Անցորդ, արխիվային լուսանկար

Աշխատանք չկա, իսկ վարկերը մնացել են. ՀՀ քաղաքացիները հայտնվել են անորոշության մեջ

253
(Թարմացված է 19:08 19.03.2020)
Թեև օրենքով սահմանված չէ, սակայն բանկերը, սեփական կազմակերպության վարկանիշը պահպանելու համար, որոշ չափով կընդառաջեն կարիքավոր վարկառուներին, ինչը, սակայն նրանց հոգսը չի թեթևացնի։ Այդ իսկ պատճառով, եթե միջոցները թույլ են տալիս, ավելի լավ է վճարումներն անել հենց այսօր։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. Արտակարգ դրությունն ամեն մեկի համար յուրովի է անցնում։ Ոմանք ուզում են պարենամթերք պահեստավորել, ոմանք էլ մտածում են` ինչով գնել այդ ամենը։ Մայրաքաղաքում մի շարք  ռեստորաններ, սրճարաններ և ոչ պարենային խանութներ են փակվել։ Մեկ ամսով արգելվել է զանգվածային միջոցառումների անցկացումը։ Մասնավոր հատվածում աշխատող մարդկանց մի մասն այժմ նստած է տանը։ Այդ քաղաքացիներից ոմանք վարկեր ունեն, որոնց տոկոսներն ավելանում են։

Նման պայմաններում գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը հաճախորդներին «վարկային արձակուրդ» են առաջարկել. ովքեր չեն կարող վարկերը վճարել ֆորս-մաժորային իրավիճակում, նրանց համար վճարումները կհետաձգվեն։ Այս ընթացքում հետաձգված վարկի համար տոկոսադրույքներ և տույժեր չեն ավելանա, վարկային պատմությունն էլ չի վտանգվի։ Եթե վարկառուն շարունակի վճարել վարկը` լավ է, եթե ոչ` անբարեխիղճ վճարող չի համարվի, հարկային արձակուրդի ընթացքում, իհարկե։  Սակայն հետագայում մի շարք հարցեր են առաջանում, և յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն դրանք յուրովի է լուծում։

Ոմանք մեկ ամսով են արձակուրդ հայտարարել, ոմանք` երկու։ Այս ամիսների ընթացքում չվճարված գումարը բաշխվում է մյուս ամիսների վրա։ Որոշ բանկերում վարկի մարումները հետաձգել են վեց ամսով։ Բացի այդ, արձակուրդն ավտոմատ չի տրամադրվում։ Որոշ բանկեր «արձակուրդ» են տրամադրում բոլոր ֆիզիկական անձանց, մյուս բանկերում պետք է կարողանաք հիմնավորել, որ իսկապես տուժել եք արտակարգ դրության ռեժիմից և վճարունակ չեք։ Օրինակ՝ դպրոցի ուսուցիչները աշխատավարձ են ստանում՝ նույնիսկ եթե դպրոցը փակ է։ Իսկ սրճարանի (կամ փռի, որը կարկանդակ է թխում) աշխատակիցը կարող է տուժել, թեև ՊԵԿ-ը պնդում է, որ գործատուն պարտավոր է վճարել աշխատակցին՝ հարկադիր պարապուրդի պայմաններում։

Ընդդիմությունն առաջարկում է ներել «անհուսալի» վարկերը. իշխանությունը դա անարդար է համարում

Պետք է հիշել ևս մեկ, շատ կարևոր բան` բանկերը մեզ ազատում են միայն վճարումների ուշացման համար նախատեսված տույժերից ու տուգանքներից։ Մայր գումարները, տոկոսները, վարկի սպասարկման վճարները «արձակուրդի» ավարտից հետո պետք է վճարել։ Բնականաբար ոչ միանգամից ու միանվագ։ Երկու ամսվա գումարները կբաշխվեն հետագա ամիսների վրա։ Այսինքն՝ եթե դուք մեկ ամսվա ընթացքում բանկին վճարում եք 50 հազար դրամ, իսկ մարտ–ապրիլին այդ գումարը չեք վճարում, հետո այդ 100 հազարը բանկը կբաշխի հետագա վեց ամիսների վրա։ Այսինքն՝ հետագա 6 ամիսների ընթացքում դուք արդեն կվճարեք ոչ թե 50, ինչպես նախկինում, այլ 66 հազար դրամ։

Դրա համար ոչ ոք չի ստիպում օգտվել վարկային արձակուրդից. եթե միջոցները թույլ են տալիս, այդ 50 հազարը կարելի է վճարել և այսօր, որպեսզի հետագա կես տարում ստիպված չլինեք նույն 50-ի փոխարեն 66 հազարը վճարել։

Այսպես թե այնպես, վերջնական որոշումն ընդունում են բանկերը, քանի որ օրենքը նրանց չի պարտավորեցնում ներել հաճախորդների պարտքերը նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակների դեպքում։

«Այս իսկ պատճառով մենք կոչ ենք անում բոլոր վարկառուներին ճշտել իրենց բանկերում վարկերի մարման պայմանները։ Վերջին շրջանում մենք քաղաքացիներից բազմաթիվ հարցումներ ենք ստացել, թե ինչ պայմաններ են նրանց տրամադրվելու։ Այդ ամենը կախված է կոնկրետ բանկից»,– Sputnik  Արմենիայի հետ զրույցում պարզաբանեցին ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակից։

Ֆորս մաժորային իրավիճակում ևս միայն բանկը կարող է որոշել՝  տրամադրե՞լ ձեզ արձակուրդ, թե՞ ոչ, կամ «սևացնե՞լ» ձեր վարկային պատմությունը, թե՞ ոչ։

«Մենք հաճախորդի վարկային պատմությունը չենք փոխում, եթե բանկը այն չի փոխում»,–նշեցին ACRA վարկային պատմությունների հայաստանյան բյուրոյում։

Մարգարյան. «Ժամկետանց վարկերի ներումից բանկային համակարգը միանշանակ կտուժի»

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372 հոդվածը հնարավորություն է տալիս մասնակի չեղարկել տույժերն ու տուգանքները, բայց միայն դատական կարգով և եթե դատարանը որոշի, որ վարկառուն չի կարողացել նորմալ վճարում կատարել ֆորս մաժորային իրավիճակի պատճառով։ Այսինքն՝ եթե բանկը չի համաձայնել արձակուրդ տալ, նրա որոշումը կարելի է բողոքարկել դատարանում։ Բայց, իհարկե, ամեն մեկը չէ որ կհամաձայնի իր ժամանակն ու ռեսուրսները դրա վրա վատնել։ «Փչացած» վարկային պատմությունը նույնպես կարելի է բողոքարկել դատարանի միջոցով կամ ֆինանսական օմբուդսմանի մոտ (ֆիզանձանց համար)։

Բանկերին այդպիսի արտոնություններ են տրամադրվել, որպեսզի դրանք մեզանից վարկերը հավաքագրեն մեր իսկ ավանդների տոկոսագումարները վճարելու համար, մինչդեռ այդպիսի արտոնություններով են օժտված նաև վարկային կազմակերպությունները, թեև դրանք բանկերի նման ավանդների դիմաց վճարելու պարտավորություններ չունեն։

Այսպես թե այնպես, վերջնական որոշումը, ըստ օրենքի, բանկերին է։ Մնում է՝ կամ համաձայնել, կամ բողոքել ֆինանսական օմբուդսմանին, կամ դատարան դիմել։ Բայց հազիվ թե բանկերն էլ կցանկանան իրենց հաճախորդներին աջ ու ձախ «սփռել». իրենց համար հիմա դա վատագույն հակագովազդն է։

ՀՀ ԿԲ-ն հորդորում է առևտրային բանկերին վարկառուների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

Իր կողմից ԿԲ–ն ոչ միայն կոչ է արել կողմերին փոխզիջումային տարբերակներ գտնել, այլև իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սա նշանակում է, որ այժմ բանկերը կարող են ԿԲ–ից գումար վերցնել ավելի մատչելի` 5,25%–ով, նախկին` 5,5%–ի փոխարեն։ Իսկ դա նշանակում է, որ ապագայում վարկերը կտրամադրվեն ավելի էժան տոկոսներով։

253
թեգերը:
Հայաստան, Բանկ, վարկ
Ըստ թեմայի
Բո՞ւդ, թե՞ «Օպել». ինչպես են Հայաստանում Ամանորի շեմին աճել վարկերը 2018–ին և 2019–ին
Կառավարությունը ներում է բռնադատվածների վարկերը
Ինչպես բանկային ընդհանուր վարկեր տրամադրել ԵԱՏՄ–ում. քննարկում ԱԺ–ում
Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան էլ ավելի հեշտությամբ վարկեր վերցնել