտված, այլևս չեն տեղափոխվի հիվանդանոցներ կամ հյուրանոցներ. նրանք կմնան տանը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում դիմել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) համակարգի աշխատակիցներին, քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին և տեղեկացրել, որ մի քանի օրից հենց նրանք են իրականացնելու հատուկ վայրերում չմեկուսացվող, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տնային հսկողությունը։

«Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է»,- գրել է Թորոսյանը։

Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ

Ըստ նրա՝ որոշումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն օրեցօր աճում է, երկրորդ՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունը մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման համար է։

Նախարարը հայտնել է, որ այս ռազմավարության փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Նա կոչ է արել բուժաշխատողներին ակտիվորեն մասնակցել դրանց:

Թորոսյանը նաև նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն. նպատակը ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելն է։ Զանգերի կենտրոնի միջոցով կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե՛ մեթոդական հարցերի, թե՛ կոնկրետ հիվանդների վերաբերյալ:

Խորհրդարանը դեմ չէ տեղաշարժի սահմանափակումները խախտող քաղաքացիներին տուգանելու առաջարկին

«Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն»,- գրել է նախարարն ու շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք՝ Հայաստանում մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5041–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 մարդ, կատարվել է 43041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2164–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 64 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:

318
թեգերը:
թեստ, պոլիկլինիկա, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (820)
Ըստ թեմայի
Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը
Պետք չէ հազալով գնալ հանրային սննդի օբյեկտ, մեկ է` ներս չեն թողնի
Կօգնեն մինչև 30 հազար դրամի գազ և 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 4 հազարի սահմանը
Հաքեր

Մահացածների տվյալների արտահոսքի դեպքով կզբաղվեն իրավապահները. ի՞նչ է հայտնի այդ էջի մասին

22
(Թարմացված է 16:46 02.06.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է իրավապահներին` կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալների արտահոսքի համար։ Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հրապարակված տվյալներն իրական են, և նախարարությունը դիմել է իրավապահներին` պարզելու, թե ով է դրա հետևում կանգնած, քանի որ կարծես թե ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել։ Պետք է նաև պարզենք` ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին»,–ասաց Նիկողոսյանը։

Նրա խոսքով` մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, քանի որ հրապարակվել են նույնականացնող տվյալներ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին` Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում անելով։

«Էջը, որտեղ դրանք հայտնվել են, ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում։ Բացի այդ, հենց այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություններից»,–գրել է Մարտիրոսյանը։

Նա նշել է նաև, որ եղածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, կապ չունի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները պաշտպանված չեն։

«Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները, որոնք արվում են մեկուսացվածներին հսկելու համար, վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»,– ավելացրել է նա։

Մարտիրոսյանը պատգամավորներին կոչ է արել ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների ու անկախ մասնագետների և «տեր կանգնել» մեր բոլորիս տվյալներին։

22
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (820)
Ոստիկաններ

Լարված իրավիճակ «Մեյմանդարի» շուկայում. այնտեղ է նաև Արմավիրի ոստիկանապետը

47
(Թարմացված է 16:32 02.06.2020)
Միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում գործող շուկան է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ է։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեն ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

Գյուղացիները բողոքում են, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար. մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել են, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում են, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց Մեյմանդարի շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։ 

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։

«Երևի միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, «Կայարանի» շուկան է, որը շատ փոքր, կոմպակտ, բոլոր պայմաններն ունեցող շուկա է։ Այնտեղ և՛ ջերմաչափում են իրականացրել, և՛ մյուս պահանջները պահպանել։ Իսկ մնացած բոլոր շուկաներում խախտումներ են արձանագրվել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ պարզապես կան շուկաներ, որոնք ունեն առանձին տաղավարներ, առանձին իրավաբանական անձինք են, և նրանց հետ խնդիրները կարգավորելն ավելի հեշտ է, որովհետև հենց իրավաբանական անձին են արգելում աշխատել։ Նրա խոսքով՝ այսօր հենց այդպես էլ վարվել են մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում գործող մի շարք շուկաներում, այդ թվում՝ «Գումի» շուկայում։

Ըստ Հարությունյանի՝ «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

«Մեյմանդարի շուկայում ոչ միայն աշխատակիցների և այցելուների ջերմաչափում չի իրականացվել, այլև շատերը դիմակներ ու ձեռնոցներ չեն կրել, տնօրինությունը չի ապահովել շուկայի ամբողջ տարածքում փակվող աղբամանների տեղադրումը, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, այսինքն՝ այն բոլոր պահանջները, որոնք կորոնավիրուսի կանխարգելման նպատակով են»,- մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նաև ուղիղ եթերներում է երևում, որ վաճառողները դիմակներ չեն կրում , շատերը պարզապես հայտարարում են, որ դիմակներ չեն էլ կրելու։

Հարությունյանը նշեց, որ իրենց արձանագրած խախտումների հիման վրա էլ պարետատունը կայացրել է շուկայի աշխատանքները քսանչորս ժամով կասեցնելու որոշումը։ Տեսչական մարմնի հետ շրջում է ոստիկանական գումարտակը, որ տեղում կարգավորում է խնդիրը, բայց նման մարդաշատ պայմաններում, երբ մարդիկ էլ ագրեսիվ էին տրամադրված, հնարավոր չեղավ խնդիրը կարգավորել։ Արդյունքում պարետատունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիներից շատերը տեղյակ չէին շուկայի փակման մասին և իրենց ապրանքը բերել, տեղ էին հասցրել, որոշում ընդունեց շուկայի աշխատանքները կասեցնել ոչ թե այսօր, այլ վաղը առավոտյան։

Հարությունյանը հավելեց նաև, որ իրենք դեռ երեկ ծանուցել էին շուկայի սեփականատիրոջն ու մարզպետարանին, որ այսօր առավոտյան կասեցվելու է շուկայի գործունեությունը, որպեսզի նրանք էլ իրազեկեին գյուղացիներին և վերավաճառողներին։ Թե ինչ մակարդակում է հետագա իրազեկումն արվել, Հարությունյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ շեշտելով, որ այսօր արդեն վստահաբար բոլորը տեղեկացվեցին, որ վաղը առավոտյան 10:00-ից շուկայի գործունեությունը կդադարեցվի 24 ժամով։

Երևանի կենտրոնում փակվել են հանրային սննդի մի շարք հայտնի կետեր. տեսանյութ

47
թեգերը:
Ոստիկանություն, գյուղացի, Շուկա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված թեստերը կիրառության մեջ են դրվում. պարետն ասել է` երբ և ինչ քանակով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի
Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան