ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում են տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի կրկնապատկման արագությունը։
«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»: Երկրներն այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել` 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն` մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպի օրինակ ունի նաև Ճապոնիան: Հիմա, եթե ենթադրենք, որ այս տեմպը պահպանվում է, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ: Եվ մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ»,-գրել է Թորոսյանը:
Նրա խոսքով ՝ եթե տեմպը պահպանվի, ապա ստիպված են լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով:
Նախարարը կրկին հորդորում է քաղաքացիներին մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված:
«Այն, ինչ անում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգը, տասնապատիկ ավելին է, քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության»,- շեշտել է Թորոսյանը:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։
Դուք այսինչ օրը շփվել եք այսինչի հետ. նա վարակակիր է, պետք է ինքնամեկուսանաք