Երևան, արխիվային լուսանկար

«Հիստերիայի վիրուս». համավարակի թաքնված հոգեբանական ռիսկերը

896
(Թարմացված է 22:23 17.05.2020)
Համավարակն ու հարկադիր ինքնամեկուսացումը կտրուկ փոխել են մարդկանց կենսակերպը, մինչդեռ ոչ բոլորն են հարմարվել նոր պայմաններին։ Sputnik Արմենիան փորձել է պարզել՝ ինչպես է կարանտինն ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա և որոնք են իրավիճակից դուրս գալու ուղիները։

Լիլիթ Հարությանյան, Sputnik Արմենիա

Վախի և անհանգստության մթնոլորտում, ինչպես նաև կարանտինի խիստ  պայմաններում անցկացրած ամիսները մարդկանց հոգեկան առողջության վրա չեն կարող չազդել։ Մանավանդ՝ «համավարակ» կոչվող թունելի վերջում լույս չի նշմարվում, ինչն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի երկու խոշոր բուժկենտրոնների հոգեբան, հոգեթերապևտ Նաիրա Վանյանը, վերջին 2-3 ամսվա ընթացքում իրեն դիմող պացիենտների թիվը զգալի ավելացել է։

«Հոգեբանական տեսանկյունից ժամանակակից մարդու համար բավական դժվար է օրեր շարունակ լինել մեկ վայրում և գտնվել նույն մարդկանց միջավայրում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում նաև հուսահատության, սեփական անկարողության զգացումը։ Այն հանգեցնում է տարբեր հոգեկան խանգարումների` դեպրեսիաներ, ապատիա, տագնապի զգացողություն է առաջացնում»,– ասաց հոգեբանը՝ավելացնելով, որ նման իրավիճակում ի հայտ են գալիս «ոսկրացած» հոգեբանական տրավմաները։

Նրա խոսքով` իր պրակտիկայում քիչ չեն նաև ալկոհոլից կախվածության կամ խաղամոլության դեպքերը (հիմնականում դա վերաբերում է առցանց խաղահարթակներին)։ Բացի այդ, ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, ընդ որում, ոչ միայն ամուսինների շրջանում. «Ցավոք, պետք է խոստովանեմ, որ ագրեսիան երբեմն ուղղված է ծնողի դեմ, որպես կանոն, բռնություն են գործադրում դպրոցահասակ երեխաները»։

5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո

Մյուս կողմից՝ ծնողները հաճախ ստիպված են լինում երեխաներին նստեցնել գաջեթների դիմաց՝ նրանց զբաղեցնելու համար։ Նման կախվածությունը ևս օգտակար չէ «զգայուն տարիքում»։

«Նման դեպքերում մենք խորհուրդ ենք տալիս ընտանեկան ինչ-որ խաղեր հորինել կամ հիշել հները։ Բացի այդ՝ մենք առաջարկում ենք տնային գործերի պատասխանատվությունը բաշխել ընտանիքի բոլոր անդամների միջև`նույնիսկ ամենափոքրերի։ Պատասխանատվության փոքր բաժինը կօգնի նրանց զգալ սեփական անձի կարևորությունը»,– ընդգծեց հոգեբանը։

Վանյանի կարծիքով` ընդհանուր լարվածությունն էլ ավելի են սրում լուրերը` մահացության և վարակվածների անդադար վիճակագրությամբ։ Նա օրինակ բերեց, երբ իր պացիենտներից ոմանք անգիր գիտեն կորոնավիրուսի հետ կապված գրեթե բոլոր թվերը։ Բացասական նորությունների հոսքը խիստ ազդում է մարդու հոգեկան առողջության վրա, այդ պատճառով բժիշկը իր պացիենտներին խորհուրդ է տալիս օրական 15 րոպեից ավել լրատվությանը չհետևել (այնուամենայնիվ, կան նորություններ, որոնց մասին պետք է տեղյակ լինել)։

Ստեղծված իրավիճակը մասնագետն անվանում է «վիրուսային պատերազմ», որտեղ շատերը փորձում են մեղավորներ փնտրել, ինչը, Վանյանի կարծիքով, մտահոգության ևս մեկ լուրջ առիթ է տալիս։

«Պետք է ջանքեր գործադրել, այս իրավիճակից առանց լուրջ հոգեբանական տրավմաների դուրս գալու համար։ Չէ՞ որ գոյություն ունի պսիխոգենետիկա, և հոգեբանական տրավման կարող է փոխանցվել ժառանգաբար։ Իսկ մենք` հայերս, այդ առումով առավել խոցելի ենք», – արձանագրեց Վանյանը։

Պետք է նշել, որ երկրում առցանց հոգեբանական օգնություն է տրամադրվում, և եթե որևէ մեկը մասնագետին դիմելու կարիք ունենա, խնդիրներ չեն առաջանա։

Մեր զրուցակցի խոսքով՝ իր գործընկերներից շատերը օգնություն են ցուցաբերում կամավոր հիմունքներով, որպեսզի մարդիկ իրենց ցավի հետ միայնակ չմնան այս ծանր շրջանում, երբ ամեն ինչ անորոշ է։

«Բանտային համախտանիշ» և ռիսկային խումբ

Այն, որ ներկայումս ամենադժվար հարցը անորոշությունն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև մեկ այլ մասնագետ` հոգեթերապևտ, «Պոզիտում» դրական հոգեթերապիայի կենտրոնի և Հայաստանի դրական հոգեթերապիայի ասոցիացիայի հիմնադիր և գաղափարային ոգեշնչող, WAPP դրական հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիայի անդամ Նունե Չիլինգարյանը։

Մեր հարցին, թե արդյո՞ք կարանտինը կարելի է համեմատել «բանտային համախտանիշի» հետ, նա պատասխանեց. «Բանտում հանցագործը հասարակությունից մեկուսացված է օրենքը խախտելու համար։ Նա գիտի, թե ինչի համար և որքան ժամանակ է կրելու իր պատիժը։ Կարանտինի դեպքում՝ մարդը ստիպված է մեկուսացման մեջ հայտնվել իրենից անկախ հանգամանքների բերումով, այսինքն՝ նա հնարավորություն չունի վերահսկելու իր կյանքում տեղի ունեցող գործընթացները... «Անմեղ զոհ»` այս համոզմունքը կարող է տոքսիկ լինել նույնիսկ ամենահավասարակշռված մարդու հոգեկան առողջության համար»։

Մյուս կողմից, ըստ նրա, կարանտինի ժամանակ մարդը բավական է, ի տարբերություն նրանց, ովքեր պատիժ են կրում բանտերում։ Այդ փաստի գիտակցումը հանգեցնում է նրան, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են COVID-19-ի դեմ պայքարի համատեղ քայլերը

Ինքնամեկուսացման հետևանքները, բժիշկի կարծիքով, կախված են դրա տևողությունից և կոնկրետ մարդու կարգավիճակից։

Հուզական արձագանքը` մտահոգությունը հարազատների և սեփական առողջության համար, ծրագրերն իրագործելու անկարողության զգացումը և այլն, դեռ կարելի է անտեսել։ Իսկ ահա ապատիային, անքնությանը, խուճապին պետք է շատ լուրջ վերաբերվել։

Ըստ Չիլինգարյանի` ռիսկային խմբում նախևառաջ երեխաներն ու դեռահասներն են։

«Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ և ինչպես է քննարկվում երեխաների մոտ։ Պետք չէ նաև այլ ծայրահեղության մեջ ընկնել, երեխային ամբողջությամբ պաշտպանելով տեղի ունեցողից»,– նշեց նա։

Ռիսկային խմբում են նաև տարեցները, ինչպես նաև գործարարները, որոնք պատասխանատու են ինչպես սեփական ընտանիքների, այնպես էլ իրենց աշխատակիցների բարեկեցության համար։

Ելք կա ՞

«Որևէ բան պատրաստել», «մարզվել», «գիրք կարդալ կամ ֆիլմ դիտել»` նման խորհուրդները ժամանակավոր ելք են իրավիճակից։

Ինչպես նշում է Չիլինգարյանը, կարանտինի ժամանակ, երբ հայտնի չէ դրա վերջը, պետք է այլ տեսանկյունից դիտարկել սեփական կարողություններն ու հնարավորությունները։ Խոսքը ոչ թե ժամանակավոր միջոցների, այլ սեփական անձի մեջ նոր որակներ դաստիարակելու, ինչպես նաև արտաքին աշխարհում նոր ռեսուրսներ փնտրելու մասին է։

Բժշկի խոսքով` անհրաժեշտ է գիտակցել, որ աշխարհը փոխվել է, և մեր խնդիրը դրա հետ փոխվելն է` միաժամանակ ուրախության և երջանկության համար նոր առիթներ որոնելով։

Ինչ վերաբերում է ունիվերսալ միջոցներին (դեղահաբեր, թուրմեր), ապա, ըստ մասնագետի, դրանք բժիշկը նշանակում է անհատապես ՝ հաշվի առնելով անձի առանձնահատկություններն ու հոգեկան վիճակը։

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ

«Կարող եմ ասել միայն, որ D վիտամինը օգնում է, երբ մարդը տխուր է, իսկ սև թեյն ու սուրճը կարելի է փոխարինել երիցուկի, մեղվախոտի թեյով»,– հավելեց նա։

Մեր հարցին, թե ինչպես դրական հոգեթերապիան կարող է օգնել այս պարագայում, մասնագետը արձագանքեց. «Դրական հոգեթերապիայի հիմնական սկզբունքը հավասարակշռությունն է։ Այդ մեթոդի հեղինակը` Նոսրատ Պեզեշկիանը, առաջարկում է կենսական էներգիան բաշխել չորս ոլորտների վրա՝ մարմին, գործունեություն, մտքեր, շփումներ, հարաբերություններ, ապագա, երազանքներ»։

Ինչ վերաբերում է մարմնին, համավարակի պայմաններում, դա նախևառաջ, հիգիենան է։ Կարևոր են նաև ճիշտ սնվելը, առողջ քունը և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

«Ընտանեկան հարաբերություններում պետք է փորձել որոշակի արարողություններ հորինել. խաղեր կազմակերպել (պատմվածքներ, բանաստեղծություններ, երաժշտություն հորինել, միասին ֆիլմեր դիտել)։ Ցանկալի է նվազագույնի հասցնել սոցցանցերում անցկացրած ժամանակը, պաշտպանել սեփական անձն ու հարազատներին «հիստերիայի վիրուսից»։ Կարելի է ժամանակ հատկացնել նաև կարիքավորներին, օրինակ՝ միայնակ հարևաններին», – հավաստիացրեց հոգեթերապևտը։

Ապագայում մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել նոր նախագծերի վրա, որոնք իրագործելի են և օգտակար։ Օրինակ՝ կարելի է սկսել լեզուներ սովորել։

Հավելենք, որ դրական հոգեթերապիայի հայկական կենտրոնը (www.armpositive.com) սոցիալական մեկուսացման պայմաններում տրամադրում է առցանց օգնություն։

«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին

896
թեգերը:
հոգեբան, սթրես, դեպրեսիա, կորոնավիրուս, համավարակ
Ըստ թեմայի
«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին
Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները
Պաշտպանիչ միջոցների կարիք ունեցող գերմանացի բժիշկները մերկ լուսանկարներ են արել
Արծաթե պատվոգրեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին՝ ի նշան երախտագիտության
Աշոտ Միքայելյանի հիշատակի անկյունը

«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում են

83
(Թարմացված է 22:34 17.05.2021)
Նորածին Դավիթը խաղալիքի փոխարեն ծննդյան օրը սուր ստացավ, իսկ ծննդատան մոտ նրան դիմավորեցին հոր մարտական ընկերները։

«Սիրելի Դավիթ, քո մեջ հոսող Անվախ Աշոտի արյունը և հայ քաջ զինվորի անպարտ ոգին մեզ միշտ ուղեկցելու են դեպի հաղթանակներ։ Սուրդ միշտ վեր, տղա։ Աստված քեզ պահապան»․․․

Հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին՝ Դավիթը, իր առաջին խաղալիքի փոխարեն 3-րդ բանակային կորպուսի անձնակազմից ծննդյան օրը՝ մարտի 29-ին, անվանական սուր ստացավ։

Իսկ 2021-ի ապրիլի սկզբին, երբ դեռ մի քանի օրական էր՝ ծննդատան մոտ նրան ու մայրիկին հոր փոխարեն դիմավորեցին մարտական ընկերներն ու զինվորները։

Հուլիսյան մարտերի նախօրեին Աշոտը արդեն գիտեր որ հայր է դառնալու։ Չնայած կնոջ՝ Սյուզաննայի հորդորին՝ սպասել մի քանի ամիս, նոր միայն ասել, որ երեխա են ունենալու, Աշոտը չհամբերեց։ Առաջինը զանգել էր մայրիկին ու հայտնել․ «Մամ ջան, տատի ես դառնալու, տղես 9 ամսից կծնվի»․․․

Այդպես էլ եղավ, Աշոտը զոհվեց, համոզված լինելով, որ տղա է ունենալու։ Այսօր Վանաձորում գտնվող նրա հայրական տունը միակ տեղն է, որտեղ Սյուզաննան զգում է ամուսնու շունչն ու փարատում այդպես էլ հիշողություն չդարձած կարոտը։

Սյուզաննան ու Աշոտի մայրը՝ տիկին Գոհարը, մեզ ժպիտով են դիմավորում։ Մենք էլ ենք ժպտում՝ Աշոտի եղբոր որդին՝ 1 տարեկան Գևորգը, ուրախ վազվզում էր ու գրկում բոլորին։

Հյուրասենյակի մի անկյունում Աշոտի լուսանկարներն են՝ մանկությունից մինչև երիտասարդություն, մեդալները, «Մարտական խաչ» շքանշանն ու նրա ծիծաղը բոլոր նկարներում։

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

Թե ով էր Աշոտը որպես հրամանատար, նրա զինվորները լավ գիտեն։ Տավուշի մարզի Բերդի (նախկին Շամշադինի) շրջանում 2020 թվականի հուլիսից 12-ից սկսված հայ-ադրբեջանական բախումների առաջին օրերին լուրեր տարածվեցին, որ հայկական կողմը բարձունք է գրավել։ Դիրքը գտնվում է Ղարադաշ կամ Սև(ա)քար անունով հայտնի բարձունքի վրա։ Պաշտպանության նախարարության կողմից այն ստացել է «Անվախ» անվանումը։

Աշոտն այն հրամանատարն է, որ իր զինվորների հետ թշնամուց հետ վերցրեց «Անվախ» դիրքը։

Աշոտի մահից հետո նրա զինվորները ընտանիքին հաճախ են այցելում։ Հանդիպումներից մեկի ժամանակ Աշոտի մորը պատմել են, թե ինչպես է կապիտանը վճռական օպերացիայից առաջ հավաքել իր զինվորներին։

«Տղաներից մեկն էր եկել, ասաց՝ մորքուր ջան, էդ օրը, որ դիրքը պետք է գրավեինք, Աշոտը նստեց սարի տակ, ասաց՝ տղերք ջան, ոչ մեկիդ մազին բան չի լինելու, բոլորդ ողջ-առողջ տուն եք վերադառնալու, ես դա ձեզ խոստանում եմ, ասաց ու արեց, ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»,-պատմում է մայրը։

Գոհարը մարտերից առաջ դասընկերների հրավերով մեկնում է Իսպանիա՝ մի քանի օր հանգստանալու։ Կորոնավիրուսի պատճառով սահմանները փակվում են, ու նա չի կարողանում վերադառնալ։

Իսպանիայում գտնվելու ողջ ընթացքում երկու որդիների՝ Աշոտի և Որսկանի հետ տեսակապով պարբերաբար զրուցում էր։

«Հուլիս 26-ին Որսկանի հետ խոսում էի, ասեց, մամ, վաղն էլ Աշոտը կիջնի դիրքերից, մի մտածի։ Արդեն գիշեր էր, ասացի՝ տղես, երանի կորողանամ Աշոտի հետ խոսել, ասեց մամ, հիմա քնած կլինի, էս ժամին զանգելն էլ վտանգավոր է։ Լույսը բացվեց։ Ամեն առավոտ ժամը 9-ին ՊՆ-ի նորություններն էի կարդում։ Կայքը բացեցի ու ինքս կարդացի, որ Աշոտն էլ չկա․․․»,- հուզմունքից ձայնը կտրված ասում է մայրը։

Դասընկերների օգնությամբ կարողանում է Հայաստան գալ ու ներկա գտնվել որդու հուղարկավորությանը։

«Միշտ, երբ մտածում էի պատերազմի մասին, սարսափում էի․ երկու որդիներս էլ զինվորական են։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ախր ես էս ամենի միջով անցել էի, հիշում եմ, ապրիլի 8-ին՝ ծննդյանս օրը, իմ տղեն արկերի ձայնի տակ ծնունդս էր շնորհավորում, ուրախ, բարձր ծիծաղելով։ Ես վստահ էի, որ Աշոտիս գնդակ չի կպնի »,-ասում է տիկին Գոհարը։

«Մեկ-մեկ ինձ սփոփում եմ, ասում եմ երևի ես Աշոտի աչքերն եմ այս աշխարհում, որ պետք է իր բալիկին տեսնի իմ աչքերով»,-ասում է նա։

Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր Շուշին

Աշոտի կինը՝ Սյուզաննան, ծնունդով Ստեփանակերտից է։ Աշոտի հետ 2017 թվականին են ծանոթացել, երբ տղան տեղափոխվել է Ստեփանակերտի զորամաս։

«Աշոտը մեր փողոցում 6-7 ամիս վարձով էր ապրում, ես իրեն չէի տեսել, դե տնից դուրս գալու սովորություն չունեի , մի օր պատահական հանդիպեցինք, ինձ հենց առաջին հայացքից էր հավանել, ասում էր, ես մեկ տարի էստղ ապրեմ ու քեզ չտեսնե՞մ, երևի էդ անհասանելի լինելն էր իրեն շատ գրավել։ Ծանոթացանք, շփվեցինք տարի ու կես ու ամուսնացանք։ Իրար շատ էինք սիրում։ Մի պատմություն կա, մտքիցս դուրս չի գալիս։ Մի օր Աշոտն ուշացավ, ես էլ գործերն արել էի, ասեցի մի փոքր քնեմ ու մոռացել էի, որ հեռախոսի ձայնը անջատել եմ։ Աշոտը կես ժամվա մեջ երևի 10 անգամ զանգում է, չեմ պատասխանում, դիրքերից 5 կմ վազելով գալիս է տուն։ Ներս է մտնում, տեսնում է պառկած եմ, երևի վատ բան է մտքով անցնում ու ինձ այնպես է թափ տալիս, որ մինչև հիմա ծիծաղով եմ հիշում։ Աչքերս բացեցի, ինքը վատացավ, վախեցել էր, չոքեց ոտքերիս մոտ, «Անբասիր ծառայության համար» ստացած մեդալը հանեց, դրեց սեղանին ․․․Ուրախացած ասացի, վայ, մեդալ ես ստացել, ասաց՝ Սյուզան, ես հիմա դրա հավեսը չունեմ, դու ինձ լեղաճաք արեցիր»,-հիշում է Սյուզաննան ու հուզմունքը սեղմում է կոկորդը։

Նա ոչ մի կերպ չի հաշտվում ամուսնու բացակայության հետ։

«Ես ամեն օր սպասում եմ Աշոտին , անընդհատ ինձ թվում է որ հիմա դուռը բացելու է ու կատակներ անելով ներս մտնի, բայց․․․ երազներով ենք շփվում։ Մեր երեխային ունենալ-չունենալու կասկած մի տոկոս չեմ ունեցել, ճիշտ է 4-5 շաբաթական էր հղիությունս, որ Աշոտը զոհվեց, տղայիս ունեցա ու որոշեցի, իրեն էլ խոսք տվի, որ մեր որդին իր տանն է մեծանալու։ Ես Աշոտի ներկայությունն այստեղ զգում եմ, դրա համար էլ չեմ կարողանում հեռու գնալ»,-ասում է Սյուզաննան։

Նա ապագան դեռ մշուշոտ է տեսնում, չգիտի ինչ է անելու։

«Աշոտը հետս կռվում էր, որ մտքերով հեռու էի գնում, մեր հետագա պլաններն էի գծում, ասում էր, այ աղջիկ, մտքերով էդ ո՞ւր հասար, քանի՞ տարի առաջ անցար, հիմա էդ ապագան էնքան անգույն է»,-ասում է նա։

Միքայելյանների տանը ամեն մեկը յուրովի է սգում Աշոտի մահը։ Օրինակ Որսկանը, մոր խոսքով՝ հենց զգում է եղբոր կարիքը, գիշերով մեքենան քշում, հասնում է Շամշադին, բարձրանում «Անվախ» դիրքը, Աշոտի զինվորների հետ ողջ գիշեր նստում, զրուցում ու հետո տուն գալիս, երևի այնտեղ փնտրում է եղբորն ու չի գտնում։

Աշոտի մարմինը Վանաձորում են հողին հանձնել, մայրն ասում է՝ Եռաբլուր գնալ-գալը հեշտ չէ, բացի այդ, Վանաձորի գերեզմանաունը Արցախյան վերջին պատերազմից հետո իսկական պանթեոնի է վերածվել․ եռագույնների պակաս չկա․․․

  • Աշոտ Միքայելյանի ընտանեկան ալբոմը
    Աշոտ Միքայելյանի ընտանեկան ալբոմը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի մատիտանկարը
    Աշոտ Միքայելյանի մատիտանկարը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի մայրն ու որդին
    Աշոտ Միքայելյանի մայրն ու որդին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի հիշատակի անկյունը
    Աշոտ Միքայելյանի հիշատակի անկյունը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի հիշատակի անկյունը
    Աշոտ Միքայելյանի հիշատակի անկյունը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի անձնական իրերը
    Աշոտ Միքայելյանի անձնական իրերը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտի եղբոր որդին՝ 1 տարեկան Գևորգը
    Աշոտի եղբոր որդին՝ 1 տարեկան Գևորգը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Աշոտ Միքայելյանի կինը՝ Սյուզաննան ու որդին՝ Դավիթը
    Աշոտ Միքայելյանի կինը՝ Սյուզաննան ու որդին՝ Դավիթը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan
Աշոտ Միքայելյանի ընտանեկան ալբոմը
83
թեգերը:
Զոհ, դիրքեր, Տավուշ, Պատերազմ
Ըստ թեմայի
Հայերի սրտերը կոտրված են․ Արցախյան առաջին պատերազմի վետերանը՝ մայիսի 9-ի մասին
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը
ՀՀ պաշտպանության նախարարություն

4-րդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժության է պատրաստվում

494
(Թարմացված է 19:52 17.05.2021)
Մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

«Քննարկվել են զորավարժության սցենարով նախատեսված միջոցառումները, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին էլ 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն։

494
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), շտաբ, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ
ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին
Ներգրավված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

75
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

75
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում