Պատրիկ Դևեջյան

ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն

2173
(Թարմացված է 00:54 01.04.2020)
Օրերս կորոնավիրուսից մահացավ ֆրանսահայ համայնքի ամենահայտնի գործիչներից մեկը՝ Պատրիկ Դևեջյանը։ Sputnik Արմենիան զրուցել է ԱՍԱԼԱ-ի մարտիկներից Վազգեն Սիսլյանի և Մարտիրոս Ժամկոչյանի հետ, որոնց փաստաբանը եվրոպական դատարաններում հենց Դևեջյանն է եղել։

Մարիաննա Փայտյան, Sputnik 

Պատրիկ Դևեջյանը համարվում էր ֆրանսահայ համայնքի հենասյուներից մեկը։ Նա փայլուն քաղաքական գործիչ էր, որն իր կյանքի ընթացքում տարբեր բարձր պաշտոններ էր զբաղեցրել։ Նաև հրաշալի փաստաբան էր, որը եվրոպական դատարաններում հանդես եկավ որպես ԱՍԱԼԱ-ի մի քանի մարտիկների պաշտպան։

Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ

1984 թվականի հունվարի 20-ին Փարիզում սկսվեց չորս հայ երիտասարդների դատավարությունը։ Դրանից երեք տարի առաջ՝ 1981 թ. սեպտեմբերի 24-ին, նրանք գրոհել էին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքը, գրավել էին ու մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրել:

«Գործողության ժամանակ ես ծանր վիրավորվել էի, հինգ, թե վեց օր գիտակցություն չունեի, երբ հիվանդանոցում աչքերս բացեցի, երկու հոգու տեսա, մեկը թարգմանիչն էր, մյուսն էլ, հետո իմացա, Դևեջյանն էր։ Նրա ձեռքին Բեյրութում ունեցած իմ ժամացույցն էր, տղաներն էին տվել, որ ես վստահեի նրան, հասկանայի, որ մեր կողմից է»,- Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպումն այսպես է հիշում Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանը։

Այն ժամանակ Սիսլյանը չէր էլ պատկերացնում, որ Դևեջյանը, բացի փաստաբան լինելուց, քաղաքական ինչպիսի ծանրակշիռ գործունեությամբ է զբաղվում և որ 1983 թվականից Անտոնիի քաղաքապետն է (ի դեպ, այդ պաշտոնում Դևեջյանը 19 տարի է աշխատել)։

Դևեջյանն առաջիններից մեկն էր, որ ինքնակամ միացավ պաշտպանական թիմին՝ մյուս հայ փաստաբանների նման հրաժարվելով վճարից։

«Մի անգամ հարցրինք իրեն, թե որքան է լինելու իր աշխատանքի վճարը։ Շատ կտրուկ պատասխանեց. «Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ»»,- հիշում է Սիսլյանը։

Գործողության մասնակիցներն իրենց ցանկությունը հստակ էին ներկայացրել Դևեջյանին ու մյուս փաստաբաններին՝ կապ չունի` պատիժ կլինի, թե ոչ կամ քանի տարի կլինի, կարևոր է, որ դատարանում հնչեցվի այն գաղափարը, ինչի համար իրենք գնացել են այդ քայլին։

«Դևեջյանն էլ էր համաձայն՝ դատարանի առջև մենք չպետք է խեղճի կարգավիճակում լինեինք»։

Սիսլյանը հիշում է պաշտպանների բոցաշունչ ելույթները, ասում է՝ նույնիսկ ֆրանսիացի փաստաբանը, որը կարծես պիտի չհասկանար հայի ցավը, ազդեցիկ էր։

«Ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած է մեղադրյալի աթոռին: Հիշե՛ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումները այսօր այս սրահում ավարտվեցին: Այսօր այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել էին, ինչպես նաև երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու որոնք մահացել էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:

Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ոչ մեկն այստեղ չէր լինի: Մի՛ շփոթեք զոհերին: Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում: Մի՛ զլացեք, հույս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում»,- այս խոսքերով Դևեջյանը եզրափակեց իր պաշտպանական ճառը:

Այս երկիրը ընդունում է փողը, բայց հրաժարվում է մարդուց

«Վան» գործողության մասնակիցների դատավարությունն առաջին անգամը չէր, երբ նա հանդես եկավ որպես հայերի արդար պահանջի համար պայքարողների պաշտպան։ Մինչ այդ՝ 1981 թվականին, նա շվեյցարական դատարանի առջև պաշտպանում էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանին։ Նա նույն տարվա հունիսի 9-ին Ժնևում սպանել էր թուրքական դեսպանատան զինվորական կցորդին:

«Առաջին անգամ Դևեջյանին իրեն հենց ատյանում եմ տեսել։ Իմ փաստաբանները հայ չէին, միակը Դևեջյանն էր։ Նա ասում էր, որ այսպես իր նախնիների առջև ունեցած պարտքն է կատարում»,- հիշում է Ժամկոչյանը։

Դևեջյանը կապ էր հաստատել Ժամկոչյանի գլխավոր փաստաբանի՝ Ժերար Բենուայի հետ և ցանկություն հայտնել միանալ պաշտպանական թիմին, օգնում էր կառուցելու պաշտպանությունը։

«Նա դատարանում ելույթ ունեցավ։ Ամեն կերպ դատարանին ներկայացնում էր, որ մենք ահաբեկիչ չենք, մարդասպան չենք, դա մեր ճիչն է, մեր ձայնը աշխարհին հասցնելու տարբերակը»,- պատմում է Ժամկոչյանը։

Երբ Մարտիրոս Ժամկոչյանին շվեյցարական դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց, Դևեջյանը չէր կարողանում զսպել իր զայրույթը։

«Այս երկիրը ընդունում է փողը, բայց հրաժարվում է մարդուց»,- հարցազրույցներից մեկում անդրադառնալով Ժամկոչյանի դատավճռին՝ հայտարարեց նա։ Այդ կտրուկ հայտարարությունից հետո ոչինչ չխանգարեց նրան դառնալու քաղաքապետ, ապա նաև հինգ անգամ ընտրվել պատգամավոր, հետո էլ նշանակվել տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, ապա նաև ստանալ Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը։

Ժամկոչյանը հիշում է՝ դատավճռի հրապարակումից հետո Դևեջյանից հայերեն գրությամբ նամակ ստացավ։ Գրված էր, որ հույսը չկորցնի, պայքարը չի ավարտվել, նա բանտում ավելի քիչ կմնա, քան սպասում է։ Այդպես էլ եղավ։ Բենուայի և Դևեջյանի պայքարի արդյունքում Ժամկոչյանի պատիժը հինգ տարով մեղմեցին։

«Այդ տասը տարիների ընթացքում նրանք իմ կողքին էին, հիմա երկուսն էլ չկան»,- ցավով ասում է Ժամկոչյանը։

Ի դեպ, Պատրիկ Դևեջյանը  նաև Մոնթե Մելքոնյանի փաստաբանն է եղել։ Հայ մարտիկների պաշտպանը լինելուն զուգահեռ նա շարունակում էր լինել Ժակ Շիրակի և նրա ղեկավարած կուսակցության փաստաբանը։

Երեսունհինգ տարի անց

Պատրիկ Դևեջյանը զարմանալի քաղաքական գործիչ էր՝ հանուն Ֆրանսիայի Հանրապետության բարօրության նրա գործունեությունը որևէ կերպ չէր խանգարում լինել Հայ դատի պաշտպանը։ Նա նույնիսկ չէր մեղմացնում իր դիրքորոշումը թուրքերի հետ խոսելիս։ Ասում են, որ համառորեն մինչև կյանքի վերջ Ստամբուլը Կոստանդնուպոլիս էր անվանում։ 1998 թվականին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որի համար տարիների շարունակ համառ պայքարի առաջամարտիկներից էր Դևեջյանը։ Միջին և բարձր սերնդի ֆրանսահայերը խոստովանում են, որ մինչև այսօր հիշում են Դևեջյանի ելույթը։ 1998 թվականին Ազգային Ասամբլեան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, դրանից երկու տարի անց նույնն արեց Սենատը, իսկ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց օրենք, որով Ֆրանսիան բոլոր մակարդակներով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բոլոր այս տարիների ընթացքում Դևեջյանն իր գործունեությամբ նպաստել է Հայաստան, Արցախ, Ֆրանսիա կապին, աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին, միշտ հնարավորության դեպքում հայրենիք այցելել։

Նախորդ տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին էլ էր Հայաստան եկել։ Սիսլյանը պատմեց, որ ինքն այդ մասին իմացավ լուսանկարիչ ընկերոջից, որն առաջարկեց հանդիպել։

«Ասացի՝ կապվիր իր հետ, եթե կցանկանա, շատ կուզեմ»։

Սիսլյանը մտավախություն ուներ, որ հիմա Դևեջյանն ավելի լուրջ քաղաքական կարիերա ունի ու միգուցե չցանկանա հանդիպել անցյալի հետ։ Բայց սխալվում էր։ Հանդիպումը երևանյան հյուրանոցներից մեկում էր։ 

«Տեսա, որ առաջին հարկի սրճարանում մեծ խմբի հետ նստած է, վարանեցի մոտենալ, աշխատակիցներին խնդրեցի լուր տալ, որ ես եմ եկել։ Հենց որ այդ մասին ասացին նրան, տեղից վեր թռավ ու վազեց դեպի ինձ, գրկեց մի այլ ջերմությամբ։ Կնոջս ու աղջկաս հետ էի, մեզ տարավ իր սեղանակիցների հետ ծանոթացնելու։

«Որ մեկ շաբաթ պատմում եմ, այս մարդու մասին է խոսքը»,- ասաց Դևեջյանն ընկերներին։

Գերազանցապես ֆրանսիացիներից կազմված խմբին, պարզվում է, Դևեջյանը մի ամբողջ շաբաթ պատմել էր դատավարության, ընթացքի ու տղաների արժանապատիվ, անսասան կեցվածքի մասին։

«Ես այս տղաների շնորհիվ հայությունս գտա։ Հնարավոր չէր, որ չպաշտպանեի իմ հայությունը»,- ասաց նա սեղանակիցներին։

Սիսլյանը սրտի ցավով է պատմում՝ որոշել էին հաջորդ անգամ, երբ Դևեջյանը Հայաստան գա, հատուկ նրա համար կազմակերպեն «Փարիզյան դատավարություն» ներկայացման ցուցադրությունը, որպեսզի Դևեջյանը հանդիսատեսի կարգավիճակում տեսներ իր հերոսի գործողությունները բեմում...

«Այդ մարդը մինչև վերջ հավատում էր իր երազանքին՝ Արևմտյան Հայաստանի ազատագրմանը...Ինձ համար ինքը միշտ ողջ է մնալու, մեր պատմության մեջ մտավ, մեր կյանքի մի մասը դարձավ»,– ավելացրեց Սիսլյանը։

Դևեջյանի մայրը ֆրանսուհի էր, հայրը Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էր Սեբաստիայից։ Պատրիկ Դևեջյանը փայլուն քաղաքական կարիերա էր արել՝ դառնալով Ֆրանսիայի առաջին դեմքերի մտերիմ, վստահելի ընկերն ու բարեկամը, նրանց թվում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Շառլ Ազնավուրի կողքին Պատրիկ Դևեջյանը ֆրանսահայ համայնքի ամենակարևոր մարդկանցից էր, որոնք նվիրումով ծառայում էին իրենց պետության բարօրության համար, բայց երբ հերթը հասնում էր Հայաստանին ու հայերին, աջակողմյան, ձախակողմյան բոլոր հայացքները մի կողմ էին թողնվում հանուն հայրենիքի։

2173
թեգերը:
հայեր, Պատրիկ Դևեջյան
Ըստ թեմայի
«Արևը ցեխով չես ծածկի». թուրքական ասույթի հայկական իրականությունը
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում
Սահման, արխիվային լուսնկար

Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները

473
(Թարմացված է 02:07 13.07.2020)
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանը հատելու երկու փորձ էին արել:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայկական զինված ուժերը խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած УАЗ-ը: Տեղեկությունը հայտնում է Banak.info կայքը, որի ձեռքի տակ են հայտնվել հայկական դիրքերին չհասած ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները։

УАЗ, на котором азербайджанские военные предприняли попытку захватить опорный пункт ВС Армении (12 июля 2020).
© Photo : Banak.info
Հայ զինծառայողները խոցել են ադրբեջանական УАЗ-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: 

473
թեգերը:
Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, Սահման
Ըստ թեմայի
Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվը նվազել է. Արցախի ՊԲ
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին
Премьер-министр Никол Пашинян собственноручно раздает медицинские маски на улице (18 июня 2020). Еревaн

Ինչպես է COVID-19-ը փոխել քաղաքական գործիչների կյանքը

152
(Թարմացված է 00:09 13.07.2020)
Կորոնավիրուսը փոխել է ամբողջ աշխարհակարգը, և ամենայն հավանականությամբ՝ այլևս այն չի լինի նախկինի պես։ Այս հոդվածում փորձել ենք  ներկայացնել այն քաղաքական գործիչներին, որոնց կյանքը, վարվեցողությունը, սովորություններն ու գաղափարախոսությունը փոխվել են COVID-19-ի պատճառով։

Կորոնավիրուսի համավարակը նման է հեքիաթների սև հայելիներին, որոնց օգնությամբ շատերը, ի վերջո, կարողացան կողքից տեսնել սեփական անձի «սև» կողմերը և (հուսով ենք) դեպի լավը փոխել իրենց էությունն ու կյանքը։

Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Կորոնավիրուսը Հայաստան հասավ 2020թ-ի մարտին՝ այն օրերին, երբ երկրի իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի բուռն շրջանում էին։ Ամբողջ աշխարհը սոցիալական հեռավորություն և խիստ կարանտին էր պահպանում, իսկ Հայաստանում բազմահազարանոց հանրահավաքներ էին անցկացնում։

Հետո, այնուամենայնիվ, արտակարգ դրություն սահմանվեց (մարտի 16-ին), երկու ամիս Հայաստանում բաց էին միայն դեղատներն ու մթերային խանութները, իսկ քաղաքացիներին արգելված էր առանց հատուկ անհրաժեշտության դուրս գալ տնից։ Խիստ սահմանափակումների կիզակետում ՀՀ վարչապետին նկատեցին Արցախում, մեծ թվով մարդկանց շրջանում՝ առանց դիմակի և սոցիալական հեռավորության պահպանելու։ Այնուհետև նա առանց դիմակի հանդես եկավ խորհրդարանում։ Եվ այսպես շարունակ․․․

Премьер-министр Никол Пашинян на онлайн брифинге (1 июля 2020). Еревaн
© Photo : press office of the GoV of RA
Նիկոլ Փաշինյան

Մինչև ինքն էլ վարակվեց կորոնավիրուսով, ինչի մասին Փաշինյանը հայտարարեց իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին։ Թեև դիմակ դնելը մինչ այդ էլ պարտադիր էր, վարակվելուց հետո Փաշինյանը սկսեց ակտիվորեն քարոզել դիմակների անհրաժեշտությունը։ Ավելին՝ պարետատան ամենօրյա ճեպազրույցներում սկսեցին կորոնավիրուսը հաղթահարած կամ դրա պատճառով հարազատ կորցրած հերոսներ հայտնվել, կամ հոգնատանջ բժիշկներ, որոնք պայքարում են վարակի դեմ և այլն։ Եվ այս ամենը՝ քաղաքացիներին խելքի բերելու և պարետատան որոշումներին վերջապես հետևելու համար։

«Ինքս անզգույշ էի, դիմակ չէի դնում և վարակվեցի։ Խնդրում եմ՝ դրեք դիմակները, պահպանեք ձեր մտերիմների առողջությունը»,-բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետը։

Տեսնելով, որ անգամ ճեպազրույցներից հետո շատ քաղաքացիներ դիմակ չեն դնում, շարունակում են հավաքվել մեծ խմբերով, Փաշինյանը արշավ սկսեց Facebook սոցիալական ցանցում, հրապարակելով խախտում անողների լուսանկարներն ու տեսանյութերը(նյութերն ուղարկում էին իրենք՝ օգտատերերը)։ Հիմա Հայաստանի փողոցներում տուգանում են անգամ նրանց, ովքեր մի փոքր իջեցրել են դիմակը՝ մաքուր օդ շնչելու համար։ Եվ կարևոր չէ, որ մենակ նստած ես նստարանին, իսկ մոտակայքում ոչ ոք չկա։ Օրենք է․․․

Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա

Բրիտանիայի վարչապետի՝ COVID-19-ով վարակվելը համավարակի վաղ փուլում, ամենաաղմկահարույցներից մեկը կարելի է համարել։ Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվեց 2020թ-ի մարտին,նույն ժամանակահատվածում հիվանդացավ նաև երկրի Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը։

Премьер-министр Великобритании Борис Джонсон (17 июня 2020). Лондон
© AP Photo / Kirsty Wigglesworth
Բորիս Ջոնսոն

Եվ, եթե վերջինս մեկ շաբաթ անց առողջացավ, ապա Ջոնսոնն անգամ վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց և հրաշքով ողջ մնաց։ Կազդուրվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո նա սկսեց ուսումնասիրել, թե «ում մահն է գուժում կորոնավիրուսը»։

Պարզվեց, որ Ջոնսոնի ավելորդ քաշն ու ֆասթ-ֆուդով սնվելու սովորությունը քիչ էր մնում նրան գերեզման հասցնեին։ Վիճակագրության համաձայն՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ COVID-19-ի ռիսկային խմբում են։ Եթե կորոնավիրուսը չլիներ, Բրիտանիայի վարչապետը այդպես էլ շարունակելու էր համբուրգերները լիովին անվտանգ ուտելիք համարել։

Բարեբախտաբար, Ջոնսոնը ոչ միայն սկսեց առողջ սնունդ օգտագործել և ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, այլ նաև ամբողջ երկրին ստիպեց առողջ ապրելակերպ վարել։ Նա սկսեց առողջ ապրելակերպ քարոզել և ագրեսիվ պայքար մղել բրիտանացիների ճարպակալման դեմ։ Նրա շնորհիվ Բրիտանիան քիչ էր մնում ավելացներ հարկերը գազավորված ըմպելիքներ և չիպսեր արտադրողների համար, բայց կորոնավիրուսի և դրա հետևանքով սկսված տնտեսական ճգնաժամի  պատճառով լիբերալները չհամարձակվեցին գնալ այդ քայլին։

Ժաիր Բոլսոնարու, Բրազիլիա

Բրազիլիայում, որտեղ համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1,1 միլիոն մարդու մոտ, ավելի քան 51,000-ը մահացել են, նախագահ Ժաիր Բոլսոնարուն չէր հավատում վիրուսի գոյությանը այնքան ժամանակ, մինչև վարակվեց։

Բոլսոնարուն երկար ժամանակ կորոնավիրուսի սպառնալիքն իրական չէր համարում, ասում էր՝ սովորական գրիպ է, հրաժարվում էր դիմակ դնել, ինչպես նաև քննադատում էր Բրազիլիայի զանազան շրջաններում համավարակի ֆոնին հաստատված սահմանափակումները։

Президент Бразилии Жаир Болсанаро во время объявления о положительном результате теста на коронавирус (7 июля 2020). Бразилиа
TV BRASIL / AFP
Ժաիր Բոլսոնարու

Բայց, նախևառաջ, Բրազիլիայի դատարանը համառ նախագահին պարտավորեցրեց հանրային վայրերում դիմակ դնել, սահմանելով 2000 ռեալ (մոտ 400 դոլար) տուգանք՝ ամեն անգամ առանց դիմակի դուրս գալու համար։ Զվարճալի է, որ դատավորի վճռի մեջ այսպիսի նախադասություն կար․ «Անգամ նախագահի անվան պարզագույն որոնումը Google համակարգում ցույց է տալիս, որ նա գործնականում դիմակ չի դնում»։

Եվ երկրորդ՝ ճակատագրի հեգնանքով նախագահն ինքը շուտով վարակվեց կորոնավիրուսով։ Հուլիսի 7-ին նա հայտարարություն տարածեց, դիմակով(!) կանգնած լրագրողների  առջև՝ իր նստավայրի մոտ։

«Վախենալու պատճառ չկա։Կյանքը շարունակվում է»,-ասաց նա։

Այդ հայտարարությունից հետո նա մոռացավ թե՛ հիվանդության, թե՛ տուգանքի մասին և հանեց դիմակը։

«Ուղղակի իմ դեմքին նայեք։ Ես ինձ լավ եմ զգում»,-նշեց Բոլսոնարուն։

Բրազիլացի լրագրողներն էլ անճարակներից չեն․ անմիջապես նախագահի դեմ հայց ներկայացրին դատարան՝ իրենց առողջությանը վտանգելու համար։ Աշխարհում կա՞ արդյոք այլ առաջնորդ, որին այդքան հաճախ են դատի տալիս։

Հաշիմ Տաչի, Կոսովո

Հաագայի հատուկ դատարանը ոչ թե շնորհիվ COVID-19-ի, այլ ի հեճուկս դրա, շարունակում է 1998-1999թթ․ Կոսովոյի պատերազմի հետաքննությունը և մեղադրանք է ներկայացրել Կոսովոյի ներկայիս նախագահ Հաշիմ Տաչիին։ Դատարանի տվյալներով՝ Տաչիի գործողությունների պատճառով հարյուրավոր մարդիկ են տուժել, սպանությունների մեծ մասը Հաագան ռազմական հանցագործություն է որակել։ Բացի այդ, նախագահը մեղադրվում է մարդկանց բռնի անհետացման, հետապնդման և կտտանքների ենթարկելու համար։

Президент Косово Хашим Тачи во время эксклюзивного интервью AFP (30 апреля 2019). Берлин
© AFP 2020 / JOHN MACDOUGALL
Հաշիմ Տաչի

Տաչին իրեն մեղավոր չի ճանաչում և նման հակասական որոշումը հրապարակելու՝ Հաագայի ընտրած ժամանակը կասկածելի է համարում։

«Ոչ ոք չի կարող նենգափոխել Կոսովոյի պատմությունը։ Ես հույս ունեմ, որ ապագան լուսավոր է լինելու Կոսովոյի և Ալբանիայի համար»,- հայտարարել է նա։

Համենայն դեպս՝ Տաչին չեղարկել է իր այցը Վաշինգտոն՝ Սերբիայի ղեկավարության հետ բանակցությունների համար, պատճառ բերելով համավարակը։

152
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

167
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

167
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական