Հիվանդանոց, արխիվային լուսանկար

«Անհապաղ ներկայացրեք ապացույցներ». ԱՆ խոսնակը դիմել է ֆեյք լուրեր տարածողներին

1415
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակն անդրադարձել է սոցցանցային այն շահարկումներին՝ իբրև հանգուցյալի հարազատներին 100.000 դրամ են առաջարկում, որպեսզի մահը գրանցեն որպես կորոնավիրուսի հետևանք։ Նիկողոսյանը հորդորել է փաստեր ներկայացնել։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է վերջին շրջանում անընդհատ շահարկվող մի թեմայի, ըստ որի՝ Հայաստանում հանգուցյալի հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ իրենց հարազատը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։

«Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։ Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից՝ օրինակը սքրինշոթում։ Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»»,- գրել է նա։

Նիկողոսյանն ընդգծել է, որ անձի մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։

Նրա խոսքով՝ որոշ խմբեր օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում վարկաբեկելու առողջապահության նախարարության աշխատանքը։

«Այնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պնդում են, որ այդ երևույթը կա մեզանում, խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,- եզրափակել է Նիկողոսյանը։

Նշենք, որ այս թեման վերջին շրջանում նոր թափ է հավաքել և մարդիկ չգիտեն ում հավատալ, քանի որ սոցցանցային օգտատերեից շատերը՝ նաև կեղծ էջերից, նման գրառումներ են կատարում։

Հիշեցնենք, որ մայիս 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4472 դեպք: Նրանցից փաստացի բուժում են ստանում 2463-ը, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք:

1415
թեգերը:
Արսեն Թորոսյան, Մահ, կորոնավիրուս, ՀՀ Առողջապահության նախարարություն, Ալինա Նիկողոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (820)
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է
«Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք կորոնավիրուսի 2500 դեպք». Արսեն Թորոսյան
Լավ լուրեր Իտալիայից. Արսեն Թորոսյանը հրապարակում է արել
«Այս նվիրումն է փրկում կյանքեր». Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժքույրերին
Հաքեր

Մահացածների տվյալների արտահոսքի դեպքով կզբաղվեն իրավապահները. ի՞նչ է հայտնի այդ էջի մասին

43
(Թարմացված է 16:54 02.06.2020)
Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալներն այսօր հրապարակվել են Facebook-ի էջերից մեկում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։ 

«Հրապարակված տվյալներն իրական են, և նախարարությունը դիմել է իրավապահներին` պարզելու, թե ով է դրա հետևում կանգնած, քանի որ կարծես թե ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել։ Պետք է նաև պարզենք` ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին»,–ասաց Նիկողոսյանը։

Նրա խոսքով` մահացած անձանց տվյալները հրապարակելով` ոտնահարվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, քանի որ հրապարակվել են նույնականացնող տվյալներ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին` Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում անելով։

«Էջը, որտեղ դրանք հայտնվել են, ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում։ Բացի այդ, հենց այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություններից»,–գրել է Մարտիրոսյանը։

Նա նշել է նաև, որ եղածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, կապ չունի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները պաշտպանված չեն։

«Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները, որոնք արվում են մեկուսացվածներին հսկելու համար, վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»,– ավելացրել է նա։

Մարտիրոսյանը պատգամավորներին կոչ է արել ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների ու անկախ մասնագետների և «տեր կանգնել» մեր բոլորիս տվյալներին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10009–ի։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

43
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (820)
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել
Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին
Ոստիկաններ

Լարված իրավիճակ «Մեյմանդարի» շուկայում. այնտեղ է նաև Արմավիրի ոստիկանապետը

56
(Թարմացված է 16:32 02.06.2020)
Միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում գործող շուկան է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ է։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեն ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

Գյուղացիները բողոքում են, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար. մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել են, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում են, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց Մեյմանդարի շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։ 

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։

«Երևի միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, «Կայարանի» շուկան է, որը շատ փոքր, կոմպակտ, բոլոր պայմաններն ունեցող շուկա է։ Այնտեղ և՛ ջերմաչափում են իրականացրել, և՛ մյուս պահանջները պահպանել։ Իսկ մնացած բոլոր շուկաներում խախտումներ են արձանագրվել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ պարզապես կան շուկաներ, որոնք ունեն առանձին տաղավարներ, առանձին իրավաբանական անձինք են, և նրանց հետ խնդիրները կարգավորելն ավելի հեշտ է, որովհետև հենց իրավաբանական անձին են արգելում աշխատել։ Նրա խոսքով՝ այսօր հենց այդպես էլ վարվել են մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում գործող մի շարք շուկաներում, այդ թվում՝ «Գումի» շուկայում։

Ըստ Հարությունյանի՝ «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

«Մեյմանդարի շուկայում ոչ միայն աշխատակիցների և այցելուների ջերմաչափում չի իրականացվել, այլև շատերը դիմակներ ու ձեռնոցներ չեն կրել, տնօրինությունը չի ապահովել շուկայի ամբողջ տարածքում փակվող աղբամանների տեղադրումը, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, այսինքն՝ այն բոլոր պահանջները, որոնք կորոնավիրուսի կանխարգելման նպատակով են»,- մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նաև ուղիղ եթերներում է երևում, որ վաճառողները դիմակներ չեն կրում , շատերը պարզապես հայտարարում են, որ դիմակներ չեն էլ կրելու։

Հարությունյանը նշեց, որ իրենց արձանագրած խախտումների հիման վրա էլ պարետատունը կայացրել է շուկայի աշխատանքները քսանչորս ժամով կասեցնելու որոշումը։ Տեսչական մարմնի հետ շրջում է ոստիկանական գումարտակը, որ տեղում կարգավորում է խնդիրը, բայց նման մարդաշատ պայմաններում, երբ մարդիկ էլ ագրեսիվ էին տրամադրված, հնարավոր չեղավ խնդիրը կարգավորել։ Արդյունքում պարետատունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիներից շատերը տեղյակ չէին շուկայի փակման մասին և իրենց ապրանքը բերել, տեղ էին հասցրել, որոշում ընդունեց շուկայի աշխատանքները կասեցնել ոչ թե այսօր, այլ վաղը առավոտյան։

Հարությունյանը հավելեց նաև, որ իրենք դեռ երեկ ծանուցել էին շուկայի սեփականատիրոջն ու մարզպետարանին, որ այսօր առավոտյան կասեցվելու է շուկայի գործունեությունը, որպեսզի նրանք էլ իրազեկեին գյուղացիներին և վերավաճառողներին։ Թե ինչ մակարդակում է հետագա իրազեկումն արվել, Հարությունյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ շեշտելով, որ այսօր արդեն վստահաբար բոլորը տեղեկացվեցին, որ վաղը առավոտյան 10:00-ից շուկայի գործունեությունը կդադարեցվի 24 ժամով։

Երևանի կենտրոնում փակվել են հանրային սննդի մի շարք հայտնի կետեր. տեսանյութ

56
թեգերը:
Ոստիկանություն, գյուղացի, Շուկա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված թեստերը կիրառության մեջ են դրվում. պարետն ասել է` երբ և ինչ քանակով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի
Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան